Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Օգոստոս 24,2019 12:53

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10

ԳԼՈՒԽ 11

Վերադարձ

… Եվ չկա մեկը, ով ճշմարտությունը կխոսի այնպես, կարծես վերջի՜ն, վերջի՜ն, վերջի՛ն սուտն է դա, և չկա մի բան, որից կառչել կկարողանաս ու չգտնված օրերիդ վերհուշը կապրես։

Ալեքսանդր Գոմեսը տուն էր վերադառնում։

24-ը հուլիսի։

Լուսաբացը հղի էր ամռան օրհնյալ խաղաղությամբ, և արև կար հոսպիտալում ապաքինվող մարդկանց աչքերում։ Թվում էր՝ ինչ-որ մեկի զառանցանքն է մարդատյաց սպանդը, թվում էր՝ պատերազմ չի եղել բնավ, ու լավագույն ընկերների կյանքը չի ընդհատվել երբեք։

Օդանավը վայրէջք կատարեց Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում՝ պատռելով հեզաճկուն ստվերներ, որոնք քաղաքի վրա ծանրացող մթնշաղն էր ցանել։

Տուն։

Եվս մի խումբ։

Մազապուրծ և հաշմանդամ տղամարդիկ։

Նրանք օտարի պես եղան օդանավակայանում, բոլորովին այլ աչքերով տեսան հայրենիքը, որ սեփական հողը պաշտպանելու անհրաժեշտություն չուներ բնավ, սակայն սպանդի գործիքներ էր դարձրել իր լավագույն որդիներին։ Կգա երեկոն, և նրանք վիսկի կխմեն իրենց կացարաններում՝ վկայելով վերջի՜ն, վերջի՜ն, վերջի՛ն սուտը, որից չես կարող կառչել, որպեսզի լլկված օրերի վերհուշը վկայես։ Սակայն չկար ճշմարտություն մեկ այլ և խոստովանություն չկար։

Կապիտան Գոմեսը չէր շտապում։ Տաքսի չէր վերցրել դիտավորյալ, այլ վերադառնում էր ոտքով։

Պատմական այս ժամանակաշրջանը հայտնի է Ամերիկայի քաղաքներում հաճախ բռնկվող ցույցերով, որոնք դատապարտում էին պատերազմն ու պետության քաղաքականությունը։ Փողոցները լեփ-լեցուն էին ազատության ասպետներով, որոնք սիրո ծաղիկներ էին բաժանում զենք կրող զինվորականներին՝ կյանքի որակ դարձնելով մարդաբարո գոյության իրենց չափանիշը։ Նրանք բոլորը, հիմնականում, երիտասարդներ էին, բեղ-մորուքով, մինչև ուսերը հասնող մազերով… Այս շարժման մեջ ներգրավված աղջիկներից շատերը գիշերն ի լույս տուն չէին վերադառնում, այլ քնում էին բաց երկնքի ներքո, բեղավոր ու երկարամազ իրենց ընկերների հետ։ Ապրում էին բնության գրկում, փոքր խմբերով, որոնք համայնքներ կարելի է կոչել, ապրում էին՝ հասարակության մեջ ձևավորելով սիրո և ազատության նոր հասկացություններ։ Վիետնամի պատերազմից է սկզբնավորվել հիպպիների շարժումը, որն իր հետ բերեց սեքսուալ հեղափոխություն, մարիխուանա և գոյության բոլորովին նոր ըմբռնում, որի միտքն ու փիլիսոփայությունը թերևս արտացոլվում էր պարզ մի նախադասությամբ. «Ապրեք սիրով, շանս տվեք աշխարհին»։  Այո. ապրել՝ կատարյալ ատելությամբ ատելով բռնությունն ու մարդ կործանելու հակումը, ապրել՝ բաժանելով սեր, վայելք ու փաղաքշանք, որից երեխայի երջանկությունն է ձևավորվում։ Սակայն մարդկային որևէ շարժում կատարյալ չի եղել երբեք, և հիպպիների գաղափարախոսությունն ու դրա այլևայլ դրսևորումները կաղ էին նույնպես։ Այսօր մենք գիտենք, որ Ամերիկայի հասարակությունը մերժում էր Վիետնամի պատերազմից վերադարձող վետերաններին՝ նրանց ընդունելով իբրև բռնության գործիքներ։ Մազապուրծ հերոսները քարկոծվում էին՝ նվաստացման արժանանալով։ Այսօր առկա են փաստեր, որոնք պատմության ամոթալի ընթացքն են վկայում, քանզի պատերազմի տաժանք հաղթահարած հերոսներից շատերը ինքնասպանության էին դիմում տանը, այնտեղ՝ ուր փառքի դափնիներ պիտի լինեին, և պետությունն իբրև հայրենիք պիտի արձագանքեր։ Ռազմադաշտում չսպանված շատ կյանքեր մարում էին հետո, որովհետև քաջասիրտ բազմաթիվ զինվորականներ այլևս չէին ազատվում անիմաստ կենսակերպից, որն առանձնապես ցայտուն խորտակվում էր ալկոհոլի կամ թմրադեղերի մղձավանջում։

Ահա անցնում էր Ալեքսանդր Գոմեսը Նյու Յորքի փողոցներով։ Անճոռնի, դարձդարձիկ քայլքը գրավում էր մարդկանց ուշադրությունը։ «Մարտական արիության խաչ» շքանշանը շողշողում էր սրտի վրա, իսկ համազգեստը մատնում էր զինվորականի ով լինելը։ Կապիտանը դեռ չգիտեր, որ քայլում է մարդկային հոսանքին ընդդեմ։

Խմելու ուժգին ցանկություն ունեցավ, առաջին իսկ խորտկարանը մտնելով՝ նստեց անկյունում։

Մատուցողը մոտեցավ բավական ուշ։

– Ինչ եք կամենո՞ւմ։

– Վիսկի և գարեջուր։

– Ը՜ը՜ը՜ը՜… Ի՞նչ,- ոտքը կախ գցեց մատուցողը։

– Վիսկի և գարեջուր, չե՞ս լսում։

– Լսում եմ, իհարկե, բայց խորհուրդ չէի տա այդ երկուսը խառնել։

– Քո խորհուրդի կարիքը չունեմ, ա՛յ տղա,- որոտաց Ալեքսանդրը՝ զայրույթից շառագունելով։

– Լավ,- նենգամիտ ժպտաց մատուցողը,- ինչպես կամենաք։

Սպիրտը հոսեց քունքերն ի վար՝ դուրեկան թմբիր պարգևելով։ Սրահը մարդաշատ էր։ Ոմանք խեթում էին կապիտանին գաղտագողի հայացքներով, ոմանք զրույցի թեմա էին դարձրել պատերազմը, բայց Ալեքսանդր Գոմեսը զերծ էր այս իրականությունից, քանզի գլխի մեջ իրարամերժ մտքեր էին մարտնչում։

– Կրակ կտա՞ք սիգարետս վառեմ։

Սեղանի մոտ կանգնած երիտասարդը խոսում էր մեղմ ժպիտով։

– Խնդրեմ։

Գլանակը վառելով՝ անծանոթը շնորհակալություն հայտնեց, շրջվեց անշնորհք և իբր անզգուշաբար՝ շրջեց գարեջրի բաժակը։ Ալեքսանդրը վեր թռավ. փրփրադեզ հեղուկը թրջել էր անդրավարտիքը։

– Այս ի՞նչ արեցիր, լակո՛տ…

– Ե՜ե՜ե՜ս,- չքմեղացավ երիտասարդը։

Զայրույթի ակնթարթային, սուր ցավ հիշեցնող բռնկումը մթագնեց կապիտանի բանականությունը՝ խելամտության ձայներ լռեցնելով։ Ալեքսանդր Գոմեսն ատում էր ստորությունը, իսկ ստորության ետևում թաքնվողն ատելի էր երիցս։ Ակնհայտ այս դիտավորությամբ դիմացինը ծաղր էր շպրտում՝ լկտիաբար չքմեղանալով, ինչը ջրից չոր դուրս գալու նախապես մտածված մարտավարություն էր։ Կապիտանը կարող էր սպանել նրան բռունցքի մեկ հարվածով։ Նա արդեն գամել էր հայացքը վտիտ թշվառականի ճակատին՝ մտովի տեսնելով աչքերի արանքում առկա փոսիկը, կանխավ պատկերացնելով, թե ինչպես են մարելու լպիրշ այդ բիբերը շեշտակի հարվածից՝ սոսկ ակնթարթներ հետո։ Հարևան սեղանից մարդիկ մոտեցան։

– Տեսնո՞ւմ եք,- ձայնը գլուխը գցեց մատուցողը,- ասում էի, չէ՞, կանադական վիսկին գարեջրի հետ չեն խառնում։

Ինչ-որ մեկը կառչեց Ալեքսանդրի պրկաձիգ բազուկից՝ փրկելով իրավիճակն ու մարդասպանությունը կանխելով։

– Մի տաքացիր, բարեկամ։- Տարիքով մի մարդ հանգստացնում էր նրան։- «Մարտական արիության խաչ» կրողը հերոս է, այս ճշմարտությունը ոչ ոք չի կարող ժխտել, բայց հասարակության տականքը ցեխ է շպրտում՝ հայրենիքի լավագույն որդիներին պատվազրկելով։

Զայրույթը սկսեց նահանջել։

– Ի՞նչ եք հավաքվել,- հանկարծ բղավեց տարիքով մարդը,- վեր ընկեք ու լակեք ձեր խմիչքները։

Խոսողը, հավանաբար, բարձր հեղինակություն էր այս հաստատությունում։ Պարապ-սարապները կամաց-կամաց ետ քաշվեցին, իսկ անծանոթը, ձեռքն Ալեքսանդրին մեկնելով՝ ասաց.

– Ծանոթանանք։ Հովհաննես Կանայան։

Հիսունն անց, քունքերի մոտ ճերմակող մազերով, առնական, սուր արծվաքթով, միջահասակ ու ջլապինդ տղամարդ էր։ Նրա արժանապատիվ կեցվածքը դուր եկավ կապիտանին։

– Ալեքսանդր Գոմես,- պարզված ձեռքը սեղմելով՝ պատասխանեց կապիտանը։

– Է՜յ, մատուցող, վիսկի, գարեջուր և ուտելիք բեր զինվորականին։

– Բայց հաշիվը ես եմ փակելու,- մարտահրավեր նետողի տոնով ասաց Գոմեսը։

– Դու քո հաշիվները արդեն փակել ես մարտադաշտում,- ժպտաց Կանայանը։- Նստե՞նք միասին։

– Իհարկե՛. սիրով։

– Դե, պատմիր,- Ալեքսանդրի ուսին մտերմաբար թփթփացնելով՝ ասաց անծանոթը։

Ալեքսանդրը դեռ զննում էր նրան աչքի պոչով, իսկ վերջինս չտեսնելու էր տալիս կապիտանի քննախույզ հայացքները։

-Պատմելու բան չկա առանձնապես,- պատասխանեց Գոմեսը,- օդանավակայանից գնում եմ տուն։ Երկու ժամ առաջ ենք ժամանել, ես ու էլի մի խումբ զինվորականներ։ Վիետնամը մնաց անցյալում։

– Առողջական խնդիրներո՞վ են ազատել, թե՞ ոնց։

– Այո…- Հարցը սուր էր, բայց կապիտան Գոմեսը ներքուստ պատրաստ էր դրան։ Բացակա ժպիտ սարքելով՝ Ալեքսանդրը սկսեց կեղծել։- Վիրավորվել եմ ռմբակոծության ժամանակ, հոսպիտալում երեք ամիս բուժում էին ոտքերս։

– Լավ ես պրծել, խոսք չկա։ Կարևորը՝ գլուխդ ուսերիդ վրա է։ Կանայք սիրում են անգամ այլանդակված, կիսահաշմանդամ տղամարդկանց, իսկ դու հեչ մտածելու բան չունես։

Մատուցողը բերեց ընտիր ուտեստներ ու խմիչք։ Ափսեները սեղանին շարելով՝ գլուխ տվեց խոնարհաբար. կարծես մեղքերն էր քավում։

– Շնորհակալ եմ, որ միջամտեցիք,- Հովհաննեսի աչքերին նայելով՝ ասաց Գոմեսը։- Ատելով ատում եմ լպիրշությունը։ Տանել չեմ կարողանում, երբ մարդիկ լկտիանում են՝ կանխավ մտածված չարությամբ ոտնահարելով դիմացինի արժանապատվությունը։ Ընդ որում, դու ոչինչ չես արել, և քեզ հետ նման ձևով վարվելու առիթը չես տվել, բայց ճիճվի պես սողացող մեկը հանկարծ փորձում է նվաստացնել՝ աչքերիդ մեջ ցեխագնդեր շպրտելով։ Նման պահերին կորցնում եմ ինքս ինձ, և արդարության դևն է գլուխ բարձրացնում էությանս խորքում։  Ուզում էի մատուցողին սպանել բռունցքի շեշտակի հարվածով։

– Միտքդ կռահել էի, բարեկամ,- պատասխանեց Կանայանը,- աչքերիդ մեջ մահ էր կայծկլտում։ Դե լավ, մոռանանք։ Խմենք մեր տղերքի համար, բոլոր նրանց համար, ովքեր Վիետնամի ջունգլիներում են։

Խմիչքը փոխհարաբերություններ ջերմացրեց։ Կամաց-կամաց բարձրաձայնվեցին ճշմարտություններ, որոնք մարդիկ վստահում են միմյանց երկարատև փոխհարաբերություններ ունենալուց հետո։ Նրանք խոսում էին անբռնազբոս, բարեկամության զարմանալի զուլալ մի զգացողությամբ։

– Ընտանիք ունե՞ս,- հանկարծ հարցրեց Հովհաննեսը։

– Այո։ Կին և չորս ու կես տարեկան որդի, անունը՝ Միքայել։

– Ահա՛, մի կենաց էլ հասունացավ։- Հովհաննեսը բարձրացրեց իր բաժակը։- Ուզում եմ երբեք չմոռանանք, թե ովքեր ենք մենք ու երբեք չկորցնենք մարդկային մեր դեմքը։ Միքայել անձնանունը խորը իմաստ ունի։ Նշանակում է՝ ով է Աստծո նման։ Խմենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր կկանգնեն Արարչի առջև՝ բնավ չթաքցնելով իրենց պատասխանները։ Թող որդիդ էլ լինի նրանցից մեկը։

– Շնորհակալ եմ,- խուլ ձայնով արձագանքեց կապիտանը։

Ապա հասունացան մտքեր, որոնք Հովհաննեսն, իհարկե, չէր կարող կռահել։ Ալեքսանդր Գոմեսը հակվել էր գարեջրի բաժակին՝ հարբածի տպավորություն թողնելով, սակայն, իրականում, այլ եղելության մեջ էր և ճամփորդ էր խոհերի եզերքում։

«Ի՜նչ հիանալի բառեր է շռայլում այս մարդը և ինչ հաճելի զրուցակից դուրս եկավ։- Մի պահ կտրվելով սեղանից՝ կապիտանը քննախույզ հայացք գցեց Կանայանի ուղղությամբ, և դարձյալ հասունացան շատ ուշագրավ խորհրդածություններ։- Այո,- մտածում էր կապիտանը,- ես չեմ սխալվում թերևս։ Այս մարդուց հայրական ջերմություն, ծնողին հարիր հոգատարություն է ճառագում։ Նրան մինչև իսկ կարող եմ գաղտնիքներ վստահել՝ կանխավ գիտենալով, որ խոսքս չի օգտագործվելու ինձ ընդդեմ։ Եվ ինչո՞ւ ոչ։ Երբևէ կպատմեմ և՛ Միքայելի, և՛ Գասպար Սուրենյանցի մասին։ Գասպարն ու Կանայանը պետք է որ ազգակիցներ լինեն։ Բայց սա՝ մի ուրիշ անգամ»։

– Քո կենացն ինձ խորը մտքեր շնորհեց,- ի վերջո սթափվելով՝ ասաց կապիտանը։- Մի օր կխոսեմ որդուս մասին, և կան էլի շատ բաներ, որոնք արժանի են հիշատակման։

– Այս թռուցիկ հանդիպման մեջ ուզում ես մի կյա՞նք տեղավորել,- ժպտաց Հովհաննեսը,- փակագծեր բացելու ժամանակը, կարծում եմ, դեռ առջևում է։

Արդեն ուշ երեկո էր։ Նրանք նստած էին ուս ուսի, իսպառ չպարպված նախադասություններ փոխանակելով։ Բացատրությունների կարիք չկար, քանզի նրանցից յուրաքանչյուրը հասկանում էր, թե զրուցակիցն ինչ մտքեր ունի անավարտ խոսքի ենթատեքստում։

– Իսկ դու, Հովհաննես, ի՞նչ գործով ես զբաղվում։ Ընտանիք ունե՞ս։

– Նույնիսկ թոռ ունեմ,- ծիծաղեց Կանայանը.- աղջիկս երկու տարի առաջ ամուսնացավ, իսկ երեք որդիներս դեռ հապաղում են։ Գործս վատ չի։ Բենզին եմ վաճառում, իմ սեփական բիզնեսն է, արդեն երկար ժամանակ սրանով եմ զբաղված։ Բենզալցակայանս մոտերքում է, մի օր ցույց կտամ։ Նկատեցի՞ր անթրաշ, անլվա երիտասարդներին, որ հեղեղել են փողոցները։

– Այո, այո,- աշխուժացավ Ալեքսանդրը,- ինքս պատրաստվում էի հարցնել, ովքե՞ր են։

– Վերջին մի քանի տարվա ընթացքում այստեղ շատ բան է փոխվել, բարեկամս,- գավաթները լցնելով՝ շարունակեց Կանայանը։- Ներկայիս երիտասարդությունը ենթամշակույթ է ձևավորում։ Նրանք իրենց կոչում են հիպպիներ։ «Hippy» բառը ծագում է խոսակցական «hip» կամ «hep»-ից և նշանակում է՝ բանիմաց։ Այստեղ առկա է և՛ լավը, և՛ պարսավելին։ Բողոք և անհնազանդություն արտահայտող նրանց գաղափարները դրսևորվում են մարդկային պարզ վարքագծով։ Հիպպիները չեն սափրվում, վարսավիրանոց չեն գնում ու չեն փոխում հագուստները՝ անգործունյա կենսաձև դրսևորելով։  Ես չգիտեմ, թե այս ամենը ինչի կհանգեցնի, բայց հստակ կարող եմ ասել. մինչ դուք հաղթանակ էիք նվաճում Վիետնամում, մենք այստեղ տանուլ ենք տալիս բարոյականության պատերազմը, քանզի ամենուրեք ակնբախ են սեռական սանձարձակություններ, որոնք հիպպիները բովանդակում են սիրո ազատության ենթատեքստում։ Սրանից լավ հոտ չի գալիս, Ալեքսանդր։

Կապիտան Գոմեսը լսում էր մեծագույն ուշադրությամբ՝ ճանաչելով Հովհաննեսի ինքնությունը մեկ այլ լույսի ներքո։

«Ահա հենց այս մարդիկ են հասարակության հենքը,- մտածում էր Ալեքսանդրը,- և նրանք են, որ դեռևս կարողանում են պահպանել առաքինության չափանիշներ։ Տեսնում եմ՝ այս մարդը ընտանիք ու ենթականեր ղեկավարել գիտի, և սա ինձ շատ դուր է գալիս»։

– Պատերազմ գնացողի համար առանձնահատուկ կարևորվում է տուն հասկացությունը,- պատասխանեց կապիտանը՝ լռության պատնեշ հաղթահարելով։- Ինձ թվում է՝ մահաբեր առճակատման գնացող մարդու ետևից փակվում են դռներ, որոնք այլևս չեն կարող բացվել։ Ահա մտել եմ խորտկարան, բայց ինձ ծաղրելու փորձ են անում ինչ որ լակոտներ, իսկ փողոցում ամենաթողության ստվերն է կերպավորվում։ Ապա ինչի՞ համար էր այս պատերազմն ընդհանրապես, երբ մարդու պարտությունն առկա է անգամ առօրեական փոխհարաբերություններում։ Արի մի-մի բաժակ էլ խմենք, Հովհաննես։ Գրողի ծոցն ուղարկենք այս ամենը, թե չէ արդեն անկումային տրամադրություններով ենք համակվում։ Ի դեպ, կգա՞ս մեր տուն։ Հենց հիմա։ Գիշերվա կյանքը դեռ նոր է սկսվում, սուրճ կխմենք, Թերեզայի հետ կծանոթացնեմ։

– Կգամ, Ալեքսանդր, անպայման կգամ, բայց մի ուրիշ անգամ։ Հիմա դու կնոջդ կողքին ու երեխայիդ հետ պիտի լինես։ Դեռ կհանդիպենք անշուշտ։ Դե, ասածիդ պես, արի մի-մի բաժակ էլ խմենք ու վերջ։

Եվ կապիտան Գոմեսը կծկվեց իրականության գաղտնախորշում։

Խոհերը ապտակներ էին, իսկ տուն վերադառնալու ճշմարտությունը՝ անտանելի։

– Հովհաննես,- հանկարծ խոսեց կապիտանը՝ սեղանի եզրից կառչելով,- մի խորհուրդ տուր ինձ։ Սրտիս մեջ վախ կա մի տեսակ։

– Վա՞խ,- զարմացավ Կանայանը։- Բայց ինչի՞ց ես վախենում, մարդ Աստծո։ Ասա, խնդրեմ, ի՞նչ ունես հոգուդ խորքում, թեև առաջին պատահած մարդու հետ չեն անկեղծանում իհարկե։

– Դու,- խոսքն առաջ տարավ կապիտանը,- դու գտնվա՛ծ մարդ ես։ Իսկ առաջին պատահածին շատ արագ ու հեշտությամբ մերժում են։

Հաճելի խոսքեր էին անշուշտ, սակայն Հովհաննես Կանայանը խոսքով բռնվող թեթևամիտներից չէր։ Նա ուներ դիմացինի էությունն ըմբռնելու յուրահատուկ ունակություն, զննել էր կապիտանին սրճարան մտնելիս ու հասկացել, որ պատերազմից վերադարձող այս մարդու արտասովոր քայլքը պետք է որ ձեռքբերովի լինի, ուստի և՝ չի կարող բնորոշել նրան ու չի կարող դիտվել իբրև վառ անհատականության ինքնագիր։ Ուրեմն ի՞նչ կար իրականության ետևում։ Կանայանը գիտեր, որ ինքն իր նախաձեռնությամբ երբեք չի հատի սահմանն ու չի մտնի այնտեղ, ուր մարդն անպաշտպան է ներքուստ։

«Կապիտանը լավ մարդ է երևում,- մտածում էր Հովհաննեսը։- Աչքերում տառապանք կա, իսկ դեմքը բրոնզաձույլ դիմակ է հիշեցնում։ Առնական այս տղամարդը, ինչ խոսք, ճոճվում է անդունդի եզրին ու եթե հանկարծ դուրս եկավ համբերությունից՝ կոչնչացնի դիմացինին առանց աչքը թարթելու։ Չգիտեմ, թե ինչերի միջով է անցել, չգիտեմ, թե ով է եղել նախկինում, բայց հիմա ճանապարհ չունեցողի պես է…»։

– Թող այդ մտքերը, բարեկամ,- վերջապես պատասխանեց Հովհաննեսը։- Իմ կարծիքով, վախն ու քո անձը հակառակ համեմատական հասկացություններ են։

– Կարծո՞ւմ ես։- Բաժակի պարունակությունը պարպելով՝ Ալեքսանդրը շարունակեց միտքը։- Չորս ու կես տարի առաջ դուրս եմ եկել տնից ու հիմա գնում եմ, որպեսզի քնեմ իմ սենյակում։

– Եվ՝ ի՞նչ։

– Մի տեսակ չեմ ընդունում հին կյանքը, հասկանո՞ւմ ես։ Անցյալի հանգույցները բացվել են կարծես, և կարծես ուրիշ մարդ է եղել նախկինում ապրողը։

– Հասկանում եմ,- կապիտանի աչքերին նայելով՝ պատասխանեց Հովհաննեսը։- Վստա՛հ եղիր, Ալեքսանդր, նույնիսկ լռության մեջ թողնված բառերն եմ կռահում։ Ուրիշներից էլ լսել եմ նմանատիպ ընդվզումներ։ Ունեմ շատ ընկերներ, որոնք պատերազմի վետերաններ են։ Դու հիմա երկվության առջև ես, բարեկամս, որովհետև ետևում մնացածը մերժված է, իսկ առջևում սպասվողը՝ խորթ։ Ոչինչ, այդ հոգեվիճակը երկար չի շարունակվում։ Շուտով կհարմարվես նախկին կյանքին, իսկ պատերազմն ինքը կհեռանա քեզանից։

– Վստա՞հ ես։- Հովհաննեսի խրատական պատասխանը բնավ չէր համոզում կապիտանին։ Հիմա նա մի ցանկություն ուներ. գնալ գրողի ծոցն ու կորչել անվերադարձ։- Դե ի՛նչ, քո կյանքի փորձն ու հայրական քո հոգատարությունը հարգելով՝ անվերապահորեն ընդունում եմ ասածդ։

– Իմ հարգանքը քեզ, Ալեքսանդր,- ի սրտե ուրախացավ Հովհաննեսը։- Դուրս գանք, մի քիչ մաքուր օդ շնչենք, հետո տաքսիով կճանապարհեմ քեզ։

 

Նրանք թողեցին սրճարանը կեսգիշերն անց, թեթևակի ճոճվելով, թևանցուկ ու թեթև։

– Ես համարյա ամեն օր այստեղ ճաշում եմ,- ասաց Կանայանը,- ահա իմ հեռախոսահամարը։- Կապիտան Գոմեսը կանգնած էր լուռ, դեռ ինչ-որ մի բան լսելու ակնկալիքով։- Դու ուժե՛ղ ես,- ընդհուպ մոտենալով և կապիտանի աչքերին նայելով՝ շարունակեց Հովհաննեսը։- Պիտի տուն գնաս ու վերջ։ Այլապես կկորցնես հաղթանակդ, որին հասել ես կյանքի ու արյան գնով, և ամենամեծ պարտությունդ կճանաչես։

 

(շարունակելի)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031