Հաշվի առնելով «Հայֆիլմ» կինոստուդիայի հանդեպ հասարակական մեծ հետաքրքրությունը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հանրային քննարկման նախաձեռնությամբ էր հանդես եկել: Հրավերին արձագանքել էին ոլորտի մոտ երեսուն ներկայացուցիչներ՝ «Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության անդամներ, երիտասարդ ու փորձառու մասնագետներ, որոնց հետ հանդիպումը կայացել է օգոստոսի 4-ին՝ Կինոյի տանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու գերատեսչության այլ ներկայացուցիչներ:

Նարեկ Բաբայանը փաստել է. «Շուրջ 25 հա զբաղեցնող տարածքում «Հայֆիլմի» շենք-շինությունները 17հազ. ք/մ են կազմում և նման հսկայական տարածքի պահպանության, առավել ևս զարգացման համար պահանջվող ներդրումները հսկայական են: Ակնհայտ է, որ պետությունն այսօր չունի այնքան միջոցներ, որ կարողանա միլիոնավոր դոլարների չափով գումարներ ուղղել ընկերության վերակենդանացմանը: Մյուս կողմից՝ այն, որ այսօր «Հայֆիլմը» Մասնավորեցման ծրագրի ցանկում է, դեռևս չի նշանակում, թե այն անպայման պետք է մասնավորեցվի: Համակողմանի քննարկումների արդյունքում պետք է ընտրվի ամենաօպտիմալ տարբերակը»:
Կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հավելել է, որ առաջարկվող ցանկացած տարբերակ պետք է հիմնավորված լինի և կանխատեսելի՝ լուծումից ակնկալվող արդյունքը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաև կինոստուդիայի՝ 2005թ. մասնավորեցման պատմությանը, հիշեցրել, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք կասկածի տակ էին առնում գործարքի օրինականությունը, առաջարկել այդ հարցերով դիմել իրավապահ մարմիններին:
Կոմիտեի նախագահն ու Մշակույթի նախարարը պարզաբանել են, որ «Հայֆիլմին» առնչվող բազմաթիվ խնդիրները տարանջատման կարիք ունեն. դրանք գույքի ու շենքերի պահպանությանն են վերաբերում, ներդրումներին, կինոարտադրությանը, խորհրդահայ կինոժառանգությանն ու ընդհանրապես ոլորտի քաղաքականությանը, որպեսզի համակարգված լուծումներ գտնելն ավելի դյուրին լինի:
Հնչել են բազմաթիվ մտահոգություններ ու տեսակետներ, զգայական գնահատականներ, նաև՝ հռետորական հարցադրումներ և դրանք առարկայական դաշտ բերելու համար Նարեկ Բաբայանը հորդորել է զրուցակիցներին՝ հստակ առաջարկություններ ներկայացնել, վստահեցրել, որ բոլորը կքննարկվեն Մշակույթի նախարարության հետ միասին:
Պետական գույքի կառավարման կոմիտեի հաղորդագրություն


















































