Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ուսուցիչներ աշխատում են օրենքի խախտումով` առանց վերապատրաստվելու. Նունե Ամիրյան

Փետրվար 08,2020 22:12

2019-ի հունիսի 30-ին, կառավարության որոշմամբ, լուծարվեց Կրթության ազգային ինստիտուտը: Նպատակը բարեփոխումներն էին, արդիականացումը, իսկ արդյունքը՝ ԿԱԻ-ի և նրա մասնաճյուղերի լուծարումը և մոտ 350 փորձառու մասնագետների աշխատանքից ազատվելը, առանց ապագայի նկատմամբ որոշակիության:

Լուծարվեց պատճառաբանմամբ, որ այն շահույթ հետապնդող կազմակերպություն է, իսկ պետական ռազմավարություն իրականացնող հիմնարկությունը չի կարող այդպիսին լինեն: Նախարարի հավաստմամբ, լուծարված ինստիտուտի փոխարեն պետք է ստեղծվեր նոր հիմնարկություն (հիմնադրամ), դեռ սեպտեմբեր ամսին:

Նոր բացվող հիմնադրամը պետք է իրականացներ ԿԱԻ որոշ գործառույթներ: Սակայն, մինչ օրս, որևէ զարգացում, որևէ պաշտոնական տեղեկատվություն չկա:

«Հետաքրքիր է, որ ԿԳՄՍ նախարարությունը ութ ամսից ավել է դժվարություն ունի իր ենթակայության հիմնադրամ գրանցելու գործում: Հետաքրքիր է նաև, որ ստեղծվելիք հիմնադրամի կառուցվածքը և գործառույթները, որոնք ԿԱԻ նախկին աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նախարարության ներկայացուցիչը, շատ նման են նախկինին: Ներկայացուցչը հավաստիացրեց, որ նորաստեղծ Հիմնադրամի համար հայտարարվելիք մրցույթին կարող են մասնակցել նաև ԿԱԻ-ի աշխատակիցները:

Հայտարարող կողմին թվում է, թե մրցույթին մասնակցելու թույլտվությունն արժանապատիվ վերաբերմունք է փորձառու մասնագետի համար: Ինչպես բացատրել ԿԳՄՍՆ-ի այս մոտեցումը, ըստ որի՝ ԿԱԻ-ին վերաբերող հարցերը լուծվեցին առանց ԿԱԻ-ի մասնակցության, առանց նրա մասնագիտական ներուժի օգտագործման, առանց հրապարակայնության»,-  «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, կրթամշակութային հանձնախմբի ղեկավար Նունե Ամիրյանը` հավելելով, որ ԿԱԻ-ի լուծարմամբ փակվեցին նրա կողմից հիմնադրված տասը անուն մասնագիտական ամսագրերը. «2018 թվականին, ամբողջ տարվա ընթացքում ամսագրերի հրատարակման գործընթացի՝ որևէ արդարացում չունեցող ընդհատումը, ի վերջո հանգեցրեց դրանց դադարեցմանը: Չէ՞ որ առանց մասնագիտական պարբերականների անհնար է պատկերացնել գիտամանկավարժական մտքի առաջընթացը»:

Նունե Ամիրյանի համար տարակուսելի է նման մոտեցումը, նա չի գտնում բացատրություն` ԿԳՄՍՆ-ի այս մոտեցմանը, ըստ որի ԿԱԻ-ին փակելով և փոխարենը չառաջարկելով որևէ այլընտրանք ուսուցչությանը թողնում է մենակ, առանց կրթության բովանդակային և մեթոդական սպասարկման, առանց ամենօրյա խորհրդատվության և խնդիրների լուծման պետական համակարգված մոտեցմամբ: Մեր զրուցակիցը համամիտ է, իհարկե կառույցում ամեն ինչ իդեալական չէր, և կային թերացումներ, բայց հարց է հնչեցնում. «Արժե՞ր փոշիացնել այն ներուժը, որն այդքան խորը հետագիծ էր թողել ոլորտում»: Նունե Ամիրյանը նաեւ նկատում է, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակասական ու ազգային արժեքները պարբերաբար թիրախավորող քաղաքականությունը հասարակության մեջ արդարացի դժգոհություն է առաջացրել։

Նա համամիտ է, կրթական բարեփոխումներն անհրաժեշտ են, և դրանք պետք է լինեն շարունակական, սակայն, կառավարության կողմից կրթության ոլորտում իրականացված եւ առաջարկվող «բարեփոխումների» արդյունավետության հարցում, մեր զրուցակիցը տարակուսում է. «Տպավորություն է ստեղծվում, որ պետությունն իր ազդեցությունը կրթական գործընթացներին ցանկանում է հասցնել առավելագույնի, իսկ գործողությունները ուղղված են գործող ազգային հաստատությունների դեմ»: Նունե Ամիրյանը նկատում է`ԿԱԻ-ի կողմից իրականացված և կասեցված այլ գործառույթների հետ միասին ընդհատվել է ուսուցիչների վերապատրաստման ամենամյա գործընթացը: ՀՀ հանրակրթության մասին օրենքի 26 հոդվածի պահանջի համաձայն ուսուցիչների 1/5-ը, մոտ 8000 ուսուցիչ պետք է անցնեն նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներ: Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ որոշվում է`տվյալ ուսուցիչը համապատասխանո՞ւմ է զբաղեցրած պաշտոնին, թե՞ չի համապատասխանում:

«Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար: Նույն օրենքի համաձայն վերապատրաստում անցած և ատեստավորված ուսուցիչը ձեռք է բերում իրավունք`տարակարգ ստանալու և ֆինանսական որոշակի բարելավում ունենալու հնարավորություն: Նույն օրենքի համաձայն, ատեստավորման ժամկետը լրանալու դեպքում, ուսուցիչը իրավունք չունի աշխատելու: Ստացվում է, որ 2014 թվականի նախաատեստացիոն վերապատրաստումներ անցած ուսուցիչները, ովքեր 2019թ. ըստ օրենքի պետք է վերապատրաստվեին և ատեստավորվեին աշխատում են օրենքի խախտումով»,- ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ օրենքի խախտումն` անգամ «լավ գործի» համար, ողջունելի չէ: Հիշեցնենք, որ խոսքը մոտ 8000 ուսուցչի մասին է:

Ի դեպ «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկում ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցները այդպես էլ չհասան Կրթության ազգային ինստիտուտ, և վեց ամիս ինստիտուտը շարունակեց կատարել նախարարության հանձնարարականները խնայած միջոցներով: ԿԳՄՍ նախարարությունում, ԿԱԻ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ վերապատրաստումները հետագայում արտապատվիրելու է հասարակական կազմակերպություններին:

«Հետաքրքիր է ինչո՞ւ հասարակական կազմակերպություններին և ոչ պետական այլ հիմնարկությունների: 2011-2012թթ. վերապատրաստումները իրականացվել են տարբեր կազմակերպությունների, այդ թվում հասարակական կազմակերպությունների միջոցով: Կարծում եմ, այս ձևաչափով վերապատրաստումները արդյունավետ չէին, և 2013 թվականից դրանք իրականացվում էին միայն Կրթության ազգային ինստիտուտի կողմից: Արդյո՞ք ուսուցիչների զարգացման գործընթացի շարունակականությունը կարևոր չէ: Այդպես էլ ոչ մի պաշտոնական բացատրություն՝ ինչո՞ւ չէր կարելի Կրթության ազգային ինստիտուտի շրջանակներում իրականացնել հստակ բարեփոխումներ` վերանայելով գործառույթները, կառուցվածքը և կադրային համակազմը, ինչո՞ւ է այսքան դանդաղում հիմնադրամի բացման գործընթացը: Ունի՞ արդյոք կառավարությունը իր օրակարգում իր իսկ գործողությունների արդյունքում ոլորտում առաջացած բացը վերացնելու որևէ ծրագիր, և վերջապես ունի՞ կառավարությունը կրթության զարգացման ռազմավարություն»,- ամփոփեց Նունե Ամիրյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829