Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա Յ. Բերքյան» եւ «Հռենոսի եւ Արաքսի միջեւ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գրքերը՝ Քյոլնի «Ս. Կապուտիկյան գերմանահայ կանանց միություն»-ում

Ապրիլ 04,2019 13:00

Այս տարի լրանում է հայագետ, գիտնական, ճարտարապետության եւ ինժեներության դոկտոր, գերմանահայ գործիչ Արա Բերքյանի ծննդյան 85 տարին, որից 25 տարին նշվում է նրա բացակայությամբ։

Ա. Բերքյանն ամենից առաջ հայ մշակույթի եւ արվեստի մի յուրօրինակ դեսպան էր, ազգային ոգին արթուն պահող նվիրյալ անձնավորություն։ Գերմանիայում պաշտպանել էր «Հայկական միջնադարյան պաշտպանական ամրոցները» թեմայով թեզը՝ ստանալով գիտությունների դոկտորի աստիճան։ Նա մի քանի գրքերի եւ հարյուրավոր հոդվածների հեղինակ է։ Դեռ անտիպ է նրա՝ «Հայաստանի բերդեր եւ ամրացված վանքեր» հսկայածավալ գիրքը։ Բազմաթիվ են հայանպաստ այն նախաձեռնություններն ու իրականացրած աշխատանքները Գերմանիայում, որոնց հեղինակն ու նախաձեռնողն է եղել Արա Բերքյանը։ Նա եղել է Մյունխենի եւ Ախընի հայ ուսանողների միությունների հիմնադիրներից, Հեսսենի հայ մշակութային միության հիմնադիր, վարչության անդրանիկ նախագահը, Մայնցի հայկական համայնքի նախագահը, նրա համառ ջանքերի շնորհիվ վերաբացվել է Գերմանա-հայկական ընկերությունը, եղել է ընկերության փոխնախագահ, ընկերության օրգան «Հայ-գերմանական հանդեսի» խմբագիր, Հեսսենի եւ Հայաստանի հուշարձանների փրկության կոմիտեի գերմանական մասնաճյուղի փոխնախագահ։

1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Արա Բերքյանը առաջիններից էր, որ համախմբեց հայ երիտասարդներին եւ գերմանական տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ իրենց ավանդը ներդնելու երկրաշարժի հետեւանքների վերացման, աղետի գոտու վերականգնման գործում։ Արցախյան ազատամարտի տարիներին նա ելույթներ է ունեցել գերմանական մամուլում, հեռուտատեսությամբ՝ ճշմարտացի մեկնաբանելով իրադարձությունները, Մայնցի համայնքի օգնությունը հասցրել Արցախ։ Ներքուստ փայփայել է մի երազանք՝ բնակություն հաստատել Հայաստանում, Շուշիում եւ ակտիվ մասնակցություն բերել անկախացած Հայաստանի վերակերտումին։ Ափսո՛ս, չիրականացավ նրա երազը։

Արա Բերքյանն ապրել եւ աշխատել է արտերկրում, սակայն գլխավոր նշանակետերը եղել են հայապահպանությունը, հայությունն ու Հայաստանը։ Ահա այդ մասին է պատմում Լիզա Բերքյան-Աբրահամյանի հեղինակած «Արա Յ. Բերքյան» գիրքը։ Հեղինակը պատմեց, թե ինչպես ծնվեց այդ գիրքը, որը պատմում է նաեւ Բերքյանի միջավայրի հայ մշակույթի եւ հասարակական կյանքի շատ նշանավոր դեմքերի մասին: 2016 թվականին, Լիզա Բերքյան-Աբրահամյանի թարգմանությամբ, Հայաստանում հրատարակվեց եւ հայ ընթերցողին ներկայացվեց Էննո Մեյերի եւ Արա Բերքյանի «Հռենոսի եւ Արաքսի միջեւ. 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գիրքը։ Ինչպես վերնագիրն է հուշում, այն արծարծում է հայ եւ գերման ժողովուրդների միջեւ պատմական, մշակութային, գիտակրթական, հասարակական հարաբերությունների մասին։ 2019թ. մարտի 30-ի շաբաթ օրը մարդաշատ էր Հայ առաքելական եկեղեցու գերմանական թեմի առաջնորդանիստ Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցու համայնքի սրահը, որտեղ իր հայանպաստ գործունեությունն է ծավալում նաեւ «Սիլվա Կապուտիկյան գերմանահայ կանանց միություն»-ը։ Այդ օրը միության հյուրն էր լրագրող, գրքերի հեղինակ Լիզա Բերքյան-Աբրահամյանը։ Միջոցառմանը ներկա էին նաեւ Քյոլնի «Հայ համայնք»-ի անդամներ, Քյոլնի շրջակայքում բնակություն հաստատած շատ հայեր։

Շնորհանդեսը Տերունական աղոթքով օրհնեց Քյոլնի եւ շրջակայքի հոգեւոր հովիվ տեր Վահրիճ քահանա Բաղդասարյանը։ Ողջույնի խոսք ասաց միության վարչության նախագահ Այլին Բերդուդ-Մերինոն։

Այնուհետեւ Լիզա Բերքյան-Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց միության վարչությանը, նախագահ Այլին Բերդուդ-Մերինոյին, շաբաթօրյա դպրոցի վարժուհի Կարինային՝ այդ գեղեցիկ հնարավորությունը ընձեռելու համար, այնուհետեւ ներկայացրեց իր գրքերը, պատմեց Արա Բերքյանի կյանքի եւ գործունեության մասին, որն իր բազում շնորհները՝ ճարտարապետ, գրող, նկարիչ, ազգային-հասարակական գործիչ, ի սպաս դրեց օտար ափերում հայոց մշակութային էությունն ու ժառանգությունը ճանաչելի դարձնելու, գերմանա-հայկական հարաբերությունները վերականգնելու, գերմանաբնակ հայրենակիցներին հայոց լեզվին եւ հավատքին մերձեցնելու, Հայ դատի ձայնը լսելի դարձնելու գործին:

Վերջում բանախոսը մեջբերեց Պարույր Սեւակի խոսքը. «…եթե պետք է ցրիվ լինել, ապա աստղերի պես, եթե պետք է սեփական տանը չլինել, ապա օտար տների մեջ էլ փայլել, եթե պետք է ապրել օտարի հայրենիքում, ապա այնպես ապրել, որ հեռավոր հայրենիքդ հպարտանա…»։ Ահա այդպես է ապրել ու գործել Արա Բերքյանը օտար ափերում, որի կյանքը նվիրում էր հային, հայկականությանը, Հայաստանին, օրինակելի է հայրենիքից դուրս ապագա որոնող ամեն հայի համար։

Միջոցառումն ամփոփեց միության վարչության նախագահ Այլին Բերդուդ-Մերինոն, որը խորին շնորհակալություն հայտնեց Լիզա Բերքյան-Աբրահամյանին՝ հանդիպման եւ գեղեցիկ, ուսանելի, հուզիչ բանախոսության համար:

ԿԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Գերմանիա-Քյոլն

«Առավոտ» օրաթերթ, 

03.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930