Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպեցիֆիկ» հարաբերություններ. «չկա՞ ոչ մի պրոբլեմ», թե՞ «եռում է»

Սեպտեմբեր 11,2018 22:00

Շաբաթ օրը Կրեմլում երրորդ հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Երրորդը՝ Փաշինյանի վարչապետության չորս ամսվա ընթացքում։

Հանդիպմանը նախորդեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հերթական «մտահոգված» հայտարարությունը, որ Հայաստանում «ամեն ինչ եռում է», իսկ Պուտինի օգնական Ուշակովն ազդարարեց, որ «լուրջ խոսակցություն» է լինելու։ Հանդիպման ժամանակ Պուտինը հայ-ռուսական հարաբերություններն անվանեց «սպեցիֆիկ»` ցանկություն հայտնելով «ստուգել ժամացույցները» եւ քննարկել հարաբերությունների «զարգացման միջնաժամկետ հեռանկարները»։ Արձանագրենք նաեւ, որ չհնչեց եւ ոչ մի բառ հարաբերությունների «ռազմավարական» կամ «բարեկամական» բնույթի մասին։ Բացի դրանից, պարոն Պուտինը հերթական անգամ պատմեց «150 դոլարանոց գազի» մասին հեքիաթը, որն արդեն բոլորը հոգնել են հերքելուց։
Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնուամենայնիվ «դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի»:

Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաեւ մամուլի գնահատականներին. «Ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի ե՛ւ հայաստանյան, ե՛ւ ռուսաստանյան լրատվական տիրույթում, ե՛ւ սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, եւ գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է»։

Իսկ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ «հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են», եւ որ «մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»։

Ակնհայտորեն հակասական եւ իրարամերժ հայտարարությունները, տարբեր «վստահելի աղբյուրներին» հղումներով հրապարակումները, Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» պարբերականի՝ Հայաստանի վարչապետին տրված հարցերի տոնայնությունը եւ ենթատեքստերը ցույց են տալիս, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մայրաքաղաքներում ամեն բան միանշանակ, մանավանդ՝ անամպ չէ երկկողմ հարաբերությունների համատեքստում, գոնե ընկալումների մակարդակով, եւ մեկ կամ երեք հանդիպմամբ հնարավոր չէ այդ «ամպերը» ցրել։
Պարզ է, որ խնդիրներն ահռելի են, հակառակ դեպքում կարիքը չէր լինի այսքան հաճախ հանդիպելու, նաեւ չէին կարող ահռելի չլինել քսան տարվա միջպետական հարաբերությունների մուտացիայի արդյունքում։ Ակնհայտ է, որ կողմերը անթաքույց ձգտում են համատեղել անհամատեղելին։ Ի վերջո, Հայաստանում տեղի է ունեցել այն, ինչի համար Ռուսաստանում փողոցում, օրինակ, դրա հաջորդ օրը ծեծեցին եւ ավելի քան 800 քաղաքացու ձերբակալեցին։

Բացի դրանից, չի փոխվել ոչ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը, ոչ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններում Մոսկվայի բարդույթները, ոչ ոք չի հայտարարել «ռուսկի միռ» կոչված դոկտրինը Հայաստանի վրա չտարածելու մասին, ինչպես նաեւ չկան նախադրյալներ՝ կարծելու, որ Ռուսաստանում Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններն այլեւս հոմանիշ չեն «ռեյդերային զավթում» բառակապակցությանը եւ այլեւս դուրս են այդ կրիմինալ եւ կոռուպցիոն տրամաբանությունից։ Այսինքն՝ այն ամենը, ինչը Հայաստանի պետականության համար սպառնալիք է եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում խնդիրների հիմնական աղբյուր՝ մնում է եւ չի կարող չմնալ նույնը։
Վարչապետ Փաշինյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների «փայլուն» լինելու եւ «ոչ մի պրոբլեմ» չլինելու մասին հայտարարությունը եթե դիտարկվի ուղղակի իմաստով, ապա հակառակ այդ պնդման՝ պրոբլեմներն ակնհայտ են հենց մակերեսին (ցուցակը՝ ըստ Դավիթ Շահնազարյանի). եթե իրոք պրոբլեմ չկա, ապա դա նշանակում է, որ գազի համար մենք՝ սպառողներս, իրոք վճարելու ենք 150 դոլարի հաշվարկով 1000 խմ-ի դիմաց, այլ ոչ թե կրկնակի թանկ, մեղադրյալ Միքայել Հարությունյանը ձեռնաշղթաներով ուղարկվելու է Երեւան, իսկ Ադրբեջանն այլեւս ոչ մի փամփուշտ չի ստանա։

Իսկ կիրակի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած միջադեպն առիթ դարձավ եւս մեկ «չեղած» պրոբլեմի մասին անդրադառնալու։ Խոսքը 102-րդ բազայում ծառայող հարբած հրամանատարի կողմից Գյումրիում հարսանյաց սրահը ջարդուփշուր անելու մասին է, եւ որ ոստիկանները ոչ թե նրան ձերբակալում են, այլ «հանձնում են զորամասին»։
Իհարկե, Հայաստանի պետական շահերից չի բխում, որ առիթ տանք Մոսկվային «ֆիքսվելու» Երեւանի վրա եւ ակտիվացնելու իր դեստրուկտիվ գործունեությունը տարածաշրջանում։ Մյուս կողմից՝ Հայաստանում ակնհայտորեն ուրվագծվել են ազդեցության խմբեր, որոնք որպես ստաժավոր «ստուկաչ» աշխատում են հենց այդ ուղղությամբ՝ Մոսկվայից «տանիք մուրալով», քանզի սովոր են «սիրել» Ռուսաստանը Հայաստանի հաշվին եւ «ի փառս» սեփական դիրքերի անձեռնմխելիության։ Այդ իմաստով կարելի է հասկանալ Փաշինյանի հայտարարությունը։
Սակայն հզորացող, ինքնուրույն, ինքնիշխան, սեփական շահերով առաջնորդվող եւ արժանապատիվ Հայաստանը, որը վարչապետ Փաշինյանի կրեդոն է, օբյեկտիվորեն պայթեցնում է այն տարածաշրջանային կոնստրուկցիան, որը ներկայիս ռուսական ազդեցության գրավականն է, այն, ինչի համար «մտահոգվում են» ամեն տեսակի լավրովները։ Այդ «կոնստրուկցիայում» Ռուսաստանի՝ Կովկասում միակ «հոգեհարազատ» ռեժիմ Ադրբեջանը պետք է լինի ուժեղ եւ վտանգավոր Հայաստանի համար, որն էլ պետք է լինի Ռուսաստանի կողմից «փրկությունը» մշտապես մուրացող, Մոսկվայի ձեռքին եւ բերանին մշտապես նայող, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ ծառայի որպես մանրադրամ, որպեսզի իր շահերը զիջելու հաշվին սպասարկի ռուսական կայսերական շահերը։ Ի վերջո, այս փիլիսոփայությունը 1905 թվականից չի փոխվել։

Հետեւաբար այդ «պրոբլեմ չկա»-ն ոչ մի դեպքում չպետք է ո՛չ մխիթարի, ո՛չ հանգստացնի, ոչ էլ թյուրիմացության մեջ գցի՝ ոչ հայկական քաղաքական դասին, ոչ էլ հանրությանը։
Հայ-ռուսական հարաբերություններում եղել է եւ կա եւ դեռ որոշ ժամանակ կլինի երկու պրոբլեմ. մեկն ինքը՝ Ռուսաստանն է, մյուսը հայկական իլյուզիաներն են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, իսկ մնացած բոլոր պրոբլեմներն ածանցվում են այդ երկուսից։ Եվ վարչապետ Փաշինյանի հայտարարությունն ամենեւին էլ այդ դասավորության փոփոխության մասին չէ։

Հետեւաբար հրամայականը մնում է նույնը. Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, նոր հիմքով հարաբերություններ կառուցի հարեւանների, Արեւմուտքի եւ Արեւելքի հետ՝ ամրապնդելով ազատ, անկախ եւ ինքնիշխան պետականությունը։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. Բայց արժեր պարոն Լավրովին էլեկտրոնային նամակ ուղարկել՝ կիրակնօրյա ռուսաստանյան ցույցերը բարբարոսաբար ցրելը պատկերող տեսանյութերի հղումներով, մտահոգություն հայտնել եւ խորհուրդ տալ. «Մի եռացրու, որ չեռաս»։

«Առավոտ»

11.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Ձեր հեքիաթնա հոգնացրե 150դոլարանոց գազը վերջնական սպառողինել 150դոլլարով վաճառելու մասին:
    Ոչինչ որ գնի մեջ 70դոլլար միայն հարկերն են ԱԱՀ եվ այլն:
    Ձեր սիրած քաղաքակիրթ Եվրոպայի երկրները գազը սահմանին ստանում են 220-250դոլարով բնակչությանը վաճառում 400-800դոլլարով:
    Ոչ մի նորմալ երկրում տենց բան չկա, որ գազի գինը սահմանին ու բնակչության համար իրարից էական չտարբերվի:
    Կան երկրներ որ գազը հարկերից ազատում են կամ անգամ գազ սպառողներին պետբյուջեյից դոտացիա են տրամադրում ասենք Վրաստանը, Բելոռուսը ինչ հաշվին գազը էժանա լինում:
    Էտ անգրագիտությունա: Ինչ պիտի ասենք Ծառուկյանը էժան գազով իրա պալատը տաքացնի:
    Ավելի տրամաբանականա, որ ընդանուր լինի նորմալ գին, միայն անապահով խավի համար էժան ինչնել որ արվումա Հայաստանում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930