Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սեւանի ափին տնտեսվարողներին կպարտադրեն մաքրող կայաններ տեղադրել

Հուլիս 25,2019 20:33

Սեւանա լճի օրհասական վիճակը քննարկվեց Հանրային խորհրդի լիագումար նիստում: ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը խոսեց Սևանա լճում առկա խնդիրներից եւ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերից:Նա անդրադարձավ Սեւանի ափին եղած հաստատություններին, որոնցից մշտական գործող են  շուրջ 300 առափնյա կազմակերպություններ` հյուրանոցներ, ռեստորաններ, հանգստյան տներ: Լրագրողների հետ զրույցում պարոն Ջավադյանը խոսեց այն մասին, թե ինչպես ենք ազգովի կեղտոտում Սեւանը: Նրա խոսքերով պետք է շտապ կարգով տնտեսվարողներին պարտադրել, որ իրենց հաշվին մաքրման կայաններ տեղադրեն: «Պետք է Սեւանի մասին օրենքով ստիպենք, որ մեկ տարվա ընթացքում բոլորը մաքրման կայաններ տեղադրեն եւ արտանետումներ չլինեն Սեւանի մեջ»,- նշեց Յուրի Ջավադյանը:

Մանրամասն` տեսանյութում

Նրա խոսքով, լավ աշխատանքի դեպքում իրենց առաջարկած լուծումների շնորհիվ մեկ տարվա ընթացքում կարող են կայաններ տեղադրվել, իսկ  2-3 տարի հետո Սեւանի խնդիրը կլուծվի: Հավելեց, որ 2 կարեւոր ծրագիր ունեն, որոնք ուղարկել են եւ Ազգային Ժողով, եւ վարչապետին: Առաջարկվում է լուծել նաեւ Սեւանի «դոնոր» հանդիսացող ջրամբարների նախագծման եւ կառուցման աշխատանքների հարցը:  Խոսվեց նաեւ ճապոնիայից բերված նյութի մասին, որով պայքարելու են թափոնների դեմ:

Նաթան սրբազանին հետաքրքրում էր` Սեւանը թունավո՞ր է, թե՞ ոչ, հարցը քաղաքակա՞ն է, թե՞ բնագիտական: Նա հստակ պատասխան էր ակնկալում մասնագետներից եւ Սեւանի խնդրով զբաղվողներից: Յուրի Ջավադյանը պատասխանեց, որ պարբերաբար պատկան մարմինները եւ մասնագետները Սեւանի ջրի վիճակի վերաբերյալ մշտադիտարկում են իրականացնում, արդյունքներն էլ հրապարակվում են լրատվամիջոցներով: Ըստ նրա, վերջին տվյալներով ոչ մի թունավորում էլ չկա:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին հետաքրքրում էր` արդյոք Սեւանա լճի  խորքային շերտերի վերաբերյալ ուսումնասիրություններ կա՞ն, եւ ինչո՞վ է պայմանավորված լճի ջրի տարօրինակ փիրուզագույնը: Ջավադյանը նշեց, որ աղտոտվածությունը դեռ ամբողջովին չի մաքրվել, ուստի արեւի փայլից ջուրն այդ գույնն  է ստանում:

Հարցին պատասխանեց նաեւ Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը: Նա ասաց, որ լճի խորքային շերտերի ուսումնասիրության հուլիսի տվյալները բավականին հուսադրող են եւ 20 մետր  խորության վրա չի հայտնաբերվել ֆոսֆորի արտադրություն, ինչը նշանակում է, որ ծաղկման պրոցեսն ավարտված է: Իսկ ջրի գույնը պայմանավորված է նրանով, որ մեռնող ջրիմուռներից անջատվում է կալցիում, որը փոխազդեցության մեջ մտնելով այլ տարրերի հետ նման գույն է տալիս ջրին:

Մանրամասն` տեսանյութում

Բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկում էր կարգի բերել ոռոգման ցանցը, քանի որ նրա խոսքերով,  ավելի շատ ջուր ենք կորցնում, քանի վերցնում ենք:

Առաջարկ եղավ ՀԽ-ն Սեւանի հարցերով հանձնաժողով ստեղծի` անվանի գիտնականների ներգրավմամբ, որը նաեւ վերահսկող ու պետական մարմիններին ահազանգող առաքելություն կունենա: Անդրադարձ եղավ նաեւ վարչապետին` միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու առաջարկ անելուն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031