Լրահոս
Արևային մարդիկ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները չէին թողել, որ մեր զինվորները հետ գնային, դրա համար բերել են այստեղ». ծնող

Հունվար 08,2021 12:28 Share

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց այսօր բողոքի ցույց են անում մի խումբ ծնողներ՝ պաշտպանության նախարարությունից պահանջելով անվտանգության երաշխիքներ տալ իրենց որդիների համար, որոնք այս պահին ժամկետային զինծառայության մեջ են: «Մեր պահանջն է, որպեսզի մեր երեխաները չգնան Արցախ, որովհետեւ ճանապարհն անվտանգ չէ: Երաշխիք չկա՝ մեր երեխաները կհասնե՞ն Արցախ, թե՞ ոչ: Թող մեկը գա նախարարությունից եւ ասի, որ ՀՀ զորամասեր են տանելու: Թող ասեն զորամասի համարը: Արցախ հասնելու համար որեւէ երաշխիք չկա, հրամանատարներից որեւէ մեկը չի ասել, որ մեր երեխաների անվտանգությունը երաշխավորում է»,-հայտարարեց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը:

Նա հավելեց. «Մեր երեխաները ժամկետային զինծառայողներ են: Արձակուրդից եկել էին, պետք է ամսի 28-ին գնային, ադրբեջանցիները չէին թողել, դրա համար երեխաներին բերեցին այստեղ՝ որպես կացարան, որտեղ կմնան: Եթե տասը կամ քսան օր առաջ վտանգավոր էր, հիմա ո՞նց է անվտանգ: Խոսակցություն կա, որ տանում են Գորիս, տասը հոգանոց խմբերով զգեստափոխում են եւ անցկացնում Արցախ: Մոտ հարյուր հիսուն հոգի: Հիմա էլ ասում են, թե Արցախ չեն տանում, այլ Գորիս: Ինչո՞ւ են Գորիս տանում»:

Մեկ այլ ծնող էլ բարձրաձայնեց, որ այս գիշեր ավտոբուսներ են կանչվել համալսարանի տարածք, զինծառայողներին էլ հրահանգել են նստել. «Որտեղից եկել են, այդտեղ են տանում: Երեք ժամ է այստեղ ենք, որեւէ մեկը չի բարեհաճում գալ ու ասել, որ 250 զինվորներն անվտանգ տեղ են հասնելու»: Ցույցի մեկ այլ մասնակից էլ հարցադրում արեց՝ ինչո՞ւ են զինվորներին ավտոբուսներում ուղեկցող հրամանատարները քաղաքացիական հագուստներով. «Որ ճանապարհին մի բան լինի՝ թողնեն փախնե՞ն, զինվորներն էլ գերի՞ ընկնեն: Այդքան դուխ ունեն՝ թող զինվորի հագուստ հագնեն»: Մի տղամարդ էլ շեշտեց՝ համալսարանում իրենց որդիներին սպառնալիքով են տանում Արցախ ծառայելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031