Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Հուլիս 13,2019 22:02

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ

Գլուխ 1

Գլուխ 2

Գլուխ 3

Գլուխ 4

ԳԼՈՒԽ 5

Պատերազմը մարդ է

Ես կարծում եմ, մարդկանց երկիրը հոգնել է մարդկանցից։

Եթե քաղաքակրթությունն ունի պատմական էջեր, որոնք բանականությամբ ու գրչով են վավերացված, ապա պատմական հիշողություն ունի նաև հողը։

Մարդուց խլեք իր հացը, և հողի փոշուց արարված հողեղենը կայլակերպվի։ Նրա բանականության մեջ գլուխ կբարձրացնեն զարհուրելի մղձավանջներ, որոնք խելագարության դաշտեր կհերկեն։ Կասկածելի կամ անիրական կդառնան վաղվա օրը, վաղվա երեխան, վաղվա սերունդը։ Եվ եթե բանական արարածը հաց է խլում իր նմանից առատության մեջ, ապա ի՞նչ կերկնի նրա բանականությունը հետո՛, և չարության ի՞նչ հողմեր կբարձրացնի նրա հացկարոտ թշվառությունը։ Հարկավ, քաղաքակրթությունն ունի պատմական էջեր, որոնցից կենաց հյութն է ծորում։ Իր գոյության բոլոր ժամանակներում մարդն արյուն է թափել, իսկ հողը խմել է երբևէ բոլոր ժամանակների արյունը՝ ցորեն վերադարձնելով։

Այս ճշմարտությունն անխուսափելիորեն երկնում է մեկ այլ իսկություն։ Անցյալում առկա եղերական եղելությունները մնում են արհամարհված, քանզի ներկան ևս ծնում է ցեղասպանություն, սպիտակ ջարդ, ոճիր։ Ուստի և, քանի դեռ մարդը չի ապրում Արարչագործության բարոյական կոդեքսով, նա կշարունակի գոյամարտել, իսկ հոգևոր հաց մերժողն ընդմիշտ աղքատ կմնա մի փոր հացի իր խրախճանքում։

Այո՛։ Ես կարծում եմ, մարդկանց երկիրը իսպառ հոգնել է իր որդիներից։ Այնինչ յուրաքանչյուր պտուղ, յուրաքանչյուր գարեհասկ ներծծված է հողի հիշողությամբ։

Եվ ահա, հիմա՛ է վկայության ժամը։ Հիմա մենք կթերթենք քաղաքակրթության մատյանն ու կմտաբերենք իրադարձություններ, որոնք առկա են պատմության ամոթալի էջերում և անխուսափելիորեն կապ ունեն այս գրքի հերոսների հետ։

20-րդ դար։ 1-ը նոյեմբերի, 1955 թվական։

Ամերիկայի Միացյալ Նահանգները լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ծավալում Հարավային Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում։ Նրանք փորձում են կանխել կոմունիստական վարակն ու դրա տարածումը։ Գաղափարների բախումը ծնում է քսանամյա պատերազմ, և հողը երկու միլիոն մարդու արյուն է ծծում։ Այս պատերազմի ընթացքում օգտագործվել են ռումբեր և պայթուցիկ, որն ընդհանուր հաշվով կազմում է 14 միլիոն տոննա։ Պաշտոնական մասին անդրադառնալով՝ հարկ է նշել, որ հակամարտող կողմերն էին Հյուսիսային Վիետնամն ու Հարավայինը։ Հյուսիսային Վիետնամին սատարում էին Խորհրդային միությունը, Չինաստանն ու կոմունիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող այլ դաշնակիցներ։ Իսկ Հարավային Վիետնամին ռազմական ուժ և տեխնիկա էին տրամադրում Ամերիկան, Ավստրալիան, Թայլանդը։

Մարդկությունը միշտ էլ պառակտվել է գաղափարների պատճառով, իսկ մատաղացու գառան արյունը միշտ էլ մտքի աղբյուրից է սկզբնավորվել։

Գիշեր։

Դու նախապես չգիտես, թե արյունարբու վիետնամցին ինչ կհորինի այսօր, դու չես կարող ենթադրել, թե քո ընկերներից քանիսը կմնան խրամատում՝ ընդմիշտ կորցնելով խոսելու ունակությունը։ Վիետնամցին չունի կատարյալ զենք ու զինամթերք, բայց նա անպարտելի է ոգով, քաջությամբ և հայրենի հողը պաշտպանելու իր վճռականությամբ։ Դու սպանում, ոչնչացնում և հրկիզում ես հրամանով, բայց քո զինվորը երբեք չի կռվի կին ու երեխա պաշտպանողի զորությամբ։ Դու ներխուժում ես՝ ոտնահարելով նրա ապրելու իրավունքը, նշանառության տակ առնելով մանկահասակ կույսեր, ռումբի մեկ պայթյունով մեկ բնակավայր ոչնչացնելով, իսկ վիետնամցին յուր ինքնագործ դանակի շեղբով, ընդամենը մեկ գիշերվա ընթացքում հատում է բյուր կոկորդներ՝ վրիժառության իր խրախճանքն իրականացնելով հենց քո՛ բլինդաժում։ Նա նախապես գիտի, որ քեզ ի վերջո խելագարության կհասցնեն խավարչտին գիշերները և խաղում է հմտորեն՝ մարդկային քո թուլությունները թիրախ դարձնելով։

Եվ հիմա, մինչև ոսկորները թափանցող խոնավությունից տանջվելով և զենքի վրա աղոթելով՝ իր հերթական գիշերն էր դիմակայում կապիտան Ալեքսանդր Գոմեսը։

Մի պահ թողնենք այս իրականությունը, խրամատում թողնենք Ալեքսանդր Գոմեսին ու մտաբերենք իրադարձություններ, որոնք ծավալվում էին 1955 թվականի ուշ աշնանը՝ Նյու Յորք քաղաքում։ Ռազմաքաղաքական քարոզչությունն այլևս իրականություն էր դեռևս տարեսկզբից, և հասարակությունն ապրում էր հակակոմունիստական գաղափարներով, որոնք շեշտում էին առաջիկա պատերազմի կարևորությունը։

Ցանկացած պետության հիմքում բռնատիրությունն է, քանզի չկա կատարյալ իշխանություն, իսկ մարդիկ պառակտված են մտածողությամբ։ Այլախոհ ազատամիտները գլխացավանք են. եղել են ու կլինեն։ Այնինչ գերխնդիրը հնարավորինս ձույլ ժողովուրդ ունենալն է։ Ցանկացած պետություն հետամուտ է ա՛յս նպատակին, և ցանկացած իշխանություն փորձում է կոծկել բռնատիրություն կոչվածը՝ ժողովրդավարության պատրանք ստեղծելով։ Իհարկե՛։ Հավատը սկզբնավորվում է համոզմունքներից, ուստի անհրաժեշտ են համոզմունք ձևավորող այնպիսի գաղափարներ, որոնք մեկ ընդհանուր մտքի շուրջ կհամախմբեն մեծամասնությանը, որպեսզի նրանք հավատան, թե պետությունն առաջնորդվում է ժողովրդի՛ կամքով։

Ցանկացած պետություն կայանում է՝ իր իշխանությունն իբրև հավատի երաշխիք ներկայացնելով։ Այնինչ պարտվում է մարդը՝ բնավ չհասկանալով, որ պետությունն իրականացնում է մտքի ջարդարարություն, իսկ դրա պտուղները չափազանց դառը կարող են լինել հետո՛։

Եվ այսպես, 1955 թվականն էր։

Ամերիկայի քաղաքացիները տեսնում էին պատերազմն իրենց կացարաններից դուրս, հեռավոր այլ իրականության մեջ, իսկ անվտանգավոր գոյության կարծեցյալ երաշխիքը հեշտ հաղթանակի պատրանք էր ստեղծում։ Հայրենիքի շահն էր կարևորվում ամենուրեք, իսկ ռադիոն, մամուլն ու հեռուստատեսությունը ծառայում էին հենց ա՛յս նպատակին՝ բանականության սերուցք մթերելով։ Հասարակությունն արդեն իսկ ուներ պատերազմ ընդունելու և գոյամարտ մղելու պատրաստակամություն։ Բայց հետո կգան այլ ժամանակներ, և իրականությունը կներկայանա մերկանդամ ու խեղճ, կճանաչվի ա՛յլ մոտեցումներով, և քաղաքացին ճշմարտությո՛ւն կբացահայտի։ Քսանամյա պատերազմը տղամարդու սով կծնի Ամերիկայի քաղաքներում, իսկ որդեկորույս մայրերը սգո գլխաշոր կկրեն։ Վաղը ա՛յլ ապագա կլինի, սակայն անփոփոխ կմնան բիրտ ուժն ու գաղափարները, որոնք ցանկացած պետության ողնաշարն են այսօր և վաղվա ապագայում։

Ալեքսանդր Գոմեսն ապրում էր հաղթանակի հավատով, իսկ Թերեզա Էնդերսոնը հավատում էր Աստծուն։ Նրանք միավորված էին անորոշ սպասման մեջ և վիճաբանում էին հաճախ՝ հակընդդեմ բևեռներում սառչող ճշմարտություններ վկայելով։ Միքայելն էր այս իրականության կատարյալ լույսը, քանզի տարաձայնություններն արժեզրկվում էին երեխայի լացով, իսկ հաշտության համբույրները օրորոցի մոտ էին կայանում։

Ալեքսանդր Գոմեսը մեկն էր նրանցից, ովքեր ռազմաճակատ մեկնելու հրաման ստացան բուն պատերազմից դեռ շատ առաջ։ Կազմավորվում էին զորամիավորումներ, որոնք լայնամասշտաբ գործողություններ պիտի իրականացնեին Վիետնամի տարածքում՝ կանխելով Խորհրդային միության առաջխաղացումը։

Հրաժեշտի երեկո։

Նրանք լռում էին ապագան։

Թերեզա Էնդերսոնը կորցրել էր բառեր, իսկ աղոթքը չէր կազմավորվում։

Առաջին զորամիավորումները հեռանում էին՝ իրենց հետ տանելով տանը մնացողների ուրախությունը, քանզի կար մեկ համընդհանուր համոզմունք, թե առճակատումը լինելու է կարճատև, իսկ լավագույն տղերքը վերադառնալու են շուտով։ Մարդիկ գնում էին օդանավակայան, և ծաղկեփունջ էր դրվում հայրենասիրական պարտքի վրա, իսկ նվագախումբը խրախուսում էր տոնական տրամադրություններ։ Անգամ գտնվում էին մարդիկ, ովքեր շամպայն էին պայթեցնում՝ փրփրադեզ հեղուկի շիթն ուղղելով ամերիկյան բանակի օդուժը ներկայացնող փառավոր կործանիչների վրա։

Թերեզա Գոմեսն ապրում էր սիրո և տանջանքի օրեր, քանզի տառապում էր երկվության մեջ՝ խորապես ատելով բռնադատ իրականությունն ու ամուսնուց բաժան կյանք տեսնելու պարտադրանքը։ Նա օդանավակայան էր գնացել մանկասայլակով։ Եղան պահեր, երբ երեխան չէր հանգստանում ոչ մի կերպ ու չէր հրաժարվում թերևս արտասովոր իր բղավոցներից։

Միքայելի լացը մարգարեության պես էր…

– Վերցրու երեխային,- ասաց Ալեքսանդր Գոմեսը՝ Թերեզայի ճակատը համբուրելով,- կօրորես, ու կհանգստանա ձեռքերիդ մեջ։

– Այո… Թերևս…

– Տխրելու կարիք չկա,- խոսքն առաջ տարավ կապիտանը,- Ամերիկան է մոլորակի ամենահզոր պետությունը։ Ապա, ուրեմն, մեզ ինչո՞վ են դիմակայելու ինչ-որ վիետնամցիներ և ինչպե՞ս են դիմադրելու։

– Պահպանիր քեզ, Ալեքսանդր,- ծուռ ժպիտ սարքելով՝ պատասխանեց Թերեզան։- Աստված կօրհնի քո տունդարձը։ Դժվար օրեր ես ունենալու, բայց հիշիր, որ ես քո վերադարձն եմ աղերսում Ամենակարողից։ Քանզի Նրա՛ ձեռքերում է մեր սիրո փորձությունը։

– Շարվե՛լ։ Հրաժեշտն ավարտված է։

Այս իրականության սերմը արդեն իսկ եղել էր գալարապտույտ ժամանակի մեջ, և պատմության հետնախորշերը բյուր վկայություններ ունեին։ Քանզի հրամանների հատընտիր է Քաղաքակրթության մատյանը, իսկ պարտադրանքն առկա է բոլոր մեծագույն անմտությունների և բովանդակ գլուխգործոցների մեջ։

– Դե, մնաս բարով… Տեղ հասնելուն պես կուղարկեմ հասցես ու խնամքով կշարադրեմ մեր հաղթանակների տարեգրությունը։

– Ալեքսանդր,- ամուսնուն գրկելով՝ շշնջաց Թերեզան,- ճակատագիր գոյություն չունի, հիշի՛ր սա։ Ուստի չթուլանաս հանկարծ՝ իրադարձությունների մեջ վերին առաջնորդություն տեսնելով։ Ահա չեմ արտասվում, քանզի կենդանի մարդը ուրախության համար է։

– Արագացրե՛ք։ Կապիտան, քեզ հետ եմ,- որոտաց գեներալը՝ բարձրախոսն իբրև հաղորդակցության միջոց օգտագործելով,- տասը րոպեից մեկնում ենք։

Ալեքսանդրն արդեն իսկ պոկվել էր Թերեզայից, բայց շրջվեց հանկարծ, քանզի չկան լիարժեք բաժանումներ, իսկ հրաժեշտը բաց թողնված բառեր ունի մշտապես։

– Միքայե՛լը կլինի տան տղամարդը,- ասաց կապիտանը,- մեծացրու նրան և հիշիր, թե ինչ ենք խոստացել Գասպար Սուրենյանցին։

– Իհարկե, Ալեքսանդր, իհարկե…

Եվ Թերեզան սրբեց արտասուքը, որ երկնագույն էր և անկրկնելի ցոլք էր խլել նրա աչքերից։

 

Մինչև ոսկորները թափանցող խոնավությունից տանջվելով և զենքի վրա աղոթելով, իր հերթական գիշերն էր դիմակայում կապիտան Ալեքսանդր Գոմեսը։

Աչքերում անեծք կար, իսկ կոպերը այտուցվել էին անքուն տանջանքից։ Յուրաքանչյուր շշուկ, յուրաքանչյուր շրշյուն հղի էր վտանգով։ Այստեղ ոտք դնելու օրվանից նա լռություն չէր լսել երբեք։

Մոտերքում, ինչ-որ տեղ, ծխում էր շարքային Ֆրենկը։ Գլանակի կրակը չէր երևում. աննշան կայծն իսկ կարող էր թիրախ դարձնել զգուշության կանոններ անտեսողին։ Ուստի խստագույնս արգելված էր մթության մեջ վառիչ օգտագործելը, բայց զինվորներից շատերը, այնուամենայնիվ, մարիխուանա էին ծխում՝ դեմքը գլխարկի մեջ թաքցնելով։ Այդպես նրանք ընկճում էին սիրտ սառեցնող սարսափն ու բանականության մեջ թմրելով՝ փորձում էին խուսափել տեսիլածին մղձավանջներից։

Երրորդ տարվա վերջին օրերն էին։ Իհարկե՛։ Ալեքսանդր Գոմեսը չգիտեր և չէր կարող ենթադրել, որ պատերազմն այստեղ կմոլեգնի ևս տասնվեց տարի, և խրամատում ներկա իր ընկերներից ոչ ոք չի վերադառնա այլևս։

– Ծերուկ, հո չե՞ս քնել։

Ֆրենկը ծխել էր իր գլանակն ու հիմա խոսելու անդիմադրելի ցանկություն ուներ։

– Սո՛ւս։

Ալեքսանդրը գիտեր, որ իր հատու հրամանը կմոռացվի ակնթարթներ անց։ Խելա՜ռ, երիտասարդ զինվորիկներ… Մահվան սարսափն ամեն օր աչքի առջև ունենալով, նրանք շուտով վարժվում էին կյանքի հետ խաղալու անբնական հոգեվիճակին՝ երբեմն ուրիշներին էլ դրա մեջ ներքաշելով։ Այդպես էլ եղավ։ Ֆրենկը սսկվեց մի փոքր, ապա ծիծաղեց կամացուկ.

– Վախենո՞ւմ ես։

– Լռի՛ր, գրողը քեզ տանի։ Ծպտո՛ւնդ չլսեմ։

– Հի՜, հի՜, հի՜… Բայց ես քեզանից չեմ վախենում, կապիտան։

Ինչ-որ մեկը հրթիռ արձակեց խրամատից՝ տարածքը լուսավորելու նպատակով։ Հետո՝ երկրորդը, երրորդը… Սա արվում էր հավանական թշնամուն հայտնաբերելու նպատակով, բայց և եղել էին դեպքեր, երբ առաջին իսկ հրթիռից հետո մարտեր էին ծավալվել։ Այլ խոսքով, երկնքում ֆշշացող պայծառ լույսի առկայությունը քաոս կարող էր նախանշել։

Գիշերային հավքը կռնչաց հեռվում, սակայն ոչ ոք վստահաբար չէր կարող ասել. թռչո՞ւն էր, թե՞ մարդու կոկորդով տրված ազդանշան։

Կուզեկուզ մոտեցավ շարքային Ջեյմսը։

– Պարոն կապիտան,- շուրթերն Ալեքսանդրի ականջին մոտեցնելով՝ շշնջաց զինվորը,- ռադիոկապը խափանվել է։

– Ինչո՞ւ։ Ի՞նչ վարկածներ ունեք։

Մի ակնթարթ Ջեյմսը լռում էր՝ հարցը կշռադատելով։

– Վարկածներ չկան, պարոն կապիտան։

– Մարտկոցները ստուգե՛ք։ Մտեք բլինդաժ, տեսեք ինչ եք անում, բայց լուսաքողարկման մասին չմոռանաք։

– Լսո՛ւմ եմ։

Նա հեռացավ կուզեկուզ, ինչպես որ եկել էր, իսկ Ֆրենկը դարձյալ մեջ ընկավ։

– Անկապ վիճակում ենք հայտնվել։ Հի՜, հի՜, հի՜…

– Եթե շարունակես հիմարություններդ, առավոտյան կուղարկեմ հետախուզության։ Գնալդ կլինի, գալդ չի լինի, հասկացա՞ր, հաստագլուխ։

Այս սպառնալիքը կարծես դրական ազդեցություն ունեցավ։

– Դե լավ, պարոն կապիտան, մի բան էր՝ ասեցի։

– Ուրեմն լռի՛ր, աչքերդ չորս արա, ականջներդ սրիր ու գլուխս չտանես։

– Ճիշտ այդպե՛ս։

– Զենքդ ո՞ւր է։

– Հանգիստ եղեք, պարոն կապիտան, ոտքերիս արանքում պատրաստ պահում եմ։

– Ձեռքդ վերցրու, դմբո՛։

Խրամատի պռնկին մոտենալով՝ Ալեքսանդրը բիբերով ձուլվեց խավարին։ Ոչ մի շարժում, ոչ մի շշուկ։ Քամին էր սվսվում տերևների մեջ, իսկ անիծյալ խոնավությունը սողոսկում, սողոսկում ու սողոսկում էր հնարավոր բոլոր ճեղքերից՝ թոքաբորբ նախանշելով։ Ապա սկսվեցին տանջալից սպասման ժամեր, և Ալեքսանդր Գոմեսը սրտի ցավ ունեցավ։ Կրծքի տակ կարոտն էր բաբախում։ Նա գիտեր ու հստակ գիտեր, որ իր էության ինչ-որ մասը մնացել է այնտեղ, ուր կար օրորոց, երեխա և սիրող կին։ Նա մտաբերում էր աշնան այն առավոտը, երբ ընկերներով շամպայն էին խմում Գասպար Սուրենյանցի տանը՝ զոհվածի հիշատակը հարգելով։ Այո. շամպայնո՛վ հարգեցին բացակա ընկերոջ ներկայությունը, քանզի այդ օջախում եղել էր սեր, և այդ սերը երեխա էր արարել։ Միքայելը մուշ-մուշ քնած էր օրորոցում, իսկ Թերեզան լռում էր՝ ստեպ-ստեպ սրբելով ցավոտ ուրախության իր արցունքները։

– Լցրեք, լցրեք բաժակները։- Գնդապետ Ալբերտ Կորրենտին կանգնած էր բաց գլխով, գլխարկը ձախ ձեռքում, շքերթ ղեկավարող առաջնորդի կեցվածքով։- Կյանքը շարունակվում է,- բաժակ բարձրացնելով՝ շարունակեց գնդապետը։- Ես հիշում եմ այն օրը, երբ Գասպարն ու Կատարինեն եկեղեցի գնացին։ Ինքս չեմ հավատում Աստծուն, իմ հավատը մարդն է ու Հայրենիքը, բայց հանուն ընկերոջ մտա աղոթողների տունն ու ներկա էի ողջ արարողության ընթացքում։ Չգիտե՛մ։ Քահանան օրհնեց նրանց ամուսնությունը՝ երկար և համատեղ օրեր ցանկանալով, բայց մի՞թե սրան են արժանանում օրհնված և միմյանց սիրող մարդիկ։ Ոչ, սիրելիներ, ո՛չ։ Երկնքին առնչվող բաներից ոչինչ չեմ հասկանում, բայց և չեմ գտնում եկեղեցի գնալու և քահանայի առջև կանգնելու իմաստը։ Նրանք մեկ մարմին էին իրենց սիրո մեջ ու ապրում էին միմյանց երկրպագելով։ Ապա ի՞նչ կա սրանից առավել, և մի՞թե Աստված չէր լսում հավիտյանս անբաժան լինելու նրանց երդումը։ Խնդրում եմ, ապրեք այս ճշմարտության հետ։ Հարազատ մարդկանց հիշատակը սրտում պահելը օգնում է, որ մարդ մնանք ինքներս։ Խմե՛նք։

Հետո արթնացավ Միքայելը, և նրա լացն ու քմահաճույքը մեկ այլ իրականություն բերեցին։

– Բայց Աստված երբեմն լրացնում է մարդկանց պակասող երջանկությունը երբեք չսպասված ինչ-որ բանով։ Ալեքսանդր, դու հավատո՞ւմ ես սրան։

Կապիտան Հենրի Լեսսինգը խոսում էր անհողդողդ, թերևս փիլիսոփայական հանգստությամբ։ Բրոնզաձույլ նրա դեմքը զգացմունք չէր արտահայտում, և ընդամենը փոքրիկ մի մկանիկ դավադրաբար ջղաձգվում էր աջ աչքի անկյունում։ Այս մարդը լուծում էր օրենքին վերաբերող բոլոր հարցերը՝ օրենքով, սակայն խղճին թողնված խնդիրները միշտ էլ կարգավորում էր ի շահ զինվորների։

– Հավատի հարցում գիտակը կինս է, Թերեզան, թերևս նա գիտի ճիշտ պատասխանը։

– Ի՞նչ կասեք, Թերեզա,- երեխայի հետ խաղացող կնոջը դիմելով՝ շարունակեց Լեսսինգը։- Եթե պարգև է երջանկությունն ու տրվում է ի վերուստ, ապա ինչպե՞ս հասկանանք և ի՞նչ տրամաբանությամբ ընդունենք վշտառատ իրականությունը, որ հետապնդում է կրնկակոխ՝ որևէ խտրականություն բացառելով։

– Մարդը չի կարող ըմբռնել Վերին իմաստության խորհուրդը,- պատասխանեց Թերեզան,- չի կարող դատել իր Ստեղծիչին։

– Եկեք հրաժարվենք ծանր մտքերից։- Գնդապետը բաժակներն էր լցնում։- Հարկ է, որ կարևորենք այսօրվա ուրախությունը, քանզի պստիկ Միքայելը հրաշալի ծնողներ կունենա։ Ալեքսանդրի հետ կյանք ենք կիսում անհիշելի ժամանակներից, իսկ Թերեզան քայլող առաքինություն է։ Մենք այստեղ ենք հիմա և ձեր կողքին կլինենք ապագայում։ Լսո՞ւմ ես, Ալեքսանդր։ Դուք հրաշալի որոշում եք կայացրել։ Պահպանեք Միքայելին ձեր սիրո՛ և ձեր հոգատարությա՛ն մեջ։ Ահա այսպես կարող է հարատևել լավագույն ընկերոջ հիշատակը։ Սիրում էի Կատարինեին հայրաբար։ Նա գեղեցկության շողն էր երկրի վրա։ Ափսոս…

– Շնորհակալ եմ,- գնդապետի ուսերը գրկելով՝ պատասխանեց կապիտան Գոմեսը։- Վաղը պատերազմ է լինելու։ Եկեք խմենք միմյանց չկորցնելո՛ւ համար։

– Խմեցինք…

Եվ զրնգացին շամպայնով լեցուն բաժակները, և բյուրեղապակյա թրթիռներ փշրվեցին։

– Ի՜նչ անուշիկն է,- երեխային մատնացույց անելով՝ բացականչեց Ավրորան, գնդապետ Կորրենտիի կինը,- հապա նայեք։

– Սա իմ հրաշքն է,- երեխային գրկելով՝ պատասխանեց Թերեզան։

Ապա ծավալվեցին իրադարձություններ, որոնք նոր էջ բացեցին կապիտան Գոմեսի կնոջ կյանքում։ Ալեքսանդրը հիշում էր, և լավ էր հիշում այն ակնթարթը, երբ մարդիկ դուրս եկան Սուրենյանցի տնից, իսկ հետո շրխկաց բնակարանի դուռն ու փակվեց հանկարծ։ Անլեզու առարկան խոսեց՝ վկայելով չափազանց պարզ և սրտաճմլիկ ճշմարտություն։

Թերեզան զարդարել էր մանկասենյակը փուչիկներով։ Ամեն տեղ մաքուր էր, տունը շողում էր մաքրության փայլով։

– Սա մե՛ր երեխան է,- ամուսնուն գրկելով՝ շշնջաց Թերեզան։ Ապա, ծունկի իջնելով՝ սկսեց աղոթել։

«Իսկ հիմա ի՞նչ են անում նրանք։- Խոհերի մեջ խորասուզված՝ կապիտանը զգում էր, որ կորցնում է զգոնությունը, սակայն ցանկալին հաղթում էր այնուամենայնիվ՝ գաղջ իրականության անեծքը լռեցնելով։- Երևի քնած են։ Իհարկե՛։ Երանի ես էլ այնտեղ լինեի։ Ատում եմ մարդկանց, որովհետև պատերազմը մարդ է։ Ատում եմ բոլոր նրանց, ովքեր մարդկային թուլություն կամ արատ են ծաղրում։ Փոքրոգի՛ արարածներ։ Նրանք բոլորը կյանքի դերասաններ են ու փորձում են խցկվել քո սիրո, քո անուրջների և կամ նպատակների մեջ՝ բարեկամ ձևանալով»։

Կրակի նուրբ մի լեզվակ պսպղաց խրամատի անկյունում։ Ինչ-որ մեկը փորձում էր ծխել։ Դրան հաջորդեց վիետնամցի դիպուկահարի ակնթարթային պատասխանը։ Կրակոցն առանձնահատուկ հնչեղ էր գիշերվա լռության մեջ։ Խելահար բյուր թռչուններ պոկվեցին ծառերից, սլացան երկինքն ի վեր։ Նրանք ճախրում էին՝ աղեկտուր ծղրտալով, իրենց հետ երկինք տանելով գնդակահարված զինվորի ճիչը, որն ընդամենը կարճ, կոկորդալի հառաչանք էր։

Վիետնամցի դիպուկահարները սովորաբար դիրքավորվում էին թերևս անանցանելի ջունգլիներում, իսկ Ամերիկայի զինված ուժերը ճանապարհ էին բացում բուլդոզերներով կամ այրում՝ հողին էին հավասարեցնում հազարամյա անտառներ՝ ֆուգասային ռումբեր օգտագործելով։ Այդպես նրանք գտնում և ոչնչացնում էին թաքստոցներ, որոնք չափազանց շատ էին ու առանձնահատուկ կարևորություն ունեին պարտիզանական պայքարում։

«Տեսնես՝ ո՞վ էր։- Ալեքսանդրը փորձում էր հիշել իր մարտիկների դասավորությունը, բայց զինվորները սովորաբար չէին մնում դիրքերում, այլ տեղաշարժվում էին կիլոմետրանոց խրամատով՝ միմյանց ինչ-որ բան փոխանցելու համար, մի փոքր զրուցելու կամ էլ ձանձրույթ փարատելու համար։- Եվ ի՞նչ կարող եմ ես անել,- մտածում էր կապիտանը։- Սա առաջին դեպքը չի։ Մերոնք ծխում են՝ մարմնի թուլությանը ենթարկվելով, իսկ ջունգլիներում կատարյալ խավար է։ Կաղնիների կատարներին դիրքավորված դիպուկահարները երբեք ոչ մի բանով չեն մատնում իրենց ներկայությունը։ Բայց չէ՞ որ նրանք էլ մարդ են՝ մարդկային թուլություններով։ Սակայն նրանք ունեն ոգի, որն ընկճելն անհնար է։ Կարծում եմ, այս երկրում հաղթանակ կարող է լինել ողջ ազգաբնակչությունը բնաջնջելու դեպքում, քանզի յուրաքանչյուր ոք այստեղ ռազմիկ է։ Այո, նրանք իսկապես սիրում են իրենց երկիրը, որտեղ սովն ու թշվառությունն են բարգավաճում։ Ապա, ուրեմն, իրենց երկրի ի՞նչն են նրանք սիրում»։

– Պարոն կապիտան։

– Ո՞վ ես, ներկայացի՛ր։

– Շարքային Մորոզով։

– Ի՞նչ կա։

– Տարօրինակ բան է կատարվում։ Ռադիոկապն ընդհատված է, բայց մեր բոլոր սարքավորումներն անթերի վիճակում են։

– Վստա՞հ ես։

– Ճիշտ այդպես։

– Հիմա ոչինչ չենք կարող անել այս խավարում։ Մի երկու ժամից արևը կբարձրանա։ Մեր ուղղաթիռներն այստեղ կլինեն լույսը բացվելուն պես։ Հակառակ դեպքում՝ ինքներս մարդ կուղարկենք թիկունք։ Հաղորդիր ընկերներիդ, որ զգոն լինեն։ Սա այն ժամն է, երբ քունը հաղթում է մարդուն։

– Լսո՛ւմ եմ։

«Եվ ինչպե՞ս հավատամ ես քեզ, երբ արդեն մի անգամ դավաճանել ես ձերոնց՝ թողնելով ռուսական վաշտը։ Սակայն…- Ալեքսանդրը տարակուսանքի մեջ էր։- Իսկապես տարօրինակ է։ Հը՜մ։ Տեսնե՛նք…»։

Եվ ապա, սուր ճարճատյունով խոսեց գնդացիրն, ու գլխատվեց անձայնությունը։ Դրան միացան այլ զենքեր։ Խավարում բզզացող գնդակները թռչում էին պայծառ հետագծով։ Խրամատ ընկան առաջին նռնակները՝ քաոս և վայնասուն արարելով։

«Բայց չէ՞ որ շեշտակի այս գրոհը ծավալվում է թիկունքից։- Ալեքսանդր Գոմեսը ապշել էր։- Մի՞թե…»։

Համանման մեկ այլ գրոհ հասունացավ հակընդդեմ դիրքերից, և խրամատում ծպտյալ զինվորները երկու մասի բաժանվեցին։ Երկկողմանի կրակը թափ էր հավաքում՝ ոչնչացնելով փախուստի ճանապարհ չունեցող մարդկանց։ Սակայն գոռում-գոչյունների, խուռն աղաղակների մեջ վիետնամերեն բառ իսկ չէր հնչում։ Խրամատից ծավալվող հակահարվածը մարում էր հետզհետե, իսկ դրսից թափվող կրակն անհամեմատ թեժ էր։

– Տղե՛րք,- որոտաց Ալեքսանդր Գոմեսը,- կռվում ենք մինչև վերջ։ Հանուն մեր երկրի՛, հանուն մեր պետությա՛ն, հանուն մերձավորների՛… Կռվո՛ւմ ենք… Մենք ուժե՛ղ ենք մահից…

Իսկ հետո, գաճաճ վիետնամցիների հեղեղը լցրեց խրամատը։ Մարդիկ բզկտում էին միմյանց անհավասար ձեռնամարտում, իսկ կտրված կոկորդներից ցայտող արյունը հոսում էր՝ ոտնակոխան հողի վրա ճապաղելով։

– Տեղիցդ չշարժվե՛ս։

Ալեքսանդր Գոմեսը չէր կարող տեսնել ետևում կանգնած մարդուն, բայց հոտից դատելով՝ վիետնամցի էր անշուշտ։ Դաշույնի շեղբը մահ էր սպառնում՝ կոկորդի աննշան կտրվածքը խորացնելով։ Ծնկները ծալվեցին շեշտակի հարվածից, և գիտակցությունը կորցնող կապիտանը թավալվեց ուժակորույս՝ հանկարծ հասկանալով, որ կյանքը կարող է և չշարունակվել։

 

(շարունակելի)

Սմբատ Բունիաթյան

 «Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031