Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության են նախապատրաստում. «Կոմերսանտ»

Նոյեմբեր 25,2019 11:50

Նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ 2001թ. հետո հայ և ադրբեջանցի լրագրողների առաջին փոխադարձ այցը Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Այցը կազմակերպվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև 2019թ. հունվարին Փարիզում ձեռք բերված «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակում: «Կոմերսանտի» թղթակից Մարինա Կովալենկոն Երևանում ծանոթացել է ծրագրի իրականացման ընթացքին:

Հայաստանում Ադրբեջանի դրոշը կարելի է տեսնել միայն մեկ վայրում՝ Երևանի «Արարատ» կոնյակի գործարանում: «Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք,- ասել են գործարան այցելած ռուս լրագրողներին,- ուստի դրոշը միայն այստեղ է»: Այն տեղադրել են 2001թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի առթիվ, երբ գործարանում տեղադրվել էր, այսպես կոչված, խաղաղության տակառը, որտեղ պահվում է 1994թ. հնեցման սպիրտ. հենց այդ տարում է ստորագրվել հրադադարը երկու կողմերի միջև: Համարվում է, որ տակառը կբացեն հակամարտության կարգավորումից հետո, և այդ ժամանակ երկու կողմերի ներկայացուցիչները կկարողանան կոնյակով լի գավաթ բարձրացնել՝ խմելու երկու ժողովուրդների բարեկամության կենացը, գրում է թերթը:

Այդ ուղղությամբ փոքրիկ քայլ դարձավ հերթական միջոցառումը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակում: Ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության՝ նոյեմբերի 17-21-ը Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչները փոխադարձ այցեր են իրականացրել:

Ծրագիրը համակարգվել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի կողմից:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ լրագրողների փոխանակման ծրագիր իրականացվել է նաև նախկինում, բայց գործել է մինչև 2001թ.-ը: «Դրանից հետո լրագրողները բազմիցս հանդիպել են Թբիլիսիում, Կիևում, տարբեր վայրերում, այսինքն նրանք տեսնվել են, բայց միմյանց մոտ չեն եկել»,- ասել է նա:

Հայ լրագրողների՝ Բաքու այցելության մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներում տարածվել էր դեռ շաբաթվա կեսերին, բայց կառավարական մարմիններն այդ տեղեկատվությունը չէին մեկնաբանում:

Միայն հիմա Հայաստանի ԱԳՆ պաշտոնապես հայտարարել է, որ հայ լրագրողները Բաքվում հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, ինչպես նաև այցելել են շախմատի դպրոց:

Այցը ողջունել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը Twitter-ի իր էջում. «Նման միջոցառումները, ինչպիսին էր այս փոխանակումը, բնակչությանը նախապատրաստում են խաղաղության և թուլացնում լարվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակում որոշակի քայլեր ձեռնարկելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը: Ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների՝ հենց այդ ծրագիրն էլ թույլ տվեց կողմերին այս տարի որոշակի առաջընթաց գրանցել մարդասիրական ուղղությամբ:

Խոսքն առաջին հերթին գերիների փոխանակման մասին է: Այսպես, հուլիսին Կարմիր Խաչի միջնորդությամբ հայրենիք վերադարձան Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանը և Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովը: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերին հայտարարել է, որ Բաքուն նաև հանդես է եկել սպանության համար Հայաստանում դատապարտված Ադրբեջանի երկու քաղաքացիներին երկու հայ զինվորականների հետ փոխանակելու առաջարկով: Չնայած այդ փոխանակումն այդպես էլ տեղի չունեցավ, այդ ուղղությամբ նկատվում է հռետորաբանության որոշակի թուլացում. եթե դեռ մեկ տարի առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ փոխանակումն «իմաստ չունի», քանի որ համարժեք չէ, ապա սեպտեմբերին արդեն Տոնոյանը նշեց, որ դա «չի բացառում», գրում է թերթը:

Մեռյալ կետից շարժվել է նաև գերիների և նրանց հարազատների տեսակցության հարցը. Երևանում այժմ դրան դեմ չեն արտահայտվում: Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը «Կոմերսանտի» հետ զրույցում հաստատել է, որ կողմ է այդպիսի դիրքորոշմանը, սակայն, իր խոսքով, պայմանավորվածության այդ դրույթի իրագործումն արգելակում է Բաքուն: «Որքան ես գիտեմ, ցանկություն չի եղել Ադրբեջանի կողմից: Եթե այդպիսի ցանկություն լինի, կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Մայիլյանը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի իրագործման հետ է կապում նաև շփման գծում փոխհրաձգության նվազումը: «Վերջին 12-14 ամիսների ընթացքում իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Իհարկե, եղել են խախտման առանձին դեպքեր: Բայց, ընդհանուր առմամբ, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, իրավիճակը կայուն է: Այս տարվա ամռանը պայմանավորվածություն ձեռք բերվեց չխանգարել գյուղացիներին բերքահավաքի ժամանակ: Այն պահպանվել է»:

Հայաստանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում շատ բան է փոխվել: «Հայաստանի Հանրապետության բնակիչները ոգեշնչված վստահում են իրենց առաջնորդին և գնում են նրա հետևից,- ասել է նա:- Եթե Նիկոլ Վովաևիչը վաղը դուրս գա ուղիղ եթեր և ասի. «Ժողովու՛րդ, այսօր գնում ենք Բաստիլը գրավելու», բոլորը դուրս կգան իրենց տներից ու կգնան»: Խոսելով «խաղաղության նախապատրաստման» ծրագրի շրջանակում առաջընթացի մասին՝ նա հայտնել է, որ այն իրագործելու նույնպիսի պատրաստակամություն չի տեսնում Ադրբեջանի կողմից, քանի որ «հռետորաբանությունը միայն ռազմական է»: Եվ հավելել է. «Մենք պատրաստ ենք երկխոսության: Ինչպես և ասվել է, լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»:

Իր հերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ ծրագրի շրջանակում ձեռնարկված քայլերը միայն սկիզբն են: «Ես չգիտեմ, թե որոշակի ինչ ծրագրեր կան, բայց դրանց իրագործումը կսկսվի առաջիկայում»,- ասել է նա «Կոմերսանտին»: Փորձագետը վստահեցրել է, որ թեև վաղ է խոսել ղարաբաղյան կարգավորման գործում բեկման մասին, բայց «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման» ծրագրի շրջանակում համագործակցությունը կարող է մոտեցնել այդ կարգավորումը: «Քանի դեռ պատերազմի վտանգն իրական է, վստահության վերականգնման մասին խոսելու կարիք գործնականում չկա: Եթե վերևում չեն կարողանում պայմանավորվել (իսկ պայմանավորվելը դժվար է), ապա ավելի շուտ ծրագիրը տեղում կդոփի: Բայց եթե սկսվի առավել ընդգրկուն աշխատանք ստորին մակարդակներում, դա հնարավորություն կտա առաջնորդներին իրենց դիրքորոշումներում գնալ որոշակի փոփոխությունների»,- ասել է նա թերթին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930