Ժամեր առաջ Տորոնտոյում կայացել է մարդաշատ բողոքի ցույց՝ ընդդեմ Հայաստանի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի։
Հավաքը եղել է ինքնաբուխ, չի ունեցել առաջնորդ, այն չէր կազմակերպվել որևէ կազմակերպության կողմից, և հավաքը նաև սրանով էր բացառիկ ու աննախադեպ։
Օրեր առաջ Տորոնտոյում բնակվող մի խումբ կանայք բացել էին ֆեյսբուքյան հարթակում փակ խումբ, որտեղ այնուհետև ակտիվորեն ընթացել են կազմակերպչական հարցերը, հայտարարվել էր օրն ու ժամը, և կայացել է ինքնաբուխ բողոքի ցույց։

Բանախոսների թվում էին նաև աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան Արսինե Խանջյանը։
Կարդացեք նաև
Վերջինս իր խոսքում մի քանի առանցքային կետեր նշեց պատերազմական իրավիճակի առնչությամբ՝ մասնավորապես ասելով, որ ինքը, որպես Կանադայի քաղաքացի՝ պահանջում է, որ Կանադայի կառավարությունը միջամտի և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։
«Սուտ են ասում, թե սահմանն են թիրախավորում։ Նրանք հարձակվում են գյուղերի ու քաղաքների վրա, որոնք սահմաններից շատ հեռու են։ Պարոն վարչապետ, պարոն Թրյուդո, պարոն արտաքին գործերի նախարար, դուք բոլորդ պատասխանատվություն ունեք․․․Ինչպես նաև մյուսները՝ ակտիվիստները, լրագրողները՝ դուք բոլորդ պատասխանատվություն ունեք՝ օբյեկտիվ լուսաբանելու», -ասաց Արսինե Խանջյանը։ Նա նաև նշեց, որ Ստեփանակերտի խաղաղ բնակիչները մահանում են իրենց տներում, ոչ թե սահմանին, ինչպես ստում է հակառակորդը։

«Գործի անցեք, միջամտեք, կանգնեցրեք այս անհասկանալի, սարսափելի պատերազմական իրավիճակը, որը չի կարող ընդունելի լինել աշխարհի որևէ երկրի քաղաքացու նկատմամբ»,-ասաց նա։
Ատոմ Էգոյանն էլ իր խոսքում նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը կմնան պատմության մեջ որպես համավարակի ընթացքում պատերազմական գործողություններ ձեռնարկած երկրներ։ «Շատ կարևոր է, որ աշխարհը գիտակցի, որ մենք՝ հայերս, ապրում ենք էքզիստենցիալ պայքարի մեջ․ մենք դիմակայում ենք արդեն 10 օր, բայց դա չենք կարող անել անվերջ… Եվ աշխարհ, դու պիտի միջամտես» -նշեց նա։
Ա․ Էգոյանը ասաց նաև, որ աշխարհը պետք է միջամտի, քանի որ մեր թշնամին, որի հետ գործ ունենք, հրաժարվում է ցանկացած բանակցությունից կամ ուրիշ լուծումից՝ կապված հրադադարի հետ։ Նրա խոսքով՝ սա իր հերթին նշանակում է, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերը պետք է շարունակեն պայքարը և պահանջեն կառավարություններից, որ միջամտեն. «Ուզում եմ նշել, որ հիմա գործ ունենք նրա հետ, ինչի հետ գործ ունեինք 105 տարի առաջ՝ ցեղասպանող Թուրքիայի հետ։
Թուրքիան հույս ուներ, որ ոչ մեկը չի նկատի, քանի որ աշխարհը զբաղված է համավարակով, բայց մենք բոլորս ամեն ինչ նկատում ենք։ Աշխարհը պետք է միջամտի, սա չի կարող այլևս շարունակվել․․․․ Թուրքիայի ներգրավվածությունը խոսում է տարածաշրջանային պատերազմի մասին, և եթե հիմա երկրները չմիջամտեն, ապա հետո նրանք դրա համար խիստ ափսոսալու են և ամաչելու են»,-իր խոսքում ընդգծեց Ա․ Էգոյանը։





Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ
Տորոնտո, Կանադա
Լուսանկարները ՝ Անի Հարությունյանի (Անի Կատոկի)























































