Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Որեւէ բժշկական հիմնարկի վրա ծախսվող գումարի քչացում չենք անում»

Հունվար 09,2020 15:22

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Մարալիկի ծննդօգնության կենտրոնի ֆինանսավորման դադարեցման մասին ասաց, որ որոշումը կայացվել է ոչ միայն Մարալիկի վերաբերյալ, այլ նախարարությունը որոշել է վերանայել Հայաստանում ծննդօգնություն իրականացնող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը, եւ քայլը պայմանավորված չի եղել ֆինանսական տնտեսումներ անելով:

«Ժամանակին տրվում էին կարգերի շնորհման նախարարի հրամաններ՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնց տակ ոչ մի հիմնավորում չկար: Օրինակ Երեւանում կար ծննդատուն, որ էլի ընդունում էր տարեկան մոտ երկու հարյուր ծնունդ, բայց ուներ երրորդ կարգ: Կարգերը ենթադրում են ֆինանսական փոխհատուցման տարբերություններ: Այսինքն` երրորդ կարգի ծննդատունը նույն չափով ծնունդ ընդունելու դեպքում նույնքան գումար էր ստանում, որքան առաջին կարգինը: Դրա համար կազմվեց մի մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին թե շենքային պայմանները, թե սարքավորումներով հագեցվածությունը, թե բաժանմունքների ծառայությունը, կադրերը եւ ի վերջո նաեւ ծնունդների թիվը»,-ասաց նախարարը:

Նրա ձեւակերպմամբ, եթե Երեւանում կա որեւէ բժշկական կենտրոն, որտեղ տարեկան կատարվում է, օրինակ` հազար վիրահատություն, եւ կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է հարյուր վիրահատություն, միանշանակ է, որ հազար վիրահատություն կատարող բժշկական կենտրոնն ավելի որակյալ է, այնտեղ մահացության դեպքերը քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն՝ ավելի մեծ: «Հետեւաբար նույնը ուղղակիորեն կիրառելի է ծննդօգնության վրա, որովհետեւ մենք ունենք երկու խնդիր՝ մանկական մահացության եւ մայրական մահացություն կանխարգելու խնդիրներ: Այդ սկզբունքից ելնելով է որոշվել, որ ամենացածր շեմը լինելու է 150 ծնունդը, եւ այդ ամեն ինչը հաշվարկվել է 2018-ին»,-ընդգծեց Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ միայն մեկ բացառություն են արել. «Աշխարհագրական անհասանելիության դեպքում մենք կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի շեմը: Այդպիսի երեք կետ կա՝ Բերդը, Ճամբարակը եւ Մեղրին»: Արսեն Թորոսյանը շեշտեց, որ բարդ դեպքերի պարագայում հղիին խորհուրդ են տալիս ավելի շուտ հոսպիտալացվել, եւ ոչ թե պահի տակ ծննդաբերությունը տեղի ունենա ցածր մակարդակի ծննդատանը, ու ստիպված նորածին երեխային տեղափոխեն ավելի բարձր մակարդակի ծննդատուն:

«Մենք որեւէ բժշկական հիմնարկի վրա ծախսվող գումարի քչացում չենք անում, որովհետեւ միեւնույն է այդ գումարները տրվելու են այլ բժշկական կենտրոնի: Օրինակ՝ Մարալիկի դեպքում ամենամոտիկը Արթիկի բժշկական կենտրոնն է, որը տասնհինգ կիլոմետր է հեռու Մարալիկից, Ծաղկահովիտի դեպքում՝ Ապարանի բժշկական կենտրոնը, Եղվարդի դեպքում՝ Երեւանը»,- հայտնեց նախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031