Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է աստծո նման (վիպակ)

Օգոստոս 03,2019 10:55

Սկիզբը՝ այստեղ․ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7

ԳԼՈՒԽ 8

Երբ այցելում են հրեշտակները

Հիշարժան այս հանդիպումն ընդմիշտ կմնա Միքայել Գոմեսի հիշողության մեջ։ Չորս տարեկան երեխան կունենա բացահայտումներ, որոնք կհեղաշրջեն նրա ներաշխարհը՝ ծնելով իրարամերժ ցանկություններ, ծնելով խաբեություն ու վախ։ Հետագա ողջ կյանքում գլուխ կբարձրացնեն տտիպ կամ մածուցիկ զգացողություններ, որոնք եղել են հուշերի նստվածքում և կան, քանզի գոյության իրենց իրավունքն են նվաճել անսեր սիրո օրորոցում։

Ալեքսանդր Գոմեսի բացակայության չորրորդ տարին էր։ Մեզ քաջածանոթ զբոսայգում էին հավաքվել երեխամայրեր և նրանք, ըստ սովորության, խաղաղ զրուցում էին։ Թերևս տարեկիցներ էին, բացառությամբ՝ հիսունն անց մի կնոջ, որն իր թոռանն էր խնամում։

– Ինքս դեռ երիտասարդ եմ,- հաճախ էր շեշտում Մերի Ռոբինսոնը,- բայց կրկին ապրում եմ երեխա մեծացնելու հոգսով։ Մեր զավակներն ամուսնանում են, իսկ մենք տատ ու պապ ենք դառնում ակամա։ Ահա տղայիս որդին, Բենյամինը։ Նրան խնամում եմ առանձնահատուկ գորովանքով։

– Մենք դեռ չգիտենք, թե կնոջ սրտում ինչ զգացմունքներ են արթնացնում թոռները,- զրույցին միացավ Ավգուստա Մայերը,- բայց ես կարծում եմ շատ անուշ մի բան կա քո զավակի տղային կամ աղջկան խնամելու մեջ։

Ավգուստան կարմրահեր, պեպենոտ, մեծ բերանով և խաժ աչքերով գեղեցկուհի էր։ Նա ուներ կանացի արտասովոր հմայք, իսկ գեղեցկության չափանիշներ բացառող նրա արտաքինն առավել գրավիչ էր դառնում խիստ ընդգծված անհատականությամբ։  Չնայած տարիքային տարբերությանը, Ավգուստան և Մերի Ռոբինսոնը մեծ բարեկամություն էին սկսել, քանզի հիսունն անց կինը իսկապես ջահել էր երիտասարդական իր ավյունով, չէր կեղծում, չէր սեթևեթում, այլ հաճելի էր նախ և առաջ անբռնազբոս պահվածքով ու անկեղծությամբ։

– Եկեք մի հետաքրքիր միջոցառում կազմակերպենք, ի՞նչ կասեք։ Անձամբ ես փող չեմ խնայում Արամիկիս կյանքն ուրախության առիթներով լցնելու համար։

Այս առաջարկի հեղինակը Աստղիկ Ադամյանն էր, բարետես, բարեհամբույր, սև աչք-ունքով հայուհի։

– Իհարկե, երեխան պիտի շփվի տարեկիցների հետ, պիտի խաղա ու վայելի մանկության ակնթարթներ,- առաջարկին միացավ Իրինա Մալցևան։- Ես կարծում եմ, հեռուստատեսային խաղերը ծնում են մեկ այլ իրականություն, որն ապակողմնորոշում է մանկահասակ մարդուն։ Էլ չեմ ասում, որ կան խաղեր, որոնք սերմանում են բռնություն ու բանականությունն են ապականում։ Ուստի կենդանի շփումներից լավը չկա։- Իրինան սիրում էր երեկույթներ, որոնք ջերմանում էին գինով, մտերմությամբ և բարեկամ մարդկանց շնչով։- Հաճույքով կտրամադրեմ իմ բնակարանը։ Համեցեք։

– Իսկ Դո՞ւք ինչ կասեք,- Թերեզա, խոսքն առաջ տարավ Ավգուստան,- Դուք երբեք չեք մասնակցել մեր համատեղ հացկերույթներին։ Կուզենայինք Ձեզ ավելի լավ ճանաչել։ Կգա՞ք։

– Շնորհակալ եմ, Ավգուստա։ Ուրախ առիթներ ես էլ եմ սիրում, սակայն մոտենում եմ դրանց խիստ ընտրողաբար։

– Գիտենք, հարգելիս, գիտենք։- Մերի Ռոբինսոնը մեծ քրոջ վերաբերմունքով էր պատվում Թերեզային։- Նաև ասեմ, որ հարգում եմ Ձեր կրոնական սկզբունքները, թեև, ինչ մեղքս թաքցնեմ, կան բաներ, որոնք ես չեմ հասկանում։ Օրինակ՝ ինչ վատ բան կա երեխայի ծննդյան օրը հիշելու մեջ։ Չէ՞ որ տարեդարձ նշելով՝ մենք հավաստիացնում ենք մեր զավակներին, որ նրանց լույս աշխարհ գալը մեծագույն երջանկություն է, առանձնահատուկ իրադարձություն, որից բացվում են կյանքի ճանապարհներ ու հեռանկարներ։

– Կներեք, հարգելի Մերի, բայց մարդիկ այս կամ այն հարցին մոտենում են յուրովի։ Անձամբ ես գտնում եմ, որ մեր բոլոր արարքներն իրենց արտացոլանքն ունեն երկնքում։ Այսինքն, մարդը պետք է շարունակ կշռադատի և իմանա, թե Աստված ինչպես է վերաբերվում մեր գործողություններին։

– Ես ծնվել եմ հաստատուն ավանդույթներով երկրում, և իմ ժողովուրդը քրիստոնեություն է ընդունել պատմական այն ժամանակաշրջանում, երբ Քրիստոսի ուսմունքը սրով ու բռնությամբ էին տարածում,- զրույցին միացավ Աստղիկը։- Ի՞նչ եմ ուզում ասել։ Իմ ժողովուրդը շատ մոտ է կանգնած քրիստոնեության ակունքին, որովհետև Ուսմունքն ընդունել է Հիսուսի առաքյալներից. Թադեոսից, որ հայտնի է նաև Հուդա անունով, և Բարդուղիմեոսից, նույն ինքը՝ Նաթանայել։ Սակայն երեխայի ծնունդը մեզ մոտ էլ նշում են ճիշտ այնպես, ինչպես ողջ աշխարհում։ Ուսմունքը հակընդդեմ ճշմարտություններ չունի։

– Իհարկե չունի։- Թերեզան արտահայտվում էր մեղմ վրդովմունքով։- Պետք է առաջնորդվել Աստվածաշնչով, իսկ մարդիկ ավանդույթներին են հետևում։ Հիսուսն իր հետևորդներին չի պատգամել, որ նրանք օրեր զանազանեն և հատուկ կարևորություն տան հիշարժան տարեթվերին։

– Դուք ճիշտ եք, տիկին Թերեզա, Հիսուսն իրոք նման բան չի պատգամել։- Փքաբլիթից մանր-մանր պատառներ պոկելով՝ Ավգուստան կերակրում էր մե՛րթ Միքայելին, մե՛րթ իր Դիաննային։- Խնդրում եմ, մի նեղացեք, պարզապես զրուցում ենք։ Ես էլ իմ կարծիքն ասեմ։ Հիսուսի կյանքն ու գործերը քննելով, մենք տեսնում ենք, որ Աստծո որդին նաև չի խոսել այն մասին, որ տղամարդիկ, օրինակ՝ պետք է սափրվեն, կամ կանայք, օրինակ՝ պետք է լվանան իրենց ամուսինների գուլպաները։ Դրանք բոլորը հարցեր են, որոնք կապ չունեն քրիստոնեության հետ։ Ուսմունքը չի խլում մարդու ազատությունը։

– Համամիտ եմ,- խոսքն իր վրա վերցրեց Իրինան։- Կարծեմ՝ գրված է. «Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի»։ Չկան սահմանափակումներ՝ կապված ծնունդ կամ Ամանոր նշելու հետ։ Քրիստոնեական ուսմունքն ունի մե՛կ առաքելություն. Աստծո պատկերով ստեղծված մարդը կարող է մտերիմ լինել իր Ստեղծիչի հետ ներքին և արտաքին ազատությունների ներդաշնակությամբ։ Համամի՞տ եք, սիրելիներ։

– Դե լավ, լավ,- զրույցին միացավ Մերին,- եկեք չնեղացնենք մեր Թերեզային։ Ամեն մարդ թող շարժվի ի՛ր խղճի թելադրանքով։

– Շնորհակալ եմ, տիկին Մերի։ Ես բնավ չեմ նեղանում ու չեմ նեղվում։ Կարծիքների փոխանակությունն ինձ հաճելի է։ Եկեք մեր թեմային վերադառնանք։ Այսօր ի՞նչ առիթով եք հավաքվելու։

– Ոչ մի առիթ էլ չկա, սիրելի բարեկամ։ Մի շիշ հրաշալի, ռուսական օղի ունեմ, դրա համար էլ առաջարկում էի, որ մեր տանը հավաքվենք։ Այստե՛ղ արի, Նատաշա։ Մի րոպե, հիմա կգամ։- Չարաճճի աղջնակը մտել էր ցեխաջուրն ու մեծ հաճույքով դոփում էր՝ կրկնելով հանրահայտ այն սխրանքը, որն առկա է երբևէ բոլոր երեխաների խաղերում։ Նատաշկային կարգի հրավիրելով՝ Իրինան վերադարձավ։- Հիմա ի՞նչ եք ասում, խմո՞ւմ ենք օղին, թե՞ ոնց։

– Օղին անպայման կխմենք իհարկե։- Թերեզան ժպտում էր՝ թաքցնելով ներսում գլուխ բարձրացնող իր անհանգստությունն ու այս մարդկանց շրջապատում կշիռ ձեռք բերելու բուռն ցանկությունը։- Կուզենայի իմանաք, որ ես բնավ դեմ չեմ ուրախության առիթներին, և իմ Միքայելն էլ ճգնավորի կյանք չի վարում։ Եկեք այսօր ինձ մոտ հավաքվենք։

– Հիանալի առաջարկ։- Մոտենալով Թերեզային՝ Աստղիկը գրկեց նրան մտերմաբար։- Գուցե հենց սրանով էլ կդրվի մեր բարեկամության անկյունաքարը։

– Այո, այո,- զրույցին միացավ Ավգուստան։- Ի՞նչ կասես, Մերի։

– Սիրո՛վ։

– Իսկ դո՞ւ, Իրինա։

– Մեծամասնության որոշումը ընդունում եմ անխոս։ Ընդ որում, բոլորիդ էլ սիրում եմ։ Թող մնա իմ օղին, դրա հերթն էլ կգա։

– Հիմա կեսօր է,- Թերեզան ժամացույցին էր նայում,- չորս կամ հինգ ժամից ես պատրաստ կլինեմ։ Համեցեք երեկոյան։

Միքայել Գոմեսի կյանքում սա առաջին դեպքն էր, երբ նրան այցելելու էին չորս երեխա միաժամանակ։ Համատեղ զբոսանքները զբոսայգում կարճատև էին, թռուցիկ։ Ուստի և, նախկինում չէին եղել երկարատև խաղեր ու երկարատև փոխհարաբերություններ։ Թերեզան հեռու էր պահում Միքայելին և զատում էր նրան շրջապատից առանձնահատուկ մի պատճառով, որն ի հայտ կգա հետո, երբ երիտասարդ երեխամայրերն ու Մերի Ռոբինսոնը կհյուրընկալվեն Ալեքսանդր Գոմեսի տանը։

Սա կապիտան Գոմեսի բացակայության չորրորդ տարին էր։

«Իմ կրոնական համոզմունքները խրտնեցնում են մարդկանց,- մտածում էր Թերեզան,- բայց այսօր ես կապացուցեմ, որ ապրում եմ բարեկեցիկ, չեմ զրկում իմ երեխային, այլ շնորհում եմ նրան իմ լավագույնը՝ հագուստ, սննդամթերք, հոգատարություն… Հետո՞ ինչ, որ չեմ նշում Միքայելի ծննդյան օրը։ Սակայն դաստիարակում եմ՝ սերմանելով աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք հետագայում կապահովագրեն նրան։ Տղաները հեշտությամբ են սայթաքում, որովհետև աշխարհը չար է։ Աշխարհը դևերի իշխանության տակ է։ Բայց Աստծո խոսքն ու օրենքները բարձր են չարիքից։ Իհարկե՛։ Ես իմ երեխային լավագույն դաստիարակությունն եմ տալիս, իսկ նրանք չեն հասկանում։ Դե ի՞նչ. կապրենք՝ կտեսնենք»։

Հիմա հիշենք մեր հերոսներին։

Ավգուստա Մայերն ու նրա Դիաննան նվեր էին բերել Միքայելին. հեռակառավարվող մի մեքենա, որն ուներ գույնզգույն լույսեր և ոստիկանական շչակ։

– Դիաննա,- երեխայի գլուխը շոյելով՝ ասաց մայրը,- տուր նվերը քո նոր ընկերոջը։

– Օ՜յ, կարիք չկար, ի՞նչ նեղություն,- ոտ ու ձեռ ընկավ Թերեզան։- Սա շատ արժեքավոր խաղալիք է։ Ի՞նչ պիտի ասես, Միքայել։

Այնինչ Միքայելը շլացել էր։ Շատ զարմանալի և շատ արտասովոր մի բան էր տեղի ունեցել նրա կյանքում։ Մի՞թե աշխարհում նման հրաշքներ գոյություն ունեն։ Նա կանգնել էր ապշահար, թուքը բերանում չորացել էր և հայացքը չէր կարողանում կտրել առարկայից։

– Դե, վերցրու,- խրախուսեց Ավգուստան,- քո՛նն է։

Բայց Միքայելը հապաղում էր։ Ու հանկարծ, մոր փեշի ետևում թաքնվելով՝ սկսեց հեկեկալ։

Գայթակղությանն այլևս չդիմանալով, Դիաննան հատակին դրեց մեքենան և անջատիչը միացնելով՝ սկսեց հմտորեն կառավարել։ Վառվեցին, կայծկլտացին լույսերը, սենյակը լցվեց Նյու Յորքի փողոցներից անպակաս ազդանշաններով, իսկ մեքենան պոկվեց տեղից ու Միքայելի ոտքերին դեմ առնելով՝ կանգ առավ։

– Չեմ ուզո՜ւմ,- բղավեց Միքայելը, թեև դողում էր ողջ մարմնով։ Երեխայի ներսում բախվել էին արգելվածը վերցնելու վախն ու ծայրահեղ ցանկությունը՝ կեղծ պատասխան կորզելով մոր խրախուսանքն ակնկալող տղայից։ Իսկ Թերեզան լռում էր։

– Ներեցեք,- կարմրելով՝ թոթովեց Ավգուստան,- չգիտեի, որ Ձեր երեխան խաղալիք չի սիրում։

– Սիրո՜ւմ եմ,- կրկին բղավեց Միքայելն ու այլևս մոռանալով ողջ իրականությունն ու սենյակում հավաքվածների ներկայությունը՝ նստեց հատակին։

Մեքենա՜…

Ինքնակառավարվո՜ղ, գույնզգո՜ւյն, ձայնավոր շչակո՜վ…

– Միքայելս այսօր քեֆ չունի կարծես,- ինքն իրեն հավաքելով՝ արդարացավ Թերեզան,- երեխա է, ոչինչ, ուշադրություն մի դարձրեք, Ավգուստա։ Դիաննա, իմ անուշիկ, ինչ լավ է, որ մեր տուն ես եկել, քաղցրավենիք ունեմ քեզ համար։

Բայց հիմա էլ Դիաննան էր մտել մոր փեշի ետևն ու չէր ուզում դուրս գալ։ Իրավիճակն ակամա շտկեցին մյուս հյուրերը, որոնք պայմանավորվել էին նախապես ու եկան միաժամանակ։ Այստեղ ներկա կանանց երեխաներն արդեն ճանաչում էին միմյանց, հասցրել էին մերվել։ Բենյամինը՝ Մերի Ռոբինսոնի թոռը, մի տարով մեծ էր մյուսներից։ Տեսնելով Միքայելի ավտոմեքենան, նա ևս հմայվեց այդ խաղալիքով, հետո նրան միացան Աստղիկի Արամիկն ու Իրինայի Նատաշկան։ Վերջինս բերել էր իր անբաժան ընկերուհուն՝ երկարագուլպա Պեպպիին։ Հասկանալի է, որ այս վերջինը տիկնիկ էր, թեև տիկնիկները, հաճախ, շատ կենդանի ներկայություն ունեն աղջիկ երեխաների կյանքում։  Նրանցից յուրաքանչյուրը խաղալիք ուներ, և ինչպես լինում է նման դեպքերում՝ սեփական խաղալիքից ձանձրացած երեխան միշտ էլ ցանկանում է դիմացինի ձեռքում եղածը։ Այս պարագայում արագ են բացահայտվում եսասերներն ու միամիտները։ Եվ, ի վերջո, եսասերները խաղում են և՛ սեփական, և՛ ուրիշների խաղալիքներով, իսկ միամիտները, հարմարվելով, իրենց անուղղակի մասնակցությունն են ունենում խաղային իրադարձություններին։ Այստեղ ամենացանկալին Միքայելի ավտոմեքենան էր, իսկ Միքայելը չգիտեր, որ կյանքում երբևէ լինում են օրեր, երբ բազմաթիվ տարօրինակ խաղալիքներ հանկարծ հանդիպում են նույն ժամին և նույն տեղում։ Նրանք առանձնապես չէին աղմկում, չէին էլ կռվում։ Նպաստավոր այս հանգամանքը ծնողներին հնարավորություն ընձեռեց զբաղվելու իրենց մտերմությունն ամրապնդելու գործով, իսկ ցանկացած մտերմություն ենթադրում է համատեղ հացկերույթ ու հաճելի զրույցներ, որոնք, սովորաբար, սեղանի շուրջն են ծավալվում։

– Բայց, ախար, ինչի՞ եք այսպիսի պատրաստություն տեսել,- Թերեզայի ուսերը մտերմաբար գրկելով՝ ժպտաց Մերի Ռոբինսոնը,- մի բաժակ սուրճն ու մի կտոր քաղցրավենիքը լիուլի բավարար կլինեին։

– Իհարկե, հո չենք եկել քեզ (կարելի՞ է դու-ով դիմել) նեղություն տալու, մանավանդ՝ գիտենք, որ ամուսինդ Վիետնամում է։- Ավգուստան պաշտպանում էր ավագ ընկերուհու կարծիքը, սակայն անում էր դա ի շահ Թերեզայի։

– Ոչ, ոչ, սիրելիներ, դուք ցանկալի՛ հյուրեր եք,- Թերեզան ևս չէր ստում,- ամեն բան արել եմ ի սրտե. հաճույքո՛վ։

Սեղանին դրված ուտեստները ընտիր էին և առատ։ Սառը խորտիկներ, ակրատ, ձուկ՝ նարնջի սոուսով, թխվածք և այլ քաղցրավենիք, գինի, հանքային ջուր ու բնական հյութեր, որ հիմնականում երեխաների համար էին։

– Համեցեք։- Հյուրերին սեղանի մոտ հրավիրելով՝ Թերեզան սկսեց առաջնորդել նրանց։- Ինքնե՛րդ տեղավորվեք, ում՝ որտեղ հարմար է։

– Օ՜, նռան գինի՞ եք վերցրել, հրաշալի ընտրություն,- շիշը զննելով՝ հայտարարեց Իրինան,- ես արդեն կենաց ունեմ մտքիս մեջ։

– Ես էլ առանձնահատուկ բարեմաղթանք ունեմ,- զրույցին միացավ Աստղիկը,- բայց ամեն բան՝ իր ժամանակին։

– Քանի դեռ երեխաները չեն աղմկում և իրենց խաղով են տարված,  եկեք օգտվենք սեղանից։ Հետո՛ կզբաղվենք նրանցով։ Ես սկսում եմ ա՛յ այս կարկանդակից։ Մսո՞վ է։

Ի հաստատումն իր խոսքի, Մերի Ռոբինսոնը մի կարկանդակ վերցրեց ձեռքով ու սկսեց ուտել առանց այլևայլության, տնավարի։

– Այո,- ժպտաց Թերեզան,- մսով է։ Բարի ախորժակ։

– Իսկ ո՞վ կբացի գինին, ես, ճիշտն ասած, խցանը հանելիս երբեմն թափթփում եմ։ Աստղիկ, քեզ վրա կվերցնե՞ս այդ ծանր գործը։

– Սիրո՛վ, Իրինա, մեծ սիրով։

– Տո՛ւր իմ տիկնիկը,- հանկարծ բղավեց Նատաշան,- Պեպպին իմն է։

– Իսկ դու ի՞նչ գործ ունես իմ թնդանոթի հետ։

– Երեխանե՛ր…

Սենյակում վերականգնվեց լռությունը, և ընդամենը բաժակների զրնգոցն էր հիշեցնում, որ գինին, ահա, բացելու է հացկերույթի առաջին էջը։

– Սիրելիներ։ Ես մեծ եմ ձեզանից, և տարիքս ինձ շնորհում է առաջին խոսքն ասելու իրավունքը։- Մերի Ռոբինսոնը ոտքի ելավ։- Ուզում եմ խմել այս տան տիրոջ, Ալեքսանդր Գոմեսի համար՝ նրա շուտափույթ վերադարձը ցանկանալով։ Թող Աստված պահպանի մեր տղամարդկանց։ Եվ իհարկե, ուզում եմ խմել Ավգուստայի ամուսնու՝ Ջերոմ Մայերի համար։ Թող անփորձանք լինեն։ Իսկ դուք պինդ մնացեք, դժվար օրեր եք հաղթահարում,- Թերեզային ու Ավգուստային դիմելով՝ շարունակեց Մերին,- սակայն հիանում եմ նեղություններ հաղթահարելու ձեր քաջությամբ։ Եկեք խմենք մինչև վերջ։ Թող գինու կաթիլ չմնա մեր բաժակներում։

– Բռավո՜…

Նրանք ոտքի կանգնեցին մի մարդու պես, իսկ Թերեզան հանկարծ հեկեկաց՝ անզուսպ, կարոտալի։

-Կներեք, ի սեր Աստծո,- արցունքները սրբելով՝ արդարացավ Ալեքսանդր Գոմեսի կինը,- պարզապես չդիմացա։ Թող որ իմ արցունքները չփչացնեն մեր լավ տրամադրությունը։ Շնորհակալ եմ, Մերի, շնորհակալ եմ, բարեկամներ։

– Այո,- խոսքն իր վրա վերցրեց Իրինան,- մեր լավագույն տղերքը Վիետնամում են։ Բարի վերադարձ նրանց։

– Իսկ քեզ, սիրելիս, համբերություն եմ կամենում։- Աստղիկը Թերեզայի կողքին էր։- Այո, համբերությո՛ւն։- Այս բառերն ասելիս՝ նա հանկարծ շրջվեց ու գրկելով վշտահար կնոջը՝ համբուրեց նրան։- Ծանր է սպասման բեռը, ուստի քաջությա՛մբ սպասիր, հարազատս։ Եվ նույնը քեզ եմ ցանկանում, Ավգուստա։

– Դե՜, խմեցինք։

Մինչ նրանք վայելում էին գինի և կերակուրներ, երեխաները կամաց-կամաց սկսեցին ձանձրանալ։ Պատճառը, իհարկե, տարաձայնություններն էին։ Իրինան ու Նատաշկան փորձում էին տունտունիկ խաղալ, իսկ Բենյամինը, Միքայելն ու Արամիկը՝ կռիվ-կռիվ։ Թերեզան աչքի պոչով հետևում էր՝ մի կերպ զսպելով ներսում հասունացող ընդվզումը։

«Ահա տղաների ամենասիրելի խաղը։ Ես շարունակ զարմանում եմ, երբ մանկահասակ երեխաները կռվելու հակում են դրսևորում, իսկ նրանց խաղալիք տանկերը, թնդանոթներն ու ոստիկանական մեքենաները սրում՝ ամրապնդում են կռվելու նրանց հակումները։- Թերեզան մտածում էր լարված, սակայն հանգիստ էր արտաքուստ։- Ես ամեն գնով պահպանում եմ իմ Միքայելին՝ նրան պատնեշելով նմանատիպ իրավիճակներից, բայց չարը գտնում է մարդկանց հասնելու խորամանկ միջոցներ։ Իմ երեխան արդեն գայթակղված է։ Վաղը նա էլ ի՛ր թնդանոթն ու ատրճանակը կպահանջի։ Ի՞նչ եմ անելու ես…»։

– Բենյամին, այստե՛ղ արի։- Մերի Ռոբինսոնը գիտեր երեխայից չարաճճիություն կորզելու գաղտնիքը։

– Տատի՜ի՜ի՜կ… Ես վիրավորվել եմ կռվում, բայց պիտի խրամատում մնամ։ Եթե հիմա վեր կենամ, վիետնամցի զինվորները կհարձակվեն աղջիկների վրա։

– Բո՜ւմ, բո՜ւմ…

– Արամիկ, հերիք թավալ տաս, վեր կաց, ա՛յ տղա։

– Միքայել, դու պիտի ընկնես, որովհետև թնդանոթից եմ կրակել։

– Բայց ես չեմ ուզում ընկնել։

– Թնդանոթի՛ց եմ կրակել, Միքայել, դու զոհվել ես, իսկ Բենյամինը մտել է քարերի ետևը, բայց ոչինչ, նրա հերթն էլ կգա։

Հայտնի չի, թե պատերազմն ինչ ընթացք կունենար հետագայում, բայց ծնողների համբերությունն ի վերջո սպառվեց, և նրանք իրենց անմիջական մասնակցությամբ խաղաղասիրական առաքելություն իրականացրին։

– Արի ինձ մոտ։- Գրկելով Արամիկին՝ Աստղիկը դարձյալ նստեց իր տեղում, և բնական հյութն ու քաղցրավենիքը առժամանակ հանդարտեցրին ռազմատենչ կրքեր։

– Բայց լավ ժամանակ ենք անցկացնում, չէ՞,- ասաց Իրինան։- Հաճելի մթնոլորտ է ձեր տանը, Թերեզա, մի տեսակ խաղաղություն եմ զգում։

– Շնորհակալ եմ, Իրինա, շնորհակալ եմ։ Ցանկալի ճշմարտություն ես բացահայտում։ Քո խոսքով կարծես վարձատրվում են ջանքերս, քանզի ամեն բան անում եմ, որ Միքայելը անխռով մեծանա։

– Ես կենաց ունեմ։- Իրինա Մայցևան շիկնել էր, աչքերը պսպղում էին՝ շեշտելով նրա հմայքն ու վկայելով գինու ոգելից զորությունը։- Եկեք խմենք մեր երեխաների համար։ Թող Աստված պահպանի նրանց անամպ երկնքի ներքո։ Թող պատերազմ չլինի։ Թող մեծանան սիրո ու քնքշության մթնոլորտում։

– Այո։ Կինը սիրո այգեպանն է։ Մենք մեծ պատասխանատվություն ունենք մեր զավակների առջև,- բաժակ բարձրացնելով և փոքր ինչ շիկնելով՝ ասաց Ավգուստան։

– Սիրո այգեպա՜ն…- Մերի Ռոբինսոնը հիացմունքով էր նայում Ավգուստային։- Ի՜նչ հիանալի խոսքեր։ Միանում եմ Իրինայի կենացին։ Խմենք մեր զավակների համար՝ նրանց սերնդեսերունդ երջանկություն ցանկանալով։

Ապա սեղանին հայտնվեց գինու երկրորդ շիշը, իսկ երեկոն ավարտվեց երրորդ շիշը պարպելուց հետո։

– Այսուհետև բարեկամներ ենք։- Հանելով արծաթյա իր վզնոցը՝ Աստղիկն այն դրեց Թերեզայի բռի մեջ ու աչքերին նայելով՝ ասաց.- Վերցրո՛ւ, ի սրտե նվիրում եմ։

– Ո՜չ, ո՜չ… Ախա՜ր…

Իրարանցում սկսվեց։ Կանայք ուզում էին տեսնել, ավելի ճիշտ՝ զննել վզնոցը, որին բնական քար էր ագուցված։

– Շղթայից կախվածն ի՞նչ է,- հետաքրքրվեց Մերի Ռոբինսոնը։

– Ագաթ։ Հայաստանում են մշակում այդ քարը, իմ հայրենիքում։

– Չքնա՛ղ բան է։- Ավգուստան զննում էր՝ անկեղծ հիացմունքը բնավ չթաքցնելով։

– Այս հանդիպումն ընդամենը մեր բարեկամության սկիզբն է,- զրույցին միացավ Իրինան։- Այսուհետև ավելի հաճախ կտեսնվենք զբոսայգում, ճի՞շտ է։

– Իհարկե։- Թերեզան վայելում էր լիուլի վարձատրված լինելու հաճույքը։- Կարծում եմ, մեր լավագույն արկածները դեռ առջևում են։

Նինջը կախվել էր երեխաների թարթիչներից, իսկ Միքայելը շողում էր՝ ոստիկանական իր մեքենան գրկի մեջ պինդ պահելով։ Ապա եղան կարճ ռեպլիկներով ու սրտահույզ հավաստիացումներով հարուստ ողջագուրումներ, և հյուրերը գնացին։ Տունը դատարկվեց։ Սեղանի մոտ վերադառնալով՝ Թերեզան նստեց անկյունում ու մտքերի մեջ ընկավ։

«Հիմա ես ի՞նչ անեմ, ինչպե՞ս համոզեմ երեխային, որ մարդը չի կարող օգտվել բոլոր այն բաներից, որոնք հրամցնում են գովազդն ու զվարճությունների արդյունաբերությունը։ Ես պիտի աղոթեմ։ Աստված կփափկեցնի Միքայելի սիրտը։ Ի վերջո, ճիշտ դաստիարակությունը նաև արցունքներ է քամում, բայց շնորհապարտ զավակները հետո հասկանում և ընդունում են ծնողի խրատը»։

Ծունկի գալով՝ Թերեզան փակեց աչքերն ու սկսեց ջերմեռանդ աղոթել։ Ոստիկանական շչակի ձայնը թնդում էր առաստաղի ներքո, իսկ Միքայելն այլ իրականություն էր բացահայտում։

– Ի՜նչ հիանալի մեքենա ունես, որդիս, հավանո՞ւմ ես։

– Շա՜տ։

– Իսկ ի՞նչ ես կարծում, Աստված կհավանի՞ քո խաղալիքը։

Հարցն օդում կախված մնաց, քանի որ խաղն ամբողջովին կլանել էր չորսամյա մարդուկին, և նա մե՛րթ չոչ էր անում՝ մեքենայի ընթացքին հարմարվելով, մե՛րթ վազում էր հանդիպակաց անկյունը, որպեսզի հեռակառավարման վահանակով կարողանա ղեկավարել։ Եվս հինգ րոպե խաղին հետևելով՝ Թերեզան վերցրեց խաղալիքն ու անջատիչը սեղմելով՝ ասաց.

– Մի րոպե ինձ լսիր, խնդրում եմ։

– Տո՜ւո՜ւո՜ւր…

Ու քանի որ մայրը անհողդողդ էր և չէր վերադարձնում խաղալիքը, Միքայելը պառկեց հատակին ու ձայնը գլուխը գցելով՝ սկսեց բղավել.

– Տո՜ւո՜ւո՜ւր… – Ուզում եմ տա՜ա՜ա՜ս…

Սրան հաջորդեցին հուսահատության այն ակնթարթները, երբ երեխան սկսում է հասկանալ, որ մայրը չի կատարելու իր կամքը, սակայն շարունակում է հեկեկալ՝ լացի ձայնը փոքր-ինչ նվազեցնելով։

– Միքայել, դու գիտե՛ս, որ աշխարհում շատ չար մարդիկ կան։ Աստված մի օր պատժելու է նրանց, բայց հիմա դրա ժամանակը դեռ չի եկել։ Վեր կաց, խնդրում եմ։

Հույս ունենալով, թե մայրն ի վերջո կվերադարձնի խաղալիքը, Միքայելը սկսեց ենթարկվել անխոս՝ ցանկալի իրն այլ հնարքով կորզելու ակնկալիք փայփայելով։

– Ապրես։ Հիմա լսիր, թե ինչ եմ ասում։ Չար մարդիկ ուզում են, որ երեխաները զբաղվեն վատ գործերով, լինեն ծնողներին անհնազանդ։ Այս նպատակին հասնելու համար նրանք պատրաստում են այնպիսի խաղալիքներ, որոնք չար խաղեր են ծնում։ Օրինակ՝ Արամիկի թնդանոթը։ Ի՞նչ էր ասում Արամիկը, հիշո՞ւմ ես։

– …

Իսկ ես հիշում եմ։ Արամիկն ու Բենյամինը կռիվ-կռիվ էին խաղում, իսկ կռիվը վատ բան է։ Քո հայրիկին պատերազմն է խլել մեզանից։ Դու կուզենա՞ս մեռնել։

– Ո՜ո՜ո՜չ…

– Շատ ապրես։ Ոչ ոք չի ուզում մեռնել։ Բայց Արամիկը կրակում էր իր խաղալիք թնդանոթով։ Բենյամինը պառկել էր, իբր՝ ծանր վիրավոր է, քեզ էլ ստիպում էին, որ մեռած ձևանաս։ Ճի՞շտ է։

– Այո. բայց խաղալիքս տալո՞ւ ես։

– Հիմա, այս զրույցից հետո տալու եմ։ Բայց ոստիկանական մեքենան չի կարող քո խաղալիքը լինել, որովհետև ոստիկանները բռնությանն են ծառայում նույնպես։ Կգա ժամանակ, և Աստված կտա մարդկանց Ի՛ր խաղալիքները։ Դա կլինի Նոր աշխարհում։ Այո՛։ Շուտով Նոր աշխարհ է լինելու, չար մարդիկ ոչնչանալու են, իսկ մենք խաղալու ենք կորյունների և քոթոթների հետ։ Արի աղոթենք միասին։ Չգիտեմ, թե ինչ կլինի հետո, բայց Աստված երբեմն ուղարկում է իր հրեշտակներին՝ մարդկանց աղոթքներին պատասխանելով, ու հրեշտակները սիրով ենթարկվում են Աստծո հրամանին։ Նրանք մոլորված հոգիներ են փրկում, որպեսզի աշխարհում չվնասվեն բարի մարդիկ ու չվնասվեն ծնողին հնազանդ երեխաներ։

* * *

Շատ տարիներ են անցել այս զրույցից, բայց ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե բարի հրեշտակներն ինչպես տարան Միքայել Գոմեսի խաղալիքը՝ երեք օր անց, երբ գիշեր էր, իսկ երեխան խոր քնի մեջ անգամ փայփայում էր վաղվա լուսաբացն ու ոստիկանական շչակ ունեցող մեքենայով խաղալու հաճույքը։

 

 

 (շարունակելի)

Սմբատ Բունիաթյան

 

«Ով է Աստծո նման» վիպակը վաճառվում է «Նոյյան տապան» (Աբովյան 8) և «Բուկինիստ» (Մաշտոցի 20) գրախանութներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031