Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունն ու վարչական դատարանն իրար հրմշտելով՝ ուզում են այդ գործը վերջացնել. Էդվարդ Միլիտոնյան

Ապրիլ 16,2024 20:10

«Ստեղծագործական միությունների շենքների՝ կադաստրի հետ կապված հարցերը հանկարծակի են առաջացել, 25 տարի նման խնդիր չի եղել, ու հանկարծ հիմա ծագում է դա, եւ արագ արագ դատախազությունն ու վարչական դատարանն իրար հրմշտելով ուզում են այդ գործը վերջացնել եւ մեր շենքերը պետականացնել»,- «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ անդրադառնալով ստեղծագործական միությունների շենքերը պետության կողմից վերցնելու գործընթացներին:

«Այս շենքերը, ստեղծագործական միությունների շենքերը, հանգստյան տները կառուցվել են ԽՍՀՄ գրական ֆոնդերի գումարներով, գրողների հոնորարներով, եւ եթե խնդիր լիներ, պետությունը 25 տարի առաջ այդ քայլին կգնար: Դրանք կառուցվել են միությունների համար, եւ 25 տարի  որեւէ մեկը չի ասել, դա մերն է»,-ասաց ՀԳՄ նախագահը:

Գեղանկարիչ Արա Շահումյանը նշեց, որ ինքը երկար տարիներ առնչվել է իր ձեւակերպմամբ՝ կադաստրի անհասկանալի գործողությունների հետ, կապված Ֆիրդուսի թաղամասի հետ, որտեղ իրենք հնաբնակներ են, հայրը՝ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը սեփականություն ունի. «20 տարի մենք բախվում ենք  այդ պատին՝ կասկածելի հանրային շահին: Հիմա ես տեսնում եմ զուգահեռներ կապված ստեղծագործական միությունների շենքերի հետ, էլի գալիս ենք կադաստր՝ նկարիչների միության հարցով:

Սա ժառանգություն է արվեստագիտական միությունների արվեստագետների այն տարիների աշխատանքի, որտեղ պետությունն ներդրում չունի,  մենք դա ժառանգել ենք որպես իրավահաջորդ»,-ասաց Արա Շահումյանը: Նրա խոսքով՝ այժմ որպես քաղաքացի, որպես արվեստագետ՝ իր մոտ դիմադրություն է արթնանում, քանի որ անհասկանալի են ստեղծագործական միությունների շենքերը պետականացնելու դրդապատճառներն ու հիմնավորումները:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ասաց, որ ինքը որեւէ միության անդամ չէ, դրա համար  հարցը դիտարկում է սեփականության իրավունքի տեսանկյունից: «1917թ, երբ տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղաշրջումը Ռուսաստանում, եւ սկսեցին պետականացվել բազմաթիվ սեփականություններ, դա ամբողջ աշխարհում ընկալվեց որպես գողություն՝ պետության կողմից: Հայաստանում ստեղծագործական միությունները հիմնվել են եւ ֆինանսավորվել ոչ թե պետության, այլ արվեստագետների կողմից եւ նրանց գումարներով: Եթե դրանք պետականացվել են, դա էլեմենտար գողություն է եղել:

Բայց սրա կողքին կա նաեւ ցավալի մի փաստ.ստեղծագործական միություններն ունեցել են սեփականություններ, որոնք ժամանակին օտարվել են ստեղծագործական միությունների ղեկավարության կողմից»,-նշեց Ռուբեն Բաբայանը:

Նա ասաց, որ իր՝ միությունից դուրս գալու պատճառներից մեկն էլ նման թաքուն գործարքն է եղել: Նշեց, որ ժամանակին Հայաստանի թատերական գործիչների միությունը իր ունեցվածքով ԽՍՀՄ-ում եղել է երկրորդը՝ Ռուսաստանի թատերական գործիչների միությունից հետո, ունեցել է հանգստյան տներ Նորքում,խանութներ,  լուսանկարչատուն՝ Սայաթ Նովա փողոցում, ֆաբրիկա, ռեստորան, մի քանի սննդի կետ, ունեցվածք, ինչը միության անդամներին հնարավորություն գործուղվել տարբեր միջազգային փառատոնների, հիվանդության ժամանակ հոգալ որոշակի ծախսեր եւ այլն: «Հիմա այդ ամենը չկա, ես կարծում եմ, որ եթե 30 տարի առաջ արգելք դրվեր, որ սա ձերն է, բայց առանց օտարելու իրավունքի, այսօր այլ պատկեր կունենայինք»,-ասաց ռեժիսորը:

Ռուբեն Բաբայանը նաեւ հավելեց, որ անկախ նրանից, թե ինչ որոշում է կայացվել 90-ականներին, դա պետք է դիտարկել օրենքի տեսանկյունից՝ արդյոք պետությունն իրավունք ունի՞ պետականացնելու ուրիշի սեփականությունը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930