Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսկոմնադզորի հետ վիճելը անհնար է և անիմաստ». Մոդեստ Կոլերով

Փետրվար 02,2019 23:26

«Ռոսկոմնադզորի» հետ վիճելը անհնար է և անիմաստ և, եթե «Առավոտ»-ի ռուսերեն կայքը արգելափակվել է Ռուսաստանի տարածքում, ապա դժվար թե այդ արգելանքը հանվի, քանի որ նման նախադեպ, կարծես թե, դեռ տեղի չի ունեցել ռուսաստանյան լրատվական դաշտի պատմության մեջ»,- ասում է «Ռեգնում» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը` մեկնաբանելով «Առավոտ» առցանցի ռուսերեն տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ Կոլերովի, դատարանում էլ Ռուբեն Թաթուլյանը հանգիստ կարող է ապացուցել, որ ինքը հանդիսանում է շարքային քաղաքացի և իր մասին որևէ տեղեկատվություն հանրայնացնելը օրենքի խախտում է:

Խոսելով, ընդհանրապես, ռուսաստանյան օրենսդրական դաշտ, լրատվամիջոցներ և «Ռոսկոմնադզոր» եռյակի մասին, Կոլերովն ընդգծում է, որ լրատվամիջոցները, համարյա միշտ, պարտավորված են լինում կատարել «Ռոսկոմնադզոր»-ի պահանջը և օրինակ, «Ռեգնում» գործակալությունն այնքան հաճախ է ֆինանսական մանր ու մեծ տույժերի ենթարկվում ինչ-ինչ հրապարակումների հետևանքով, որ նույնիսկ, սոցիալական զեղչերի տարբերակներ է փորձում գտնել՝ ֆինանսական ահռելի կորուստներ չկրելու համար, կես կատակ կես լուրջ պատմում է Կոլերովը:

Պարզվում է, որ անձնական տվյալների գաղտնիությունը պաշտպանող օրենքի ընդունումից հետո, ռուսաստանյան լրատվամիջոցները շատ լուրջ աքցանի մեջ են հայտնվել, սակայն, իրավիճակը շտկելու փորձեր, կարծես թե, չեն արվում: Շուկան մեծ է, տեղեկատվական հոսքը ահռելի և լրատվամիջոցները նախընտրում են ենթարկվել օրենքին ու վճարել վարչական տուգանք, քան թե ընկնել ժամանակատար ու ծախսատար քաշքշուկների մեջ:

Այնպես որ, ինչպես մյուսների, այնպես էլ «Առավոտ»-ի հանդեպ “Ռոսկոմնադզորի” մոտեցումը նման է բուլգակովյան հայտնի դրվագին՝ “Аннушка уже купила масло, и не только купила, но и даже разлила”, ասել է թե, գերբնական ուժը ճակատագրական վճիռը կայացրել է, իսկ հասարակ մահկանացուն այն բեկանել չի կարող:

«Ռոսկոմնադզոր»-ի կողմից «Առավոտ»-ի կայքը սպասարկող ինտերնետային ընկերության նկատմամբ ներկայացված դատական հայցը Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանում կքննվի փետրվարի 26-ին ժամը 14:15, այս մասին մեզ տեղեկացրեց դատարանի մամուլի ծառայությունը:

«Առավոտ» առցանցը, որը ներգրավված չի որպես պատասխանող կողմ, սակայն, իր վրա է կրում այս անհեթեթ իրավիճակի ամբողջ ծանրությունը, այսինքն` զրկվել է իր բազմահազար ընթերցողներից Ռուսաստանի տարածքում և դրա պատճառով ֆինանսական լուրջ վնասներ կարող է ունենալ, սկսվող դատական գործընթացի մասին տեղեկացված չի եղել ոչ մի բառով, իսկ կայքի արգելափակման որոշման մասին տեղեկացում ստացել է արգելափակումից միայն երեք օր առաջ:

Այսպիսով, ամբողջ այս խառնաշփոթի պարզեցված պատկերը հետևյալն է՝ լրատվամիջոցը զրկվել է իր ռուսալեզու լսարանի մի զգալի մասից և կրում է ֆինանսական կորուստներ, իսկ Ռոսկոմնադզորը, պաշտպանելով մեկ անձի՝ Ռուբեն Թաթուլյանի շահերը, հաշվի չի նստում պատմության ամենակարևոր՝ երրորդ կողմի, լսարանի տեղեկացված լինելու իրավունքի հետ՝ փաստացիորեն զրկելով լսարանին տեղեկատվական աղբյուրից:

Ռուբեն Թաթուլյան

Անխոս, հասարակության որևէ անդամի, լինի դա Ռուբեն Թաթուլյանը, թե որևէ մեկ այլ անձ, իրավունքների պաշտպանությունը նույնքան կարևոր է, որքան վերը հիշատակված գործոնների հետ հաշվի նստելը, սակայն, կոնկրետ այս պատմության մեջ առկա են այլ վտանգներ ևս, որոնք, հետագայում, խնդիրը չկարգավորելու դեպքում, կարող են նախադեպ հանդիսանալ և լուրջ խոչընդոտ դառնալ լրատվամիջոցների ազատ գործունեության համար:

Խոսքը հետևյալի մասին է: Ռուբեն Թաթուլյանը ժամանակին հանդիսացել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական և հանրության անդամները, որոնց հարկերի հաշվին վարձատրվել է տվյալ պետական պաշտոնյան, իրավունք ունեն տեղյակ լինելու նրա որոշակի հանրային գործունեության մասին, իսկ քրեական հեղինակություն հանդիսանալու կամ չհանդիսանալու փաստը հենց նմանօրինակ տեղեկատվություն է և, ըստ իս, այն անձնական կյանքի ու անհատական տվյալների անձեռնմխելիության համատեքստում կդիտարկվեր այն ժամանակ, եթե Թաթուլյանը լիներ շարքային քաղաքացի:

Ենթադրում եմ, որ անձնական տվյալների բացահայտմանը չի առնչվում նաև Թաթուլյանի ունեցած դիվանագիտական անձնագրի հիշատակման փաստը, քանի որ «Առավոտի» հոդվածում հրապարակված չեն եղել Թաթուլյանի անձնագրային տվյալները, իսկ Ռուսաստանի համապատասխան օրենքի մեջ նշված չէ, թե որևէ քաղաքացու որևէ տեսակի անձնագիր ունենալու կամ չունենալու մասին հիշատակումը անձնական տվյալների գաղտնազերծում է համարվում: Բացի այդ, կարծում եմ, ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե ինչու է արդեն ոչ պետական պաշտոնյա հանդիսացող Թաթուլյանը շարունակում շրջել աշխարհով մեկ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրով և երբ է այդ անձնագիրը վերադարձվելու, ինչ մասին էլ փաստորեն լրագրողները հետաքրքրվել են փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից:

Եթե այս եզրակացությունը աչքի տակ ունենալով, Ռոսկոմնադզորը շարունակում է աջակցել Թաթուլյանին և չոր միջոցներ կիրառելով՝ ստիպում է լրատվամիջոցներին հեռացնել նրա մասին նյութերը, ապա, կամա թե ակամա, ստեղծում է նախադեպ առ այն, որ յուրաքանչյուր նախկին կամ ներկա պաշտոնյա կարող է հայտարարել, թե իր անձին առնչվող ցանկացած տեղեկատվություն, ներառյալ անուն ազգանունը, համարվում է անձնական տվյալ և այն հրապարակելու իրավունք չունի ոչ ոք: Կարծում եմ, պարզ է, թե ինչպիսի պատկեր կունենանք նման հեռանկարում:

Բացի դա, Ռոսկոմնադզորը, կրկին կամա թե ակամա, նախադեպ է ստեղծում մեկ այլ վտանգավոր երևույթի ևս: Ռուբեն Թաթուլյանը դեռ մի քանի տարի առաջ է լծվել ինտերնետը սրբել-մաքրելու տիտանական գործին և Ռոսկոմնադզորի օգնությամբ մի շարք լրատվական կայքերի դեմ դատական հայցեր հարուցելով, հասել է նրան, որ իր մասին նյութերը հեռացվել են, իսկ որոշ լրատվամիջոցներ, նույնիսկ, ֆինանսական տույժի են ենթարկվել:

Բացառվում է, որ տեղեկատվական այս արշավը նախաձեռնող թաթուլյանական մասնագետները չգիտակցեն, որ այսօր համացանցի անծայրածիր տարածություններից անհետ հեռացնել որևէ տեղեկություն, բացարձակորեն Դոն Կիխոտյան արկածախնդրություն է, այդ իսկ պատճառով, ենթադրում ենք, որ այս արշավի իմաստը տեղեկատվական ահաբեկչությունն է, այսինքն, փակել լրատվամիջոցների բերանը՝ ցույց տալով, թե ինչ գլխացավանքների ու քաշքշուկների մեջ կարող են հայտնվել վերջիններս, եթե կրկին փորձեն գրել տվյալ անձնավորության մասին որևէ ոչ ականջահաճո լուր: Պատկերացնել խոսքի ազատության սահմանափակման ավելի հմուտ միջոց, գրեթե անհնարին է և Ռոսկոմնադզորը, կարծես թե, աջակցում է այդ նպատակին:

Այս ամբողջ պատմության մեջ կա ևս մեկ նրբություն: «Առավոտը» հանդիսանում է հայկական լրատվամիջոց, ենթարկվում է հայկական օրենսդրությանը և գրանցված չէ Ռոսկոմնադզորում, իսկ Ռոսկոմնադզորը, ըստ էության, արգելափակել կարող է միայն այն լրատվամիջոցները, որոնք արտոնագիր են ստացել իր կողմից: Որպես այդ փաստի ապացույց կարող ենք նշել նույն Թաթուլյանի հետ կապված մեկ այլ պատմություն: 2016 թվականին Թաթուլյանը հերթական անգամ դիմելով Ռոսկոմնադզորին՝ պահանջում է, որպեսզի վերջինս ստիպի CrimRussia կայքին հեռացնել հրապարակված տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես է Թաթուլյանը Սոչի քաղաքի օդանավակայանի տարածքում, սեփական ավտոմեքենայով մեծ արագության տակ երթևեկում է՝ հրաժարվելով վճարել մուտքի համար սահմանված գումարը: Այդ ժամանակ, Թաթուլյանի դիմումին ի պատասխան, Ռոսկոմնադզորը հայտնել էր, որ իրենք չունեն իրավունք արգելափակել այն կայքերը, որոնք արտոնագիր չեն ստացել իրենց կողմից և այդ մերժման փաստաթուղթը հայտնվել էր Life.ru-ի լրագրողների ձեռքի տակ:

Այս ամենից հետո մնում է միայն ենթադրել, որ Թաթուլյանին ի վերջո հաջողվել է լեզու գտնել Ռոսկոմնադզորի հետ և օգտվել օրենքի «ճկունությունից» այնպես, ինչպես իրեն է հարմար:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Միշա Բուկովսկիի/Մոդեստ Կոլերովի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ո՞վ էլ կասկածեր, որ “լեզու կգտնի”. Ռուսաստանի նման երկրում, փողը կա, այլևս ի՞նչ խնդիր: Ռուսաստանը հայազգի իր “զինակիցներին” էլ չի հանձնում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728