Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդների՝ ամանորյա ինքնատիպ տոնավաճառ Գյումրիում․ ձեռքի աշխատանքները միայն բնական հումքից էին (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 21,2019 22:30

Եվրամիության աջակցությամբ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի կողմից հիմնադրված  «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սաները երեկ կազմակերպել էին ամանորյա տոնավաճառ  (Christmas Bazaar)` ցուցադրության հանելով իրենց ձեռքի աշխատանքները՝  բնական թելերից  հյուսված  տոնածառեր, եթերայուղերով պատրաստված օճառներ, փայտյա մոմակալներ, մոմեր, ամանորյա զարդարանքներ…

«Երիտասարդների տան» համակարգող Գայանե Առաքելյանի տեղեկացմամբ, երկու ամիս է՝  նրանք պատրաստվում էին տոնավաճառին։

Տոնավաճառն ուղեկցվեց երիտասարդների գրած երգով, որը հնչում էր առաջին անգամ։

Ներկայացվեց նաև ամփոփիչ  հաշվետվություն ՝ Գյումրու «երիտասարդների տան» մեկ տարվա գործունեության մասին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլին հիմնադրված  Գյումրու «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը միակն է Հայաստանում, վերջինիս գործունեության համար ընտրվել է մի այնպիսի խոցելի թաղամաս, որտեղ երբևէ զբաղմունք չի եղել երիտասարդների համար։  Ընդ որում, այս տեղանքում մեծամասամբ բնակվում են սոցիալապես անապահով, ընտանեկան բազմաթիվ խնդիրներ ունեցող, սակավ հնարավորություններով  երիտասարդներ։

«Երիտասարդների տունը» շրջակա չորս թաղամասերի, այսպես ասած, մարգինալ խմբի  պատանիների համար  իրականացնում է թաղային երիտասարդական աշխատանք՝  նրանց զարգացմանը, կրթվելուն ուղղված ծրագրերով, ապահովում է նաև ժամանցը՝ մեծ դերակատարություն ունենալով մասնագիտական կողմնորոշման հարցում։

Կենտրոն հաճախող սաների համար արտերկրյա փոխանակման ծրագրերի մասնակցելու հնարավորություն ևս ստեղծված է, օրինակ՝ այս տարի նրանք այցելել էին Հյուսիսային Աֆրիկա՝ Թունիս՝ անապատացման վտանգի տակ հայտնված գյուղերի բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Այս թաղամասում  երիտասարդներին կրթական ու զբաղվածություն ապահովող ոչ  մի  ծառայություն չկար,  նույնիսկ վճարովի, դրանք հիմնականում կենտրոնացված են քաղաքի կենտրոնական հատվածում։ Մեզ համար դարձավ սկզբունքային․ կենտրոն ստեղծել  այնպիսի մի վայրում, որ մենք գայինք երիտասարդների մոտ, ոչ թե սպասենք երիտասարդները գան մեզ մոտ։  Հարթակը, ինչքան հնարավոր է,  փորձում ենք դարձնել ցածր մուտքի շեմ ունեցող, այսինքն՝  ցանկացած մեկը կարող է գալ՝ առանց վախենալու, որ ինքն այլ կերպ է մտածում կամ այլ կերպ է հագնվում։ Նրանք պետք է գան՝բացարձակ չանհանգստանալով, որ ասենք իր հագուստն ավելի տգեղ է,  քան մյուսինը, կամ մեկին ուղեկցում է հայրը ՝ շատ լավ մեքենայով, իսկ մյուսը պետքարան առաջին անգամ է տեսնում։ Տարբեր իրականությունների ենք հանդիպում ու հենց  նպատակն է ստեղծել հավասար հարթակ բոլորի համար, որտեղ յուրաքանչյուրը կստանա հավասար վերաբերմունք։ Այս հարթակը տալիս  է ազատություն իրենց որոշումների կայացման մեջ»,- ասում է կենտրոնի համակարգողը՝  Գայանե Առաքելյանը։

Կենտրոնն  այս պահին ունի 13-18 տարեկան 285 շահառուներ, ընդ որում երիտասարդ տղաների թիվը շատ ավելին է։ Ըստ Գայանե Առաքելյանի, սկզբում կենտրոն հաճախող աղջիկների թիվը բավական քիչ է եղել, որը, ըստ նրա՝ պայմանավորված էր մշակութային կարծրատիպով։  Օրինակ՝  աղջիկներն ամաչել են հեծանիվ  վարել՝ մտածելով, որ այն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հարիր չէ , սակայն կարճ ժամանակ անց 20 աղջիկներ սկսել են  ոչ միայն պրոֆեսիոնալ  կերպով վարել, այլ մարզիչի դեր կատարել սկսնակների համար։

«Երիտասարդների տանը» տարբեր ակումբներ են գործում (այս տարի թիվը եղել է 16) ՝ անգլերենի, հեծանվավարության, յոգայի, պարի, երաժշտական,  բանավեճի, ձեռքի աշխատանքների, խոհարարության։

Ի դեպ, Հայաստանում տեղակայված Եվրամիության երկրների դեսպանատներից հաճախ են այցելում ու մշակութային ծրագրերի շրջանակում հայ երիտասարդներին սովորեցնում իրենց ազգային խոհանոցի գաղտնիքները։ Իսկ ակումբները երբեմն վարում են արտերկրից եկած կամավորները։

Ակումբներից ամենատարբերվողը,  թերևս,  «Ուրբաթօրյա սրճարան»-ն  է, որը «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի ղեկավար Արթուր Նաջարյանի ներկայացմամբ՝ սկսել են իրականացնել  2013 թվականից, դեռևս այն ժամանակվանից, երբ Գյումրիում քիչ է եղել սրճարանների թիվը, երիտասարդների մեծ մասն էլ  վճարունակ չի եղել սրճարան գնալու։ Վերցնելով միջազգային մոդելներից մեկը՝ Friday’s Cafe-ը, «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը  7 տարի շարունակ, ամիսը երկու անգամ  իրագործում է՝ կենտրոնի դահլիճը վերածելով սրճարանի՝ հատուկ դեկորացիաներով, աթոռներով ու սեղաններով, մատուցողների հագուստով, հատուկ գոգնոցներով։  Արտերկրյա ու տեղի կամավորներն էլ  պատրաստում են ուտելիք՝ ազգային մոտիվներով։

Յուրաքանչյուր սրճարանի համար ընտրվում է թեմա, ասենք՝ ջազի, ռետրոյի, սիրո, պոեզիայի, Սուրբ Սարգիսի մասին, այնպես որ տարբեր ազգային ուտեստներ համտեսելուց բացի, սրճարանը նաև կրթական ու ժամանցային մաս է ապահովում․ երկու ժամվա ընթացքում թեմաներ են քննարկվում, երբեմն  հատուկ հյուրեր են ունենում,  հյուրընկալում են հայտնի մարդկանց,  երգիչների։

Ըստ Արթուր Նաջարյանի, այս ամենը կազմակերպվում է անվճար, իհարկե, կա նաև հանգանակությունների արկղ, որի գումարն ուղղվում է երիտասարդների համար ծրագրեր իրագործելուն։

Նշենք նաև, որ երիտասարդները հյուրընկալվում են տարբեր կառույցներ, այստեղ հրավիրվում են նաև հետաքրքիր բանախոսներ՝ Ազգային Ժողովի պատգամավորներ, դեսպաններ։ Տարվա ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը Եվրամիության նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ էր, «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն այցելած դեսպանին երիտասարդները սուր հարցեր էին տալիս՝ անգամ քաղաքական։ Հիշեցնենք, որ այս կենտրոնը պարոն Սվիտալսկիի՝ ամենասիրելի վայրերից  էր Գյումրիում։

Կառույցի տարեկան հաշվետվության ժամանակ, որին մասնակցում էին մարզային ու քաղաքային իշխանությունների  պատասխանատուներ, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանն առաջարկեց մարզպետարանի հետ համագործակցելով՝  քննարկել  Գյումրու մի քանի թաղերում  երիտասարդների տուն բացել ու հարցը։ Այն, ըստ նրա, խիստ անհրաժեշտություն է։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի ղեկավար Արթուր Նաջարյանն էլ նշեց, որ մտադրված են երկու այդպիսի տուն հիմնել Գյումրու երկու այլ թաղամասերում, որոնցից  մեկը «Ավտոկայարանն» է։ Սա ևս խոցելի, տնակային թաղամաս է։ Նա նաև ասաց, որ 2020 թվականին  գերնպատակն են դրել նմանատիպ կենտրոններ ունենալ մարզի գյուղական համայնքներում։

Արթուր Նաջարյանը նաև տեղեկացրեց, իրենց նախաձեռնությամբ Սպիտակում  ևս 2020 թվականի հունվարից  հիմնվում է երիտասարդների տուն, որն ամբողջապես լինելու է ներառական։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031