Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ինչու ժողովրդավարացումը չի գործում հետխորհրդային տարածքում. Մարկեդոնով

Սեպտեմբեր 03,2018 23:59

«Եվրասիա էքսպերտ» պարբերականը հրապարակել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի՝ «Փախուստ աշխարհագրությունից. ինչո՞ւ ժողովրդավարացումը չի գործում հետխորհրդային տարածությունում» վերտառությամբ հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

ԽՍՀՄ փլուզումից հետո նրա զբաղեցրած տարածքում առաջ եկան միանգամից մի քանի անկախ պետություններ կամ ինչպես նրանց անվանում էին արևմտյան հետազոտություններում, «նոր ժողովրդավարություններ»: Դրանցից ոմանք ցանկացան հնարավորինս հեռանալ խորհրդային ժառանգությունից և ընտրեցին Վաշինգտոնի և Բրյուսելի հետ կապերն ամրապնդելու ուղին: Սակայն դրանով հանդերձ՝ մի շարք երկրներում կառավարման ռեժիմները հազիվ թե հնարավոր լինի համարել ժողովրդավարական բառի այն իմաստով, որը տեղավորվում է արևմտյան ընկալումներում: Ավելին, նման առասպելը հանգեցնում է իրական իրավիճակի վտանգավոր աղճատման:

Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը

Փախուստ աշխարհագրությունի՞ց, հռետորաբանությու՞ն, թե՞ պրագմատիկա

Օգոստոսի 17-ին Հայաստանում լրացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ազգային կառավարության ձևավորման 100-րդ օրը: Նախարարների նոր կաբինետն իր առջև դրել է կոռուպիցիայի դեմ պայքարի, տնտեսական աճի և արտաքին քաղաքականության դաշտում երկրի ինքնուրույնությունն ամրապնդելու ամբիցիոզ առաջադրանքներ: Այս ամենը մեծ հետաքրքրություն է առաջ բերում Ռուսաստանում, առաջին հերթին որովհետև Երևանը հետխորհրդային ամբողջ ընթացքում իրեն դիրքավորում էր որպես Մոսկվայի ռազմավարական դաշնակից: Եվ այսօր էլ Հայաստանը Անդրկովկասի միակ երկրին է, որն անդամակցում է եվրասիական ինտեգրացիոն երկու նախագծերին՝ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին:

Այսօրվա դրությամբ գործնականում հնարավոր չէ հստակ գծել Նիկոլ Փաշինյանի «նոր կուրսի» զարգացման հետագիծը: Չափազանց շատ փոփոխականներ կան այդ քաղաքական հավասարման մեջ: Առջևում հանրապետությանը սպասվում են երկու արտահերթ ընտրարշավներ: Քիչ չեն ռիսկերը և անկանխատեսելիությունը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտության շուրջ, դրան գումարած «ֆոնային գործոնները», ինչպիսիք են Մոսկվայի և Վաշինգտոնի, Իրանի և Արևմուտքի հարաբերությունները, իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Ինչ էլ որ եղած լինի, Հայաստանի այսօրվա իրադարձությունները հերթական անգամ քննարկումներ առաջ քաշեցին այն մասին՝ որքան կարևոր է Ռուսաստանի և նրա հետխորհրդային գործընկերների միջև հարաբերություններում ժողովրդավարության գործոնը և արժեքների քաղաքականությունը: Հայաստանում իշխանությունը փոխվել է ժողովրդական զանգվածային ցույցերի հետևանքով:

Միաժամանակ ամերիկյան և եվրոպական հետազոտություններում արդեն ինքնատիպ «կոնվենցիոնալ իմաստություն» է դարձել խոսել Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի մասին՝ որպես «պաշտպանական», «պահպանողական», որի նպատակն է դիմակայել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ազատասիրությանը:

Հաճախ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների գիտահետազոտական հաստատություններում և համալսարաններում հետխորհրդային տարածությունն անվանում են «նոր ժողովրդավարություններ», դրանց ուսումնասիրության համար հիմնում են համանուն կենտրոններ:

Դեռ «գունավոր հեղափոխությունների» շրջանում նախկին խորհրդային հանրապետությունների ձգտումը «փախչել աշխարհագրությունից» Վաշինգտոնի և Բրյուսելի հետ կապեր զարգացնելու ճանապարհով, Արևմուտքի փորձագիտական լսարանի մեծ մասի կողմից ընկալվում էր որպես դրանց ժողովրդավարացման համար կարևոր նախադրյալ: Նրանց ձայնակցում էին մասնագետներ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, այլ հետխորհրդային հանրապետություններից: Միաժամանակ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը դիտվում էր որպես ավտորիտարիզմը և կառավարման արխայիկ համակարգը պահելու հոմանիշ: Բայց արդյոք այսօր կարելի՞ է խոսել այն մասին, որ այդ սխեման ընդունելի է հետխորհրդային քաղաքական գործընթացների համար:

Արտաքին քաղաքական առաջնահերթությունների ընտրության նույնականացումը արժեքային ընտրության հետ հիմնվում է այն պատկերացումների վրա, որ առաջատար միջազգային դերակատարների դիվանագիտությունը կառուցվում է գաղափարական առաջնահերթությունների վրա: Կասկած չկա, որ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների ներկայացուցիչների հռետորաբանության մեջ շուկան և ժողովրդավարությունը զբաղեցնում են առաջատար տեղ, այն դեպքում, երբ ռուսական քաղաքականության մեջ նախընտրում են խոսել կայունության, միջազգային իրավունքի կոնսերվատիզմի և ազգային ինքնիշխանության՝ արտաքին միջամտության նկատմամբ գերակա լինելու մասին: Բայց գործնականում հռետորաբանությունը և ազգային շահերը միշտ չէ, որ հատվում են:

1994թ. Ադրբեջանի և արևմտյան առաջատար պետությունների միջև ստորագրված «դարի պայմանագիրը», ինչպես նաև մերձկասպյան հանրապետությունների մասնակցությունը Արևմուտքի կողմից հովանավորվող էներգետիկ նախագծերում, ինչպիսին է օրինակ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը», այդ երկիրը չդարձրեց առաջատար՝ ժողովրդավարության մասով: Այն ԽՍՀՄ նախկին հանրապետություններից միակն է, որտեղ իշխանությունը հորից անցել է որդուն: Ընդ որում, Ադրբեջանը չի անդամակցել ՀԱՊԿ-ին և չի պատրաստվում միանալ Եվրասիական միությանը, որտեղ առաջատար դեր է խաղում Մոսկվան: Դա, սակայն, չի խանգարում Բաքվին ակտիվորեն զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, ինչի ապացույցն է մերձկասպյան այդ հանրապետություն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը:

Թուրքմենստանում ավտորիտար կարգերի մասին բազմիցս հայտնել են միջազգային իրավապաշտպան կառույցները, այդ թվում ամերիկյան: Սակայն դա չի խանգարում ԵՄ-ին և ԱՄՆ-ին էներգետիկ գործընկերություն հաստատել Աշխաբադի հետ: Թուրքմենստանը 1995թ-ից ունի չեզոք կարգավիճակ: Սակայն հազիվ թե որևէ մեկը փորձի համեմատել այն Շվեյցարիայի ժողովրդավարության մակարդակի հետ:

Արևմուտքի կողմից նույն կերպ էր գնահատվում նաև Ուզբեկստանը Իսլամ Քարիմովի օրոք: Չնայած 2005թ. Անդիժանի զանգվածային ելույթներից հետո նրա և Արևմուտքի միջև որոշակի տարաձայնություններին՝ Տաշքենտը բազմիցս ոչ պաշտոնապես արժանացել է «ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերոջ» տիտղոսին աֆղանական գործողության ժամանակ:

Ի դեպ, դեռ 2012թ. այդ հանրապետությունը դադարեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այսօր հանրապետությունում այլ առաջնորդի՝ Շավքաթ Միրզիոևի  իշխանության գալուց հետո տեղի է ունենում որոշակի ազատականացում: Բայց ոչ այնքան երկիրն իրենով, որքան դրա աշխարհաքաղաքական դիրքը ստիպում են և՛ Մոսկվային, և՛ Արևմուտքին բարեկամություն փնտրել նրա հետ:

Չկայացած փարոսներ

Երկար ժամանակ արևմտյան ԶԼՄ-ներում «ժողովրդավարության փարոս» էր համարվում Վրաստանը: Սակայն Թբիլիսիում 2007թ. զանգվածային ցույցերը ցրելու սկանդալային պատմությունից, ինչպես նաև բանտերում բռնության կիրառման մասին նյութերի արտահոսքից հետո Միխայիլ Սաակաշվիլիի կերպարը՝ որպես հետխորհրդային տարածությունում ժողովրդավարության առաջամարտիկ, խամրեց:

Նկատենք, որ Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի հետ՝ սկսած 2008թ-ից, իսկ մինչ այդ Թբիլիսին երկար տարիներ Մոսկվայի ամենախնդրահարույց գործընկերներից էր: Դրանից հետո պետությունում շատ բան է փոխվել: Արդեն վեց տարի է երկիրը փաստացի կառավարում է ոչ թե կուսակցություն կամ ֆորմալ նախագահ կամ վարչապետ, այլ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին: Հենց նրան է պատկանում վճռական խոսքը ցանկացած կարևոր որոշման մեջ:

Մոտ երկու տարվա ընթացքում «Վրացական երազանք» կուսակցությունը երկու անգամ փոխել է երկրի սահմանադրությունը՝ փաստացիորեն առանց ընդդիմության հետ համաձայնեցնելու: Վրաստանում շատ ու շատ բան է փոխվել: Բայց մի բան մնացել է անփոփոխ: Յուրաքանչյուր նոր առաջնորդ իր շուրջ ստեղծում է «իշխանության կուսակցություն» («Վրաստանի քաղաքացիների միությունը» Էդուարդ Շևարդնաձեի օրոք, «Միացյալ ազգային շարժումը» Միխեիլ Սաակաշվիլիի օրոք և «Վրացական երազանքը»՝ որպես Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ավանգարդ), որը դե ֆակտո գերիշխում է քաղաքականության մեջ:

Այն բանից հետո, երբ 2014թ. Եվրամիության հետ ասոցացման պայմանագիր ստորագրեցին Ուկրաինան և Մոլդովան, նրանք հայտնվեցին այն երկրների ցանկում, որոնց Արևմուտքը դիտարկում է որպես «բարեփոխումների և ժողովրդավարության ուղի» ընտրած պետություն: Իսկապես, ֆորմալ տեսանկյունից երկու պետություններում էլ տեղի են ունենում ընտրություններ, նկատվում է որոշակի մրցակցություն, և չկա մեկ ղեկավարի կողմից մենիշխանություն: Բայց ըստ էության իշխանությունը խիստ մեկուսացված է հանրությունից:

Մոլդովայի դեպքում որոշումների կայացման գործում որոշակի դերակատարություն է ունենում օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը: Հենց նա է դարձել ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախաձեռնող, ինչը հնարավորություն կտա նրա Դեմոկրատական կուսակցությանը, օգտագործելով «ընտրությունների խառը համակարգը», ստանալ մեծամասնություն:

Հակառակ դեպքում առանց միամանդատ առաջադրվածների աջակցության այդ առաջադրանքն անլուծելի է: Իսկ դա նշանակում է, որ անլուծելի է նաև Մոլդովայում գլխավոր քաղաքական գործչի փաստացի ազդեցության ձևավորման խնդիրը:

Ուկրաինայի դեպքում մենք տեսնում ենք «սանացիայի» մոդել, երբ այն քաղաքական գործիչները, որոնք չեն կիսում «երկրորդ մայդանի» արժեքները, փաստացի դուրս են մնացել խաղից, իսկ ձախ ուժերը «դեկոմունիզացման» և «լյուստրացիայի» անվան տակ համապատասխան ներկայություն չունեն: Ինչպես որ այն հարկ եղած չափով չունի և հարավ-արևելքը: Այն ներկայացնող Ընդդիմադիր բլոկը ստիպված է պարբերաբար բախվել մեղադրանքների, որ իրենք «հինգերորդ շարասյուն են» և դավաճանում են երկրի ազգային շահերին: Ուկրաինական քաղաքական ներկապնակը նման է աջ կողմից այտուցված լնդուռուցքի:

Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում, նույնպես քիչ կապ ունի ժողովրդավարական գործընթացների հետ, ինչպիսին մենք պատկերացնում ենք Եվրամիության երկրներում: Այն, որ վերին օղակի հաստատությունները (կառավարություն, խորհրդարան) ուղղակիորեն հենվում են հրապարակի վրա,ավելի շուտ հիշեցնում է Անտոնիու Սալազարի ժամանակների «Նոր պետության» կոնցեպտը:

Դժվար է խոսել ժողովրդավարության մասին, երբ առաջնագիծ են դուրս գալիս «անցումային արդարադատություն» ձևավորելու և հին իշխանության ներկայացուցիչների փաստացի սանացիայի նախաձեռնությունները:

Ժողովրդավարությունն ազգայնականության հետ ձեռք ձեռքի տվա՞ծ

Այս բոլոր տրամաբանական անհամապատասխանություններից կարելի էր խուսափել, եթե նրանք, ովքեր դիմել էին հետխորհրդային տարածքում իրավիճակի վերլուծությանը, ադեկվատ ձևով պատկերացնեին նրանց նպատակները, ովքեր փորձում են հարաբերություններ ստեղծել արևմտյան երկրների հետ: Շատ դեպքերում այդ շահը պայմանավորված է ոչ թե վերացական արժեքներով, այլ այն ազգային շահերով, որոնք ձևավորում են նոր անկախ պետությունների էլիտաները:

Շատ դեպքերում զանգվածային բողոքները, «հեղափոխությունները», որոնք այդքան ցնծություն են առաջացնում ԱՄՆ և ԵՄ քաղաքական և փորձագիտական շրջանակներում, ծնվում են ոչ թե ժողովրդավարության և որոշակի արժեքների խմբի նկատմամբ ձգտումից, այլ պետության ամրապնդման, «խնդրահարույց տարրերից» զուրկ կառավարման կամ նույնականացման առավել խիստ և որակյալ մոդելի ստեղծման ցանկությունից:

Հիշում եմ, ինչպես 2004թ. ռուս փորձագետների կազմում հայտնվեցի Թբիլիսիում, որտեղ ազգային խորհրդարանի այն ժամանակվա խոսնակ Նինո Բուրջանաձեն, մեկնաբանելով մեր հարցը «վարդերի հեղափոխության» մեկամյակի արդյունքների մասին, բացականչեց, որ «մեր զինվորները վերջապես կարողացան նորմալ հագնվել և դադարեցին սոված մնալ»: Եվ ոչ մի խոսք մարդու իրավունքների կամ էթնիկ փոքրամասնությունների մասին:

Բավական էր միայն 2013-2014թթ. կիևյան հրապարակներում ուղղակի լսել պաթոսը՝ ուղղված Դոմբասի և Ղրիմի բնակիչների դեմ՝ հասկանալու համար, որ Ղրիմի կարգավիճակի փոփոխության հետ կապված պատմությունը և հակամարտությունը երկրի հարավ-արևելքում ինքնաբուխ չեն եղել:

Եվ միամիտ է նա, ով կարծում է, որ «ժողովրդավար» Փաշինյանի իշխանության գալը Ղարաբաղի հարցում Երևանի դիրքորոշումը կդարձնի ավելի մեղմ, քան «ավտոկրատ» Սարգսյանի և Քոչարյանի ժամանակ: Իշխանության գալու 100 օրվան նվիրված օգոստոսի 17-ի հանրահավաքում ելույթ ունենալով՝ Փաշինյանը հայտարարեց. «Ես ոչ մի փաստաթուղթ ձեզնից գաղտնի չեմ ստորագրի: Եթե լինի տարբերակ, ես կգամ այստեղ, ձեզ կներկայացնեմ, և դուք ինքներդ կորոշեք, գնանք այդ տարբերակով, թե ոչ:

Եթե սա ժողովրդավարություն է, ապա հիմնված ազգային մոբիլիզացիայի վրա: Եվ հետխորհրդային երկրներում այն գնում է ազգայնականությանը ձեռք ձեռքի տված, քանի որ ամբողջական միացյալ պետության փլուզումից հետո նոր կազմավորումները կառուցում են իրենց ինքնությունը: Եվ այս գործընթացում զանգվածային շարժումները և ցույցերը հաճախ ուղղված են ոչ թե փոխզիջմանը, այլ հակամարտության սրացմանը, սեփական ճշմարտացիության «սրացմանը»: Եվ Արևմուտքին կամ Ռուսաստանին դիմել ոչ այլ ինչ է, քան գործիք սեփական նպատակների և խնդիրների լուծման համար:

Այս համատեքստում Մոսկվան զգուշանում է ոչ թե ինչ-որ «բեկումնային ժողովրդավարությունից», այլ ազգայնական պոպուլիզմից, որի միջոցով որոշ հարևաններ փորձում են դուրս բերել նրան այն ոլորտներից, որոնք իր շահերի շրջանակում են:

Նկատենք նաև, որ ՆԱՏՕ-ի կամ Եվրամիության հետ կապերի զարգացումը ամենևին չի երաշխավորում այդ կառույցների շարքերի ընդունում կամ առավել ևս, որ արևմտյան ինտեգրացիոն միավորումները կկառուցեն ժողովրդավարական ինստիտուտներ նոր անկախ պետությունների փոխարեն: Ընդհանրապես տարօրինակ հույս է ապրել սպասումով, որ որևէ արտաքին բարեգործ կանի ամբողջ բարդ աշխատանքը քո փոխարեն:

Ցավոք, շատ հետխորհրդային առաջնորդների մոտ ԽՄԿԿ ԿԿ առատաձեռն և արդար կերպարը փոխարինվեց Բելառուսի և Վաշինգտոնի ամենագութ դերակատարության պարզ պատկերացումով:

Սակայն իրական կյանքը սխեմա չէ: Եվ նախկին Խորհրդային միության տարածքում բարդ աշխարհաքաղաքական գործընթացների պատկերացման համար դժվար թե պետք է «գիտական կոմունիզմի» զինանոցից մի գծային-պրոգրեսիվ սխեման փոխարինել «գիտական ժողովրդավարությամբ», որը ազգային շահերը արհեստական կախվածության մեջ է դնում իբր արժեքային և համարյա թե էքզիստենցիալ ընտրությունից:

Այո, այսօր Եվրասիան ընդհանրապես նման չէ 1990-ականների սկզբի «մոտ արտասահմանին»: Ռուսաստանից բացի այստեղ գործում են նոր դերակատարներ, իսկ հենց նախկին միացյալ հանրապետություններն իրենց շահերով ավելի շատ են տարանջատվում: Անգամ երեք կովկասյան հանրապետությունները երեք տարբեր պատասխաններ են տվել եվրոպական և եվրասիական ինտեգրացիայի ընտրությանը: Բայց հենց այդ ընտրությունը ավելի բարդ է, քան այս կամ այն հռետորական սխեմային հետևելը: Որքան շուտ դա կգիտակցեն փորձագետները և գործնական իրականացնողները, այնքան հեշտ կլինի խուսափել անպետք և չափազանցված սպասումներից, որոնք անխուսափելիորեն հղի են խիստ հիասթափություններով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930