Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Այս չափորոշիչները չեն կարող մտնել դպրոց»․ Մարինե Գեւորգյանը՝ «Հայոց պատմություն» առարկային առնչվող չափորոշիչների մասին

Օգոստոս 08,2020 22:46

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Մարինե Գևորգյանը թեև մի շարք դրական կետեր է տեսնում «Հայոց պատմություն» առարկային առնչվող չափորոշիչներում, սակայն նաև մի շարք խնդիրներ է բարձրացնում: Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում Կենտրոնական գրասենյակի կազմակերպած առցանց քննարկմանը նա հայտարարեց, որ այս չափորոշիչները չեն կարող մտնել դպրոց, դրանցով գրված դասագրքերը լինելու են խոտան, հայի կրավորական կերպարով հայոց պատմություն դասավանդելն անընդունելի է:

Նա նշեց՝ դրական է այն, որ կիրառվել են մի շարք նորարարական մոտեցումներ, որ այդ նոր չափորոշիչները պիտի նպաստեն սովորողի մոտ ուսումնական հմտությունների զարգացմանը: Դրական է այն, որ չափորոշիչներով խթանում են վերլուծական, հետազոտական մտածողությունը, հաղորդակցական, ինքնակազմակերպման հմտությունների զարգացումը:

Դոցենտը փաստեց՝ չափորոշիչներում կիրառվել է չափելիության սկզբունք, ինչին դեմ է: Նա շեշտեց. «Ազգային կրթության մեջ պիտի դրվի ազգային գաղափարախոսություն: Նույն հաջողությամբ պետք է ասել, որ, օրինակ, մանկավարժության մեջ կա բարոյական, գեղագիտական դաստիարակություն, և չեմ կարծում, որ որևէ մեկի մտքով անցնում է, որ դրանք անպայման պիտի չափվեն: Հայրենասիրական դաստիարակությունը նախ պիտի ընկած լինի ազգային կրթության հիմքում:

Խոսելով Հայ եկեղեցու պատմության՝ հայոց պատմության մեջ տարրալուծված լինելու մասին՝ նա ասաց. «Ըստ այս չափորոշիչների՝ Հայոց պատմության մեջ կարծես միայն թերի ձևակերպումներով փորձ է արվում թեթևակիորեն բավարարել Հայոց եկեղեցու պատմություն առարկան կարևորող մարդկանց պահանջները»:

Նա նշեց, որ մի շարք ձևակերպումներում տեսնում է քրիստոնեության նսեմացում, նաև նկատել է փաստական սխալներ: Նա մտահոգիչ համարեց Հայոց ցեղասպանության ներկայացումը ու մանրամասնեց. «Թեման ներկայացված է ցեղասպանության ինքնութենական ազդեցություն թեմայով: Ես կցանկանայի՝ այնպիսի մի թեմա, ինչպիսին ցեղասպանությունն է, վերնագրում ֆիքսված լիներ Հայոց ցեղասպանությունը: Այստեղ առաջանում են հարցեր՝ ո՞ւմ ցեղասպանություն, ո՞ւմ կողմից, ո՞ւմ ինքնության ազդեցություն, ո՞ւմ վրա: Մտածող և տրամաբանող աշակերտի մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում»:

Ամփոփելով նա նշեց. «Եթե նախկինում Հայոց պատմություն առարկան հիմնական դպրոցում դասավանդվում էր 204 ժամով, Հայ եկեղեցու պատմությունը՝ 132, ապա ընդհանուր պիտի ստացվեր 336 ժամ, մինչդեռ այս չափորոշիչների նախագծով Հայոց պատմությանը հատկացված է ընդամենը 255 ժամ: Այս մտահոգիչ պատկերը նաև ավագ դպրոցում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31