Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անել և ինչ չանել, եթե վարակվել եք կորոնավիրուսով․ թերապևտ Լամարա Մանուկյանը՝ Քովիդ-19-ի բարդությունների, դրանց հաղթահարման ուղիների մասին

Ապրիլ 04,2021 23:45

Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք թերապևտ, Ներքին Հիվանդությունների Բժշկության Հայկական Ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանի հետ։

Մեզ հետ զրույցում բժշկուհին անդրադարձել է քաղաքացիների համար իր կողմից մշակված վարքագծային ուղեցույցին, Քովիդ-19-ի զարգացման փուլերին ու բարդություններին, հիվանդության գրագետ վարման առանձնահատկություններին։

Վարքագծային ուղեցույց՝ քաղաքացիների համար

Կորոնավիրուսով վարակված պացիենտների հետ աշխատանքային իմ փորձից ելնելով՝ կարծում եմ, որ ինչպես բժիշկներին է տրամադրվում ուղեցույցներ աշխատելու համար, այնպես էլ մեր քաղաքացիներին պետք է տրվի վարքագծային ուղեցույց, որը թույլ կտա վաղ շրջանում հայտնաբերել, ախտորոշել և բուժել Քովիդ-19-ը, խուսափել հետագա բազմաթիվ բարդություններից։

Հստակեցնեմ միտքս՝ իմ փորձը ցույց է տալիս, որ որոշ ախտանշաններ ի հայտ գալուն պես գրեթե բոլորը մտածում են, որ իրենք պարզապես մրսած են, որ իրենց մոտ հարբուխ է կամ մեկ այլ շնչառական վարակ, բայց ոչ երբեք Քովիդ-19։ Եվ այսպես մտածելով՝ հաճախ ժամանակ են կորցնում, իսկ Քովիդի ախտանշանները գնալով զարգանում են՝ հանգեցնելով թոքաբորբի, շնչահեղձության և այդ ժամանակ նոր առաջին անգամ դիմում են բժշկի։

Այդպիսով մենք ունենում ենք թոքաբորբի դեպքերի աճ, երբ հիվանդը բուժօգնության է դիմում արդեն թոքերի 40-50 տոկոս ախտահարմամբ, որը, իհարկե, միանգամից չի զարգացել։ Քովիդի դեպքում թեև կարող է և սրընթաց զարգանալ՝ 24 ժամվա մեջ կրկնապատկվելով, բայց միևնույն է, որոշակի ժամանակ է հարկավոր։

Ես ինքս մշակել եմ վարքագծային ուղեցույց, որի համաձայն ցանկացած հիվանդ, որի մոտ առկա են հազ, հևոց կամ դժվարաշնչություն, քթահոսություն կամ քթի փակվածություն, ջերմություն, կոկորդի կամ կրծքավանդակի ցավ և սեղմում, պետք է համարվի պոտենցիալ Քովիդ-19-ով հիվանդ։ Անգամ եթե մարդը կորոնավիրուսով վարակված չէ, թե՛ ինքը, և թե՛ մենք՝ բժիշկներս պետք է իրեն որպես այդպիսին դիտարկենք։ Սակայն մեզ մոտ հակառակ միտումն է նկատվում, երբ մարդը դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները՝ բացի կորոնավիրուսով վարակված լինելուց։

Գրագետ քայլեր, որոնք պետք է անել, եթե ի հայտ են եկել վերոնշյալ ախտանշանները

Եվ այսպես, վերոհիշյալ ախտանշաններն ի հայտ գալուն պես առաջին քայլը, որ պետք է անի մարդը, բացառելն է՝ վարակվա՞ծ է արդյոք կորոնավիրուսով, թե՞ ոչ։

Եվ առաջին մեկ, երկու, առավելագույնը երրորդ օրը պացիենտը պետք է հանձնի քովիդ-թեստ՝ դիմելով բուժօգնության առաջնային օղակին։
Իսկ եթե մարդը ջերմում է, ապա՝ ավելի շուտ, քանի որ եթե տարեցը ջերմեց 3 օր և ավելի՝ 37.5 C-ից բարձր, իսկ մինչև 60 տարեկանը՝ 5 օր և ավելի՝ 37.5 C-ից բարձր, ապա թոքաբորբի զարգացման հավանականությունը մոտ 90% կկազմի, այսինքն մենք կունենանք վիրուսային վարակի բարդացում։

Այստեղ հարկ եմ համարում պարզաբանել, որ թոքաբորբը կորոնավիրուսային վարակի բարդացումն է, այլ ոչ թե բնականոն ընթացքը։ Բնականոն ընթացքի դեպքում վիրուսը 5-7 օր շրջանառվում է մեր օրգանիզմում՝ իրեն պահելով որպես սովորական շնչառական վարակ, այնուհետև արյան մեջ վիրուսի շրջանառության փուլն անցնում է, որից հետո արդեն կարող է խթանվել ցիտոկինային փոթորիկը կամ հիպերկոագուլյացիոն (արյան բարձր մակարդելիության) համախտանիշը։ Կորոնավիրուսը կենսունակ է մինչև 10 օր և անգամ եթե հիվանդանալուց 20 օր հետո պացիենտի մոտ առկա է դրական թեստ, ապա դա արդեն ոչ թե կենդանի վիրուսն է, այլ վերջինիս մասնիկները։ Այդ փուլում հիվանդներն այլևս վարակել չեն կարող։ Իզուր չէ, որ սահմանված է 14 օր, քանի որ այդ ժամանակահատվածն առավելագույնն է, երբ մարդը կարող է վարակիչ լինել, թեև, ըստ իս, այդ ժամկետը կարող է և լինել 10 օր։

Սակայն կորոնավիրուսը, ի տարբերություն մեր իմացած մյուս վիրուսների, ավելի հաճախ է բերում այնպիսի բարդությունների, որոնք կարող են հանգեցնել մահվան ելքի։ Մենք, օրինակ, H1N1-ի ժամանակ էլ էինք ունենում թոքաբորբեր, սակայն դրանք էպիզոդիկ դեպքեր էին։ Իսկ կորոնավիրուսի ժամանակ ամեն երրորդ հիվանդի մոտ բարդանում է թոքաբորբով կամ թրոմբոէմբոլիկ ախտահարումներով՝ առանց տարիքային սահմանափակման, և այդպես իրեն ոչ մի վիրուս չի դրսևորել։ Ահա թե ինչու է այս վիրուսը դարձել մեզ համար մեծ խնդիր։

Հաջորդ կարևոր քայլը՝ առաջնային օղակին դիմելուց հետո մարդը պետք է ստանա իմունային համակարգը խթանող հատուկ տեսակի դեղորայք։ Բոլորովին վերջերս ունկնդրում էի «Գամալեա» ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգին, որին հարց ուղղեցին՝ արժե՞ արդյոք, որ մենք ստանանք ինտերֆերոններ (պաշտպանական սպիտակուց, որն արտադրվում է կաթնասունների և թռչունների օրգանիզմում՝ խմբ․), որպեսզի կանխարգելենք Քովիդի բարդացումները, նա պատասխանեց, որ ոչ միայն արժե, այլև անհրաժեշտ է անգամ անկախ կորոնավիրուսի վտանգից տարին երկու անգամ ստանալ իմունիտետը խթանող դեղորայք՝ ինտերֆերոնի ինդուկտորներ, այսինքն՝ սեփական ինտերֆերոնի արտադրության խթանիչներ։

Այստեղ ուզում եմ կարևորել, որ եթե մենք պացիենտին տանք ինտերֆերոն, որը կպաշարի վիրուսին՝ մենք չենք կարողանա հաշվարկել անհրաժեշտ չափաբաժինը, ավելցուկը կտա իր կողմնակի ազդեցությունները, իսկ պակասի դեպքում վիրուսը չի հաղթահարվի, իսկ երբ նշանակում ենք դեղորայք, որը խթանում է սեփական հակամարմինների արտադրությունը, դա շատ ավելի արդյունավետ է, քանի որ օրգանիզմը շատ լավ գիտի՝ որքան հակամարմիններ են հարկավոր վիրուսին ոչնչացնելու համար։ Եվ երբ առաջին յոթ օրը հիվանդը ստանա իմունային համակարգի խթանիչ հակամարմինները, որոնք պայքարելու են վիրուսի դեմ, այդ ժամանակ մենք կկարողանանք կանխարգելել զարգացող բարդությունները։

Ահա հենց այդ փուլը շատ կարևոր է, և երբ ինքս սկսեցի աշխատել այդ եղանակով, բոլոր այն հիվանդները, որոնց մոտ մեծ էր վարակի բարդացման հավանականությունը, ունեին կողմնակի հիվանդություններ՝ դիաբետ, ճարպակալում և այլն, կորոնավիրուսային հիվանդության բավականին թեթև ընթացք ունեցան։

Քովիդի բարդացման դեպքում

Երկրորդ փուլում, երբ որ Քովիդի բարդացումը, այնուամենայնիվ, սկսվել է, ունենք արտահայտված ախտանշաններ, եթե հիվանդը 5 օր և ավելի ջերմել է, ապա անհրաժեշտ է անցնել համակարգչային շերտագրություն․ այստեղ շատ կարևոր է ընտանեկան բժշկի մոտեցումը և պացիենտի տեղեկացվածությունը, որը անկախ բժշկի ուղղորդումից՝ պետք է պատկերացնի այդ հետազոտության կարևորությունը՝ այդպիսով պաշտպանելով իրեն և ժամանակ շահելով։

Համակարգչային շերտագրությունը նախընտրելի է ռենտգեն հետազոտությունից, քանի որ այն թույլ է տալիս մեզ տեսնել թոքաբորբի զարգացման ծավալը, ինչպես նաև, թե որ փուլում է գտնվում թոքաբորբը՝ պրոգրեսիվող, թե՞ արդեն ներծծվող։ Սա թույլ է տալիս բժշկին հասկանալ, թե ինչ սպասել․ արդյո՞ք դեռ հիվանդությունը զարգանում է, թե՞ այն արդեն ներծծման փուլում է և լուրջ բարդությունների դժվար թե հանգեցնի։ Սա թույլ կտա բուժման արդյունավետ ալգորիթմ մշակել։

Այստեղ ևս մեկ անգամ ուզում եմ շեշտը դնել պացիենտի իրազեկվածության վրա, քանի որ շատ բժիշկներ Քովիդի առաջին փուլում ինտերֆերոնի խթանիչներ նշանակելու փոխարեն հակաբիոտիկներ կամ հակամակարդիչներ են նշանակում, որոնց կարիքը առաջին փուլում չկա։ Եվ պացիենտը պետք է իմանա, որ այդ փուլում այդպիսի դեղորայքը հարկավոր չէ, օրինակ՝ հակամակարդիչներ ինչու խմել, եթե մենք չգիտենք արյան մակարդելիության աստիճանը, գուցե այն ցածր է ու դեղորայքի ընդունումը կարող է արյունահոսության հանգեցնել։

Խմել հակաբիոտիկներ, թե՞ ոչ

Հակաբիոտիկները նշանակվում են բակտերիալ վարակը հաղթահարելու համար։

Վիրուսային ինֆեկցիային բակտերիալ վարակը միանում է ոչ շուտ, քան 5-7 օր հետո։ Սովորաբար բժիշկները գնահատման չափանիշներ ունեն՝ բակտերիալ ինֆեկցիան միացել է, թե՞ ոչ. ասենք, երբ վիրուսային վարակին միանում է բակտերիալը, մենք ունենում ենք արյան մեջ լեյկոցիտների մակարդակի աճ, լիմֆատիկ հանգույցների մեծացում, չոր հազը փոխարինվում է խորխոտ հազի և այլն։

Սակայն Քովիդի դեպքում այդ չափանիշները շատ խաթարված են, և ոչ մի հմուտ բժիշկ չի կարող իմանալ՝ բակտերիալ ինֆեկցիան միացել է, թե՞ ոչ, քանի որ ի սկզբանե Քովիդն ընթանում է արյան մեջ նորմայից ցածր լեյկոցիտներով, և երբ բակտերիալ ինֆեկցիան միանում է, լեյկոցիտների մակարդակը հասնում է նորմայի, իսկ Քովիդի ախտանշաններն էլ ոչ ստանդարտ են, և այս դեպքում շատ դժվար է լինում գնահատելը՝ բակտերիալ վարակը միացել է, թե՞ ոչ։

Ելնելով այս առանձնահատկություններից՝ հակաբակտերիալ թերապիան, էմպիրիկ, ինչպես նշված է ուղեցույցներում, նշանակվում է՝ բակտերիալ վարակի կանխարգելման նպատակով, բայց ոչ շուտ, քան յոթերորդ օրը, և ցանկալի է մոնոթերապիայով։
Եթե հիվանդի վիճակը միջին ծանրության է՝ 5-7 օր, եթե ծանր է՝ 10-14 օր, ընդ որում այդպիսի հիվանդները ենթական են նաև հոսպիտալացման։ Հակաբիոտիկի ընդունումը դադարեցնում ենք, եթե ունենք կլինիկական ախտանշանների լավացում 72 ժամվա ընթացքում։

Հիվանդը պետք է իմանա, որ հակաբիոտիկների, հակամակարդիչների ընդունումը պետք է իրականացվի բժշկի ցուցումով և հսկողությամբ ու ճիշտ ժամանակին՝ ավելի շուտ դա անել չի կարելի։

Շարունակելի

Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930