Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեր մանկության տանգոյի» շենքը` Գյումրիում ներդրման պատրաստվող համաշխարհային առաջատար ընկերությանը

Նոյեմբեր 05,2019 23:40

Գյումրու «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում գտնվող «Մեր մանկության տանգոյի» կամ, ինչպես գյումրեցիներ են ասում, «Վառեմ-Մարեմ»-ի շենքը, որը փլուզման վտանգի տակ է, հնարավոր է հատկացվի աշխարհին ծրագրավորումներով ապահովող 15-րդ խոշորագույն ընկերությանը՝ «Սինոփսիսին»։ Ավելի ստույգ, այն նախատեսում են դարձնել պոլիտեխնիկական համալսարանի նոր մասնաճյուղերից մեկը, և բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են իրականացնել «Սինոփսիս»-պոլիտեխնիկական համալսարան համագործակցության շրջանակում, կիրագործվեն այդ շենքում։

Այսօր «Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործադիր համատնօրեն Չի-ֆուն-Չանի ու «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանի՝ Գյումրիում հրավիրած մամուլի ասուլիսին այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարն ասաց․ «Այս շենքի հետ կապված մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի որոշում կայացվի։ Եվ մենք կսկսենք իրականացնել նախագիծը, նախագծման փուլում է, որոշումը նախագծի տեսք ունի և առայժմ կառավարությունում չի քննարկվել, բայց նախարարության դիրքորոշումն է, որ այդ ծրագիրն այս տարածքում պիտի իրականացվի։ Հիմա կառավարության հետ բանակցությունների ավելի լուրջ փուլի մեջ կմտնենք, որպեսզի համաձայնեցնենք և իրականացնենք»։

«Սինոփսիս»-ը կրթական ծրագիր է իրականացնում Գյումրիում, բանախոսները տեղեկացրեցին, որ 30 ուսանող ունեն սովորող, հետագայում նրանք կհամալրեն այս ընկերության աշխատակիցների շարքերը։

Հիշեցնենք , որ մի քանի ամիս առաջ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի և «Սինոփսիս»-ի միջև համագործակցության հուշագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ բացվելու է «Սինոփսիս»-ի ուսումնական դեպարտամենտի Գյումրու մասնաճյուղ․ ուսանողները հնարավորություն կունեն ստանալ բակալավրական և մագիստրոսական կրթություն ու կկարողանան այնտեղ աշխատել մրցութային հիմունքներով։

Aravot.am-ը բանախոսներից հետաքրքրվեց ուղեղների արտահոսքի մասին՝ նշելով, որ, ըստ որոշ տվյալների, Գյումրիից ու նաև ամբողջ Հայաստանից ամենաշատ արտագաղթողները ծրագրավորողներն են։ «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը պատասխանեց, որ իրենք աշխարհի ամենաբարձր մակարդակի ծրագրավորումները բերում են Հայաստան, և աշխատողները (նրանց թիվը 850 է) իրենց քաղաքում, իրենց տանն ու ընտանիքում են մնում, չեն մտածում ուրիշ տեղ գնալու մասին։ Նույնը, ըստ բանախոսի, կլինի նաև Գյումրիի պարագայում։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ ասաց․«Երբ 15 տարի առաջ «Սինոփսիս»-ը իր գրասենյակն էր բացում Երևանում, մարդիկ կային, որոնք ասում էին՝ «Սինոփսիս»-ը կադրեր է պատրաստում, որ տանի Միացյալ Նահանգներ, չկար որևէ տեղեկատվություն ինչի համար, բայց մենք այդ փորձը ունենք, շահագրգռված ենք, որ որտեղ մեր կրթական ծրագրերն ու գիտահետազոտական կենտրոններն են, կադրերը մնան այդտեղ։ Օրինակ՝ Երևանում շատ ուսանողեր կան համալսարաններում, բայց մենք արեցինք Գյումրիում, որպեսզի Գյումրիում մնան, և սա յուրահատուկ հնարավորություն է Գյումրիի համար, որպեսզի մարդիկ հասկանան, որ այստեղ կարելի է ստանալ համաշխարհային բարձր մակարդակի կրթություն՝ նեղ մասնագիտական, և համաշխարհային առաջատար ընկերությունից հրավեր ստանալ ապագայում այստեղ աշխատելու։

Գյումրեցին ինչո՞ւ պիտի գնա, ես հակառակը ձեզ ասեմ, մենք ակնկալում ենք, որ տարիներ առաջ Գյումրիից Երևան գնացած շատ ճարտարագետներ, ինժեներներ տարիներ հետո կվերադառնան Գյումրի՝ «Սինոփսիս»-ի և«Սինոփսիս»-ի նման ընկերությունների շնորհիվ»։

«Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործադիր համատնօրեն Չի-ֆուն-Չանին էլ ասաց․ «Շատ կարևոր է, որ ընկերությունը պատասխանատվություն է կրում սոցիալական, համայնքային ներգրավվածության զարգացման համար, և պատահական չէ, որ կրթությունն ու մշակույթը իրար լրացնում են, իրա հետ կողք կողքի են գնում։ Մեր նպատակներից մեկը հանրության ընկալման փոփոխության մեջ է, պատասխանատվության զգացման մեծացման մեջ է։ Բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայություն ունենք և բիզնես ենք անում, մենք ոչ միայն նպատակ ենք դնում լավ բիզնես անել, մենք նաև նպատակ ենք դնում մեր ներդրումն ունենալ ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում կրթական և այլ, բայց նաև սոցիալական կյանքի լավացման»։

Նախարար Արայիկ Հարությունյանն էլ նշեց, որ «Սինոփսիս» ծրագրով ավարտածները թե՛ հեղափոխությունից առաջ, և թե՛ հետո բավական ակտիվ են Հայաստանի սոցիալական կյանքում։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը ևս «Սինոփսիս» ծրագրով շրջանավարտն է։

«Հենց այն ակտիվ մասնակցությունը, որ նախկինում եղել է, վկայում է այն մասին, որ այստեղ հավաքված են մարդիկ, որոնք ծրագրեր ունեն երկրի հետ, չեն ուզում արտագաղթել, ուզում են այնպիսի միջավայր լինի, որ իրենք մշտապես կարողանան իրենց մասնակցությամբ գործել, ապրել և հաճույք ստանալ»,-ասաց նախարարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930