Լրահոս
Օրվա լրահոսը

Սա նոր մշակույթը դրսում ներկայացնելու, եվրոպական մշակույթի մաս դարձնելու հրաշալի հնարավորություն է. Նարինե Խաչատուրյան

Հոկտեմբեր 10,2019 23:30

Նախորդ տարվա մարտի 20-ին ստորագրվեց մի փոխըմբռնման հուշագիր, որը թույլ տվեց Հայաստանի մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին։
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, այսօր, հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի հերթական Տեղեկատվական օրվա միջոցառումը, որով մեկնարկում է տեղեկատվական շաբաթը։

Այն կշարունակվի Վանաձորում, Աղվերանում, Գյումրիում։ Մեկ շաբաթ և ավելի օրերի ընթացքում կտեղեկացվեն ընթացիկ դրամաշնորհային մրցույթների մասին,որն առաջարկում է լայնամասշտաբ եվրոպական համագործակցություններ Հայաստանյան մշակութային կազմակերպությունների հետ։

Սեդա Գրիգորյանը, որը «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի ղեկավարն է ողջունեց ներկաներին և պատմեց գրասենյակի ստեղծման և ծրագրին Հայաստանի մասնակցության մասին.

«Գրասենյակը հիմնվել է նախորդ տարի,երբ Հայաստանը պաշտոնապես միացավ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին։ Այն ԵՄ-ի և Եվրոպական հանձնաժողովի կողմից իրագործվող մշակույթի ֆինանսավորման ամենամեծ ծրագիրն է, որը ներկայանում է երկու ենթածրագրերով՝ մշակույթ և մեդիա։Մշակույթ ենթածրագիրը առաջարկում է ֆինանսավորման,զարգացման լայն հնարավորություններ մշակույթի բոլոր ոլորտների համար, բացառությամբ աուդիովիզուալի, որի մեջ են ներառվում կինոն և մեդիան։ Իսկ մեդիա ենթածրագիրը իր հերթին առաջարկում է հնարավորություններ կինոյի և աուդիովիզուալ ոլորտների համար»։

ՀՀ-ն այս պահին անդամակցում է միայն մշակույթ ենթածրագրին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը խոսեց այն մասին, թե ինչպիսի մեծ հնարավորություններ են բացվել մշակութային հաստատությունների առջև։

Տիկին Խաչատուրյանը կարևորեց ավելի մեծ ակտիվությունը, նշեց նաև, որ ծրագիր գրելը այդքան էլ հեշտ չէ, հատկապես միջազգային դրամաշնորհային ծրագրեր գրելը, բայց սա հմտություն է, որը պետք է ձեռք բերել։ Փոքրիկ գաղտնիքներ իմանալով՝ ինչպես գրել ծրագիր, գտնել գործընկերներ ԵՄ անդամ երկրների մեջ կամ ստեղծարար Եվրոպա ծրագրին միացած երկրների մեջ։ Պետք է աշխատել և չընկրկել բարդությունների առաջ։

«Հնարավորությունները չափազանց մեծ են, բայց հնարավորություն ասելով ես ոչ միայն նկատի ունեմ,որ կարող են կազմակերպությունները դրամներ ստանալ մշակութային այս ձեռնարկն իրականացնելու առումով, այլ նաև սա մեր մշակույթը դրսում ներկայացնելու,համամարդկային կամ համաեվրոպական մշակույթի մաս դարձնելու հրաշալի հնարավորություն է»։

Նա նշեց, որ չնայած մենք դեռևս միացած ենք միայն մեկ ենթածրագրին, բայց թե մեր եվրոպական գործընկերները և թե մենք ցանկանում ենք միանալ մեդիա ենթածրագրին, ինչը նույնպես մեծ հնարավորություններ կտա Հայաստանին։

«Հուրախություն բոլորիս նշեմ,որ կինոյի մասին օրենքը շրջանառության մեջ կդրվի և դա հիմքերից հիմքն է, որի օգնությամբ կկարողանանք հայտ ներկայացնել ենթածրագրին միանալու համար։ Այս ծրագիր մեզ մեծ հնարավորություններ է տալիս մեր ունեցածը տալու, բաժանելու և կիսելու և համապատասխանաբար վերցնելու,քանի որ սա բազմախոսություն է երկրների միջև։ Սա միայն նպաստելու է Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը»։

Գեղագիտության կենտրոնի «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը մի տարուց ավելի է, ինչ մասնակցում է impart կատարողական արվեստների նախագծին։

Նախագիծը արդեն գրեթե երկու տարի է, ինչ իրականացվում է։ Գործընկերները Գերմանիայից են, Իտալիայից և Հունաստանից, իսկ Հայաստանից նրանք առաջինն են, որ ցուցաբերել են մասնակցություն։

Նա պատմեց, որ այժմ Եվրոպայում մեծ տարածում ունի մի շարժում,որը արվեստը փորձում է մաքսիմալ հասանելի դարձնել հանդիսատեսի տարբեր խմբերին։

«Մեր նախագծի նպատակն է ստեղծել, հետազոտել այն բոլոր ճանապարհները, մոտեցումներ ստեղծել, թե ինչպես կարելի է ներկայացումը դարձնել հասանելի և ընկալելի բոլոր սոցիալական խմբերին, այդ թվում հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց համար»:

Վ.Բադալյանի խոսքով սա շատ հետաքրքիր հետազոտական աշխատանք էր։ Աշխատում էր միջազգային խումբ, վարպետության դասեր էին կազմակերպվում, փորձագետների խորհուրդներ և այլն։

«Եվ վերջում արդյունքը եղավ այն, որ սեպտեմբերին 8-ին Աթենքի ազգային օպերայի բեմ բարձրացան երեք ներկայացումներով, որոնցից մեկի հեղինակը ես էի։ Սա առաջին քայլն էր,ո րից հետո ներկայացումները ճամփորդելու էին տարբեր երկրներով և ներկայացնելու մեր գաղափարը Եվրոպայում»։

Աշխատանքների ընթացքում, ըստ նրա, միացել են տարբեր հաշմանդամության խնդիրներ ունեցող անձինք, տարբեր կազմակերպություններ, որոնց հետ կիսվել են սեփական փորձով։

Գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանն էլ կարևոր համարեց այն, որ սրանից շահում է ողջ Հայաստանը։ «Աշխատանքները, որոնք իրականացվում էին Երևանում մասնակիցների թիվը չէր սահմանափակվում միայն տվյալ թատրոնի անդամներով, այլ ներգրավում էր ամբողջ թատերական համայնքը»։

Ս. Գրիգորյանը նշեց նաև, որ երկու կազմակերպություններ վերջին երկու տարվա հայտերի ընդունման արդյունքում ներկայացվել են որպես ասոցացվող, ոչ հիմնական գործընկերներ ,այդ թվում iCom Հայաստանը, որն իրականացնում է թանգարանային գործիչների, կառույցների զարգացման ուղղությամբ և I-Portunes արվեստագետների ճամփորդական դրամաշնորհը, որի շնորհիվ մեր արվեստագետները կկարողանան մասնակցել եվրոպական բացօթյա արվեստների ակադեմիայի նախագծին։

Մոնիկա ՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031