Լրահոս
Օրվա լրահոսը

Իմաստավորված կյանք

Ապրիլ 25,2019 12:00

Սպիտակցի Սպարտակ Մաթոսյանի «Ապրելու նպատակը» վիպակ-իրապատում գիրքն ունի երկու տարբերակ՝ հայերեն-անգլերեն: Հրատարակվել է Վանաձորում (անգլերենի թարգմանությունը՝ Ստելլա Լոռեցյանի, խմբագրումն ու սրբագրումը վիպակի գլխավոր հերոս՝ Վազգեն Մելքոնյանի):

Գրքի համառոտ բնութագրականում ծանուցվում է. «Վիպակ-իրապատումը» ներկայացնում է Վազգեն Մելքոնյանի կյանքի եւ գործունեության դրվագները»: Տեղեկանում ենք, որ նա արմատներով Տիգրանակերտից է, ծնունդով՝ Սիրիայից, այժմ բնակվում է Ֆրանսիայում, իսկ բնույթով աշխարհաքաղաքացի է: Եվ հայի այն տեսակը, որ իր հայրենանվեր գործերով կարող է օրինակ ծառայել սերունդներին: Տեխնիկական կրթությունն ստացել է ԱՄՆ-ում (էլեկտրաինժեներ), աշխատել զանազան համաշխարհային հայտնի կազմակերպությունների հետ: Ծանոթագրությունը հետաքրքրություն է առաջացնում: Ընթերցելով եւ վերընթերցելով համոզվում ես, որ Ս. Մաթոսյանի գլխավոր հերոս Վազգեն Տիգրանի Մելքոնյանը երդվյալ մահապարտ է. Տիգրան Մեծի զարմից՝ օժտված առասպելական ոգով եւ թրծված համբերանքով: Կարդում ու զարմանում ես նրա հայկական ոգեղենությամբ, հպարտության վեհ զգացում ապրում, որ նման հայորդիներ են լույս աշխարհ եկել, որ նման հայրենանվեր մարդկանցով է ազգը հարատեւում:

Զգացվում է հեղինակի հարգանքը, երախտագիտությունը իր հերոսի սրբազնագույն, հայանպաստ, բազմաբովանդակ գործի հանդեպ: Ս. Մաթոսյանը գեղարվեստական շունչ ու հույզ է հաղորդել վիպակին: Պատկերված է Վազգենի ընտանիքի ոդիսականը: Աստծո կամոք, թուրք ոճրագործներից մազապուրծ, ցիրուցան եղած հայրենակիցների հետ, օտար ափերում ծիլեր են տվել, արմատակալել, որ նորից ամբողջանան, որ իրենց դարավոր երազանքով մեծ Հայաստան կերտեն:

Սեւանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմինե Ղազարյանն իր «Երկու խոսք» նախաբանը սկսում է պատմահայր Մ. Խորենացու իմաստասիրական խոսքով. «Թեպետ փոքր ածու ենք…, բայց եւ այնպես մեր աշխարհում էլ գրելու եւ հիշատակելու շատ գործեր են կատարվել…»: «Լավ ու բարի գործի հիշատակը անմեռ պահելու խորենացիական այս թելադրանքն է թերեւս Ս. Մաթոսյանին մղել գրքի վերածելու եւ սերունդներին պահ տալու ազգանվեր հայորդիներ՝ Մելքոնյանների գերդաստանի շառավիղների մասին գրելու եւ հիշատակելու նրանց արժանի պատմությունը»: Երկար դեգերումներից, փորձությունների միջով անցնելով Վազգենն ի վերջո գտնում է ապրելու իր նպատակը՝ «Շենացնել այն մի բուռ հողը, որի վրա ծլարձակել է քո ոստի արմատը, գուրգուրալից եւ խնամքոտ ձեռքերով փրկելու ու աճեցնելու այն բունը, որից ձգվելու են քո շիվերը…»:

«Երկու խոսք»-ում կա նաեւ անկեղծ զայրույթ. «Կիրովականում վերահիմնադրվելիք գործարանի համար գերմանացուց հինգ միլիոն ԱՄՆ դոլար պահանջող նախարարը… Ու չգիտես՝ գլուխդ որ պատին տաս, որ Վազգեն Մելքոնյանի, Սպիտակի երջանկահիշատակ քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հիմնադիր-խմբագիր Հարութ Սասունյանի (Շիրակացու մեդալներ, «Ոսկե գրիչ» մրցանակ) եւ գրքի մյուս հերոսների իմաստավորված կյանքի կողքին կա նաեւ, եղել է ու կլինի հայի այս տեսակը, որի «ապրելու նպատակը» մեր նախշուն խնձորը ներսից կրծելն է, մեր զուտ հայկական ծիրանի անկրկնելի համը փչացնելն է՝ ի շահ սեփական ճիվաղային գոյության»:

Վիպակը հարուստ է պատվարժան հերոսներով. Կալիֆոռնիայի մեծահարուստներ՝ ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյան, «կես հաստիքով» հայ՝ Դան Գուդրոյի (ՀՀ քաղաքացի, 1996), նրա հայուհի տիկինը՝ Դալին, Լոուրեն Բալիկյան, Մոնթե Մելքոնյան, Անդրանիկ Մելքոնյան…

Վիպակում հաճախ հանդիպող՝ Անիծյալ լինես, ո՜վ թուրք… արտահայտությունը որպես հայհոյանք է հնչում, որն ավելի է ընդգծում թուրքերի արյունարբու, աշխարհի գլխին չարիք լինելը:
Ինչքա՜ն խութեր է տեսել ու հաղթահարել վիպակի հերոսը, սակայն չի երկնչել. մաքառել է, Թումանյանի ասած՝ վատը լավ է տեսել, համբերել, վեհ ձգտումով ցուցանել հայրենիքի հանդեպ իր անմնացորդ սերը: Ինչքա՜ն են զարմացել նրա իսկական հայ տեսակի վրա:

Եզրափակենք վանաձորցի բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, գրքի խմբագիր Խորեն Գասպարյանի գնահատանքով…

Սպարտակ Մաթոսյանի ապրելու բանաձեւը.

«Ֆինանսական գործի մասնագետ է, բայց հոգեկերտվածքով մտավորական, գրի ու գրականության անխոնջ ծառա Սարտակ Մաթոսյանը ստեղծագործական խորհրդավոր աշխարհ է մուտք գործել աներկյուղ, վայրկյան անգամ չերկմտելով: Նա կայացել է իբրեւ իր ձեռագիրն ունեցող ստեղծագործող, ժամանակն ու մարդկանց ներկայացնելու ինքնատիպությամբ:

Սպարտակ Մաթոսյանի ապրումները սպիտակ թղթի վրա դառնում են փաստագրական տողեր հայրենասերների մասին»:

Վավերագրքում ընթերցողը նաեւ կգտնի իրեն մտատանջող հարցերի պատասխաններից շատերը:

Հեղինակի բանաձեւումներից մեկն էլ՝ աննպատակ, անիմաստ չապրելն է…

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

24.04.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930