Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյանը Հայաստանի` մագնիս դառնալու եւ տարածաշրջանի տեղաբնիկներին իր կողմը ձգելու մասին

Դեկտեմբեր 06,2019 15:23

Երևանում կայացավ «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» խորագրով գիտաժողովը,  որը կազմակերպվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի կողմից։ Հայաստանցի գիտնականներից բացի, գիտաժողովին մասնակցում էին  նաեւ օտարերկրյա մասնագետներ, հասարակական գործիչներ, այդ թվում` Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների, լեզգիների, ավարների, օսերի և այլոց ներկայացուցիչներ:

Գիտաժողովի լուրն արդեն  ջղաձգումներ է առաջացրել ադրբեջանական մամուլում, ինչին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաեւ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե որո՞նք էին հիմնական շեշտադրումները, որ հնչեցին գիտաժողովում, եւ ո՞րն է ադրբեջանական մամուլում սկսված խլրտոցի պատճառը:

«Գիտաժողովի մեր օս մասնակիցը, իսկ օսերը նույնպես Կովկասյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից են եւ հայերիս հանդեպ ունեն բարեկամական զգացումներ, օրինակ, նշեց, որ Հայաստանը դարձել է թալիշագիտության ամենախոշոր կենտրոն: Սա այն հանգամանքն էր, որը մենք մի քանի տարի առաջ երազում էինք ունենալ: Եվ միայն այս ուղղությամբ չենք սահմանափակվելու, առաջիկայում զարգացնելու ենք Կովկասյան, հատկապես դաղստանախոս ժողովուրդների ուսումնասիրությունների տիրույթը եւ սերտ հարաբերություններ ենք հաստատելու ավարների եւ լեզգիների հետ:

Մենք Հարավային Կովկասի տարածաշրջանում մի ոտքով գտնվող, իսկ մյուս ոտքով Մերձավոր Արեւելքում գտնվող ժողովուրդ եւ պետություն ենք, հետեւաբար ունենք դաշնակիցներ թե Մերձավոր Արեւելքում, թե Կովկասում. լինի դա պետությունների մակարդակով, թե ժողովուրդների: Տեղաբնիկ ժողովուրդներից շատերը, ցավոք սրտի, զուրկ են պետականությունից: Հետեւաբար այս տիրույթը Հայաստանում պետք է դառնա բեւեռ Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդների դաշինք ստեղծելու առումով: Մենք կարող ենք լինել այն մագնիսը, որը կձգի մեր հանդեպ համակրական վերաբերմունք ունեցող այլ ժողովուրդներին եւ խնդիրներ չստեղծի մեր հանդեպ թշնամական տրամադրված պետությունների կողմից»,-ասաց իրանագետը:

Իսկ թե ինչու են Ադրբեջանում մտահոգված այս գիտաժողովով, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Որովհետեւ սա այն  տիրույթն է, որտեղ Ադրբեջանը մեզ ոչինչ չունի հակադրելու: Մենք հասել ենք խոշոր հաջողության, եւ այդ հաջողությունը պայմանավորված է տեսական գիտելիքի կիրառական գործածությամբ: Հայաստանն այն բացառիկ պետությունն է, որտեղ արեւելագիտության տեսական ձեռքբերումները փորձում ենք  կիրառել նաեւ գործնական դաշտում, եւ սա եւս մեկ անգամ փաստում է, որ հումանիտար գիտությունները կարող են չափազանց կարեւոր դերակատարություն ունենալ կիրառական տիրույթում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031