Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական հարաբերությունները, այնուամենայնիվ, գտնվում են ճգնաժամային իրավիճակում». Վահե Դավթյան. «Ժամանակ»

Հուլիս 07,2020 12:05

«Սա պլանային վերանորոգում է, որը պետք չէ դիտարկել ռիսկային տիրույթում: Ռիսկային տիրույթում պետք է դիտարկել առհասարակ ռուսական վարկից հրաժարվելու գործընթացը, որը թեև  իշխանության կողմից ներկայացվում է որպես ատոմակայանի մոդեռնիզացման աշխատանքների արդյունավետությունը  բարձրացնելուն ուղղված միջոց, այնուամենայնիվ, ես այստեղ տեսնում եմ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնույթի  որոշակի ռիսկեր»։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից  Հայկական ԱԷԿ-ը կանգնեց  հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։

Տնտեսական և քաղաքական բնույթի ռիսկերի վերաբերյալ էներգետիկ ոլորտի փորձագետը  մանրամասնեց. «Նախ՝ տնտեսական ռիսկերի մասին. ակնհայտ է, որ այն տոկոսադրույքը, որով 2015թ.-ի պայմանագրով  ռուսական վարկը տրամադրվել է հայկական կողմին՝ ԱԷԿ-ը վերազինելու և մոդեռնիզացնելու նպատակով (տարեկան 3 տոկոս տոկոսադրույք), սա կարելի է բնութագրել որպես շուկայականից ցածր տոկոսադրույք՝ հատկապես, երբ ուսումնասիրում ենք ՌԴ-ի կողմից հետխորհրդային տարածքում այլ պետություններին նույն նպատակով տրվող վարկերը: Օրինակ՝ Բելառուսին ատոմակայան կառուցելու նպատակով Ռուսաստանը վարկ տրամադրեց 5.5 տոկոսով, Իրանին՝ 6 տոկոսով, և այլն, այնպես որ՝ մեզ տրամադրված 3 տոկոսը բավականին ցածր թիվ է: Իսկ ինչ է առաջարկում այսօր մեր իշխանությունը. իշխանությունն առաջարկում է թողարկել  գանձապետական արժետոմսեր, որոնք կտեղաբաշխվեն միջազգային շուկայում՝ հավելյալ միջոցներ ներգրավելու և ատոմակայանի մոդեռնիզացման ծրագիրը ավարտին հասցնելու համար, բայց մենք գիտենք, որ միջազգային շուկայում պետական պարտատոմսերը տեղաբաշխված են  8 տոկոս տոկոսադրույքով, այնպես որ՝ այստեղ մենք պետք է նախևառաջ ֆինանսական հաշվարկ կատարենք՝ հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, մեզ ռուսական վա՞րկն էր  ձեռնտու, թե՞ այս երկրորդ տարբերակը, որն առաջարկել է մեր կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության:

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. առհասարակ, եթե անգամ ռուսական  վարկից հրաժարվելն ինչ-ինչ նպատակներից ելնելով արդարացված է, այդուհանդերձ, մենք պետք է հաշվի առնենք նաև, որ այս որոշումը խոշոր հաշվով վնասում է Հայաստանի «վարկային պատմությանը», որովհետև սա , անպայման, հաշվի է առնվելու միջազգային այն կառույցների կողմից, որոնք Հայաստանին տրամադրում են կամ տրամադրելու են վարկեր: Հատկապես՝ Եվրասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի այս քայլը ստանալու է որոշակի բացասական գնահատական:

Ինչ վերաբերում է քաղաքական ռիսկերին, ապա մեզ բոլորիս հայտնի է, որ միջուկային էներգետիկան հայ-ռուսական հարաբերությունների ավանդական և առանցքային ուղղություններից մեկն է: Եվ այն, որ մի կողմից՝ ռուսական կողմը, փաստորեն, հրաժարվեց  երկարացնել վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, մյուս կողմից էլ՝ հայկական կողմը, ելնելով դրանից, գնաց արդեն այլընտրանքային ճանապարհով՝ հրաժարվելով ռուսական վարկից,  խոսում է, իհարկե, այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները, այնուամենայնիվ, գտնվում են ճգնաժամային իրավիճակում՝ անկախ տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հռետորական  հայտարարություններից: Ըստ իս՝ երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացումը մշտապես ենթադրում են կոնկրետ նախագծերի  և նախաձեռնությունների իրականացում: Իսկ այս առումով այն, որ մենք այստեղ խնդիրներ ունենք, ակնհայտ է»:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031