Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր տարածքներ զիջելու էներգետիկ վնասները ոչ պակաս կարևոր է հասկանալ». Վարուժան Գեղամյան

Ապրիլ 03,2024 12:56

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Նոր տարածքներ զիջելու էներգետիկ վնասները ոչ պակաս կարևոր է հասկանալ։

Ահա թե ինչ է գրում էներգետիկ հարցերի մասնագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը.

«Հայաստանի ռազմավարական կոլապսը բավականին ցայտուն արտահայտվում է էներգետիկ համակարգում, այս անգամ արդեն՝ վրացական ուղղությամբ:

Վերջերս հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի ու դրան սպասարկող երկու ենթակայանների կառուցման աշխատանքները: Մրցույթին մասնակցող ընկերությունը՝ Siemens-ը ֆինանսական առաջարկ չի ներկայացրել՝ պարզաբանելով դա այլ շուկաներում գերզբաղվածությամբ: Երկրորդ մասնակիցն էլ հայտարարել է սնանկության մասին: Փաստացիորեն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միջազգային բիզնեսը պարզապես խուսափում է Հայաստանում որևէ երկարաժամկետ գործունեություն ծավալելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգային ռիսկերն ու անկանխատեսելիության բարձր աստիճանը:

Ակնհայտ է, Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը, դրանում միջազգային բիզնեսի հետաքրքրության բացակայությունը ուղիղ կապված է նաև Երևանի կողմից իրականացվող «անկլավային քաղաքականության» հետ: Հաշվի առնելով, որ անկլավների հանձնման պարագայում արմատապես փոխվելու է, իսկ իրականում՝ վտանգվելու է Հայաստանի ռազմավարական-հաղորդակցային ճարտարապետությունը, նոր միջպետական էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ևս չեն կարող սկսվել՝ առանց նոր իրողություններն առնվազն հաշվի առնելու: Միջազգային բիզնեսը չի բացառում, որ ինչ-որ պահի պետք է էլեկտրահաղորդման գծի լոգիստիկան համաձայնեցնի նաև Բաքվի հետ:

Վրաստան-Հայաստան գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2019 թ.-ին՝ որպես «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս: Ընդ որում, առ այսօր պատրաստ չէ նաև նույն միջանցքի մաս կազմող Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը: Արդյունքում, Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին:

Սա Հայաստանի շրջափակման, «անակոնդայի» մեթոդով նրա տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգերը խեղդելուն ուղղված ծրագրի վառ դրսևորումներից է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930