Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրիցս միանշանակ հիասթափություն չունեմ»

Հունվար 17,2019 13:00

Արտասահմանում կրթություն ստացած ու կարիերան սկսած երաժիշտը Հայաստանում առայժմ աշխատանք չունի

Արտասահմանում կրթություն ստանալը դիտվել է առավելություն, ու դրսում կրթված կամ վերապատրաստված մասնագետները, աշխատանքային փորձառություն ունեցողները, վերադառնալով հայրենիք, աշխատատեղի խնդիր մեծամասամբ չեն ունենում:

«Առավոտի» զրուցակցին՝ ջութակահար, արվեստագիտության թեկնածու Նարեկ Սարգսյանին այդ առումով կարելի է բացառություն համարել: Երաժիշտն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետեւ ուսումը շարունակել Մյունխենի, Նյուրնբերգի բարձրագույն երաժշտական դպրոցներում: Ջութակահարի կարիերան սկսել է ու շարունակել 2013թ.-ից՝ Կոբլենցի, Նյուրնբերգի եւ Համբուրգի նվագախմբերում, զուգահեռ զբաղվել է նաեւ մանկավարժությամբ: 2016-ին վերադարձել է հայրենիք, հանդիպել է իր պրոֆեսորին (անունը չբարձրաձայնեց), դիմել նրան մանկավարժի աշխատատեղի խնդրանքով եւ մերժում ստացել: Տարբեր պատճառաբանություններով մերժում է ստացել նաեւ մի քանի երաժշտական դպրոցներից, թեեւ տնօրենները միանշանակ ողջունել են ընդմիշտ հայրենիք վերադառնալու երաժշտի որոշումը: Գտնվել է մեկ տնօրեն՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը, որը 2017թ. ուսումնական տարվա սկզբից աշխատանքի է վերցրել ջութակահարին: Սակայն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ժամանակ անց իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Ներկայումս չի աշխատում:

Հարցին՝ հիասթափվա՞ծ է կամ գուցե ցանկությո՞ւն ունի վերադառնալ Գերմանիա, Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Երկրիցս միանշանակ հիասթափություն չունեմ: Եթե արդար մրցակցային դաշտ լիներ, շատերն իրենց տեղը կզիջեին, ինչի արդյունքում, բարձրակարգ մասնագետներ կվերադառնային հայրենիք: Ընդ որում՝ նրանց հեռանալու պատճառը ֆինանսը չէ: Գերմանիայում, օրինակ, կոլեգաներիցս շատերը պատրաստ են ընդմիշտ վերադառնալ, նրանք սպասում են մթնոլորտի առողջացմանն ու լճացած վիճակի վերացմանը»: Ո՞րն է նման վիճակից դուրս գալու ելքը, մեր զրուցակիցն ասաց. «Քաղաքակիրթ ձեւ կա՝ երբ աշխատանքի են ընդունվում մրցույթով, ընդ որում՝ հավաքարարից մինչեւ տնօրեն»: Հավելեց նաեւ, թե օրերս հանդիպել է Երեւանի կոնսերվատորիայի նորանշանակ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանին ոչ միայն որպես երաժիշտ, այլեւ ներկայացրել է մանկավարժական իր ծրագիրը: Դիտարկմանը, թե Հայաստանում նվագախմբի արտիստը ընդունվում է մրցույթով, ինքը չի՞ պատրաստվում որեւէ կոլեկտիվի անդամ դառնալ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որեւէ նվագախումբ չեմ դիմել, բայց գիտեմ, որ մի լավ բան կա՝ ընդունվում են մրցույթով»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ իր ատենախոսության պաշտպանությանը: «Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում 2015թ. պաշտպանել եմ ատենախոսություն՝ Մոսկվայում, Փարիզում, ապա Նյու Յորքում հայազգի լեգենդար ջութակահար եւ մանկավարժ Իվան Ղալամյանի կյանքի ու գործունեության մասին թեմայով: Թեկնածուականս գրելիս, ծանոթանալով ջութակի կատարողական արվեստին վերաբերող համաշխարհային գրականության հետ, որոշում կայացրի հայերեն թարգմանել Իվան Ղալամյանի դասատու, ականավոր ջութակահար ու մանկավարժ Լյուսիեն Կապեի «Աղեղնային բարձրագույն տեխնիկա» հիմնարար աշխատությունը…»: Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված հատկապես այդ աշխատության ընտրությունը, երաժիշտը պատասխանեց. «Ջութակահարները ընթերցելով այս գիրքը ու ծանոթանալով այնտեղ առկա տեսական եւ գործնական նյութին, կարող են շեշտակի բարելավել իրենց կատարողական մակարդակը եւ ցանկալի է, որ այդ գիրքը հրատարակվի հենց Երեւանի կոնսերվատորիայում: Այսինքն՝ բուհի հովանու ներքո»:

Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ աշխատության թարգմանված տարբերակը ներկայացրել է կոնսերվատորիայի ռեկտորին եւ գիտական գծով պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

16.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031