Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ այժմ կայացած Արցախի ընտրությունները լեգիտիմ չե՞ն. Դավիթ Իշխանյան

Օգոստոս 31,2019 15:08

Օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդի կամքի աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործողություն. «Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային և ժողովրդավարական միջավայրում, և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը: Հայաստանի Հանրապետությունն, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։

Ապա, օգոստոսի 22-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրվեց`Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրություննրը կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։

ՀՀ վարչապետի հայտարարությունը եւ ՀՀ կառավարության այս քայլը միանշանակ չի ընկալվում նաեւ Արցախում: Արցախի ներքաղաքական խնդիրներին միջամտելուց զատ, այս հարցը դիտարկվում է նաեւ մինչ օրս Արցախում կայացած ընտրությունների լեգիտիմությունը վիճարկելու հարթությունում: Aravot.am-ի հետ զրույցում, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անդրադառնալով այդ հարցին` ասաց. «Ի՞նչ է, այսինքն, մինչեւ հիմա մեր իշխանությունները լեգիտիմ չե՞ն կամ մեր ընտրությունները լեգիտիմ չե՞ն: Մենք տասնամյակների ընթացքում կարողացել ենք հղկել եւ որոշակի փուլ անցնել մեր ընտրական համակարգում: Ես, ամենայն պատասխանատվությամբ եմ այդ մասին խոսում` նկատի առնելով, որ անցել ենք 1995-96 թվականների ժամանակահատվածի ընտրությունները` ճնշումներով, միջամտություններով, այնուհետեւ 2000, 2005, 2007 եւ այսպես կամաց-կամաց բարելավելով ընտրական մեխանիզմներն, առաջ ենք գնացել` կլինի նախագահական, խորհրդարանական, թե ՏԻՄ ընտրություններ»:

Մեր զրուցակիցը նաեւ նկատում է. «Բարեբախտաբար, Արցախում տեղի ունեցող ընտրություններին միշտ էլ տրվել են գնահատականներ. բացարձակ առումով, մեր ընտրությունները կատարյալ չեն եղել, ինչպես կատարյալ չեն աշխարհի որեւէ երկրում, այդ թվում նաեւ, ցավով եմ ասում, ՀՀ-ի վերջին ընտրությունները: Կատարյալ չեն, բայց կարեւոր է, որ կա ձգտումը, որ մենք կարողանում ենք համեմատել նախորդ ընտրությունների հետ եւ արձանագրում ենք առաջընթաց: Այդ առաջընթացը միայն հայտարարություններով, որոշումներով կամ ֆինանսական միջոցների հատկացումներով չէ: Դա գործընթաց է, որը ոչ միայն ընտրությունների բուն օրվան է վերաբերվում, այլ գործընթաց է, որը տեղի է ունենում տարիների ընթացքում: Եթե ապագայում  մենք ունենք խորհրդարանական ընտրություններ, քաղաքական ուժերը հինգ տարի պատրաստվում են այդ ընտրություններին, նաեւ նոր քաղաքական ուժեր են ձեւավորվում, քաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենում»:

Դավիթ Իշխանյանը նաեւ հիշեցնում է, որ դիտորդական առաքելությամբ ՀՀ-ից միշտ էլ պաշտոնական, ոչ պաշտոնական տարբերակով ներկա են գտնվել: Ավելին. «Նաեւ, օտարերկրյա դիտորդներ են Արցախում ներկա գտնվել: Եթե չեմ սխալվում 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ էր ֆրանսիական պատվիրակությունը` Ռընե Ռեթյուի գլխավորությամբ այցելեց ՀՅԴ Արցախի գրասենյակ, հանդիպման ընթացքում իրենք փորձում էին հասկանալ Արցախի ընտրական մեխանիզմը եւ երբ փորձում էինք համեմատել Ֆրանսիայում եւ Արցախում տեղի ունեցող ընտրությունները, որոշ մանրամասների մեջ մտանք, պատվիրակության անդամները զարմացած եւ հիացած էին Արցախում ձեւավորված եւ աստիճանաբար կատարելագործվող ընտրական մեխանիզմներով»:

Նրա կարծիքով, առաջիկա ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ, իհարկե, կլինեն մեկ քայլ առաջ, բայց թերեւս այդ ընտրությունները չեն լինի կատարյալ. «Մենք միշտ էլ խնդիրներ կունենանք, միշտ էլ ընտրական մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտություն կլինի եւ դա չի սահմանափակվի ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդիվ ընտրություններով: Այդ առումով, ոգեւորություն կամ ինչ-որ տեղ «վերահսկելի մեխանիզմի» կամ այդպիսի քաղաքական որոշման անհրաժեշտություն թերեւս չունեինք: Մենք ունենք բավական ուժ եւ ձեւավորված քաղաքական մշակույթ եւ կարծում եմ, մեր ժողովրդի ինքնագիտակցությունն արցախյան հատվածում այնքան բարձր է, որ ընտրություններին կարողանում են իրենց տեսակետը ներկայացնել: 2004-ի Ստեփանակերտի ընտրություններին, երբ իշխանության թեկնածուն պարտվեց ընդդիմադիր թեկնածունին, ի՞նչ է, պետք է համարենք, որ այդ ընտրությունները կեղծվա՞ծ էին: Կամ` 2005-ի ընտրություններում ընդդիմադիր կեցվածք ունեցող ՀՅԴ-ի` խորհրդարանում, մեծամասնական ընտրակարգով որեւէ մեկ թեկնածու չլինելու հանգամանքը չի նշանակում, որ մենք պետք է ամբողջապես բոյկոտեինք ապագա ընտրությունները: Ընտրություններում դրական եւ բացասական կողմեր միշտ էլ ունեցել ենք, նեգատիվ երեւույթներ միշտ էլ եղել են, որոնք բխում եմ մեր ժողովրդի քաղաքական հասունության աստիճանից: Ես խոսեցի քաղաքական ինքնագիտակցության մասին, բայց քաղաքական հասունությունը չեմ կարծում, թե մեր իրականությունում այնքան բարձր է, որպեսզի կարողանանք մեր ընտրությունների մեխանիզմը համեմատել ամբողջապես կայացած երկրների մեխանիզմների հետ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031