Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հունիս 30,2019 17:56

ԳԼՈՒԽ 3

Արարչագործության խորհուրդը

Մի վախեցիր ու մի զարհուրի՛ր, երբ հազարաթև հողմն է ապտակում։ Պարզիր մյուս այտդ նույնպես՝ մեկ այլ ապտակ ընդունելու մարտահրավեր նետելով, քանզի դու ուժեղ ես առավել, քան մեծն հողմը։

Քանզի անցողիկ են փոթորիկները, իսկ մարդը՝ հավիտենական։

Ահա տանում եմ ես քեզ սիրո գաղտնածածուկ ճանապարհներով, իսկ քամին, աստղածաղիկների հետ համբուրվող քամին բոկոտն կույս է։

Այդ ե՛ս եմ հորինել մայրամուտի միրաժները, որոնք ընդամենը արթմնի երազներ են ու գոյության պատրանք։

Ես արարել եմ գիշեր և արծաթափայլ մահիկն եմ թողել երկնքում անհիշելի ժամանակներից ի վեր։

Վերցրո՛ւ, վերցրու այս ակնթարթը, սեր իմ…

Կան բառեր, որ չեն բարբառում։

Մեծագույն խոստովանությունները ասուն են համրության մեջ։

Իսկ սերը սիրվում է անխոս։

Ահա նստած ենք թոնրի եզրին, տաք ածուխների վրա կախված ոտքերով, իսկ գիշերը խենթացել է ցորենի բույրից։

Խավարի փեշերով փաթաթվիր, սեր իմ, և մի կորցրու աչքերիս մեջ նայելու համարձակությունը։

Գիտե՞ս, թե ինչ համ ունի այն կերակուրը, որ հետնախորշերում որբ ու անապաստան կանայք են հայթայթում։ Այնինչ դա նրանց այսօրն է, ու իրենց երեխաների օրն է, իսկ վաղը կարող է և չլինել։

Գիտե՞ս, թե ինչ համ ունեն ստրկացված մարդու բառերը…

… Եվ թե ինչ պատմություններ կան ցավ քաշող հիվանդի բիբերում։ Իսկ դու զարզանդում ես այդ իրականությունից, որն ապտակ է դառնում այնժամ, երբ հողմ ես դիմակայում։

Օ՜ լռի՛ր իմ բանականություն։

Խարխափելով խոհերի ակնակույր խավարում, ես կողպում եմ դռնե՜ր, դռնե՜ր, դռնե՜ր…

Այդ դռների ետևում ապրում են մարդիկ, ովքեր ամեն օր խոնարհվում են, որպեսզի գրկեն ու փայփայեն իրենց չհասկացված խոստովանությունները։ Եվ չկա մեկը, ով կկարեկցի անկեղծորեն, և չկա մեկը, ով մինչև վերջ կըմբռնի նրանց ակամա տրտունջը։

Իմ գիշեր, հավիտենական շշուկներից գողացված իմ շրշյուն։

Լսո՞ւմ ես։

Ես վայելք արարեցի քեզ համար, սեր իմ, ու երեխա արարեցի։

Արթնացրու ինձ, երբ մշուշի ամպը կիջնի շուրթերիդ վրա, և կմերկանա լուսաբացը լեռների գրկում։

Արթնացրու ինձ հետո…

 

(շարունակելի)

Գլուխ 1 (կարդացեք այստեղ)

Գլուխ 2 (կարդացեք այստեղ)

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930