Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի վարքագծի պատճառով Թեհրանում քաղաքական որոշում կայացնողները հասկացել են, որ քայլեր են պետք, լինի դաշինք թե Մոսկվայի եւ Երևանի, թե նրանցից յուրաքանչյուրի հետ». Syriankhabar

Օգոստոս 05,2020 23:58

Իրանի իսլամական հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող Syriankhabar գործող տելեգրամյան ալիքում տարածվել է բացահայտ հակաադրբեջանական և հակաթուրքական ուղղվածության հոդված, որում, մասնավորապես, կրկին հերքվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերագրվող այն ապատեղեկատվական արտահայտությունը, ըստ որի՝ իբր «Ղարաբաղն իսլամական հող է»։ Հոդվածում ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հասցեին կան բավականին սուր քննադատություններ, սպառնալիքներ և զգուշացումներ։

Ստորև պարսկերենից թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումն ամբողջությամբ. 

 

Իրանը պետք է ուշադիր լինի Նախիջևանի նկատմամբ

 

Հայաստանի և Բաքվի միջև բախումներ սկսվելուց երկու շաբաթ անց Իրանում ոմանք զբաղված էին չարամիտ գործողություններով և «Ղարաբաղն իսլամական հող է» կեղծ ու անհիմն արտահայտությունը հեղափոխության առաջնորդին վերագրելով՝ փորձում էին ստեղծված իրավիճակն օգտագործել՝ իրանցիների անաղարտ զգացմունքների հետ խաղալու համար։ Սակայն արագորեն պարզվեց, որ Բաքվի բանակը, որն Իսրայելի կամակատարն է, հայերի հետ բախվել է ոչ թե Արցախյան հակամարտության աշխարհագրական գոտում, այլ սահմանամերձ մեկ ուրիշ շրջանում: Այս բախման արդյունքում Բաքվի «շատ թանկարժեք» բանակը, որի համար վերջին երկու տասնամյակների ընթացքում միլիարդավոր դոլարներ են ծախսվել, աղետալի պարտություն կրեց։

Այնուամենայնիվ, ահաբեկիչներ պատրաստող և նրանց կնքահայր հարևան երկրի ղեկավարը, որը վերջին տասնամյակում տարածաշրջանում Իրանի ազգային շահերի դեմ պատերազմելու համար թուրք և թուրքածին ահաբեկիչների դաշինք է ստեղծել, իրավիճակից օգտվելով և էթնիկ հարցեր բարձրացնելով՝ իր զորքերի մի հատվածն ուղարկել է Իրանի հյուսիսարևմտյան սահմանամերձ Նախիջևանի ինքնավար հանրապետություն՝ Բաքվի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու նպատակով։ Ռեջեբ Թայիբ Էրդողանի այս քայլերը ձեռնարկվում մի իրավիճակում, երբ Նախիջևանն, ըստ էության, որևէ դերակատարություն չի ունեցել Բաքվի իշխանության և Հայաստանի միջև պատերազմում և մշտապես խաղաղ պայմաններում է ապրել։

Էրդողանի բանակն այս գործողություններով տարածաշրջանային լարվածության կրակի վրա յուղ է լցնում։ Մինչ Իրանը մշտապես շեշտում  է Երևանի և Բաքվի միջև երկխոսության ու բանակցությունների սկզբունքը, և սա Հարավային Կովկասում խաղաղության ու հաշտության հաստատման միակ ճանապարհը համարում, ահաբեկիչների կնքահոր՝ էթնիկ լարվածությունն ակտիվացնելուն և Օսմանյան արյունարբու բանակի ձեռքով իրականացված արյունալի արշավանքների և ցեղասպանությունների դառը հիշողությունները վերակենդանացնելուն ուղղված արկածախնդրությունները կարող են շատ վտանգավոր հետևանքներ ունենալ։ Անկարայի ձեռնարկած քայլերը թշնամանքը խորացնելուց և տարածաշրջանում Իրանի ազգային շահերին հարվածելուց, ինչպես նաև՝ ՆԱՏՕ-ի ուժերն այս տարածաշրջանում հաստատելու նպատակից բացի, այլ կերպ մեկնաբանվել չեն կարող:

Չնայած ոմանք մեր երկրում, ցավոք սրտի, Բաքվի պետության ղեկավարին որպես «իսլամական կարգի պահապան» են ներկայացրել և անհիմն կոչեր արել, Իլհամ Ալիևը, հակառակ այս սխալ ընկալման, Իսրայելի ռազմական արտադրանքից միլիարդների գնումներ կատարելով՝ հակաշիայական քաղաքականությամբ և ահաբեկիչների կնքահայր և շիաների ոխերիմ թշնամի Ռեջեբ Թայիբ Էրդողանի քաղաքական գիծը բռնելով՝ շատ սխալ ճանապարհով է շարժվում՝ այսպիսով զրոյականի հասցնելով իրանցիների կողմից ամենափոքր և ամենաչնչին օգնություն ստանալու հնարավորությունը։ Իրանը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի Բաքու-Անկարա-Թել-Ավիվ դաշինքը, քանի որ այս եռամիասնությունը կարող է Իրանի իսլամական հանրապետության ապագան վտանգի տակ դնել։

Կովկասում Էրդողանի բանակի ռազմական ներկայությունը, բնականաբար, իրանցիների ազգային անվտանգության շահերի տեսանկյունից շատ վտանգավոր է լինելու։ Մենք Իրանում չենք կարող հետևել էթնիկ մի խմբի շահերին, որը կարծում է, թե Արաքսից այն կողմ ընկած տարածքներն իրենց պապենական ժառանգությունն են։ Արաքսից այն կողմ ընկած է անկախ մի երկիր, որն ունի նախագահ, ՄԱԿ-ի անդամ է, ունի կառավարման որոշակի համակարգ և մենք այդ համակարգին ու դրա գործողություններին նայելով էլ որոշում ենք՝ ի՞նչ անել և կամ ի՞նչ չանել։ Այսօր այս համակարգն Իրանի ազգային շահերի դեմ լուրջ քայլեր է ձեռնարկել։ Բաքվի այս վարքագծի պատճառով Թեհրանում  քաղաքական որոշում կայացնողները հասկացել են, որ այս վտանգը չեզոքացնելու համար քայլեր է պետք ձեռնարկել՝ լինի դա դաշինք Մոսկվայի և Երևանի, թե առանձին-առանձին՝ նրանցից յուրաքանչյուրի հետ։

Իրանի սահմանամերձ տարածքներում Էրդողանի սադրիչ գործողությունները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Նրանք, ովքեր կարծում են, որ ահաբեկիչների կնքահայրը կարող է օժանդակել պատժամիջոցները շրջանցելուն, պետք է իմանան, որ եթե Սիրիայում դիմադրության հրամանատարության(ծան.-իրանցիներն ահաբեկչության դեմ պայքարն անվանում են դիմադրություն, իսկ հրամանատարներին՝ դիմադրության հրամանատարություն) լուրջ և արագ նախազգուշացումը չլիներ, Անկարան նպատակադրված էր Սիրիայում իննամյա պարտությունների վրեժը լուծել Իրանի Ռազմական խորհրդատվական ուժերի ներկայացուցչական կենտրոնից։ Սակայն երբ հասկացան, որ դիմադրության ճակատն ուժեղ է, «վախից շան նման փախուստի դիմեցին»: Էրդողանը, Եգիպտոսում սպանված Մուհամմադ Մուրսիի նման շիայական քաղաքական իսլամն իր համար մեծագույն վտանգ է համարում և մշտապես փորձում է դրան հարված հասցնել:

Հարավային Կովկասում և Իրանի հյուսիսային սահմաններում Էրդողանի բանակի ներկայությունը, որի մի ծայրը շփման մեջ է «ալ-Կաիդայի», իսկ մյուսը՝ ՆԱՏՕ-ի հետ, կարող է Իրանի համար անդառնալի վտանգներ պարունակել։  Էրդողանը դեռևս Թուրքիայի հետ առևտրային մեծածավալ համագործակցություն ունեցող Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է: Նրանք, ովքեր կարծում են, որ Բենյամին Նեթանյահուն և Էրդողանը միմյանց հետ որևէ առնչություն չունեն, կամ միամիտ են, կամ էլ պարզապես հեռու են քաղաքագիտությունից: Բաքվի հանրապետությունում էլ ոչ ոք չի ձգտում պարտության մատնել հայերին, այլ փորձում է մշտապես բաց պահել Ղարաբաղի «վերքը», որպեսզի հանցախումբը պահպանի իր իշխանությունը Արաքս գետից անդին՝ հյուսիսային շրջանների նկատմամբ:

Նախիջևանը պետք է իր համար առանձին ուղի որդեգրի»։

Թարգմանությունը եւ նախաբանը՝ Գարիկ Միսակյանի

ԵՊՀ իրանագիտության ամբիոն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31