Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան․ մոռացված ցեղասպանություն». կատալունական օրաթերթի անդրադարձը

Մայիս 05,2021 16:35

Կատալունիայում լույս տեսնող La Vanguardia օրաթերթի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը։ Հոդվածի հեղինակը պատմաբան, լրագրող Կարլոս Խորիկն է (Carlos Joric)։

Հայաստան․ մոռացված ցեղասպանություն

Օսմանյան կայսրության կողմից հայերի հետապնդումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր.
Թուրքիան շարունակում է ժխտել այն

1915թ․ 1 միլիոնից ավելի հայեր ոչնչացվեցին Օսմանյան կառավարության կողմից։ Այդ ջարդերի լայնածավալ բնույթը ստիպեց Ռաֆայել Լեմկինին հայտնագործել ցեղասպանություն տերմինը։ Սակայն, չնայած ակնհայտ փաստերին և ամեն անգամ ավելի լայն միջազգային ճանաչմանը, Թուրքիան շարունակում է ժխտել, որ այն հետապնդումները, որոնց ենթարկվել է հայ ժողովուրդը, ազգային, էթնիկ, կրոնական խմբի ամբողջական կամ մասնակի ոչնչացման մտադրված գործողություն էր։ Նրա պաշտոնական դիրքորոշումն անփոփոխ է․ պատերազմի համատեքստում տեղի ունեցած ողբերգություն է, որն արդարացվում է ռուսների հետ դաշինք կազմելով հայերի ապստամբությամբ և որի ընթացքում երկու կողմից էլ զոհեր են եղել։

Երկու դաժան նախադեպեր
Ինչո՞ւ է տեղի ունեցել այս ցեղասպանությունը։ Պատճառները հասկանալու համար պետք է գնալ դեպի 19-րդ դարի վերջերը։ Օսմանյան կայսրությունը, որի մաս էր կազմում Հայաստանը, փլուզվում էր: Ռուսաստանի դեմ պատերազմում կրած պարտությունից հետո (1878թ․) թուրքերը կորցրին իրենց բալկանյան դիրքերի զգալի մասը: Այս իրավիճակից որոշեց օգտվել խտրական վերաբերմունքի արժանացած հայ համայնքը (նրանք քրիստոնյա են և ունեն իրենց սեփական լեզուն)՝ բարեփոխումներ պահանջելու նպատակով: Այդ պահանջները դրական չընդունվեցին սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի կողմից։

Վախենալով ապստամբությունից և Ռուսաստանի հետ դաշինքից՝ միապետը կանչեց բանակին և 1894-1896թթ․ իրականացրեց այսպես կոչված «Համիդյան ջարդերը»՝ ռեպրեսիաների արշավ, որի ընթացքում սպանվեցին շուրջ 200․000 հայեր: Դա առաջին նախազգուշացումն էր, թե ինչ է սպասվում։ Երկրորդը 1909թ.-in էր, երբ այդ հարձակումները կրկնվեցին, ինչին նպաստում էր թուրքական հասարակության շրջանում աճող ազգայնական և իսլամիստական մթնոլորտը: Օսմանցիների աղետալի մուտքն Առաջին աշխարհամարտ, որը հանգեցրեց ռուսների առջև նվաստացուցիչ պարտության, ջարդերի առիթ հանդիսացավ:

Մահվան երթեր
Օսմանյան կառավարությունը երիտթուրքերի գլխավորությամբ (1909 թվականին սուլթանին գահընկեց արած ազգայնական կուսակցությունը) հայերին մեղադրեց ցարի զորքերին աջակցելու մեջ։ Վրեժխնդիր լինելու նպատակով՝ նախաձեռնեց էթնիկ զտումների ծրագիրը: Նա նախ վտարեց բանակից հայ զինվորներին՝ նրանց մեկուսացնելով աշխատանքային ճամբարներում: Այնուհետև բանտարկեց և մահապատժի ենթարկեց քաղաքական և մշակութային առաջնորդներին։ Դրան հաջորդեց բնակչության մնացած մասի ոչնչացումը:

Հարյուր հազարավոր հայեր ստիպված էին լքել իրենց տները Սիրիայի և գնալ Իրաքի անապատների ուղղությամբ: Նրանք ստիպված էին գնալ ոտքով՝ պատկերացում չունենալով, թե ուր են գնում և առանց որևէ պաշտպանության զինված խմբավորումների, տեղի բնակչության և հենց իրենց հսկող ժանդարմների հարձակումներից: Չնայած այն կոչվում էր «ժամանակավոր տեղահանություն», բայց իրականում դրանք ծանր երթեր էին դաժան պայմաններում ՝ մահվան հասցնելու նպատակով։

Հայերի նկատմամբ հալածանքներն արժանացան արևմտյան տերությունների ուշադրությանը։ Նրանք դատապարտեցին իրադարձությունները և պատերազմի ավարտից հետո կազմակերպեցին արշավ՝ փրկվածներին օգնելու համար: Հյուսիսային Ամերիկան, Ֆրանսիան և Խորհրդային Միությունը հայկական սփյուռքի հիմնական ուղղություններն էին:

Նրանք նաև փորձեցին դատարանի առջև կանգնեցնել այս հանցագործությունների համար: Բայց դա նրանց չհաջողվեց: Համաձայնության չեկան միջազգային դատարան ստեղծելու համար, ոչ էլ կարողացան հասնել այն բանին, որ օսմանցիները պատշաճ կերպով դատեին պատասխանատուներին (նրանք փախել էին, ուստի կարող էին միայն հեռակա դատապարտել նրանց):

Հաշվի առնելով դա՝ փրկվածները որոշեցին արդարադատությունը վերցնել իրենց ձեռքը: Ընդամենը երեք տարվա ընթացքում հայ զինված անձինք սպանեցին կոտորածի գլխավոր պատասխանատուներին: Ավելի ուշ՝ 1970-ականներին, այդ վերապրածների հետնորդները հիմնեցին Հայաստանի ազատագրության գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ)՝ մարքսիստական գաղափարախոսության զինված խումբ, որի նպատակն էր ստիպել Թուրքիայի կառավարությանը ճանաչել ցեղասպանությունը, փոխհատուցել զոհերին և զիջել այն տարածքի մի մասը, որը պատմականորեն պատկանել է Հայաստանին։

1975-1991թթ․ ԱՍԱԼԱ-ի անդամները մի քանի հարձակումներ են գործել (դրանցից երկուսը՝ Մադրիդում), որոնց արդյունքում նրանք սպանել են թուրք դիվանագետների և որոշ խաղաղ բնակիչների:

Զինված պայքարի ձախողումից հետո հայերը շարունակում են պայքարել դիվանագիտական խողովակներով ցեղասպանության ճանաչման համար: Գերմանիան այն ճանաչեց 2016 թվականին: Բայդենը նրանց վերջին հաջողությունն էր: Իսպանիան խուսափում է հարցից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31