Հարցազրույց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի նորանշանակ տեղակալ, երգիչ, դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանի հետ
-Ընդունեք «Առավոտի» շնորհավորանքը: Փաստորեն, 1999թ. Գերմանիայում հիմնվելուց եւ գործունեություն տարածելուց հետո վերադարձաք հայրենիք: Եթե չենք սխալվում՝ շուրջ 3 տարի առաջ էր, երբ տասնամյակների ընդմիջումից հետո, ձեր արվեստը՝ իբրեւ օպերային երգչի, կրկին վայելելու հնարավորություն ունեցանք Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում, որտեղ հանդես եկաք համանուն հերոսի դերերգով, որից հետո ձեզ հանդիպեցինք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում, այս անգամ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հրավերով: Դուք հրավիրված էիք որպես գերմաներենի եւ երգիչների պատրաստման մասնագետ, ապա դարձյալ հրավիրվեցիք թատրոն, որպես դիրիժոր եւ բեմականացման հեղինակ հանդես եկաք Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայում: Օրերս էլ, արդեն պաշտոնը ստանձնելուց հետո, ձեր առաջին աշխատանքն էր՝ Վերդիի «Պարահանդես- դիմակահանդես» օպերան: Այստեղ մենք ձեզ հանդիպեցինք դիրիժորական վահանակի առջեւ: Այս օպերան առաջին եւ վերջին անգամ մեր թատրոնում բեմադրվել է 1960թ., Արմեն Գուլակյանի ռեժիսուրայով, ղեկավարել է դիրիժոր Սուրեն Չարեքյանը: Իսկ դուք ընդմի՞շտ եք վերադարձել:

– Գիտենք, որ Վերդիի «Պարահանդես- դիմակահանդեսի» լիբրետոն փոխված է, կներկայացնե՞ք պատճառը:
– Վերդին այն գրել է Նեապոլի թատրոնի համար: Այն ժամանակ էլ գրաքննություն է գործել. միանգամից արգելել են, երբ տեսել են, որ թագավորին սպանում են, քանի որ մի քանի տարի առաջ Իտալիայում մահափորձ էր կատարվել Նապոլեոն Երրորդի դեմ: Բայց Վերդին պայմանագիր է ունեցել այդ թատրոնի հետ եւ պրեմիերայի չկայանալու դեպքում նա պետք է մեծ գումարներ վճարեր: Բարեբախտաբար, այդ ժամանակ կոմպոզիտորը Հռոմի թատրոնից առաջարկ է ստանում, համաձայնության են գալիս, որ լիբրետոյում ամեն ինչ մնա նույնը, միայն գործողությունը Շվեդիայից տեղափոխվի ԱՄՆ, կոնկրետ Բոստոն քաղաք, եւ թագավորի փոխարեն էլ կոմս լինի, այսինքն՝ Գուստավ Երրորդը փոխարինվել է կոմս Ռիչարդով: Փաստորեն, օպերան երկու տարբեր, բայց օրիգինալ լիբրետո ունի, մեկը՝ շվեդական, մյուսն ընդունված է ասել՝ բոստոնյան:
Կարդացեք նաև
– Մինչ «Պարահանդես- դիմակահանդեսի» բեմականացումը՝ համացանցում, մեղմ ասած՝ մտահոգություն էր «շրջում», թե ինչու համերգային կատարում եւ ոչ թե բեմադրություն: Անկեղծ ասած՝ մենք էլ կուզեինք ներկա գտնվել բեմադրության, նույնիսկ հասկանալով հանդերձ, որ ցանկացած երկրի համար օպերային թատրոն ունենալը մեծ հաճույք է:
– Արդեն ասացի, որ 2020-ին այս օպերան կունենա բեմադրություն: Պետք չէ «մեկ աչքով նայել» օպերաների համերգային կատարումներին: Դա ընդունված է աշխարհում եւ ոչ մի, նույնիսկ հռչակավոր թատրոն, իր խաղացանկում չի կարող ունենալ համաշխարհային գրականության բոլոր գոհարները… Օրինակ, Վերդին ունի 28 օպերա, ի՞նչ է, Պուչինի կամ այլ հեղինակների չբեմադրե՞լ: Մյուս կողմից՝ մեներգիչներին, նվագախմբի եւ երգչախմբի արտիստների էլ է հետաքրքիր աշխատել նոր նյութի վրա: Մեր թատրոնի ղեկավարության հետ զուգահեռ մտածում ենք նաեւ երկրորդ օպերայի բեմադրության ուղղությամբ: Որոշել ենք դիմել նախարարություն եւ հուսով ենք՝ կստանանք աջակցություն: Իհարկե, կլինեն նաեւ գալա համերգներ եւ ինչու ոչ՝ եթե կգտնենք անհրաժեշտ եւ հանդիսատեսին հետաքրքիր, կիրականացնենք թեկուզեւ առաջին անգամ Հայաստանում կատարվող այս կամ այն օպերաների համերգային կատարումներ: Գիտե՞ք, Գերմանիայում այսօր գործում է 73 օպերային թատրոն, որոնց պահապան հրեշտակը առաջին հերթին պետությունն է: Սա էլ ասեմ՝ յուրաքանչյուր վաճառված տոմսի համար պետությունը թատրոնին վճարում է 100-150 եվրո:
– Գիտենք, որ «Բոլշոյը» գտնվում է Վլադիմիր Պուտինի անմիջական հովանավորության ներքո…
– Հասկանալի է ակնարկըը, իհարկե, կարելի է դիմել, օրինակ, մեր վարչապետին: Այն, ինչը թատրոնի շահերից է բխում, պետք է փորձել: Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերան ունի օպերայի ընկերների եւ հովանավորների ցուցակ, որտեղ ընդգրկված են մշակութասեր մեծահարուստներ: Ցուցակում 10-20 անուն չէ, այլ հարյուրավորներ: Առաջինը մի տիկնոջ անուն է, կներեք, չեմ կարող մտաբերել, որը տարեկան նվիրաբերում էր 27 մլն դոլար… Ինչու ոչ, հնարավոր է դրսի օրինակով մեր թատրոնում էլ ունենալ նման բարեկամներ:
– Ներկայացրեք, խնդրեմ, թատրոնի այսօրվա խաղացանկը օպերաների մասով:
– Խաղացանկում այսօր ունենք շուրջ 10 օպերա…
– Գերմանիայում գործում է 1-2 թատրոն, այդ թվում՝ Մանհայմի թատրոնը, որի խաղացանկում տարվա կտրվածքով 40 օպերա է…
– Այո, նույնը Վիեննայի օպերայում է՝ 40-45 ներկայացում: Այստեղ տարեկան կտրվածքով լինում է 380 միջոցառում, օր է լինում՝ ցերեկային եւ երեկոյան ներկայացումներ են կայանում, առանձին համերգներով ներկայանում են թատրոնի նվագախումբը, երգչախումբը եւ այլն: Ես մի անգամ ներկա գտնվեցի ինձ համար մինչ այդ անհավանական թվացող երեւույթի. այդ թատրոնում ժամը 10-14-ը բարոկ օպերայի փորձ էր, ողջ բեմը վերածված էր լճի, սոպրանոն թիավարում էր ու երգում, տենորն էլ լողալով հետեւում էր նավի ընթացքին: Երեկոյան արդեն, երբ ներկա գտնվեցի Վերդիի «Աիդա» օպերային ներկայացմանը, բնականաբար, ջուրը վերացված էր… Սա խոսում է թատրոնի ոչ ստեղծագործական խմբի հսկայական աշխատանքների մասին:
– Ի դեպ, ասում են՝ վերջին տնտեսական ճգնաժամի տարիներին Գերմանիայում միավորվեցին որոշ թատրոններ, ինչի պատճառով ոչ մի արվեստագետ չզրկվեց աշխատանքից…
– Իսկապես, դա 2008-09 թվականներն էր՝ եթե չեմ սխալվում: 30 կմ շառավղով միացան երկուական թատրոններ, եղան դեպքեր, երբ միավորվեցին մեկ օպերային եւ մեկ դրամատիկական թատրոն: Վերջինի դեպքում, լավ եմ հիշում, պետությունը նման փոքր թատրոններին տարեկան տրամադրել էր շուրջ 45 մլն եվրո…
– Իսկ ինչպե՞ս է, որ ոչ մի երաժիշտ առանց աշխատանքի չմնաց:
– Ես հենց նոր բերեցի օպերային եւ դրամատիկական թատրոնների միավորման օրինակը եւ նշածս բյուջեն համարվում է փոքր: Կրկնում եմ՝ աշխատանք չկորցնելը վերաբերում է արվեստագետներին, այլ ոչ ադմինիստրատիվ աշխատողներին: Չեմ հասկանում՝ ի՞նչ կա զարմանալի, Հայաստանում էլ հեղափոխություն եղավ՝ առանց մեկ կաթիլ արյուն թափելու…
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2019


















































