Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորի առաջին աշխատանքը քաղաքական, կրոնական ու սոցիալական հարցերով աղմուկ հանած գլուխգործոց է

Փետրվար 27,2020 13:00

Վերջին շրջանում հաճախ ենք  հանդիպում ուսանող դերասանների կամ ռեժիսորների, որոնց հնարավորություն է ընձեռվում դիպլոմային աշխատանքներն իրականացնել պետական թատրոններում: Հանդիպում ենք նույնիսկ այնպիսի արվեստագետների, որոնք, օրինակ, մինչ ռեժիսորական աշխատանքը, հայտ են ներկայացրել որպես դերասան եւ հաջողել:

«Առավոտի» զրուցակիցը դերասան Հրաչյա Գյումբալյանն է, 2018-ին որի առաջին գլխավոր դերը՝ Քրիստոֆերը, համանուն ներկայացման մեջ (ըստ Մարկ Հեդնի «Շան հանելուկային սպանության գիշերը» վեպի՝ Սամսոն Մովսիսյանի ռեժիսուրայով) լուրջ հայտ էր: Մասնագետներն ու թատերասերները ներկայացման պրեմիերայից հետո հիացած էին, թե ինչպես Հրաչյան մեկուկես ժամ անընդհատ բեմում էր՝ կերպավորելով աուտիզմ ունեցող 15-ամյա տղային, որը փորձում է գտնել շանը սպանողին՝ բախվելով բազմաթիվ խնդիրների, բայց հասնում հաջողության: Նաեւ փաստում, որ հաջողված էր դերասանի դեբյուտը. նա ներկայացրեց փորձառու արվեստագետին բնորոշ խաղ: Երիտասարդ արվեստագետին այնուհետեւ հանդիպեցինք դարձյալ գլխավոր դերերում՝ Թումանյանի «Գելը» (ռեժիսոր՝ Սամսոն Մովսիսյան), Օրհան Փամուկի «Իմ անունը Կարմիր է» (ռեժիսոր՝ Տաթեւ Մելքոնյան) ներկայացումներում եւ այլն:

Հրաչյա Գյումբալյանը՝ Քրիստոֆերի կերպարում:

Օրերս դերասանը սկսել է իր առաջին փորձը որպես ռեժիսոր. տիկնիկային թատրոնում սկսվել են Էնթոնի Բրջեսի «Լարովի նարինջ» վեպի բեմականացման աշխատանքները: Սա գրողի այն հայտնի գործն է, որը 1960-ականներին կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկի էկրանավորմամբ միաձայն չընդունվեց, որովհետեւ վեպում ակնհայտ է բռնության քարոզը: Սակայն տարիներ անց Բրջեսը խոստովանել է, որ դա իր ամենա-ամենա հաջողված ստեղծագործությունը չէ, բայց ֆիլմի շնորհիվ մեծ արձագանք է ունեցել:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ նյութի ընտրության հարցում հաշվի առե՞լ է տասնամյակներ առաջ վեպի շուրջ ծագած տարաբնույթ խոսակցությունները եւ մտավախություն չունի՞, թե ինչպես կընդունի այն մեր հանդիսատեսը: «Վեպը գրված է անտիուտոպիա (երեւակայական) ժանրում: Իսկապես բարձրացվում են քաղաքական, կրոնական ու սոցիալական հարցեր, ինչը, իմ խորին համոզմամբ՝ ակտուալ է բոլոր ժամանակներում: Ի վերջո, այս երկում շեշտադրված է ի սկզբանե մարդկային մեղքի գաղափարը, որը կապվում է Ադամի եւ Եվայի հետ: Նրանք էին, որ լինելով առաջին մարդ արարածները, ընտրություն կատարեցին… Մենք հաճախ դժվարանում ենք ինքներս ընտրություն կատարել հենց մեր ես-ի դեպքում եւ մեր թուլությունները կապում ենք ընտրության կամ մեղքի հետ, դժվարանում ենք բարոյական ճիշտ ընտրություն կատարել… Բերեմ հասարակ կենցաղային օրինակ. տասնամյակներ շարունակ «ընտրում» ենք՝ ծխե՞լ, թե՞ չծխել, ալկոհոլ, թմրամիջոց օգտագործե՞լ, թե՞ չօգտագործել…»,- հայտնեց Հրաչյա Գյումբալյանը: Դիտարկմանը, թե՝ ճարպիկ է գտնվել գործի ընտրության հարցում, քանի որ դրանով բարձրացվում է բոլոր ժամանակների համար արդիական խնդիրներ, արվեստագետը չհերքեց.  «Այո, շատ ժամանակ պահանջվեց կանգ առնելու այս գործի վրա»:

Ռեժիսորի աշխատանքը՝ սեղանի շուրջ

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը՝ իր բախտը միանշանակ բերել է. ուսանել է ռեժիսոր, տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի արվեստանոցում, դիպլոմայինն էլ պաշտպանում է ճանաչված արվեստագետի ղեկավարությամբ,  ռեժիսորը պատասխանեց. «Որ բախտս բերել է՝ գիտեմ: Նշեմ, որ պրոֆեսորիս ղեկավարությամբ դիպլոմային աշխատանք են պաշտպանում կուրսեցիներս նույնպես, օրինակ, Մերի Մարգարյանը՝ Համազգային թատրոնում, Դիանա Բաբայանը՝ Ռուսական դրամատիկականում, մեկ-երկուսն էլ Տիկնիկայինում կներկայանան իրենց աշխատանքներով: Իսկ ընդհանրապես, վերջին շրջանում թատերականի մյուս պրոֆեսորների ուսանողների դիպլոմային բեմադրություններ էլ են իրականացվել մեծ բեմերում»: Կատակեցինք, թե՝ գոնե առաջին ռեժիսորական աշխատանքի առիթով, բնականաբար, իր համար գերագույն կարծիքը Ռուբեն Բաբայանինը պետք է լինի: Մեր զրուցակիցը համակարծիք եղավ ու հավելեց. «Կարող են պատահել դեպքեր, երբ բախվեն մասնագետի ու հանդիսատեսի կարծիքները: Նույն ինքը Էնթոնի Բրջեսի մտքով չէր էլ անցնի, որ իր վեպի այդքա՜ն բուռն տարակարծություններից հետո, նույնիսկ կարգելվի, բայց միառժամանակ անց կընդգրկվի համաշխարհային լավագույն ստեղծագործությունների ցանկում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829