Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչդ սպասում է քեզ՝ այս անգամ քեզնից դասեր առնելու»․ Չինաստանից՝ հայ ուսուցչուհի Մարինե Սահակյան

Հոկտեմբեր 05,2020 10:26

Չինաստանում ապրող եւ աշխատող, ծնունդով կապանցի, մանկավարժ Մարինե Սահակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․«Ուսուցչի օրն է այսօր։ Բայց երախտիքի խոսքերն ու աղոթքները բոլոր քոնն են ու քեզ համար են մեր երեկվա աշակերտ, երեկ՝ դեռ գիրք ու գրիչ էր ձեռքիդ, այսօր՝ մի ողջ ժողովրդի բախտ ես կերտում։

Ի՛մ զինվոր աշակերտ, հիմա մենք ենք սպասում քո հրահանգին ու հրամանին, եւ դու խոստացել ես վերադառնալ՝ հաղթանակը ափերիդ մեջ ու հերոսական պատմություններ աչքերիդ արեւների տակ թաքցրած։ Ուսուցիչդ սպասում է քեզ՝ այս անգամ քեզնից դասեր առնելու»։

Մարինեն երկար տարիներ Կապանում է անգլերեն դասավանդել, 13 տարի եղել է Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի անգլերենի մասնագետը։ «Չեք պատկերացնի, ինչքան դժվար է այս օրերին հայրենիքից հեռու գտնվելը։ Բազմաթիվ աշակերտներս, ընկերներիս զավակները, երկու դստրերիս համադասարանցիները հիմա առաջնագծում են»,–ասում է նա։

Մարինեի խոսքով, չնայած ինքը որդի չունի, բայց բոլոր հայորդիները իր զավակներն են։ «Ամբողջ օրս անցնում է աղոթքով, խնդրում եմ Բարձրյալին՝ Աստծո հովանու ներքո լինեն հայ զինվորները»,–մեր հեռախոսազրույցում ասաց Մարինեն։

Նա համարյա 24 ժամ համակարգչի առաջ է, հետեւում է լրահոսին, ծավալվող գործողություններին ու նաեւ չինացիներին է բացատրում իրավիճակը, թե ինչ է հայոց գոյապայքարը եւ, վստահ է, որ հաղթանակը հաստատ մերն է լինելու։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարները Մարինե Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031