Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունն է: Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին:
Նիստն այսօր ընդմիջվեց եւ կշարունակվի վաղը ժամը 12-ին: Պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ շոկային ցուցմունքներ կա՞ն՝ Ալումյանը պատասխանեց. «Եթե մենք շոկային ասում ենք մի բան, որը մինչեւ այդ հասարակությունը չի իմացել, այդպիսի բան ես չեմ նկատել»:
Հարցին՝ անսպասելի անուններ կայի՞ն ձեզ համար Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տված անձանցից՝ Ալումյանը պատասխանեց. «Չէ, պարոն Քոչարյանի դեմ ցուցմունք տվող էլ առանձնապես չկա: Պարոն Քոչարյանի դեմ շատ փոքր, աննշան հատվածով ցուցմունքը կարելի է համարել, ասենք Արշակ Կարապետյանի ցուցմունքը: Այն էլ, եթե ամբողջ ցուցմունքը նայենք, բավականին հատվածներ ունի, որոնցով հաստատվում է մեր դիրքորոշումը, բայց այնտեղ կա հատված, որի հետ հնարավոր չի համաձայն լինել, այն էլ այդ հատվածը ամբողջությամբ հերքվում է թե՛ խորհրդակցությանը գտնված եւ հարցաքննված մնացած 12 հոգու ցուցմունքներով, թե՛ ուղղակի ինքն իրանով անհեթեթ է: Ասում է՝ նախագահը կարգադրեց մյուս օրը 12-ից, պատկերացրեք, փետրվարի 24-ից մտցնել արտակարգ դրություն: Այդտեղ անհեթեթություն է, պատկերացնում եք, չէ՞ արտակարգ դրությունը, մարտի 1-ից եղել է, դուք գիտեք դա ոնց է արվում, սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը, ԶԼՄ-ների աշխատանքը: Դուք տեսեք, որ մինչեւ ամսի 29-ը այդ կոմպոնենտներից որեւէ մեկը առկա չի եղել այդ մասով ու ասել, որ ամսի 24-ից արտակարգ դրություն է եղել, էդ մենակ երեւի Արշակ Կարապետյանը կարող էր ասել՝ մենակ որոշակի առավելություններ ստանալու ակնկալիքով»:
Հիշեցնենք, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































