Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Օգոստոս 17,2019 11:19

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9

ԳԼՈՒԽ 10

Ազատության բանտախցեր

Ամռան առաջին օրերն էին։

Բոլորովին այլ են տարվա եղանակները մեծ քաղաքներում, որոնք բոլորն էլ ամփոփում, համախմբում կամ ժողովում են քաղաքակրթվող մարդու ձգտումները։ Քաղաքը շնորհում է ապահով, հարմարավետ կյանքի հնարավորություն՝ միատեղելով մարդկային ցեղի տարաբնույթ ծայրահեղություններ։ Քանզի համատեղ գոյակցության մեջ են թշվառությունն ու պերճանքը, ազնիվն ու ստորը, վեհն ու պարսավելին։ Խլելով բնության գեղեցկությունը՝ մարդն արարում է կացարաններ, որոնք այլաձևում են չորս պատերի ներսում բնակվողի մտածողությունը։ Միացրու հեռուստացույցդ և կունենաս քամի, անձրև ու ծաղիկներ, ապահով կլողաս օվկիանոսում կամ կճամփորդես անանցանելի ջունգլիներով։ Սա՛ է քո բնաշխարհը, որ գտնվում է լոկ էտելու մկրատով սահմանված չափ ու ձևի մեջ։

Քաղա՛ք։

Կարոտախտ կար այս ամռան աչքերում։

Արդեն չորս ու կես տարի Թերեզա Գոմեսն ապրում էր խեղդամահ կրքերով, որոնք հանկարծ խլում էին անկողնում անքուն կնոջ հավասարակշռությունը, և նա տղամարդ էր երազում։ Ցանկությունը զորեղ էր գտնվում բանականությունից։ Ծնվում էին համարձակ ֆանտազիաներ, որոնք այնքա՜ն հաճելի էին և այնքա՜ն մեղսածին։ Իր սնարի մոտ ծունկի իջնելով՝ Թերեզան բացում էր սիրտն Աստծո առջև և խնդրում էր գայթակղություն հաղթահարելու ուժ, և տոկալու կարողություն էր աղերսում։

«Աստված իմ,- ջերմեռանդ աղերսում էր կինը,- չէ՞ որ մարդը լիովին մերկ է քո հայացքի առջև, և չկա մեկը, ով կարող է գաղտնածածկել իր էությունը։ Ո՞վ եմ ես։ Չէ՞ որ տկար եմ ու մահկանացու։ Այնինչ հալածվում եմ գիշերն ի լույս, իսկ դևերը ցանկություններ են բոցավառում մտքիս մեջ և մարմնիս անդամներում։ Օգնիր ինձ, խնդրում եմ, Աստված ամենակալ, և ուժ տուր, որ կարողանամ պայքարել՝ դիվական հալածանք մերժելով։ Եվ ներիր մեղքերս, խնդրում եմ։ Գիտեմ, գիտե՛մ, որ ապրում եմ անիրավության մեջ թաթախվելով, սակայն չեմ գտնում ազատագրվելու ելքն ու ճանապարհը։ Այնինչ դո՛ւ ես իմ ապավենը, Աստված ամենակարող…»։

Թերեզան ճաշ էր պատրաստում՝ ամանեղենը շրխկացնելով, երբեմն ափսեներ էին կոտրվում, իսկ դյուրագրգիռ խոսքն ու ճիչերը փոխանցվում էին Միքայելին։ Երեխան ըմբոստ էր ի բնե, չէր հանդուրժում հրաման, չէր ընդունում իր կամքն ընկճող պարտադրանքը։ Նա տակնուվրա էր արել տան անկյուններն ու գզրոցները՝ խաղալիք իր մեքենան հայտնաբերելու հույս փայփայելով, բայց նվիրական իրը չէր գտնվել այդպես էլ։ Եղել էին լաց ու կոծով հիվանդ օրեր, եղել էին մոր կամքը չկատարելու բռնկումներ, սակայն Թերեզան ոչ մի կերպ չէր փոխել իր որոշումն ու չէր խղճահարվել։ Նա խաբել էր երեխային՝ քաղցրավենիք գնելով, իսկ Միքայելը տրորել-ոչնչացրել էր թխվածքն ու շոկոլադե ձողիկները։

– Դու իմ պատիժն ես,- բղավում էր Թերեզան։- Ոչինչ, շուտով հայրդ կվերադառնա, կիմանա՛ս, թե ինչ է տղամարդու բռունցքը։

Ի դեպ, ճիշտ ժամանակն է հիշելու չափազանց կարևոր մի մանրամասն։ Թերեզա Գոմեսը նամակ ուներ ամուսնուց, իսկ թանկարժեք գիրը հուզախռով գիշերներ էր բոցավառել՝ կրկնապատկելով սպասման ու կրքի անհամբերությունը։ Ալեքսանդրն իր շուտափույթ վերադարձն էր խոստանում՝ ի միջի այլոց նշելով, որ պատերազմն ի՛ր համար ավարտված է։ Չկային զեղումներ, չկար զգացմունք, ինչը տարօրինակ էր անչափ։

«Մի՞թե չորս ու կես տարվա բաժանումը խլել է ամուսնուս սերը, և նա ընտանիք է վերադառնում ակամա, պարտք կատարողի անտարբերությամբ։- Այս միտքը շարունակ ներկա էր Թերեզայի մտորումներում։- Ոչինչ,- խորհրդածում էր կինը՝ ինքն իրեն հուսադրելով,- մարդը պատերազմ է տեսել, ո՞վ գիտի, թե սարսափն ինչպես է վերակերտում մարդու էությունը։ Եվ ի՞նչ է սա. հեռավոր ակնարկով անգամ ամուսինս չի հիշել Միքայելին։ Անշուշտ, այստեղ կա մութ մի ճշմարտություն, որը կպարզվի հետո, երբ Ալեքսանդրն ի վերջո կվերադառնա։ Բայց, ախա՜ր, պատերազմը շարունակվում է։ Ապա, ուրեմն, ի՞նչ պատճառով են նրան ազատել զինծառայությունից…» ։

Հատկապես տարակուսանք էր առաջացրել նամակի հետևյալ հատվածը. «Ես,- գրում էր Ալեքսանդրը,- չգիտեմ, թե ինչ է հայրենիքը։ Մարդիկ առանձնահատուկ իմաստ են դնում «տուն» բառի մեջ՝ քնելու անկյունն ընդունելով իբրև օջախ, կացարան, ամուսնական առագաստ, ելակետ… Ես չգիտեմ, թե մարդը որտեղ է գտնում իր հանգիստը»։

Ամռան առաջին օրերն էին։

Խորթ մայրը զբոսանքի էր տանում Միքայելին՝ ընտրելով մեկուսի զբոսայգիներ, ամեն կերպ խուսափելով նորահայտ իր ընկերուհիներից և կյանքը խաղալիքներով կառուցող նրանց երեխաներից։

– Դու ինձ համար ավտոմեքենա կառնե՞ս,- շարունակ հարցնում էր Միքայելը։- Խնդրում եմ, ընդամենը մի մեքենա։

Երեխան հաճախ խորամանկում էր՝ անխոս կատարելով այն ամենը, ինչը որ պահանջվում էր իրենից, բայց իրականությունն, այնուամենայնիվ, մնում էր անփոփոխ։

– Ախա՜ր դու ամեն բան ունես,- ասում էր Թերեզան։- Կան երեխաներ, ովքեր իրենց անկյունն են երազում, իսկ դու քնում ես առանձին սենյակում, սնվում ես ըստ պահանջի։ Գիտե՞ս, թե մարդիկ ինչպես են ապրում Աֆրիկայում։ Փոքր տղաներն ու աղջիկները նույնիսկ գեղեցիկ հագուստ չունեն, շրջում են բոկոտն, իսկ արևից շիկացած ավազը այրում է նրանց ներբանները։ Խաղալիքը երջանկություն չի պարգևում, հասկացի՛ր սա, Միքայել։ Երեխան երջանիկ է դառնում Աստծո հետ լավ փոխհարաբերություններ ունենալով։

Եվ ի՞նչ։

Ծնողը չի կարող վիրահատել երեխայի կրծքավանդակը, չի կարող իր սիրտը տեղադրել երեխայի փորոքում։ Այնինչ Թերեզա Գոմեսը գողացել էր Միքայելի սիրտը։ Կինը սնում էր նրան վերացական խոստումներով, որոնք աստվածաշնչյան ակունքից էին սերվում, կրթում էր՝ կարևորելով Աստծո հանդեպ երկյուղն ու հավատն առ Աստված։

– Միքայել, իմ թանկագին,- շարունակ կրկնում էր Թերեզան,- մի՞թե մոռացել ես։ Մենք ապրելու ենք դրախտային աշխարհում, մենք մահ չենք ճաշակելու, ահա թե ինչ է խոստացել Աստված։ Իսկ հայրդ կվերադառնա շուտով, կգնանք քաղաքից դուրս, ձուկ կբռնենք ու գիշեր կլուսացնենք աստղերի ներքո։ Հիմա ի՞նչ ես կպել այդ խաղալիքից, ա՛յ տղա։

Մոր հաստատակամությունն աստիճանաբար ընկճում էր երեխայի կամքը, իսկ օրվա ընթացքում պարտադիր աղոթքները ձևավորում էին ակամա հնազանդություն՝ խլելով ներքին ազատության բնածին ընկալումը։ Մարդիկ երազում են ողջ կյանքի ընթացքում, այնինչ մանկության երազները եզակի են, քանզի ծնվում են անմեղության ֆանտազիայով, իսկ անմեղությունը սահմաններ չունի։ Միքայելը չէր հասկանում, և իհարկե չէր կարող հասկանալ, թե ինչ ազդեցություն է թողնում իր վրա բռնության տարրեր պարունակող դաստիարակությունը։ Շարունակ տեսնելով, թե նվիրական իր ցանկությունն ինչպես է վաճառվում խաղալիքների խանութներում, թե ինչպես են հասակակից երեխաները խաղում իր եզակի ցանկությամբ, որն ընդամենը շչակով ավտոմեքենա կարող էր լինել, Միքայելն օրըստօրե կորցնում էր երազելու համարձակությունը։ Խորթ մայրը չգիտեր, թե երեխան ինչպես է հեկեկում գիշերն ի լույս, չգիտեր, թե դառնաղի ինչ բառեր են մնում նրա բարձի տակ։

Ավգուստան, Մերի Ռոբինսոնը, Աստղիկն ու Իրինան դեռ ինչ-որ ժամանակ փնտրում էին Թերեզայի ներկայությունն իրենց համատեղ զբոսանքներում, բայց Միքայելի մայրը խուսափում էր նրանցից։

– Այցելե՞նք Թերեզային մի անգամ էլ,- օրեր անց առաջարկեց Ավգուստան։

– Չեմ կարծում, թե նա ուրախությամբ կընդունի մեզ,- կարծիք հայտնեց Աստղիկը։- Եթե ընկերությունը մեզ հետ շարունակելու ցանկություն ունենար, հիմա այստեղ կլիներ, այդպես չէ՞։

– Իսկ միգուցե հիվա՞նդ է։ Եկեք վաղաժամ եզրակացություններ չանենք։- Մերի Ռոբինսոնը խոսում էր մեղմ, ավագ ընկերոջ իրավունքով։

– Գուցե և՝ հիվանդ է,- զրույցին միացավ Իրինան,- գուցե Միքայելն է վատառողջ։ Բայց և կարող են լինել ա՛յլ պատճառներ, որոնք մոտավորապես հասկանալի էին դառնում Թերեզայի պահվածքից։ Հիշո՞ւմ եք, նրան դուր չէր գալիս մեր երեխաների խաղը, հազիվ էր զսպում իրեն։

– Այո, ես էլ եմ նկատել, բայց կասկածներս բարձրաձայնելը պատշաճ չէի համարում։ Դուք դեռ չէիք եկել,- խոսքն առաջ տարավ Ավգուստան,- ես ու իմ Դիաննան առաջինը մտանք նրանց տուն ու մի խաղալիք նվիրեցինք Միքայելին։ Բայց երեխան չէր գտնում մեքենան վերցնելու համարձակությունը, իսկ մայրը քրտնել, կարմրել էր։ Իսկ ամենակարևորը՝ ոչ մի կերպ չէր խրախուսում, որ Միքայելն ընդունի նվերը։ Տարօրինակ չէ՞, արդյոք։

– Կա այդպիսի բան,- շարունակեց Մերի Ռոբինսոնը։- Ես կարծում եմ՝ պատճառը մոլեռանդությունն է։ Մենք օտար ենք, քանզի չենք կիսում նրա կրոնական համոզմունքները։ Ճանաչում եմ նմանատիպ մարդկանց։ Նրանք շատ հաճախ հավաքվում են միասին ու իրենց ժողովները կոչում են քրիստոնեական հանդիպումներ։

– Արամի՛կ, իջի՛ր անմիջապես։- Երեխան հասել էր ծառի բարձր ճյուղերին ու վախենում էր շարժվել։ Կանխելով այդ քաջագործության հետագա զարգացումը՝ Աստղիկը վերադարձավ։- Ինչի մասին էինք խոսո՞ւմ։

– Մեկուսի կյանքով ապրողների,- պատասխանեց Ավգուստան։

– Այո, այո,- զրույցին միացավ Աստղիկը,- ես ճանաչում եմ մեկին, քեռուս ընկերն էր, անունը՝ Դանիել։ Շատ մտերիմ էին քեռուս հետ, բայց այդ մարդը կամաց-կամաց կտրեց ընկերական կապերը։ Ասում էր՝ աշխարհիկ մարդիկ մեղքեր գործելով են ապրում։

– Աշխարհիկ մարդի՞կ,- զարմացավ Իրինան,- ո՞ւմ մասին է խոսքը։

– Աշխարհիկ մարդիկ մենք ենք,- ժպտադեմ պատասխանեց Մերին,- այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր չեն ապրում կրոնական այն չափանիշներով, որոնք ընդունել է Թերեզան։

– Իսկ լսե՞լ եք, Թերեզայի ամուսինը շուտով վերադառնալու է։

– Իսկ դու որտեղի՞ց գիտես, Ավգուստա։- Աստղիկը բնավ չէր թաքցնում սուր հետաքրքրությունը։

– Ամուսինս՝ Ջերոմ Մայերն, ու Ալեքսանդր Գոմեսը մտերիմ ընկերներ են,- պատասխանեց Ավգուստան,- և տարիներ շարունակ կռվել են կողք-կողքի՝ մեծագույն նվիրումով պաշտպանելով միմյանց։ Իսկ կապիտան Գոմեսը, պարզվում է, Թերեզայի կողակիցն է։ Ամիսներ շարունակ լուր չունեմ։ Տարօրինակ է, բայց Ջերոմը լռում է արդեն վաղուց։ Սիրտս վատ վկայություն ունի։ Ահա գտա նրանց ընկերներից մեկին, Հենրի Լեսսինգին, և թռուցկազրույց8 (ՏՈՂԱՏԱԿ 8. Թռուցկազրույց.  հեղինակային բառ է։) ունեցա հետը հատուկ ծառայության այն հեռախոսակապով, որ ռազմաճակատում կռվող զինծառայողների կանանց է սպասարկում։ Հենրին ասում էր՝ Ալեքսանդր Գոմեսին գտել են թշնամու գետնափոր խցերից մեկում, բազմաթիվ խոշտանգումներից ուժասպառ ու թերևս մերձիմահ։ Վիետնամցի ճիվաղները կտրել են նրա ոտքերի մատները թիթեղ հատելու մկրատով։ Յուրաքանչյուր հարցաքննությունից հետո՝ մեկ մատ։ Ջերոմից, սակայն, տեղեկություն չուներ։ Եվ գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր. երեք կամ չորս րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում Լեսսինգն անդադար անդրադառնում էր կապիտան Գոմեսին։ Ասում էր՝ Ալեքսանդրը հրաշալի տղա է, իսկական տղամարդ։ Նրան խոշտանգել են՝ խելագարության հասցնելով, բայց կապիտանը որևէ գաղտնիք չի բացահայտել։ Իհարկե, մեր տղերքից շատ-շատերն են պահպանել իրենց հավատարմությունը՝ հայրենիքի շահերը անձնականից բարձր դասելով, բայց Ալեքսանդր Գոմեսը լեգենդար անձնավորություն է, և նրա մասին խոսում են թերևս բոլոր խրամատներում։ Ես անպայման պիտի տեսնեմ կապիտանին, երբ նա տուն կվերադառնա։ Ամուսնուս հետ չորս տարվա կյանք է կիսել այդ մարդը, ուստի շատ բան կունենանք խոսելու։ Ո՞վ կգա ինձ հետ։

– Ես կգամ, անպայման կգամ։- Ավգուստային մոտենալով՝ Մերի Ռոբինսոնը գրկեց նրան։

– Գուցե ամուսնու վերադարձը խելքի կբերի Թերեզային- խոսքն առաջ տարավ Աստղիկը։- Չի բացառվում, որ նա կսթափվի իր մոլորություններից, չնայած՝ չեմ դատապարտում։ Յուրաքանչյուր ոք ապրում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, իսկ ճշմարտությունը խիստ հարաբերական հասկացություն է։

– Ես էլ կմիանամ ձեզ,- պատրաստակամ հայտարարեց Իրինան,- բայց ճիշտն առանց երեխաների գնալն է։ Ի՞նչ կասեք։

– Այո, իհարկե,- պատասխանեց Մերի Ռոբինսոնը,-  կապիտանին տեսնելու ցանկությունն ինձ էլ է հաղթում։- Ապա, Ավգուստային դիմելով՝ շարունակեց.- Իսկ դու մի կողմ դիր սրտիդ վատ վկայությունները։ Ներքին ձայնը ստում է հաճախ։ Չի բացառվում, որ Ջերոմն ինչ-որ տեղ հատուկ առաջադրանք է իրականացնում, կամ էլ՝ դրա նման մի բան։

Նրանք դեռ զրուցում էին խաղաղ, իսկ նրանց երեխաները պաղպաղակ էին վայելում։

 

Կանցնեն օրեր և ժամանակ կանցնի, և Ավգուստա Մայերը կկանգնի երկվության առջև։ Դա կլինի հետո, երբ դեմ առ դեմ կհայտնվեն ապագայում ապրող մահն ու անցյալով գերեվարված տղամարդը։ Եվ կլինեն երջանկության ակնթարթներ, որոնք խաբուսիկ են իրականում, քանզի տրվում են ի վերուստ, որպեսզի մարդը հոժարակամ հրաժարվի դրանցից ու ինքնակամ ընդունի մեղսանք և քավություն։ Չկա նախասահմանված ճակատագիր, բայց և չկա կամքի լիարժեք ազատություն, քանզի մարդը կառավարելի է երկնքից տրվող փորձություններով, որոնք ծնում են անխուսափելի վճիռներ՝ ազատ կամքի պատրանք ստեղծելով։

Կանցնեն օրեր, կգա այլ մի ժամանակ, և կինը խաբված կգտնվի իր երազի մեջ։ Նա կհայտնաբերի զոհաբերության Գառը և ի վերուստ պարտադրվածը կտեսնի այնտեղ, ուր մարդկային կյանքն անպաշտպան է առավելագույնս։ Նա կարթնանա վաղորդյան հնչյունների կանչից, և նրա խաժ աչքերը կթրջվեն փշատերև լացով։ Եվ սերը կլինի Ավգուստա Մայերի մեծագույն փորձությունը։

Կողքիս եղիր, սիրելի ընթերցող, և կգտնես խորհուրդը խոսքերիս, որ ծածուկ իմաստներ կբացահայտեն հետո՝ անսուտ եղելություն վկայելով։

Երբ կհանդիպեն ապագայում ապրող մահն ու անցյալով գերեվարված տղամարդը, ու երբ կինը կկանգնի երկվությա՛ն առջև, ես մի պատմություն կհյուսեմ, որպեսզի հավիտենության մեջ երբեք չկորսվի այս ձեռագիրն ու երբեք չմոռացվի սրբազան սիրո խոստովանությունը։

 

 

 

 (շարունակելի)

Սմբատ Բունիաթյան

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031