Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապի, ինձ մեր գյուղ տար»․ հադրութցի փոքրիկն ամեն օր պապին խնդրում է իրեն Մեծ Թաղեր տանել

Փետրվար 15,2021 23:58

«Պապի, ինձ մեր գյուղ տար»․այս խնդրանքով 4 տարեկան Հարութիկը հաճախ է պապին դիմում: Պապն էլ դե, խոստանում է՝ սպասիր, կգնանք, մի օր բոլորս էլ կգնանք։

Պատերազմի օրերին Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից Էդիկ Խամփերյանը թոռների, հարսի հետ տեղափոխվել են Հայաստան։ Այն ժամանակ կարծում էին՝ կարճ ժամանակով է, շուտով կվերադառնան, բա ինչ պիտի անեին, գործերը կիսատ էին թողել, պիտի հետ գնային։ «Էն գալն էր, որ եկանք»,-ասում են հարս ու սկեսրայր։

Առաջին օրերին Մեծ Թաղերում պատերազմի ձայնը չէր լսվում, հեռվում էին կրակոցները, հետո դրանք մոտեցան, շատացան, բնակիչներն ամեն օր մի վատ լուր էին լսում՝ էն գյուղն են վերցրել, էս ինչ ազգականը զոհվեց, էն հարեւանն է հարազատներ կորցրել, էն մյուս հարեւանի որդին է զոհվել։

Արդեն վտանգավոր էր դառնում, ո՛չ հարսը՝ Հասմիկը, եւ ո՛չ էլ սկեսրայրը՝ Էդիկ Խամփերյանն էր ուզում գյուղը լքել, բայց տանը փոքր երեխաներ կային, պետք էր դուրս գալ։

«Բեզպիլոտնիկները գիշեր-ցերեկ ֆռֆռում էին։ Էդ կրակոց, պայթյուն, որ արդեն ավելի մոտիկից էին լսվում, հասկացանք, որ դրանք սարի էն կողմից անցել, եկել են։ Որոշեցինք դուրս գալ»,-պատմում է Էդիկ Խամփերյանը։ Հիշում է՝ Մարտունիից երեք տոննա խաղող էր բերել, օղի էր պատրաստելու իր փոքրիկ արտադրամասում, ամեն ինչ պատրաստ էր, մնում էր առավոտ շուտ գործի անցներ։ Չհասցրեց։

4-րդ ամիսն է Էդիկ պապին ընտանիքի հետ բնակվում է Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, մի տուն են վարձել, ապրում են 9 շնչով՝ տղայի ու աղջկա ընտանիքների հետ միասին։

«Ամբողջ կյանքիս ընթացքում դրածը կորցրեցի, ֆերմա, անասուններ, մեքենա։ Բայց ուշք ու միտքս հենա իմ տունն ա, որ պիտի հետ գնամ, եթե բան էլ մնացած չլինի, պիտի հետ դառնամ։ Եթե մի հնար լիներ, կգնայի տեսնեի տունս կա՞, թե՞ չէ։ Ինչքան թուրքերը ցույց են տալիս՝ վառած, քանդած են տները, բայց մեր տունը հլը տեղում է։ Էհ, դե, ինչ ուզում են, անեն, մենակ թե գնամ իմ հողը։ Մեկ է՝ պիտի էստեղ զրոյից սկսեմ, էնտեղ կսկսեմ։ էնտեղ շատ լավ եմ զգում ինձ, բնությունը ամեն ինչը լավն է։ Իսկ էստեղ չեմ էլ կարում քայլեմ»,-ասում է Էդիկ պապը։ Մտածում է՝ փոխվել են ադրբեջանցիները, մարդու գլուխ են կտրում, նրանց հետ ո՞նց ենք հարեւանություն անելու, բայց ախր «սովետի» ժամանակ ուրիշ էր, միասին ապրում էին, թեպետ ամեն ինչ հարթ չէր։

Հիշում է, թե մի անծանոթ ադրբեջանցի ինչպես է իրեն օգնել, երբ մեքենան գիշերով խափանվել է, տարել է իր տանը հյուրընկալել։

«Սովետի ժամանակ չորս գյուղ մի սովխոզ էր, գյուղերից մեկը ադրբեջանական էր, մեզ հետ աշխատում էին, վատ չէինք իրար հետ, արցախյան շարժման ժամանակ բոլորը միանգամից թարսվեցին։ Մի անգամ Երեւանից գյուղ էի գնում, էն ժամանակ Կիրովաբադով էինք գնում։ Մասկվիչ ունեի, ճանապարհին «պագրիշկան» թողեց, փոխեցի, չհասած Բարդա, պայթեց։ Դեկտեմբերի 31-ն էր, գիշերվա ժամը երկուսն էր, մեկ էլ մի մեքենա կանգնեց, ու մի ադրբեջանցի եկավ նայեց մեր մեքենայի մեջ՝ կինս էր, տատս էր, աղջիկս էր, խնամուս մերն էր։ Դե մեկ էլ հարցրեց՝ ի՞նչ է եղել։ Պատմեցի։ Հետո ինքը իր ձեռքով «զապասկեքը» գցեց «մաշինի» տակը, բերեց մեզ Աղդամ՝ իրենց տուն։ էն ժամանակ մի քիչ խոսում էի իրենց լեզվով։ Էդ տղան ասաց՝ չեմ թողնի էս գիշերով ճամփա գնաք։ Տեղերը գցեցին, մնացինք։ Առավոտը էդ տղան նոր «պագրիշկա» բերեց, տվեց ինձ։ Հլը ուզում էր մինչեւ մեր գյուղ բերեր, չթողեցի, ասացի պետք չի, արդեն Ղարաբաղի տարածք եմ մտնում»,-պատմում է Էդիկ Խամփերյանը։

Հետո ընկերացել են այս ադրբեջանցու հետ, սկսել են իրար տուն գնալ-գալ, իրար ով ինչով կարողանում էր՝ օգնում էր, նա Էդիկին, ինչպես ինքն է ասում՝ Աղդամի «իմպորտնիյ» ապրանքների պահեստն էր տանում, «զավոդի» գներով ապրանք ձեռք բերելու հնարավորություն էր, ադրբեջանցի ընկերը նուռ էր բերում Էդիկի ընտանիքի համար, Էդիկն էլ մեքենան փայտով բարձում էր, ուղարկում ադրբեջանցուն, հետն էլ անպայման թթի օղի։

«Բայց 88 թվից հետո էլ չտեսանք իրար։ Տենց էլ խաբար չունեցա իրանից»,-ասում է Էդիկ Խամփերյանը։ Այս լավ պատմության հետ հիշում է նաեւ ադրբեջանական ղեկավարության քաղաքականությունը, օրինակ է բերում Տող գյուղը․ «Սկզբում Տողում հայերը ավելի շատ էին, հետո թուրքերը շատացան, ղեկավարությունը սկսեց նրանց լավ պահել, սովխոզում աշխատող ադրբեջանցիներին ավելի բարձր աշխատավարձ էին տալիս, դե հետո հայերը կամաց-կամաց դուրս եկան, քչացան։ «Սովետի» ժամանակ Ղարաբաղում հայկական ոչ մի գյուղում ասֆալտ չկար, Տողում, որ թուրքերը շատացան՝ ասֆալտ արին, գազը քաշեցին, բայց հայկական մեծ գյուղերում տենց բաներ չէին անում։ Դե էլ էսքան պատերազմներից, էսքան բան տեսնելուց հետո ո՞նց պիտի հարեւանություն անեն գյուղերը։ Ով է տեսել մարդ մարդու մորթի։ Գնում են դիակ են ճարում, վերցնում են՝ առանց գլուխ։ Դրանք գազաններ են, մարդիկ չեն, ադրբեջանցի են, թուրք են, ինչ են, չգիտեմ, բայց փոխվել են, դուշման են դառել»։

Հասմիկ Դադայանը Էդիկի հարսն է։ Նա էլ կարոտում է Մեծ Թաղերը, երազում է Հադրութն ու Շուշին վերադարձնելու մասին, բայց ամենից շատ պատերազմ չի ուզում։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Հասմիկն ամուսնու հետ ճանապարհ էր ընկել, պետք է գնային Մայրամաձոր, Հասմիկի հորն օգնեին, խաղող պիտի հավաքեին։ Ճանապարհի տարբեր կողմերում, ասում է՝ սարերից էն կողմ, անընդհատ սեւ ծուխ էր դուրս գալիս։ Գլխի չէին՝ ինչ է կատարվում։ Արդեն հոր տան դարպասների մոտ տագնապալի ձայներ էին լսվում, Ջաբրայիլի կողմից էր։ Հասկացան՝ կռիվ է սկսվել։ Խաղողը մնաց։ Իրենք վերադարձան Մեծ Թաղեր, տղամարդկանց արդեն հավաքագրում էին, Հասմիկի ամուսինն էլ գնաց, իր մեքենայով պետք է զենք տեղափոխեր։ «Աննկարագրելի զգացողություններ էին, այդ պահին չէի մտածում, որ հիմա անօդաչուն վերեւից կխփի, բայց վախ ու անհանգստություն կար, տանը քայլում էի ու անընդհատ մի պայթյունի ձայն էի լսում, անօդաչուի դզզոց։ Երեք փոքր երեխա ունեմ, իրենց մասին էի մտածում։ Չէի դուրս գալ գյուղից, բայց համոզեցին, դուրս գամ, ես էլ հասկացա՝ որ շատ վտանգավոր է մնալը։ Ամենը թողեցինք, եկանք Հայաստան»,-պատմում է Հասմիկը։ Իսկ Հայաստանում արդեն քանի ամիս է անորոշության մեջ են ապրում, ասում է․«Անգիտակցաբար ենք ապրում։ Չգիտեմ ինչ է լինելու, մեզ ինչ է սպասվում։ Արցախի գյուղեր չեմ կարող վերադառնալ, դեռ վտանգավոր է։ Ստեփանակերտ կուզեի, բայց այնտեղ վարձով տներն այնքան թանկ են, մենք այդ հնարավորությունը չունենք»։

Չարենցավանում ապրելն էլ հեշտ չէ այս ընտանիքի համար։ Հասմիկն ասում է՝ սոցիալական աջակցություն են ստանում՝ հիգիենիկ պարագաներ, ձավարեղեն, ձեթ, բայց փոքրիկ երեխաներին ամեն օր ձավարեղենով չես կերակրի։ Տան վարձն ու կոմունալներն էլ ամսական 130 հազար դրամ է կազմում, ոչ ոք չի աշխատում։ Մինչ օր այս վճարումները՝ ծայրը ծայրին հասցնելով մարել են մի անգամ ստացած միանվագ 300 հազար դրամով․«Դա էլ Հարութիկի, որպես անչափահաս, հասանելիք գումարն էր, մյուս երկու փոքրիկներիս՝ աղջիկներիս գումարը դեռ չեմ ստացել, արդեն երկրորդ ամիսն է չեն փոխանցում։ Վարձակալի երկու ամսվա գումարն էլ չեն փոխանցել։ Սոցիալական աջակցության ամեն ամսվա 68 հազար դրամն էլ մերժել են։ Դժվար է, չենք հասցնում։ Մտածում ենք գազը քիչ վառենք, էդպես էլ մրսում են երեխաները։ Հիմա էլ տան տերն ասել է ազատենք տունը մինչեւ մարտ ամիսը։ Նոր տուն ենք փնտրում»։

Հասմիկն աշխատանք է փնտրում, կրթությամբ մանկավարժ է, պատերազմից առաջ պետք է գյուղում աշխատանքի անցներ։ Հիմա հույս չունի, որ Հայաստանում մասնագիտությամբ աշխատանք կգտնի, բայց մի հարմար գործ պիտի գտնի, զբաղվածության կենտրոնում էլ խոստացել են օգնել։

Հասմիկն ապագայի ծրագրեր չի կազմում, արտագաղթելու մասին էլ հիմա չի մտածում․«Հիմա չեմ ուզում գնալ Ռուսաստան։ Չգիտեմ՝ տարիներ հետո, եթե այլ հնար չլինի՝ երեւի կգնամ, երեխաներիս անվտանգության համար։ Բայց մենք հիմա նույնիսկ չենք մտածում արտագաղթելու մասին։ Ես ամեն օր ուզում եմ վերադառնալ գյուղ, ուզում եմ Հադրութը, Շուշին մեզ վերադարձնեն։ Ես կարծում եմ՝ պատերազմը չի ավարտվել, վերջաբան պիտի լինի, թե՝ ոնց, չգիտեմ։ Բայց չեմ ուզում կռիվ լինի, խաղաղություն ենք ուզում, ոչ մի մայր չի ուզի իր երեխան պատերազմ տեսնի, է՛լ հարազատների, երիտասարդների կորուստ չունենանք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728