Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի տուն, հանդիպել նրա այրու՝ Հասմիկ Սահակյանի, որդու՝ Հայկ Տեր-Թադևոսյանի և ընտանիքի մյուս անդամների հետ:
Հանդիպումը նախաձեռնվել էր լեգենդար ռազմական գործչի ընտանիքի կողմից: Օրերս Հայկ Տեր-Թադևոսյանը հանդիպել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ և հայտնել Արկադի Տեր-Թադևոսյանի տուն-թանգարան հիմնելու գաղափարի մասին, միաժամանակ, իրենց տուն հրավիրելով նախագահ Սարգսյանին: Նախագահ Սարգսյանը հավանություն էր տվել տուն-թանգարանի գաղափարին և պատրաստակամություն հայտնել աջակցելու դրա իրականացմանը:


Հանրապետության նախագահն այսօր Կոմանդոսի ընտանիքի անդամների հետ քննարկել է տուն-թանգարան հիմնելու առաջարկը, զրուցել Արցախյան պատերազմի հերոսի անցած ուղու մասին, ծանոթացել նրա կյանքի՝ շատերի համար դեռևս անհայտ առանձին դրվագների հետ:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ ինքն ինչ-որ իմաստով Արկադի Տեր-Թադևոսյանի ապագա տուն-թանգարանի առաջին այցելուն է: «Հույս ունեմ, որ տուն-թանգարանի գաղափարը կյանքի կկոչվի հնարավորինս շուտ և Կոմանդոսի մարտական ընկերները կգան այստեղ՝ հուշեր պատմելու, սիրելի հրամանատարի հետ նորից շփվելու, միաժամանակ, իրենց անցած ճանապարհի, իրենց հաղթանակների պատմությունները նաև ուրիշներին ներկայացնելու համար»,- նշել է նախագահ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ թանգարանի հիմնումը մեծ նվեր կլինի մեր բոլոր հայրենակիցներին, որովհետև Արցախի հերոսի կյանքի պատմությունը հայրենիքին նվիրվելու, հայրենիքն անմնացորդ սիրելու փայլուն դաս է:

Հայկ Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ Կոմանդոսի տուն-թանգարանում ցուցադրվելու են հերոսի անձնական իրերը, մարտական ուղու հետ կապված փաստաթղթեր, քարտեզներ և այլ իրեր:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ























































