Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պարտք ունենք մեր ու նոր սերնդի առջև՝ ի գին ամեն զոհողության շենացնելու հայրենի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Մայիս 09,2021 10:15
garegin

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրվա առիթով

Սիրելի հայորդիներ,

Մայիսի 9-ի նվիրական այս օրը վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը:

Արցախյան հերոսամարտում Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման խորհրդանշական այս նույն օրը, սակայն, անդրադառնում ենք նաև անցյալ տարի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողբերգական հետևանքներին։ Ադրբեջանի կողմից շարունակվում են խաղաղ բնակչության դեմ ոտնձգությունները, անմարդկային խոշտանգումների են ենթարկվում գերության մեջ գտնվող մեր զինվորականներն ու քաղաքացիական անձինք, հետևողականորեն ոչնչացվում է հայկական հոգևոր ու մշակութային բազմադարյա ժառանգությունը Արցախում։

Սիրելի ժողովուրդ, այսօր առկա նոր մարտահրավերներին հանդիման մեզ համար հրամայական է հայոց բանակի զորացումը, որ երաշխավորն է մեր հայրենիքի անվտանգության ու մեր խաղաղ կյանքի։ Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով։

Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև՝ ի գին ամեն զոհողության շենացնելու հայրենի մեր երկիրը և վերանորոգելու մեր կյանքի խաթարված ընթացքը, ջանքեր ներդնելու հանուն արցախահայության խնդիրների հաղթահարման և հետևողականորեն պայքարելու հանուն ազգային մեր իղձերի ու նպատակների իրականացման։

Աղոթում ենք նահատակված հայորդիների հոգիների հանգստության, գերիների ու անհայտ կորածների վերադարձի, վիրավորների ապաքինման համար: Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը Իր օրհնության ներքո խաղաղության ու ապահովության մեջ պահպանի մեր Հայրենիքը և զորացնի մեր ժողովրդին ոգու արիությամբ, հույսով ու հավատով, այսօր և միշտ. ամեն։

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31