Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկների՝ Գյումրու ռեստորաններում սնվելու երազանքն ու պանդեմիան․ գործարարի մտորումները

Մայիս 05,2020 23:23

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու պատմական հատվածում գտնվող «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը կարծիք հայտնեց, որ պանդեմիայի պատճառով ամենաշատը տուժել է սպասարկման ոլորտը։ Նա չաշխատած ժամանակահատվածի ընթացքում կրած վնասի կոնկրետ չափ չնշեց, սակայն ասաց, որ բավականին շատ է։

«Ես միայն իմ անունից չեմ խոսում, սննդի բոլոր օբյեկտներում վնասը բավականին շատ է։ Տնտեսվարողների համար շատ դժվար է պահել օբյեկտները, որոնք աշխատեցնելով՝ ամենօրյա ակնկալիք ունեն դրամային շրջանառության։ Իսկ ներկա պահին այդ ամենը գրեթե չկա ու դու պետք է փորձես ռեստորանը պահել, մինչև որ, կոպիտ ասած, բացեն դռները ու կարողանաս աշխատել։ Ներկա պահին շատ դժվար է, բայց պիտի փորձենք հաղթահարել, հուսամ պետությունը մեր կողքը կկանգնի այն առումով, որ գոնե հարկային պարտավորություններն ավելի կմեղմացնի, որպեսզի կարողանանք շարունակել աշխատել ու հաղթահարել այս ամենն»,-ասաց մեր զրուցակիցը։

Մենք հետաքրքրվեցինք, թե իրենց աշխատակիցները ստացե՞լ են արդյոք կառավարության նախատեսած գումարը, պարզվեց՝ դեռ ոչ։

«Մեր բոլոր աշխատակիցները գրանցված են, բոլորն էլ աջակցություն են ստանալու պետությունից, բայց մի քիչ ձգձգվում է պետության դրամային փոխանցումը, որովհետև ծանրաբեռնված են աշխատում, ու մինչև կարգավորվում է, բավական ժամանակ է անցնում։ Դեռ չեն փոխանցել գումարը, որովհետև կիսատ թղթատարություն կար, մեր կողմից ամեն ինչ արված է, սպասում ենք կառավարության պատասխանին, զանգ ենք ստացել, խնդրել են, որ վեց օր սպասենք, որից հետո պետք է, որ ստանանք դրական պատասխան», -ասաց Կարեն Հարությունյանը։

 

«Ֆլորենս Գյումրի» ռեստորանը վաղը բացելու է բացօթյա հատվածը, սակայն, ըստ գործադիր տնօրենի, մի փոքր հատված աշխատեցնելով, չես կարող միանգամից աշխատանքի կանչել ողջ անձնակազմին, բացի այդ, պարտավոր ես լրացուցիչ ծախսեր անել յուրաքանչյուր հաճախորդի անվտանգությունն ապահովելու համար։ Հաճախորդը ջերմաչափվելու է, նրա անուն-ազգանունը գրանցելու են, նոր ներս են թողնելու։ Բացի այդ, պարտադիր են դիմակներն ու ձեռնոցները, որքան էլ դիմակը հաճախորդին պետք չգա, քանի որ սնվելու է, ներս մտնելիս՝ այն պիտի կրի։ Կարեն Հարությունյանի ասելով՝ այստեղ հեղինակության հարց կա․ հնարավորինս ամեն ինչ պիտի անես հաճախորդի չվարակվելու համար։

«Երբ բացում եմ ռեստորանի փոքր հատված, չես կարող ասենք 10 մատուցողի աշխատանքի կանչել, պիտի կարողանաս գոնե ծախսերը փակել, սակավաթիվ աշխատողներով պիտի սպասարկես տվյալ քառակուսի մետրը։ Ներկա պահին կարող եմ ասել, որ ոչ բոլորն աշխատակիցներն են աշխատանքով ապահովված։ Իհարկե, գործազրկության վտանգ կա, բայց ուրախալի մի լուր ասեմ․ մեզ մոտ կրճատում չի եղել, ճիշտ է՝ շատ դժվարությամբ բոլոր աշխատողներին պահում ենք և հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու։

3 օր է՝ կազմակերպում ենք բացօթյա հատվածը գործարկելու աշխատանքները, ինչ ստացել ենք պարետի թույլտվությունը, միանգամից չենք բացել, որովհետև ցանկանում ենք հետևել սահմանված բոլոր կանոններին։ Մաքրման աշխատանքներն ենք իրականացնում․ սպասքը հատուկ չափանիշներով է մաքրվելու, վաղվանից կընդունենք մեր հաճախորդներին։ Նրանց դիմավորելու ենք դիմակներով, պարտադրում ենք, որ ունենան դիմակներ, ձեռնոցներ, բնականաբար չես կարող պարտադրել, որ ամբողջ ընթացքում կրի դիմակ, մարդը գալիս է սնվելու, բայց գոնե ներս մտնելուց չափանիշները պետք է ապահովվեն, ալկոգելը դրված է, ձեռքերը պիտի լվանա, ջերմաչափվի»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե կհաջողվի՞ արդյոք սոցիալական հեռավորություն պահպանել։

«Իմ կարծիքով, ինչքան էլ պահպանես սոցիալական հեռավորություն յուրաքանչյուր անձ ինքը պետք է փորձի պաշտպանվել դիմացինից, ինչքան էլ սեղան-աթոռը հեռու դնես, եթե մարդը ցանկություն ունեցավ կողքինի հետ շփվելու, ինքը մոտ կգնա ու կշփվի, դու չես կարող ասել՝ չէ, մետր ու կես հեռավորությունը պահպանի։ Պետք է փորձես հետևել այդ կանոններին, բայց 100 տոկոսով չես կարող վստահ լինել, որ այդ 1,5 մետր հեռավորությունը պահպանեն, հաճախորդներ են, գալիս են՝ չես կարող հրահանգել՝ դուք իրար կողք մի նստեք, իրար դիմաց նստեք։ Շատ հարցեր կան, ինչքան էլ փորձենք պահպանել այս ամենը, դժվարությունները շատ են, ուղղակի պիտի հետևենք, ու յուրաքանչյուրս մտածենք մեր առողջության ու դիմացինի առողջության մասին»,-ասում է Կարեն Հարությունյանը։

Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է պատկերացնում ռեստորանների, սրճարանների եկամտաբեր գործունեությունը, երբ հօդս ցնդեց Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելու ծրագիրը։ Նկատենք, որ վերջին շրջանում Գյումրու սպասարկման ոլորտը զարգանում էր հենց զբոսաշրջիկների հաշվին։

«Շատ ցավալի հարց է, երբ ունենում ես մեծ ամրագրումներ տուրիստական կազմակերպություններից ու պանդեմիան սկսվելուց հետո միանգամից բոլոր պատվերները հանվում են։ Ասեմ, որ հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների համար մեծ թվով գրանցումներ ունեինք, բայց դրանք զրոյացվեցին, որովհետև տուրիստների հոսքը միանգամից դադարել է, ճանապարհները փակ են, հույս էլ չկա, թե երբ կբացվեն։ Այս տարին այլևս տուրիստական չէ ողջ աշխարհի համար։ Մենք շատ գործակալությունների հետ էինք աշխատում, մեզ մոտ շատ էին հաճախում Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, հիմնականում այն երկրներից, որտեղ որ ամենաշատ զոհերն ու հիվանդացության ամենաշատ դեպքերն են արձանագրվել։ Նրանք գալիս էին Հայաստան, մի քանի օրով կամ մի քանի ժամով այցելում էին Գյումրի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ի դեպ, Կարեն Հարությունյանը պատմեց, որ չաշխատած երկու ամիսների ընթացքում շատ են հնչել հեռախոսազանգեր, օրինակ՝ մեկը հորդորել էր մի պահ բացել ռեստորանը, որպեսզի 10 հոգով ծննդյան տոն նշեն, սակայն չնեղացնելով հաճախորդին՝ մերժել են։

«Եթե օրենք է, ուրեմն բոլորս պետք է հետևեն, սա կյանքի ու առողջության հարց է, բոլորս միասին պիտի հաղթահարենք։ Դժվարություններն ամեն տեղ են, բայց հուսանք, յուրաքանչյուր մեծ դժվարությունից հետո պիտի մեծ դուռ բացվի, կյանքն ավելի ուրիշ գույներով է շարունակվելու»,- ասում է Կարեն Հարությունյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Կարեն Հարությունյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    հապա՜… մինչդեռ հրատապ օգնութեան գումարները կառավարութիւնից տակաւին չեն ստացած, եւ դեռ պաշտպանում է, որ՝ էհ, ծանրաբեռնուած են…

    կը մնայ ճշդելը թէ, Լենինականում այդ շքեղ ճաշարանների քանի՞ հատը գոյութիւն ստացած են այժմու վարչակարգի ներքոյ, իսկ քանի՞ հատը՝ նախապէս

    հա, բայց ներեցէք, մոռացայ «Վարչապետին Փողոցը», որ անշուշտ Փաշինյանին ակնարկելով է որ կը կրէ այդ անունը

    եւայլն, եւայլն.

    ապերախտութեան պատիժն ալ Երկնքից կը վիճակուի

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031