Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նռան փառատոն Մարտունիում

Հոկտեմբեր 20,2019 20:45

Հոկտեմբերի 19-ին Արցախի հանրապետության Մարտունու  շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի նախաձեռնությամբ անցկացվեց նռան փառատոն: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանի կատարած նռան օրհնեքի արարողությամբ:

Մարտունու Հաղթանակի հրապարակում տոնախմբություն էր, գերիշխում էր նռան գույնը: Ներկայացված 130 տաղավարներում իրենց բերք ու բարիքն էին վաճառքի հանել Մարտունու շրջանի նռան մշակությամբ զբաղվող այգեգործները, վերամշակող ընկերությունները:

Տաղավարներում ցուցադրված էին  նաև կիրառական արվեստում, որպես հայկական հուշանվեր, մեծ տարածում ունեցող փայտից, կերամիկայից պատրաստված նռան նմուշները, արծաթե զարդանախշերը։

Նախագահ Բակո Սահակյանը շրջվարչակազմի ղեկավարի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ շրջեց հրապարակում, ծանոթացավ տաղավարներում ցուցադրված արտադրանքին, հետաքրքրվեց տարվա բերքի արդյունքներով:

Տաղավարները պատրաստված էին օրվա խորհրդին համահունչ՝ ծղոտե  հարթակները  զարդարված էին արցախյան անուշահամ նռան ալ պտուղներով, դդումով, գունեղ մրգերով, գերիշխում էին նռան հյութն ու գինին, նռան հատիկներով ձևավորված ուտեստները, նուռ գաթաները:
Տաղավարներում ներկայացված էին նաև Մարտունու տնտեսուհիների պատրաստած արցախյան  հարուստ խոհանոցի յուրօրինակ ճաշատեսակները՝ խոզի, հավի, բադի մսով պատրաստված ավանդական կորկոտը, ժենգյալով հացը։

Ցուցադրված էին նաև ձեռքի աշխատանքներ, որոնցից իմ ուշադրությունը գրավեցին հատկապես երփներանգ թելերով ավանդական հայկական զարդանախշերով գործած տաք գուլպաները։

Նռան փառատոնի ընթացքում ներկայացվեց մշակութային գեղեցիկ միջոցառում՝ Մարտունու մշակույթի տան ու Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Համերգային ծրագրում ներառված էին ինչպես ազգագրական, այնպես էլ Արցախ աշխարհին, Մարտունու շրջանին ձոնված երգեր, լարախաղացի կատարումներ։

Մարտունու  շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար, արցախյան ազատամարտի լեգենդար հերոս Արարատ Մելքումյանի խոսքով նռան փառատոնի կազմակերպումը նպատակ ունի զարկ տալ Մարտունու շրջանում գյուղատնտեսության զարգացմանը, նռան նորանոր այգիների հիմնադրմանը և վաճառքի խթանմանը։ Այն հնարավորություն է տալիս այգեգործներին ոչ միայն վաճառքի հանելու իրենց արտադրանքը, այլև ճանաչել միմյանց, գտնել հավանական գնորդներ:

Նշեմ, որ կախված նռան պտուղի չափից, մեկ կիլոգրամ նռան գինը 350-ից մինչև 600 դրամ էր:

Մարտունու  շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Բալայանի խոսքով  Մարտունու շրջանի բնակլիմայական պայմանները նպաստավոր են նռան մշակմամբ զբաղվելու համար և ուրախալի է, որ տարեցտարի հիմնադրվում են մեծ օգտակարություն և պահանջարկ ունեցող նռան նորանոր այգիներ։ Նռան բերքն այս տարի առատ էր Արցախում: Արդեն հավաքվել է շուրջ 2200 տոննա նուռ, նախատեսվում է հավաքել մինչև 4000-6000 տոննա բերք, ինչը նախորդ տարիների  ցուցանիշը գերազանցում է մոտ 2.5 անգամ:

Հավելեմ, որ հայկական մշակույթում նռնենին համարվել է առատության խորհրդանիշ: Նուռն արեւելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան: Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել են նռան թագի ձևից։ Նռան գլխամասում գտնվող թագանման հավելույթի պատճառով այն համարվել է իշխանության նշան, իսկ պտղի՝ հաստ կեղեւի մեջ պարփակված բազմաքանակությունը խորհրդանշել է տիեզերքը՝ մոլորակներով ու աստղերով։

Հ. Գ. Մարտունու տարածաշրջանի նուռը բալագույն հատիկներ ունի, անմահական համ: Արցախցի տղամարդիկ այն բացում են հետևյալ կերպ. դանակով անշեղ գծեր են անում նռան գագաթային մասում, բացում կափարիչը, այնուհետ ըստ հատիկների դասավորվածության մասերի բաժանում և առանց մի հատիկ անգամ վնասելու կիսում նուռը և հյուրասիրում…

Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031