1992 թվականի մարտի 16-ին կենաց ու մահու պայքար էր հայ-ադրբեջանական սահմանին։ Գորիսեցի 4 երիտասարդներ՝ Մուշեղ Մկրտչյանը, Արայիկ Մկրտչյանը, Կարեն Միրզոյանն ու Կարեն Բաղդասարյանն այդ օրը մարտական առաջադրանք էին ստացել հսկելու Կուբաթլուում գտնվող Լալազարի կամուրջ կոչվող բարձունքը։ Ամեն գնով անհրաժեշտ էր թույլ չտալ թշնամուն առաջխաղացումը։ Ադրբեջանցիները քառակի գերազանցում էին սյունեցի տղաներին։
Թշնամուն հաջողվում է սպանել Արայիկ Մկրտչյանին, Կարեն Միրզոյանին ու Կարեն Բաղդասարյանին։

2014թ․ նոյեմբերին Մուշեղի մորեղբոր տղայի՝ մոսկվաբնակ քարահունջեցի Գեւորգ Արզումանյանի նախաձեռնությամբ ազատագրված բարձունքում խաչարձան է տեղադրվում՝ ի հիշատակ զոհված հայորդիների։ Սակայն այսօր քարահունջեցիները խաչարձանը պիտի հանեն եւ տեղափոխեն Քարահունջ, քանի որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրով Կուբաթլուն դեկտեմբերի 1-ից եւս անցնելու է Ադրբեջանին։
Կարդացեք նաև
«Որոշել ենք խաչարձանը բերել ու տեղադրել Քարահունջում՝ Մուշեղի հիշատակին կառուցված հուշաղբյուրի հարեւանությամբ։ Չպետք է թույլ տանք, որ թշնամին պղծի մեր հուշաքարերը, խաչարձանները։ Դրանք զոհված տղաների սուրբ հիշատակն են, եւ ոչ մեկը անարգելու իրավունք չունի»,–մեզ հետ զրույցում ասաց Մուշեղի հորեղբոր աղջիկը՝ Արփինե Մկրտչյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Արփինե Մկրտչյանը


















































