Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

6-ամյա Նարե․ «Պատերազմը, որ սկսվեց, իմացել էի, թե անձրեւ եւ կարկուտ ա, հետո էդ սիգնալիզացիան, որ սկսվեց, սկսվեց պատերազմը»

Հոկտեմբեր 03,2020 23:25

«Քամու, ուժեղ քամու ձայն ունի, քեզ թվում է փոթորիկ է, հետո դմփոցն ես լսում»,-16 ամյա Տիգրանն է նկարագրում անօդաչու թռչող սարքի ձայնը։ Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան է լսել․ սարսափելի ձայնից, ԱԹՍ-ի արձակած կրակից ու պատերի փլուզումից հետո հասկացել է՝ ադրբեջանցիների «կամիկաձեն է» խփում։
«Առաջինը մտքովս էրեխեքն անցան, քույրիկներիս ու եղբորս մասին մտածեցի, մամային ձեն տվեցի, սկսեցինք արագ հավաքվել»,-պատմում է Տիգրանը։


Նրա ընտանիքը Շուշիից Երեւան է տեղափոխվել օրերս, երբ Արդրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հարձակվել է Արցախի վրա։ Հիմա մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում են ապրում, նրանց հետ են ընտանիքներ նաեւ Ստեփանակերտից եւ Ջաբրայիլից։

Արցախից Հայաստան տեղափոխված երեխաներն իմ այցելության պահին նկարում էին գունավոր պատկերներ ու հատկապես՝ դրոշներ։ Սերգեյը Հայաստանի դրոշն էր նկարել, ցույց տվեց, գույները ճիշտ էր ընտրել։ «Մեզ մոտ կռիվ է, եկել ենք Հայաստան»,-բարեւելուց հետո ասում են փոքրիկները։


Տիգրանի քույրը՝ 6-ամյա Նարեն էլ էր դրոշ նկարել, անծանոթ դրոշ էր․«Պռոստո ուրիշ ձեւի դրոշ ա, ինձ համար պատերազմի դրոշն ա»։ Նարեի դրոշը վառ գույներով էր՝ կարմիր, կապույտ, դեղին։ Թե ինչ գիտի պատերազմի մասին՝ քաղցր ձայնով դաժան պատմություն է ասում․«Պատերազմն էնի ա, որ վատ բաներ ա լինում, լինում ա, որ տներն ա ջարդվում, լինում ա, որ կրակում են սամալյոտներից, լինում ա, որ պաժար ա ընկնում։ Այ տենց բաներ ա լինում»։

Փոքրիկը պատերազմը զգացել է առաջին անգամ, ու էլի քաղցր ձայնով պատմում է․սկզբում չի հասկացել՝ ինչ է կատարվում, կարծել է՝ անձրեւ եւ կարկուտ է․«Հետո էդ սիգնալիզացիան, որ սկսվեց, սկսվեց պատերազմը»։

Նարեն Շուշիում պատրաստվում էր առաջին դասարան գնալ, անհամբեր սպասում էր, մայրիկն ասել էր՝ այս կիրակին էլ անցնի, քնես, զարթնես, դպրոց ես գնալու։ Չհասցրեց։ Երբ Շուշիում վաղ առավոտյան ազդանշաններ են հնչել, ընտանիքը շատ արագ սկսել է հավաքվել, Տիգրանն ու մյուս քույրը՝ Մարիան, գրքերն են հավաքել, մայրը՝ հագուստն ու առաջին անհրաժեշտության իրերը։


Հետո երեխաների մայրը՝ Արփինե Գասպարյանն է պատմում՝ անօդաչու թռչող սարքերի ձայնը լսել է, բայց սկսել է երեխաների համար նախաճաշ պատրաստել, ասում է՝ տագնապ կար, բայց առաջին բանը, որ մտքով անցել է՝ գնալու են ապաստարան, երեխաները պետք է կուշտ լինեն, ու հասցրել են մի բան ուտել, ապա արագ հավաքվել ու տանից դուրս են եկել դեպի հարեւանությամբ գտնվող համալսարանի ապաստարան։

Արփինեն ասում է՝ պատերազմին մանկուց է ծանոթ, փոքր ժամանակ անձամբ ականատես չի եղել, բայց գիտի՝ դա ինչ է․«Ես փոքր էի, տատիկիս հետ օդանավակայանում էինք, մեկնում էինք երկրից, երբ ինքնաթիռը շարժիչը միացրեց ու թռչեց օդ, օդանավակայանում շատ մարդիկ անմիջապես պառկեցին գետնին։ Նրանք Արցախից էին»։

Երբ Արփինեն իրերը հավաքել է, որպեսզի տեղափոխվեն Հայաստան, իր համար հագուստ չի վերցրել, մեքենայում տեղ է թողել իր որդեգրած կատվի ու շան համար․«Ես չէի կարող իրենց թողնել այնտեղ, բերեցի ու այստեղ հանձնեցի կենդանասերներին։ Կպահեն, մինչեւ վերադառնանք Շուշի»։

Ստեփանակերտցի Վրեժն էլ պատմում է, թե ինչպես են ազդանշանները լսելուց հետո արագ գնացել ապաստարան․«Առավոտյան արթնացա, իմացա թե երկրաշարժ է, շենքեր էին թափվում, հետո տեսա օդում սամալյոտներ է՝ ինչ-որ բաներ է թափում, կրակում էր։ Վախեցա, իջանք պադվալ, իսկ երեկոյան եկանք Երեւան»։

Նույն հյուրանոցում հյուրընկալված Արտյոմն արդեն ընկերացել է Նարեի, Մարիայի, Սամվելի, Սերգեյի ու այլ երեխաների հետ, միասին էին նկարում, նրանք՝ դրոշ, ինքը՝ գայլ։ Ասում է՝ գայլն ուժեղ կենդանի է, սիրում է։ Նա հենց իմացել է՝ կրակում են, հոր մասին է մտածել, զինվորական է։ Հիմա էլ, Երեւանում ամբողջ օրը հայրիկին է հիշում․«Ամեն օր գործի էր գնում, ու շատ ուշ էր տուն գալիս։ Գիտեմ, հիմա կռվում է»։


Այս հյուրանցում Արցախից տեղափոխված 27 հոգու համար սենյակները նախապես էին պատրաստել, սննդի հարցն էլ լուծել՝ օրը երեք անգամ, ճաշացանկը՝ բազմազան ու համեղ ուտեստներով։ Բոլորը մի ձեռք հագուստով են եկել, հազիվ են հասցրել։ Բայց Հայաստանում նրանց հագուստ են տրամադրել այն կամավորական խմբերը, որոնք 24 ժամ հագուստ, հիգիենայի պարագաներ, սնունդ են հավաքում արցախցիների համար։
«Էս յուբկան որ տվեցին, ուրախացա, ասացի՝ էս իմ սրտով ա»,-պատմում է փոքրիկ Նարեն։ Իր սրտով է, որովհետեւ իր սիրելի վարդագույնն է, ճիշտ իր հագով․«Կարմիր կոշիկներ էլ են տվել»։

Փոքրիկների ուսման հարցն էլ է լուծվել, հյուրանոցի տնօրեն Ալբերտ Գասպարյանն արդեն ամեն ինչ կարգավորել է։ Դպրոցում նաեւ կերպարվեստ է դասավանդում, դպրոցի տնօրենի հետ պայմանավորվել է՝ հյուրանոցում կացարան ստացած տասը երեխաներից յոթը իր դպրոց կգնան եկող երկուշաբթի օրը, մյուսներն էլ՝ մեկ այլ դպրոց։


Մինչ փոքրիկները զբաղվում են, խաղում, մայրերը մտահոգություններով են կիսվում՝ երբ կավարտվի պատերազմը․ մեկն արդեն երեք պատերազմ է տեսել, մյուսինը՝ երկրորդն է։ Բոլորն էլ ճակատում հարազատ ունեն՝ ամուսին, եղբայր, հայր։
Ու բոլորն են ասում ՝ չէին գա, երեխաների անվտանգության համար են եկել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031