«Երեկ հրապարակվեց մի տեքստ, որը վերաբերում է թե՛ Արցախին, թե՛ Սյունիքին ու որը պարզվում է, կնքվել է գաղտնի դեռեւս դեկտեմբեր ամսին: Մենք այստեղ իշխանությունից պահանջում ենք հոդաբաշխ ձեւով բացատրություն տալ՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն ու չգիտենք՝ ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է դա: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիրի ղեկավարի կողմից, կամ գործադիր իշխանության որեւէ ներկայացուցչի կողմից, դա ոչ միայն հակապետական, հակաազգային փաստաթուղթ է, այլ նաեւ իրավունքի կոպիտ խախտում ունեցող,իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:


Խոսելով Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին, որի հետ կապված սոցցանցերում լուսանկար էր տարածվել՝ Տարոն Սիմոնյանն ասաց. «Սա մեր ազգային ինքնության հետ կապված հարց է եւ որեւէ ազգ, որեւէ պետություն, բացի ՀՀ-ից, Արցախից ու հայ ժողովրդից իրավունք չունի որոշել մեր մշակութային առանձնահատկությունների հետ կապված ինչ-որ հարցեր: Յուրաքանչուր ազգ ինքն է որոշում՝ ինչ հերոսներ ունենա, ինչ մշակութային արժեքներ դավանի: Սա ազգային ինքնության ու արժանապատվության հարց է: Որեւէ ազգ մեր ազգային արժանապատվության վրա չի կարող ու իրավունք չունի ոտքերը սրբել, սա այն սահմանագիծն է, որից ներքեւ զիջելու ոչինչ չունենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հերքել է այդ լուրերը: Նժդեհի կիսանդրին հունվարին է տեղադրվել Մարտունու գլխավոր փողոցներից մեկում, պաշտոնական բացման արարողությունը դեռեւս չի էլ եղել:


















































