Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթության չափորոշչի մշակման խմբի անդամը՝ Հայ եկեղեցու պատմության եւ աշխատանք կորցնող ուսուցիչների մասին

Հուլիս 06,2020 16:47

Հայ եկեղեցու պատմություն առարկան չափորոշչից եւ դպրոցից դուրս թողնելը բուռն դժգոհությունների տեղիք է տվել: Մասնավորապես, Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը տարակուսանք էր հայտնել, թե շարունակ հնչող հայտարարություններով, որ իբր նախարարությունը բաց է համագործակցության ու քննարկումների համար, փորձ է արվում տպավորություն ձեւավորել, թե եկեղեցու կողմից քայլեր չեն կատարվում այդ ուղղությամբ, եւ ընդառաջում չկա կառուցողական համագործակցության ձեւավորման հարցում։

Aravot.am-ը «Մեդիա կենտրոնում» կայացած «Հանրակրթության չափորոշիչներ․ որտեղ է մանիպուլյացիան, որտեղ՝ իրականությունը» խորագրով առցանց տեսաքննարկման մասնակիցներին հարց ուղղեց՝ իրենց կարծիքով ինչպե՞ս պետք է լուծել  Հայ եկեղեցու պատմության շուրջ 300 ուսուցիչների՝ աշխատանքի հարցը, եթե առարկան առանձին չի դասավանդվելու, եւ արդյոք այդ առարկան դուրս թողնելը նպատակաուղղվա՞ծ չէ հետագայում նաեւ Աստվածաբանության ֆակուլտետի փակմանը:

Հանրակրթության պետական չափորոշչի մշակման խմբի անդամ Արտաշես Թորոսյանը պատասխանեց, որ հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծին ծանոթանալու դեպքում կարելի է տեսնել, որ դա այնքան էլ այդպես չէ: «Մենք ունենք հանրակրթական ծրագրերի իրականացման համար առանձնացված յոթ բնագավառներ, որոնցից երկուսն եմ ընդգծում՝ հայրենագիտությունը եւ հասարակության, հասարակական գիտությունները… Պնդումները, թե Հայոց եկեղեցու պատմությունն այլեւս չի դասավանդվելու՝ իրականությանը չեն համապատասխանում եւ չափազանցված են»,-ասաց հանրակրթության պետական չափորոշչի մշակման խմբի անդամը :

Նրա խոսքով, Հայ եկեղեցու պատմությունը կարող է չդասավանդվել որպես առանձին առարկա, որովհետեւ առարկայացանկի ձեւավորման հիմնական սկզբունքներով չափորոշչի նախագծի մեջ ասվում է, որ հայրենագիտոսւթյուն եւ հասարակության, հասարակական գիտության բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի հիմքն են ներկայացվում են՝ մեկ ինտեգրված առարկայով, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին:

«Այն դրույթները, որոնք ներդրված են առանձին Հայ եկեղեցու պատմության դասագրքում, երբ առարկաների ծրագրերը կներկայացվեն լայն քննարկման, կտեսնեք. որ ծրագրերում արտացոլված են որոշակի չափով պատմության տեսանկյունից, որոշակի չափով ՝ մշակույթի եւ այլնի տեսանկյունից: Այդ ժամանակ իրոք առարկայական քննարկումը կլինի եւ կնշվի՝ ինչը կա եւ ինչը չկա, բացի դրանից, 7-12-րդ դասարաններում այդ առարկաները կամ ուղղությունները ներկայացվում են առանձին առարկաներով:

Դպրոցներին տրված ազատությունը հնարավորություն է տալիս դպրոցին, որ ինքը այդ ծրագիրը կարող է իրականացնել այն առարկաների շրջանակներում, որոնք պետությունն առաջարկում է ինտեգրված պարագայում, բայց կարող է նաեւ մշակել ինքնուրույն ծրագիր, հաստատել նախարարությունում եւ դասավանդել որպես առանձին առարկա: Այսինքն` այդ ազատությունները դպրոցին տրված են նաեւ ինքնուրույն որոշում կայացնելու համար: Այնպես որ այդ պնդումները դեռեւս առարկայական ծրագրերին անծանոթ լինելով՝ մի քիչ պակաս են հիմնավորված: Կոչ եմ անում, որպեսզի սպասենք առարկայական ծրագրեր քննարկմանը եւ նոր արտահայտենք դիրքորոշում, հատկապես որ չափորոշիչը հնարավորություններ տալիս է»,-նշեց Արտաշես Թորոսյանը:

Ինչ վերաբերում է Աստվածաբանության ֆակուլտետին՝ գուցեեւ հետագայում սպառնացող հնարավոր վտանգին, այս մասին էլ նշեց, որ չի կարծում, թե Աստվածաբանության ֆակուլտետը ստեղծել են, որպեսզի կրթեն ուսուցիչներ դպրոցի համար: Հայ եկեղեցու պատմության ուսուցիչների աշխատանքը կորցնելու մասին էլ հավելեց, որ ինտեգրված առարկայի դասավանդման դեպքում համապատասխան որակավորում ունեցող մասնագետները կկարողանան դասավանդել, իսկ թե այլ ուսուցիչների կվերապատրաստեն, թե ոչ , դա պետության որոշելիքն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031