Լրահոս
Օրվա լրահոսը

Մուհամմեդ մարգարեի քիչ հայտնի հրովարտակը՝ տրված Երուսաղեմի Հայոց պատրիարքին

Սեպտեմբեր 11,2018 23:15

 Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

 

Տարիներ շարունակ ես լսել էի, որ գրավոր հաղորդակցություն է եղել Մուհամմեդ մարգարեի և Երուսաղեմի Հայոց պատրիարքության միջև, սակայն ոչ մի փաստաթուղթ չէի տեսել դրա վերաբերյալ:

Երկու ամիս առաջ Բեյրութի «Ազդակ» օրաթերթում կարդացի դոկտ. Կարպիս Հարբոյանի (Մոնրեալ, Կանադա) գրած մի հետաքրքիր հոդված, որտեղ նա բացահայտել էր Մուհամմեդ մարգարեի և Երուսաղեմի այն ժամանակվա Հայոց պատրիարքի ու նրանց  հաջորդների միջև հաղորդակցության մանրամասները:

Դոկտ. Հարբոյանը նշել էր իր աղբյուրները՝ Գրեգորի Գրիգորյանի «Հայկական ասեղի անցքով» գիրքը, հրատարակված Կիլիկիո կաթողիկոսության կողմից 2002 թվականին: Գրիգորյանը հայտարարել էր, որ իր գիրքը Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից 1931 թ. հրատարակված Տիգրան Սայալանյանցի «Երուսաղեմի պատմության» 1385-էջանոց երկհատորյակի անգլերեն թարգմանության ամփոփ պատմությունն է: Դոկտ. Հարբոյանը նաև նշել էր, որ նա վերջերս տեսել է Բեզալել Նարկիսի, Մայքլ Է. Սթոունի և Ավետիս Սանջյանի հեղինակած «Երուսաղեմի հայ արվեստի գանձերը» գիրքը, հրատարակված Նյու Յորքում 1979 թվականին, որը ներառում էր Հայոց պատրիարքությանը տրված Մուհամմեդ մարգարեի հրովարտակը:

Հայոց պատրիարքարանը Երուսաղեմում հիմնադրվել է մոտ 2000 տարի առաջ: 301 թվականին, քրիստոնեության ընդունումից հետո, մեծ թվով հայեր ուխտագնացություն էին կատարել դեպի Երուսաղեմ: 420 թվականին նրանք կառուցել էին Սուրբ Հակոբ միաբանության մի մասը: Վեցերորդ դարում հայերը Երուսաղեմում արդեն կառուցել էին 66 կրոնական հաստատություններ:

626 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարք Աբրահամը, տեսնելով իսլամական ընդլայնման և նվաճման վտանգները, 40 նշանավոր հայերի պատվիրակության հետ մեկնել է Մեքքա իսլամական սուրբ քաղաքը՝ Մուհամմեդ մարգարեի հետ հանդիպելու և նրա պաշտպանությունը ապահովելու համար:

Դոկտ. Հարբոյանը տեղեկացրել է, որ մարգարեն հայ հյուրերին ընդունել էր սիրով, հարգանքով և ազնվությամբ ու լսել Աբրահամ պատրիարքի առաջարկները: Հայկական պատվիրակությունը հայտնել էր իր հպատակությունը մարգարեին, նրա հետ համագործակցելու պատրաստակամությունը և խնդրել էր նրա պաշտպանությունը:

Հանդիպման ավարտին Մուհամմեդ մարգարեն հրովարտակ էր հրապարակել, որտեղ ասվում էր. ««Ես՝ Մուհամմեդ, որդի Աբդուլլահի, մարգարե և առաքյալ Աստծո, հարգում եմ Աբրահամ պատրիարքին, պատվում եմ իրեն և Երուսաղեմի, Դամասկոսի ու Արաբիայի շրջակա վայրերի բոլոր արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին և քահանաներին, այլ խոսքով` այն ժողովուրդներին, որոնք ենթակա են Երուսաղեմին, այսինքն՝ եթովպիացիներին, ղպտիներին և ասորիներին։ Ճանաչում և երաշխավորում եմ նրանց վանքերը, եկեղեցիները, կրթության կենտրոնները, կալվածքները և հողերը: Ես` Մուհամմեդ մարգարեն, Աստծո և իմ շուրջը գտնվող 30 անձանց վկայությամբ, շնորհում եմ իմ հովանավորությունը և պաշտպանությունը և բաժանում եմ իմ ողորմությունը հայոց եկեղեցիներին, որտեղ էլ որ դրանք գտնվեն` Երուսաղեմի ամբողջ տարածքում, Քրիստոսի սուրբ գերեզմանին, Սուրբ Հակոբ եկեղեցուն, Բեթղեհեմի եկեղեցուն, բոլոր աղոթատեղիներին, մենաստաններին, Գողգոթայի ճանպարհին և սրբատեղիներին: Նաև ապահովում և վստահեցնում եմ, որ իմ պաշտպանությունը տարածվում է նաև քրիստոնյա բլուրների, հովիտների ու քրիստոնյաների եկամտի հաստատությունների վրա: Այս բոլորը հայտարարում եմ իմ մարգարեի անունով և իմ հավատացյալ մահմեդականների անունով»։

Մուհամմեդ մարգարեն հանձնարարել էր իր հետևորդներին հարգել իր հրովարտակը և գործադրել դրա բոլոր մանրամասնությունները: Այդ հանդիպմանը ներկա էր Խաթաբի որդի Օմարը, որը հաջորդեց մարգարեին և հրատարակեց նույնանման մի հրովարտակ՝ հաստատելով մարգարեի հրովարտակը:

Այսպիսով, մարգարեի հրովարտակը դարձավ Երուսաղեմի Հայոց պատրիարքության կարգավիճակը հաստատող առաջին պաշտոնական փաստաթուղթը: Ցավոք, հրովարտակի բնագիրը գոյություն չունի պատրիարքարանի արխիվում: Սակայն այս հրովարտակի դեղնավուն պատճենը գտնվում է պատրիարքարանի «Մարտիկյան» թանգարանում:

Երբ 634 թվականին Օմարը վերցրեց խալիֆայությունը, նա Աբու Օբեյդին նշանակեց բանակի հրամանատար: Աբու Օբեյդի զորքերը հարձակվեցին Դամասկոսի և Երուսաղեմի վրա: Հունաստանի պատրիարք Սոֆրոնյուսը և Հայոց պատրիարք Գրիգորը հանդիպեցին Աբու Օբեյդի հետ և տեղեկացրեցին նրան, որ Երուսաղեմի գրավումը առաջ կբերի Աստծո զայրույթը, քանզի Երուսաղեմը Սուրբ քաղաք է: Աբու Օբեյդը հաղորդեց Խալիֆ Օմարին երկու պատրիաքների հետ իր ունեցած հանդիպման մասին: Օմարն անձամբ եկավ Երուսաղեմ: Հունական պատրիարքի եղբայրը հանդիպեց Օմարի հետ և հիշեցրեց Մուհամմեդ մարգարեի հրովարտակի մասին: Այնուհետև Օմարն իր հրովարտակը հրապարակեց և հաստատեց մարգարեի հրովարտակը: Օմարն իր հետևորդների հետ մտավ Երուսաղեմ, այցելեց կրոնական վայրերը և առաջարկեց մզկիթ կառուցել Քրիստոսի գերեզմանի կողքին գտնվող հողամասում: Մզկիթը կառուցվեց 935 թվականին և անվանվեց «Ալ-Օմարիե»: Օմարը քրիստոնյաներին պարգևեց  քրիստոնեական պաշտամունքի ազատություն, սակայն արգելեց եկեղեցիների զանգերի գործածությունը:

Օմարին հաջորդեց Խալիֆ Ալին, որը ևս հրովարտակ հրապարակեց հայերի համար Երուսաղեմում՝ հաստատելով մարգարեի և Օմարի նախորդ հրովարտակները:

1097 թվականին խաչակիրները ներխուժեցին և ազատագրեցին Երուսաղեմը: 1187 թվականին Սալահադին ալ-Այուբին (Սալադին), որը քուրդ էր և նրա ընտանիքը ծագումով Հայաստանի Դվին քաղաքից էր, գրավեց Երուսաղեմը և 100 հազար քրիստոնյաների մեծ մասին վռնդեց քաղաքից: Նա գրավեց Երուսաղեմի բոլոր լատինական եկեղեցիները և արգելեց եկեղեցական ծառայությունները: Այնուամենայնիվ, նա հայերին մասնակի ազատություն շնորհեց:

Հայոց պատրիարք Աբրահամը մի խումբ հոգևորականների հետ հանդիպեց Սալահադինի հետ և նրան ցույց տվեց Մուհամմեդ մարգարեի հրովարտակը: Այնուհետև Սալահադինը իր սեփական հրովարտակը հրապարակեց և հաստատեց մարգարեի, Խալիֆ Օմարի և Ալիի հրովարտակները: Սալահադինն իր հրովարտակում մասնավորապես նշել է հայերի իրավասության մասին եկեղեցիների, սուրբ վայրերի, Սուրբ Հակոբ կաթողիկե եկեղեցու, Բեթղեհեմի, Նաբլուսի եկեղեցիների, Սուրբ տաճարի և այլ սուրբ վայրերի նկատմամբ, ու հատկապես հայերի պաշտամունքի ազատության մասին: Նա նաև իջեցրել է հայ վաճառականների ու ուխտավորների հարկերը:

1517 թվականին օսմանյան Սուլթան Սելիմը գրավեց Երուսաղեմը և հրապարակեց իր հրովարտակը, որով հաստատեց Մուհամմեդ մարգարեի, Խալիֆ Օմարի և Սալահադինի տված արտոնությունները՝ տրված Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը: Սուլթան Սելիմի հետևորդ սուլթան Սուլեյմանը հրապարակեց իր սեփական հրովարտակը՝ վերահստատելով հայերի իրավունքները Երուսաղեմում: Հաջորդ սուլթանները՝ Մեհմեդ IV-ը՝ 1659-ին, Սուլթան Մահմուդ I-ը՝ 1735 -ին և Սուլթան Աբդուլմեճիդ I-ը՝ 1853-ին ևս հրապարակեցին իրենց հրովարտակները:

Մուհամմեդ մարգարեի հրովարտակը, բացի արժեքավոր պատմական փաստաթուղթ լինելուց, ցույց է տալիս, որ հայ քրիստոնյաներն ու մուսուլմանները վայելում էին ամենաջերմ հարաբերությունները հին ժամանակներից սկսած մինչև մեր օրերը: Հայերը պետք է տարածեն մարգարեի այս կարևոր հրովարտակը, ինչպես նաև նրա հետնորդների հրովարտակները՝ հակազդելու Թուրքիայի և Ադրբեջանի տարածած հակահայկական քարոզչությանը իսլամական աշխարհում:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Գրել էք. «Հունաստանի պատրիարք Սոֆրոնիուսը …»:
    Ես ուզում եմ, որ յօդուած գրելիս կամ թարգմանելիս մի քիչ բծախնդրութիւն ցուցաբերէք ու գրագէտ գրէք: 630-ական թուականներից ենք խօսում: բա Ձեր մտքով չի անցնո՞ւմ, որ էդ թուերին հայոց այբուբենում ու լեզւում «Ֆֆ» տառ չկար: Իսկ այդ պատրիարքը վստահաբար յայտնի էր հայերին: Ուստի պիտի կռահէիք, որ հայերէնում պատրիսրքի անունն փոքր-ինչ այլ է:

    Ուրեմն «Ֆ» հնչիւնի փոխարէն հայերէնում պիտի լինի «Փ»: Քանի որ, ինչպէս Դուք էք նշել, նա ազգութեամբ յոյն էր, ուրեմն -իուս (-ius) վերջաւորութիւն չէր կարող լինել, որը լատիներէն վերջաւորութիւն է: Հայերէնը աւանդաբար վերցնում է յունական վերջացանծը: Նոյնսիկ մեր ժամանակներում: Օրինակ՝ լատինական եկեղեցու առաջնորդի (այսինքն՝ Հռոմի Պապի) լատիներէն անունը FranciscUS է: Բայց հայերէնը լատինական -us (-ուս) վերջածանցի փոխարէն վերցնում է յունական -ոս (-ος) վերջածանցը՝ ՖրանցիսկՈՍ (իսկ աւելի գրագէտ՝ Փրանկիսկոս):

    Նոյն տրամաբանութիւնն է Երուսաղէմի պատրիարքի դէպքում: Ուրեմն հայերը էդ թուերից սկսած էդ մարդուն ասել են ՍՈՓՐՈՍԻՈՍ, ոչ թէ Սոֆրոնիուս (Sophronius): Եկէք մեր աւանդական տարբերակը կիրառենք, ոչ թէ լատինա-անգլիական:

    Իսկ Սոփրոնիոս պատրիարքի մասին կարող էք կարդալ բազում գրքերում: Օրինակ՝ այս արժէքաւոր գրքում՝ serials.flib.sci.am/openreader/Hator_13_1983/book/Binder1.pdf

    • Հարգելի պրն Լազարյան, շնորհակալ ենք դիտողության համար: Սակայն տվյալ դեպքում սա «Առավոտի» հեղինակային հրապարակումը չէ:

      • Artur Lazarian says:

        Գիտեմ, որ «Առաւօտինը» չէ, տիկին Իսրայէլեան: Առհասարակ եմ ասում,,

        Յ.Գ. Զաւեշտալին այն է, որ բծախնդրութեան կոչ եմ անում, բայց միւս կողմից ես եմ տառասխալներով գրում: Արագ գրելու արդիւնք է: Ցաւօք, չեմ կարող ուղղել տառասխալներս 🙂

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930