Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողից գալերիստ դառնալու, «գողացված» ազդագրի ու Բրունիին նվիրված հայկական չրերի մասին (տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2020 15:48

Արմինե Անտիկյանի հետ Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել է այն մասին, թե ինչպես արվեստի թեմաներ լուսաբանող լրագրողը դարձավ գալերիստ, ապա «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր:

«Ինձ թվում է` ոչ մի բան կյանքում պատահական չի լինում: Նախ` մանկուց երազում էի նկարիչ դառնալ, հետո ընդունվեցի պատմության ֆակուլտետ, որովհետեւ պատմությունն էլ շատ սիրում էի, իսկ պատմությունից անցում լրագրությանը շատ հետաքրքիր եղավ: Այդ առումով դերակատարություն ունեցավ լրագրող Աշոտ Դանիելյանը, որի խորհրդով էլ սկսեցի լրագրությամբ զբաղվել: Հետո արդեն կյանքս առանց դրա չէի պատկերացնում: Որոշել էի գոնե այդ կերպ փոխհատուցել երազանքիս իրականություն դառնալը, դրա համար բացառապես գրում էի արվեստի մասին:

Հենց այդ ժամանակ ձեւավորվեց ընկերությունը արվեստագետների հետ, որն անհետեւանք չեղավ: Երբ շփվում ես այդ մարդկանց հետ, որոնց ստեղծածը քեզ հարազատ է, այդ ամեն ինչով ապրում ես, վարակվում, այդ ոլորտի խնդիրներով, բացերը լավ գիտես ու նաեւ գիտես, թե ինչ կարելի է անել այդ մարդկանց համար, սկզբում դա ռեալիզացրի որպես լրագրող, խոսեցի խնդիրների մասին, փորձեցի արվեստի հույզերը փոխանցել հեռուստադիտողին, ու այդ ամենը սիրով արեցի:

 Հետո լրագրությունից հետո կարճատեւ դադար եղավ` երեխայիս ծնունդի հետ կապված, ապա ընկերներից մեկը` Արամը Հարությունյան, որի հետ առայսօր շարունակվում է մեր բարեկամությունը, առաջարկեց միասին նախաձեռնել «Գալերի 1» ցուցասրահի բացումը: Դա շատ հետաքրքիր նախագիծ էր, որովհետեւ այդտեղ համախմբվեցին դաշտի ամենահետաքրքիր մարդիկ, եւ բառի լավ իմաստով ամենահեղափոխական արվեստագետները: Բոլորս ունեինք մի նպատակ, որ պետք է դանդաղ քայլերով, բայց գնայինք մշակութային հեղափոխություն: Այն ժամանակ այդ բառը չէր շահարկվում, ու մենք հստակ գիտեինք թե դրա տակ ինչ ենք հասկանում եւ ինչ ենք ուզում անել: «Գալերի 1»-ը կարճ կյանք ունեցավ»,- նշեց Արմինե Անտիկյանը:

Դրանից հետո մեր զրուցակիցը որոշ ժամանակ աշխատել է ԱԺ-ում եւ էլի հեռու չի գնացել իմ գլխավոր նպատակից` արվեստից: «2007-2008 թվականներն էին, երբ որոշեցինք «Բաց դռներ» ծրագիրն իրականացնել Ազգային Ժողովի այգում, առաջին անգամ այդ ժամանակ ԱԺ դարպասները բացվեցին Արտո Թունչբոյաջյանի համերգով: Այդ ձեւաչափով միջոցառում մինչ այդ չէր իրականացվել Հայաստանում, երբ մարդիկ համերգը վայելում էին ուղղակի խոտերին նստած, շատ անմիջական, արվեստային մթնոլորտ էր: Դրանից հետո էլի այդ ծրագիրը շատ դրսեւորումներ ունեցավ եւ համաշխարհային կինոյի աստղեր, օպերային արվեստի առաջին դեմքերի հյուրընկալեցինք «Բաց դռներ» ծրագրի շրջանակում:

Նաեւ վերաբերմունքը այդ շենքի հանդեպ փոխվեց, ԱԺ-ն դարձավ արվեստի յուրօրինակ օջախ: Այդ ժամանակ շատերը նույնիսկ դժգոհում էին, որ դա այլընտրանքային մշակույթի նախարարության է վերածվել, ի՞նչ կապ ունի Ազգային ժողովը մշակույթի հետ: Մենք այդ ժամանակ այլ խնդիր էինք փորձում լուծել, աշխատում էինք ԱԺ մշակույթի հանձնաժողովի հետ` մշակույթի մասին օրենքի համար հիմքեր ստեղծելու ուղղությամբ, ուզում էինք ձեւավորել մշակութային քաղաքականություն: Նույն այդ ժամանակահատվածում ԱԺ հովանու ներքո անցկացվեց Վենետիկի ժամանակակից արվեստի բիենալեին մեր մասնակցությունը, այդ ամենը ԱԺ այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանի կամքն էր, ինքը կարեւորում էր արվեստագետների հետ շփումը (Արմինե Անտիկյանը Վենետիկի բիենալեում հայկական տաղավարի համակարգողն էր, իսկ հայկական տաղավարի կոմիսարը` Վիկտոր Մնացականյանը-Գ.Հ.): Դրանից հետո հիմնեցի «Անտիկյան» ցուցասրահը, եւ այն գոյություն ունի արդեն 10 տարի: Արվեստագետների մի մասը հենց «Գալերի 1»-ի կազմից է»,- ասում է Արմինե Անտիկյանը:

Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս է հաջողվել լավագույն նկարիչներին համախմբել «Անտիկյան» ցուցասրահի հարկի ներքո, մեր զրուցակիցը պատասխանում է, որ արվեստի նկատմամբ վերաբերմունքը սուբյեկտիվ է եւ զգայական, ու ինքը համախմբել է այն արվեստագետներին, որոնց արվեստը շատ սիրում է. «Բոլորն այն մարդիկ են, որոնց արվեստային դրսեւորումների բոլոր փուլերում գոնե եղել եմ նրանց կողքին, հետեւել աշխատանքին: «Անտիկյան» ցուցասրահը ունի նաեւ երիտասարդ արվեստագետների հետ աշխատելու փորձ: Այս պահին համագործակցում է 3-4 երիտասարդ արվեստագետի հետ»:

 Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ հայտնի արվեստագետների հետ ունեցած համագործակցությանը: Արմինե Անտիկյանն ասաց, որ «Անտիկյան» ցուցասրահի առանձնահատկությունն այն է, որ համագործակցում է համաշխարհային համբավ ունեցող արվեստագետների հետ, որոնց թվում են իտալացի արվեստագետ, լիտոգրաֆիստ Բրունո Բրունին, բելառուս արվեստագետ Օլեգ Կոստյուչենկոն, սփյուռքահայ արվեստագետներ. «Ցուցասրահի հիմնադրման հենց սկզբից կարողացանք արվեստագետների փոխանակման ծրագրեր իրականացնել, ինչը բավականին բարդ է, բայց շատ հետաքրքիր: Հինգ հայ արվեստագետներ` Թենի Վարդանյանը, Արարատ Սարգսյանը, Սարգիս Համալբաշյանը, Սամվել Սաղաթելյանը եւ Արա Ալեքյանը հյուրընկալվեցին իտալական Պեզարո քաղաքում, եւ նրանց ցուցահանդեսը մեծ արձագանք ունեցավ իտալացի արվեստասերների շրջանում, որից հետո, որպես պատասխան այց` հյուրընկալեցինք Բրունո Բրունիին: Նրա ցուցահանդեսն իրականացրինք Ազգային պատկերասրահում: Բրունոն այնքան էր սիրվել հայ արվեստասերների կողմից, որ մարդիկ փողոցում հանդիպում, զրուցում էին»:

Արմինեն պատմեց, թե ինչպես էր մի երիտասարդ Բրունո Բրունիի ազդագիրը գողացել, որի վրա նկարված էր նրա հայտնի գործերից մեկը` «Քամելիոնը», «գողը» նաեւ գրություն էր թողել, որ մեղավոր է, բայց ստիպված էր գողանալ ազդագիրը. «Երբ Բրոնոյին պատմեցի, երջանկությունից փայլում էր… Հետո այդ տղան Ֆեյսբուքով գրեց, կապ հաստատեցինք»:

Մի անգամ էլ մի տատիկ եկավ չրերի հավաքածուով եկել է պատկերասրահ ու հարցրել, թե ուր է Բրունո Բրունին, որի համար հայկական չրեր էր բերել: Քանի որ իտալացի արվեստագետը վերադարձել էր իր երկիր, չրերը նրան են ուղարկել: Արմինե Անտիկյանն ասում է, որ շատ են պատահում նման դեպքեր, օրինակ` մի աղջիկ էլ այնքան էր տարված Թենի Վարդանյանի արվեստով, որ ցանկացած հարց քննարկում էր նրա հետ:

Մեր զրուցակցի հետ խոսեցինք նաեւ գրականությունից; Ասաց, որ այս պահին մի քանի գիրք է կարդում, որոնցից մեկը Մեդիչիների մասին է: Շատ սիրում պատմական թեմաներով գործեր ու անպայման Հեսսե: Հեսսեից ամենասիրած գործը «Նարցիսն ու ոսկեբերանն» է: Սիրելի երկիրը Արմինեի համար Հայաստանից հետո Իտալիան է. «Ինձ թվում է Իտալիան ինքն իրենով արվեստ է, անգամ օդում արվեստ կա»:

Արմինե Անտիկյանն իրեն հաջողակ եւ երջանիկ մարդ է համարում. «Իմ կյանքի ընթացքում` 4 տասնամյակից մի քիչ ավելի կարողացել եմ շատ հետաքրքիր կյանք ապրել, երբեմն ինձ թվում է այդ կյանքը մի քանի մարդ կարող էր ապրել…Ունեմ սիրելի մասնագիտություն, սիրելի աշխատանք, հոբբիներ, բոլորն իրար լրացնում են… Հաջողակ եմ, որ կարողացել եմ այդ բոլորը միավորել, ապրել դրանց մեջ…Երջանիկ եմ, որ ունեմ շատ լավ ընտանիք, հպարտանում եմ երեխաներովս, ամուսինս ստեղծագործ մարդ է, օգնում ենք իրար, ընկերություն ենք անում…Ես սիրում եմ իմ միջավայրը եւ իմ գործը»:

Ինչ վերաբերվում է մանկությանը, ասում է, որ ամենաջերմ հիշողությունները կապված են այն շրջանի հետ, երբ հայրն աշխատում էր «Հայֆիլմում», ու ինքը կարողանում էր շփվել մուլտֆիլմերի էսքիզների հետ, որոնք երբ իրենց տանն էին հայտնվում՝ արտանկարում էր: «Ես նաեւ Իգիթյանի կենտրոն էի հաճախում, նկարում էի, ու ամենահետաքրքիրն այն է, որ այնտեղ դասավանդող նկարիչներից մեկին` Ստեփան Վերանյանին հետո ՆՓԱԿ-ում աշխատելուս տարիներին հանդիպեցի: Մենք վերագտանք իրար ու դարձանք լավ բարեկամներ եւ սկսեցինք աշխատել իրար հետ»:

Երեխաների մասին խոսելիս` մեր զրուցակիցը հայտնեց, որ իր երկու երեխաներն էլ մեծացել են լավ արվեստի մթնոլորտում, ունեն բացառիկ ճաշակ, սիրում են լավ կերպարվեստ եւ որակյալ երաժշտություն. «Գոնե դա կարողացել եմ իրենց փոխանցել: Երկուսն էլ նկարում են, որդիս նաեւ քանդակներ է անում, աղջիկս հայրիկի ազդեցությամբ երգեր է գրում, ռոք երաժշտությամբ է հետաքրքրված, փայլուն գիտի ողջ ռոքի պատմությունը, նաեւ սովորում է Ամերիկյան համալսարանում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի եւ Արմինե Անտիկյանի անձնական արխիվից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930