Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե որոշ բառերի ընտրանքը սխալ էր. տաքարյուն եմ եղել, բայց դա չի նշանակում, որ ես իմ խոսքերի իմաստից հետ եմ կանգնում». Նարեկ Հախնազարյան

Մայիս 29,2020 16:22

«Ոչ մի վայրկյան իմ երկու տեսանյութերն էլ չեն եղել քաղաքական: Դրանք եղել են և կան սոցիալական թեմաներով»,- Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը:

Հիշեցնենք՝ նրա առաջին տեսանյութը դժգոհություն առաջացրեց: Այդտեղ թավջութահակարը հայտարարում է. «Հայ ժողովուրդը մնում է հայ վատ իմաստով… Մեծամասնությունը, ցավոք պետք է այս բառն օգտագործեմ, քանի որ ուրիշ բառի մասին չեմ կարողանում մտածել, իսկականից բառադի և անգիտակից հայեր են: Եվ այդ նույն մարդիկ մեծ սիրով գրում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի դավաճան էր, ոմանք, թե երկրի դավաճան է Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և կան նաև նրանք, որ գրում են՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն են երկրի դավաճան: Ձեզ պատասխանեմ. այդ մարդիկ երկրի դավաճան չեն. երկրի դավաճանը դուք եք՝ այն բառադի հայերը, որոնք թքած ունեն բոլոր էական վտանգների վրա և համարում են, որ կորոնավիրուսը մեզ չի կպնի»:

Նարեկ Հախնազարյանը պնդեց՝ իր խոսքերի իմաստը սխալ են հասկացել, դրա համար էլ նկարել է երկրորդ տեսանյութը,  որտեղ որոշ պարզաբանումներ է ներկայացնում:

Հարցին՝ բառապաշարի համար չե՞ք փոշմանել, որ նման բառեր ենք օգտագործել հայ ժողովրդի թեկուզ որոշ հատվածի մասին, Նարեկ Հախնազարյանը պատասխանեց. «Գուցե որոշ բառերի ընտրանքը սխալ էր. ես համարում եմ՝ սխալ էր: Վրդովված վիճակում բոլոր բառերը չպետք է հնչեցնեի, բայց դա չի նշանակում, որ ես իմ խոսքերի իմաստից հետ եմ կանգնում: Իմ խոսքերի իմաստը շատ հայրենասեր և, ինձ թվում է, իմաստուն են, որ մեր ժողովուրդը հասկանա: Իմ խոսքերն ուղղված էին ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ այն որոշ մասին, որն իրեն պահում է, իմ կարծիքով, անպատասխանատու: Երկրորդ տեսանյութում ես պարզաբանեցի, թե այդ կարծիքն ինչի վրա է հիմնված, ինչ փաստերի և սովորական տրամաբանության հետ կապված բաներ են»:

Մեր դիտարկմանը՝ անգամ երկրորդ՝ պարզաբանող տեսանյութից հետո հանրային տրամադրությունները չեն հանդարտվել. իրեն քննադատում են նաև այն հարցում, որ մեղավորներ փնտրել է միայն ժողովրդի մեջ, մինչդեռ պետք է հաշվի առներ կառավարության սխալները, որ սկզբում պետական պաշտոնյաները հայտարարում էին, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, որ դրա դեմ պայքարը վաղ չսկսվեց և այլն, Նարեկ Հախնազարյանն այսպես արձագանքեց. «Դա սխալ է, որ ես հաշվի չեմ առել կառավարության թերացումները, քանի որ իմ երկու տեսանյութերում ասել եմ, որ կառավարությունը թերություններ թույլ է տվել, ինչպես յուրաքանչյուր կառավարություն, ինչը նորմալ է: Բայց իմ կարծիքով՝ կառավարությունը շատ արագ փորձեց շտկել այդ թերությունները. ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ համեմատած՝ մեր կառավարությունը շատ ավելի շուտ սկսեց պայքարել կորոնավիրուսի դեմ»:

Մեր հիշեցմանը՝ այս տեսանյութերից հետո շատերը Ձեզ մեղադրում են, որ Դուք էլ եք հավակնում դառնալ այսպես կոչված «գրպանային» մտավորական, ինչի դեմ տարիներ շարունակ ժողովուրդը պայքարել է և հարցին՝ այդպիսի տեսակետ հայտնելուց նման մտավախություն չունե՞իք, թավջութակահարն արձագանքեց. «Ընդհանրապես ոչ մի տեսանյութ նկարելիս ես չեմ մտածում, որ ինձ կարող են մեղադրել: Իմ կարծիքը հայտնում եմ: Համարում եմ, եթե կառավարությունը դրական գործեր է անում, պետք է նշել, եթե բացասական՝ նույնպես: Մարդկանց մեծամասնությունը շատ ակտիվ նշում է կառավարության ոչ արդյունավետ մոտեցումը փետրվարի համար, բայց այդ նույն մարդիկ չեն ցանկանում ընդունել, որ մարտից սկսած կառավարությունը շատ ավելի արդյունավետ ու լրջորեն է վերաբերվել կորոնավիրուսի վտանգին, քան փետրվարին: Դա իմ անձնական կարծիքն է: Եթե ես փորձեի կառավարության գրպանային մտավորական դառնալ, ես չէի ասի, որ կառավարությունը փետրվարին սխալներ է արել: Ես կասեի, որ մեր կառավարությունը իդեալական է ու ֆանտաստիկ: Կառավարությունը սխալներ անում է, ինչպես յուրաքանչյուր կառավարություն, բայց ես հո չե՞մ համարում, որ միայն վատն է պետք ՀՀ-ում կառավարության մասին խոսել: Դա մեր մարդկանց մենթալիտետում շատ է խորացել, որ կառավարությունը միշտ վատն է, և պետք է վատ բաներ խոսել: Ես, իսկապես համեմատելով, իմանալով որոշ փաստեր և իմ աչքերով տեսնելով մարտ ամսվա աշխատանքները տարբեր կառավարությունների՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի, համարում եմ, որ մեր կառավարությունը շատ ավելի շուտ սկսեց իրական գործողություններ անել, քան մեծ, հզոր ու հարուստ երկրները»:

Մեր հարցին՝ այդ դեպքում պարտադիր դիմակ կրելն ինչո՞ւ կառավարությունը չսահմանեց հենց մարտի սկզբից, Նարեկ Հախնազարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ. դա իրենց սխալն է, ես էլի եմ ասում, ես չեմ պաշտպանում մեր կառավարությանը և էլի եմ ասում, որ մեր կառավարությունն անթերի չէ, շատ թերություններ է թույլ տալիս ու տվել, բայց շատ ճիշտ որոշումներ էլ է ընդունել: Ես էլի եմ համարում, որ սա միայն կառավարության պայքարը չէ: Ես չեմ պաշտպանում կառավարությանը, բայց ինչպես նշել եմ իմ երկրորդ տեսանյութում, եթե ժողովուրդը չօգնի կառավարությանը և ինքն էլ չպայքարի կորոնավիրուսի դեմ, քանի որ սա դիպլոմատիկ խնդիր չէ, սա համաշխարհային մարդկային վիրուս է, ինչքան էլ սահմանափակումներ կառավարությունն ընդունի, ժողովուրդը պետք է պայքարի դրանց դեմ և լրջորեն վերաբերվի: Իմ երկու տեսանյութերում հնչած կարծիքները ոչ մի դեպքում չէին վերաբերվում ամբողջ ազգին, այլ այն մարդկանց, որոնք իրենց պահում են անպատասխանատու և որոնք վտանգի են ենթարկում մեր ժողովրդի առողջությունը: Ինքս եմ ականատես եղել տասնյակ մարդկանց, որոնք համբուրվում են, ձեռք սեղմում և այլն»:

Հետաքրքրվեցինք՝ ինչու՞ որոշեցիք երկրորդ տեսանյութը նկարել, քննադատություննե՞րն էին պատճառը, Նարեկ Հախնազարյանը պատասխանեց. «Անշուշտ, ես որոշ արձագանքներ կարդացի ու հասկացա, որ իմ խոսքերն ուղղակի սխալ են հասկացել, և շատերն աղավաղում եմ իմ խոսքերի իմաստը: Ես դրա համար երկրորդ տեսանյութում մանրամասն անդրադարձա իմ խոսքերի իրական իմաստին և այն հարցին, թե դրանք ում էին վերաբերում»:

Հայեր vs Կոռոնավիռուս… Part 2

Gepostet von Narek Hakhnazaryan am Donnerstag, 28. Mai 2020

 

Մեր փաստմանը՝ օգտագործել եք «դավաճան», «բառադի» բառերը ժողովրդի`թեկուզ այն հատվածի հասցեին, որոնք Ձեր կարծիքով՝ անպատասխանատու են, բայց արդյոք նրանք Ձեզնից՝ որպես մտավորական, այդպիսի՞ վերաբերմունք էին սպասում, թավջութակահարն արձագանքեց. «Ես երկրորդ տեսանյութի սկզբում նշել եմ, որ առաջին իմ տեսանյութը ձայնագրել եմ տաքարյուն և վրդովված՝ ականատես լինելով մեկ ժամվա ընթացքում մի ութ մարդու համբուրվելիս՝ տղամարդկանց և կանանց: Ես, իհարկե, նշեցի, որ գուցե որոշ բառեր, որոնք օգտագործել եմ, սխալ էին, բայց իմ խոսքերի միտքը չի փոխվել, և ես չափազանց հպարտ ու հայրենասեր մարդ եմ: Ես միշտ հպարտ եմ եղել՝ լինելով հայ, ես ամբողջ աշխարհով ներկայացնում եմ Հայաստանը, մեր ժողովրդին ու մշակույթը և հպարտորեն եմ ներկայացնում: Եվ ես ոչ մի ուրիշ ազգի ներկայացուցիչ իմ կյանքում չէի ուզի լինել: Եվ ես ոչ մի կերպ չեմ կարող քննադատել ամբողջ ազգին: Կան մարդիկ, ես տեսել եմ բավականին շատ մարդկանց, որոնք իրենց այս օրերին պահում են անպատասխանատու: Եվ իմ կոչը վերաբերում էր այդ մարդկանց, որպեսզի իրենք բոլոր ֆեյք լուրերին չհավատան և լրջորեն վերաբերվեն այս վիրուսին: Ես անձամբ գիտեմ մի քանի տասնյակ և հարյուրից ավելի մարդ, որոնք հիվանդացել և մահացել են կորոնավիրուսից: Ես գիտեմ, որ կորոնավիրուսն էական վտանգ է ներկայացնում և ուզում եմ դա բացատրել իմ ժողովրդին: Դա է իմ երկու տեսանյութերի իմաստը»:

Հիշեցրինք՝ ոմանց կարծիքով՝ իր տեսանյութերը հակառակ ազդեցությունն ունեցան, հիասթափվեցին իրենից: Նարեկ Հախնազարյանն ասաց. «Հուսով եմ՝ այն մարդիկ, որոնք հիասթափվեցին, նայելով երկրորդ տեսանյութը, ավելի խորը հասկացան, թե ինչ էի ուզում ասել և կմտածեն այդ հարցերի մասին»:

Փորձեցինք պարզել՝ իսկ այս օրերին ՀՀ կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարում վարած քաղաքականությունը գոհացնո՞ւմ է աշխարհահռչակ հայ թավջութակարհարին և ի՞նչ թերություններ է տեսնում, նա պատասխանեց. «Իմ առաջին տեսանյութը փորձեցին վերածել քաղաքական ակցիայի, ուստի ես չեմ ուզում մեկնաբանել ոչ մի քաղաքական թեմա, քանի որ ոչ մի վայրկյան իմ մտքում չի եղել իմ տեսանյութերը դարձնել քաղաքական ակցիա: Եվ ինչ էլ մեկնաբանեմ, ինձ հետ կլինեն ոչ համամիտ մարդիկ, որոնք իմ խոսքերը կվերածեն քաղաքական, կառավարությանը կա′մ քննադատելու, կա′մ պաշտպանելու ակցիայի: Ես դա չեմ ուզում, քանի որ իմ կոչը, տեսանյութերը չեն վերաբերում կառավարությանը, այլ մեր ժողովրդին, քանի որ ինչ էլ անի կառավարությունը՝ լավ, թե վատ, ժողովուրդն է հիմնական զինվորը կորոնավիրուսի դեմ այս պայքարում: Յուրաքանչյուր զարգացած երկրում շատ բան է կախված այդ երկրի ժողովրդի գիտակցությունից և կամքի ուժից, թե ինչպես ժողովուրդը կկարողանա պայքարել: Կորոնավիրուսը կառավարությունում չէ, այլ ժողովրդի մեջ, դրա համար ինչ սահմանափակումներ էլ կառավարությունն ընդունի, ժողովուրդը պետք է այդ գործողությունները իրականացնի, որ կարողանանք պայքարել ու հաղթել կորոնավիրուսին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մարկո Բորգգրեւեի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031