Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինչպե՞ս կարող եմ լուրջ ընկալվել, եթե ես կիսեմ այն կարծիքը, որ Աղվան Հովսեփյանը կոռումպացված է». Գեւորգ Պետրոսյան

Մայիս 29,2019 23:13

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը համարում է, որ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանը հայրենասեր մարդ է: Aravot.am-ի հարցին՝ չե՞ք կիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքը, քննադատությունները, որոնք հնչեցվել են ԱԺ-ում, որ նա կոռումպացված է, քրեական գործեր է կոծկել, Մարտի 1-ի գործի հետ կապված էր քննադատում՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ով որ այդպիսի հայտարարություն է արել՝ սկսած նրանից, թե նա վարչապետ է, թե մի այլ քաղաքացի, թող ինքը պատասխան տա դրա համար»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում, երբ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «Այս պատմությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում: Ինչո՞ւ չառաջադրեց, չառաջադրեց ոչ թե այն բանի համար, որ Աղվան Հովսեփյանն արժանի էր պաշտոնանկ արվելու` որպես կոռումպացված, որպես քաղաքական հետապնդումներ իրականացնող, որպես սպանությունների բացահայտմանը խոչընդոտող անձնավորություն, այլ Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց այլ պատճառով»: Նա նաեւ Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չլինելու գործում  էր տեսնում Հովսեփյանի մեծ դերակատարումը:

Գեւորգ Պետրոսյանը, հակադարձելով, ասաց. «Ես անձամբ իրավունք չունեմ եւ չեմ կարող պնդել, որ Աղվան Հովսեփյանը կոռումպացված մարդ է, որովհետեւ եթե ես այդպիսի հայտարարություն անեմ, անկախ նրանից, որ այսօր ես պատգամավոր եմ, կամ վաղը պատգամավոր չեմ, այդ նույն Աղվան Հովսեփյանն ինձ կարող է կանչել դատարան եւ ասել՝ հարգելի՛ Պետրոսյան Գեւորգ, դու որտե՞ղ ես տեսել իմ կոռումպացվածությունը, ես պարտավոր եմ չէ՞, եթե ապրում ենք իրավական պետությունում, եթե մենք խոսում ենք իսկապես անաչառ արդարադատության մասին, պարտավոր եմ, չէ՞, գնալ ապացուցել: Եթե ես այդպիսի տվյալ չունեմ, ես ի՞նչ կարող եմ ապացուցել: Հակառակը, տվյալ ունեմ, որ Աղվան Հոսեփյանի օրոք, ինքս նաեւ այդ ժամանակ եղել եմ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ, մինչեւ դատախազ դառնալը մարդիկ, ովքեր անցնում էին այդ հանձնաժողովով, իսկապես, փորձել են ամեն հնարավորն անել, որ որեւէ անգրագետ չսողոսկի դատախազության համակարգ: Ես դա տեսել եմ, եւ դրանից հետո շուռ գալ կանգնել ասել, որ ես կիսում եմ այն կարծիքը, որ նա կոռումպացված մա՞րդ է: Բա որ կոռումպացված մարդ է, հիմա ինչի՞ է ազատության մեջ»:

Մեր հարցին՝ եթե նրան ԱԺ-ում անվանում են կոռումպացված եւ նա չի դիմում իրավապահ համակարգին՝ իր բարի համբավը վերականգնելու համար, հետեւաբար չի՞ նշանակում, որ համաձայնվում է՝ Պետրոսյանը պատասխանեց. «Չէ, այդպես չի կարել: Հիմա, եթե մեկը էսօր տեղեկատվություն տարածի, որ, ասենք, Գեւորգ Պետրոսյանը օղորմածիկ Քադաֆիի մորաքրոջն ալիմենտ է վճարում, ես պետք է ընկնեմ հերքե՞մ այդ տեղեկատվությունը»:

Մեր հարցին՝ այսինքն, այդ աստիճան աբսո՞ւրդ է եղել Նիկոլ Փաշինյանի ասածը, որ նա գլուխ չի ցավացրել՝ հերքելու համար՝ Պետրոսյանը պատասխանեց. «Ինձ համար, որպես իրավաբան, գոյություն ունի անմեղության կանխավարկածի սկզբունք: Եթե պետական իրավասու մարմինները, արդարադատության մարմինները անձին չեն ճանաչել հանցավոր կոնկրետ արարքի մեջ, ես, հարգելով բոլորին, չեմ կարող այդ բոլորից որեւէ մեկի կարծիքը հիմք ընդունել՝ անձին հանցագործ համարելու համար: Եթե այդ հայտարարությունները հիմնավոր էին, ուրեմն բնական է, պետք է դրանց հաջորդեր իրավապահ մարմինների որոշակի գործառույթներ, այսինքն, քրդատօրենսգրքի համաձայն, հանցագործության մասին հաղորդումը առիթ է՝ քրեական հետապնդում սկսելու համար: Դե, եթե ինքը դրանց մեջ լրջություն է  տեսել, թող գնար հանձնարարեր իրավապահ մարմիններին, հետեւողական լիներ իր հանձնարարությունների նկատմամբ, որովհետեւ  ինքը անմիջականորեն վերահսկում է ոստիկանության եւ ԱԱԾ-ի նկատմամբ: Հիմա, եթե հայտարարությունը եղել է, որեւէ արձագանք իրավապահ մարմինների կողմից չի եղել, ինքը՝ Աղվան Հովսեփյանը չի գնացել այդ հայտարարության հետքերով, ես ինչպե՞ս կարող եմ լուրջ ընկալվել, եթե ես կիսեմ այն  կարծիքը, որ Աղվան Հովսեփյանը կոռումպացված է»:

Մեր հարցին՝ այդ դեպքում դուք չեք էլ համարի, որ Մարտի 1-ի գործը նախորդ իշխանությունների ժամանակ կոծկվել է, որովհետեւ նա եղել է գլխավոր դատախազ, նա հայտարարել է, որ Մարտի 1-ը բացահայտված է, բայց ոչ մի սպանություն էլ բացահայտված չի եղել՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես Աղվան Հովսեփյանից այդպիսի հայտարարություն չեմ հիշում, որ Մարտի 1-ը բացահայտված է: Ընդհանրապես,երբ ասում ենք այսինչ հանցագործությունը բացահայտված է՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, անպայման պետք է որ այդ հանցագործության համար լինի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով դատապարտված անձ: Եթե չկա դատապարտյալ, հանցագործությունը բացահայտված չի»:

Մեր դիտարկմանը՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ է եղել, Քննչական կոմիտեի ղեկավար է եղել, դուք չե՞ք ընդունում, որ այդ ամեն ինչն իր «թրի տակով» է անցել՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող այդպիսի հայտարարություն անել, ես իրավաբան եմ»: Հարցին՝ իրավաբանը հիշողություն չունի՞, դուք պատգամավոր եք, քաղաքական հիշողություն չունե՞ք՝ նա պատասխանեց. «Հիշողություն ունի իրավաբանը, բայց զգուշավորությունը իրավաբանական դա զսպաշապիկ է: Եթե պետք է, ես էլ նույն եռանդով, առանց իրավունքի սկզբունքները հաշվի առնելու, հայտարարեմ, ասեմ՝ այո, այսինչը հանցագործ է, ուրեմն ես պետք է գնամ իմ դիպլոմը հուղարկավորեմ, որովհետև դա ինձ չի օգնել կյանքում ճիշտ կողմնորոշվեմ»:

Աղվան Հովսեփյանի, նրա եւ Տիգրան Ավինյանի քայլերթի տեսարանի մասին «Իմ քայլի» պատգամավորների տեսակետը կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031