Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ Ռուսաստանը Հայաստան չէ (առայժմ). Կոնստանտին Էգերտ

Մայիս 05,2018 21:49

Վախը, ցինիզմը և կայսերական համախտանիշը խանգարում են ռուսների մեծ մասին ճակատագիրն իրենց ձեռքը վերցնել, Deutsche Welle-ում գրում է լրագրող Կոնստանտին Էգերտը: Բայց վաղ թե ուշ նրանք կհասկանան. նրանք ովքեր « ամեն տեղ քիթները խոթում են»՝ իրենց գլխավոր հույսն են:

Հարցին՝ «Ինչու՞ Ուկրաինան Ռուսաստան չէ»՝ ժամանակին պատասխանել էր նախկին նախագահ Լեոնիդ Կուչման: Վերջին օրերին իրադարձություններից հետո եկել է ժամանակը պատասխանելու հարցին՝ «ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստան չէ»:

Նավալնիի  սերունդը և Փաշինյանի սերունդը

Հարցը դյուրին չէ: Ինչպես Ռուսաստանի բնակիչներին, այնպես էլ կողքից դիտողներին միանգամայն ակնհայտ է. այսօր երկրում բացարձակապես հնարավոր չէ այդպիսի ընդդիմություն, քաղաքացիական հասարակության այդպիսի համերաշխություն, գործելու այդպիսի պատրաստակամություն և միաժամանակ իշխանությունների այնպիսի վարվելակերպ, ինչպես Հայաստանում: Ռուսաստանում, թվում է, նույնպես մեծացել է առաջին հետխորհրդային «Նավալնիի սերունդը»: Նրան նույնպես դուր չեն գալիս Պուտինի նման բարձրագույն իշխանությունները: Բայց Ռուսաստանի պայմաններում հայկական ընդդիմադիր ալիքի նման ոչ մի բան չի սպասվում, առնվազն առաջիկայում:

Ի տարբերություն Հայաստանի՝ Ռուսաստանը բազմազգ և բազմակրոն պետություն է, շարունակում է հոդվածագիրը: Հսկայական 145 միլիոնանոց Ռուսաստանը շատ դժվար է միավորել քաղաքացիական համերաշխության գաղափարի շուրջ: Եվ հարցը միայն այն չէ, որ Մուրմանսկի բնակչի համար Կուբաչիի բնակիչը գրեթե օտարերկրացի է, իսկ Յակուտսկում շատերը չեն կարող պատասխանել այն հարցին՝ արդյոք օսերը մուսուլման են, թե ուղղափառ:

Խնդիրն ավելի խորն է. չելյաբինսկցի վարորդի ընտանիքի տեսանկյունից BMW X1 վարող մոսկվաբնակ ուսանող-հիփսթերը կամ պետերբուրգցի դիզայները նույնպես գրեթե օտարական են, չնայած որ խոսում են ընդհանուր լեզվով՝ ռուսերենով: Մոսկվաբնակներն ու պետերբուրգցիները վրդովվում են, երբ Telegram-ն արգելափակվում է, Պսկովի բնակիչներին հուզում է Լատվիայի հետ սահմանային առևտուրը, իսկ Վլադիվոստոկի բնակիչներին՝ որքան հեռու կգնա չինական էքսպանսիան Ասիայում: Մի խոսքով, ռուսները, ի տարբերություն հայերի, չափազանց տարբեր են, ապրում են չափազանց մեծ տարածքում:

Օբաման և Թրամփը՝ Ռուսաստանում գլխավոր մեմերը

Ժամանակակից Ռուսաստանին, իմ կարծիքով, միավորում է ռուսաց լեզուն, հեռուստատեսությունը՝ զանգվածային մշակույթի և գաղափարախոսության իր մոդելով, գումարած՝ երկրի կայսերական կարգավիճակի նկատմամբ կարոտախտը: Լեզուն շփման ունիվերսալ միջոց է, բայց ոչ ավելին: Հեռուստատեսությունից բացի՝ այլ ընդհանուր մշակույթ Ռուսաստանում այսօր չկա, չնայած՝ թվում է թե ստանդարտացված դպրոցական ծրագրին: Այն բաժանվում է քաղաքայինի և գյուղականի, ազգային, դավանական, սոցիալական և դասակարգային բաղադրիչների: Ասում են, որ մտավորականությունը և ժողովուրդը, ինչպես և մինչև 1917թ-ը, ապրում են տարբեր աշխարհներում և խոսում են տարբեր լեզուներով: Ինձ թվում է, որ հիմա ամեն ինչ ավելի բարդ է քան ուշ Ռոմանական շրջանում:

Մյուս միավորող գործոնների հարցն ավելի հեշտ է. հեռուստատեսությունը (ինչպես և մյուս ԶԼՄ-ներն ու Ռունետի զգալի մասը) վերահսկվում է Կրեմլի կողմից. վերջինս ծնկած վիճակից ոտքի կանգնող Ռուսաստանի մասին պիեսների գլխավոր պատվիրատուն է: Հայերի համար, ըստ էության, միևնույն է, իրենց երկրի մասին ինչ կասի մետաֆորիկ Օբաման: Ռուսների համար դա գրեթե համար մեկ խնդիր է: Միայն Ռուսաստանում կարող է ծնվել «Обама – чмо» մեմը, հետո փոխարինվել «Трамп – чмо»-ով: Կայսերական համախտանիշը ծնվում է ոչ միայն նրանց շրջանում, որոնք հիշում են ԽՍՀՄ-ը, այլև 20 տարեկանների մի մասի մոտ:

Վրեժի գաղափարը պետության ապականված վեհության համար շատ գայթակղիչ է: Այն մարդուն վեր է բարձրացնում վհատ առօրեականությունից, արդարացնում է նրա անզորությունը չինովնիկների, ուժայինների և ավազակների առաջ, սովորական քաղաքացուն մասնակից է դարձնում ինչ-որ հզոր բանի: Ռուսների մեծ մասի համար մեքենայի վրա «Կարող ենք կրկնել» գրառումը փակցնելը և խորովածի շուրջ «բանդերականների վայրագություններն» ու ամերիկացիների «հիմարությունը» քննարկելը շատ ավելի հեշտ է, քան դուրս գալ ցույցի կամ միավորվել քաղաքապետի կամ նահանգապետի կամայականությունների դեմ:

Ռուսաստանում դեմ դուրս գալ իշխանությանը սարսափելի է: Իշխանությունը դա գիտի և հետևողականորեն քաղաքացիներին ներարկում է դեղերով՝ Ամերիկայի, «Գեյրոպայի» և «խոխոլների» դեմ հաղթանակի պատրանքների տեսքով: Այս ֆոնին աղբակույտերը փակելու պահանջ ներկայացնող Վոլոկոլամսկի բնակիչները կամ ի աջակցություն Telegram-ի թղթե ինքնաթիռներ բաց թողնող Մոսկվայի բնակիչները դատապարտված են մեծամասնության աչքին դառնալ ատելի կերպարներ, «քիթը խոթողներ»: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ Վոլոկոլամսկի բնակիչները փաստացի հանդես են գալիս Մոսկվայի բնակիչների դեմ, որոնց աղբն էլ հենց տեղափոխում են այդ քաղաք, ապա իրավիճակը շատ ավելի հեշտ է դառնում իշխանությունների համար:

Բավարար է միայն շրջանների բնակիչներին ակնարկել, որ իրենց խնդիրները կլուծեն, եթե նրանք իրենց հերթին այդ խնդիրները «չքաղաքականացնեն» և չմիանան «խժռող մայրաքաղաքին», և իրավիճակն իշխանության համար անմիջապես կբարելավվի: Կրեմլի տեսանկյունից միասնականությունը հնարավոր է և ցանկալի է միայն ղեկավարության նկատմամբ սիրո և ղեկավարության թշնամիների դեմ ատելության մեջ: Վախը և առանց այն էլ մասնատված հասարակության գիտակցված պառակտումը նախկինի պես Ռուսաստանը կառավարելու արդյունավետ միջոց է:

Ինչ կլինի՞, եթե փլվեն ֆասադները

Ի վերջո, կա ևս մեկ տարբերություն ռուսական իրավիճակի և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև: Ի տարբերություն Պետդումայի՝ Հայաստանի Ազգային ժողովը մնացել է խորհրդարան ղարաբաղյան կլանի կառավարման բոլոր տարիներին: Այնտեղ եղել է թեկուզ և թույլ, բայց իրական ընդդիմություն: Բավական է հիշել, որ «Եդինայա Ռոսսիայի» տեղական անալոգը՝ Հանրապետական կուսակցությունը կոալիցիայում կառավարել է երկու փոքր կուսակցությունների հետ: Նրանք այժմ հրաժարվել են հանրապետականներին աջակցել: Ես չեմ իդեալականացնում հայաստանյան իրավիճակը:

Իհարկե, այնտեղ էլ քաղաքական կյանքում կա վոժդիզմ, կոռուպցիա, կուլիսային գործարքներ, գրում է Էգերտը: Բայց դա հենց քաղաքական կյանք է, ոչ թե ֆարս, որի ռեժիսորը հենց նախագահի աշխատակազմն է: Այս բոլոր տարիներին հայ հասարակությունը, ի տարբերություն ռուսականի, հեռուստաէկրաններին տեսել է իրական քննարկումներ, գաղափարների և առաջնորդների իրական պայքար: Այդ հասարակությունը չի հասցրել դառնալ այդքան ցինիկ և այդքան հիասթափված ժողովրդավարությունից, որքան ռուսականը:

Ռուսական «ֆասադային պետությունը», որտեղ միակ իրական գործող դեմքերը Կրեմլն է և հատուկ ծառայությունները, այսօր թվում է միասնական և անխոցելի: Սակայն այդպիսի ռեժիմներն ունեն մեկ մեծ խնդիր. դրանք փլուզվում են մեկ ժամվա մեջ ինչ-որ մանրուքի պատճառով: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ դեկորացիաների հետևում թաքնված խնդիրների բեռը դառնում է անտանելի և՛ համակարգի, և՛ դրա կողմից ճնշված հասարակության համար:

Արդյունքում համընդհանուր համաձայնությանը և թվացյալ հնազանդությանը կարող են փոխարինելու գալ մոլորվածությունը և քաոսը: Եվ այդ ժամանակ հասարակության և պետականության միակ հենարանը դառնում են հենց նրանք, ովքեր «ամեն տեղ քիթները խոթում են»: Հայաստանյան իրադարձությունների գլխավոր դասը Ռուսաստանի քաղաքացիների համար հենց դա է. որքան շատ այդպիսի մարդիկ, այնքան լավ երկրի համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031