Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեմ պատերազմ սկսելու Ադրբեջանի մահանաները

Ապրիլ 25,2024 16:57

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ BBC-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը, թե «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի, քանի որ դրա ներկայում գործող տարբերակում պնդում կա, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ է» պատերազմ սկսելու հերթական «մահանան է»:

«Այդ ազդակներն այդ մահանաներն են: Այդ մահանաներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ մեր Սահմանադրությունը փոփոխության խնդիր ունի, բայց դու դա չպետք է ասես: Մոտավորապես սա է ասել, իրականում վատ է ասել, վատ է ձեւակերպել, պարզ ասեմ, բայց իր ասածը դա է եղել: Փաշինյանն ինքն էլ գիտի՝ ուզի, թե չուզի, ՀՀ ծննդյան վկայականը չի կարող փոխել, իսկ այդ ծննդյան վկայականը Անկախության հռչակագիրն է: Բայց Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների տեսանկյունից էլի իրենց մերժել է, պարզապես այս աղմուկի մեջ փորձում են խլացնել ասելիքը »,- Aravot.am-ին ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանն իր տեսանկյունից էթնիկ զտման եղանակով լուծելով Արցախի խնդիրը, ուզում է փակել նաեւ Հայաստանի հարցը. «Որ Հայաստանը, որպես կապիտուլյացիայի ենթարկված երկիր, ընդունի իր բոլոր պահանջները: Ադրբեջանը մի բան է հասկանում, որ նույնիսկ այս պահին քաղաքական եղանակով այդ խնդիրները չեն լուծվելու, Հայաստանը չի բավարարելու այդ պահանջները: Պատերազմից հետո վերջին երեք տարիները դրա ապացույցն են: Հայաստանը չտրամադրեց Զանգեզուրի միջանցքը, Հայաստանը չընդունեց Ադրբեջանի այլ վերջնագրեր՝ այդ թվում՝ բանակ չունենալու եւ այլնի, դա էլ է պահանջ եղել, որ Հայաստանը բանակ նույնիսկ չպետք է ունենա: Այս հարցով ՌԴ-ն ու Ադրբեջանը համակարծիք են եղել, որովհետեւ ՌԴ-ն հրահանգիչներով եկավ, նստեց ՊՆ-ում, իբրեւ թե ուզում է հայոց բանակը ոտքի կանգնեցնել: Հետո պարզ դարձավ, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը նույն կերպ են վերաբերում այդ կետին, որ ՀՀ-ն բանակ էլ չպետք է ունենա:

Տեսանելիորեն Հայաստանն այս բոլոր պահանջներին դեմ է գնում, եւ Ադրբեջանը հասկանում է, որ այս խնդրի լուծման միակ ելքը պատերազմն է: Իրականում Ադրբեջանում լավ գիտեն, որ խոշոր պահանջները մնում են չբավարարված: ՀՀ-ն ասել է, որ բանակ է ունենալու, ամրական կառույցներ է կառուցում եւ այլն: Հիմա, որ խնդիրը պատերազմով լուծի, փորձեց ստեղծել պատերազմի լեգիտիմ առիթ՝ չորս գյուղերի թեման՝ հաշվարկով, որ ՀՀ-ն կմերժի վերադարձնել այդ գյուղերը, որոնք, ուզենք, թե չուզենք նախկին խորհրդային քարտեզում ադրբեջանական են ու ինքը կլուծի ե՛ւ անկլավների խնդիրը, ե՛ւ ՀՀ կապիտուլյացիայի խնդիրը վերջնականապես: Իրականում, այս պահին մենք այս մարտահրավերն ունենք, որը ՀՀ-ն եւ նրա արեւմտյան գործընկերները վերածել են սահմանազատման գործընթացի՝ զրկելով Ալիեւին այդ լեգիտիմ առիթից» ,- Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Պարոն Սաֆարյանից նաեւ հետաքրքրվեցինք, իսկ չորս գյուղերից հետո Ադրբեջանը առաջ չի՞ քաշելու անկլավների հարցը, արդեն իսկ խոսվում է Տիգրանաշենի վերադարձի մասին, Հայաստանն ինչքա՞ն պետք է շարունակի վերադարձնել տարածքներ ու վերացնել պատերազմ սկսելու մահանաները. «Ես ձեր ասածը նաեւ ասել եմ, որ իրականության մեջ մեր քայլերն այնպես չպետք է արվեն, որ նա ամեն անգամ տարածաշրջանում եւ ՀՀ հետ բանակցություններում իր բանակցային դիրքերն ուժեղացնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930