Լրահոս
Օրվա լրահոսը

Սա վերջին արտահերթը չի

Մայիս 19,2021 10:00

Կարծում եմ, շատերը կհամաձայնեն, որ այսօր մեր պետության վիճակը ծայրահեղ ծանր է: Նույնիսկ ինչ-որ իմաստով ավելի ծանր է, քան 90-ականների սկզբին: Այո, մարդիկ դիզվառելիքի հերթ չեն կանգնում, այգիներում ծառեր չեն կտրում՝ տաքանալու համար, երեկոները մոմի լույսի տակ չեն նստում: Բայց այն ժամանակ քիչ թե շատ պարզ էր, թե ինչու ենք մենք մեզ վրա վերցրել այդ բեռը եւ որ ուղղությամբ պետք է շարժվենք: Այսօր պետական ինստիտուտներն ավելի վատ վիճակում են, ավելի անարդյունավետ են աշխատում, քան «ցրտի-մթի» ժամանակ. ներկայիս քաղաքական իշխանությունը պարզապես չի կարողանում դրանք (այդ թվում բանակը) ղեկավարել, եւ հենց դրա համար է շեշտը դնում ագրեսիվ քարոզչական հռետորաբանության վրա: Իսկ հասարակության մեջ գերիշխում է հուսահատությունն ու ապատիան՝ չնայած որոշների մոտ պահպանվել է հեղափոխական հրճվանքը եւ առաջնորդի հանդեպ բուռն երկրպագությունը:

Այդ ամենը տեսնելով՝ շատերն ասում են՝ էլ ի՞նչ ընտրություններ, երկիրն այս վիճակում է: Բայց ո՞րն է ընտրությունների այլընտրանքը: Անցած կես տարին ապացուցեց, որ արմատական ընդդիմադիրները, որոնք փողոցում ակցիաներ էին անում, չէին կարողանում հավաքել այնպիսի մի զանգված, որը կստիպեր Փաշինյանին հրաժարական տալ: Եվ պատճառն էլ պարզ է. ոչ բոլոր մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչ աղետի են հասցրել ներկայիս իշխանությունները, պատրաստ էին կանգնել «Հայրենիքի փրկության շարժման» կողքին: Այսպիսով, եթե չլինեին արտահերթ ընտրություններ, ապա դրանք կկայանային 2023 թվականի դեկտեմբերին: Բայց մի զարմացեք՝ ես կարծում եմ, որ անգամ այս արտահերթ ընտրությունները կայանալու դեպքում, 2023-ին կամ նույնիսկ ավելի շուտ կրկին ընտրությունների առաջ ենք կանգնելու:

Սցենարն, իմ կարծիքով, մոտավորապես հետեւյալը կլինի: Այս ընտրություններում իշխող ՔՊ-ն ունի ձայների մոտ 30 տոկոսը: Այսինքն՝ ավելի քան 100 հազար ընտրող Հայաստանում առաջվա պես կարծում է, որ Փաշինյանը, եթե ոչ աստված է, ապա՝ հրեշտակ: Եթե ընտրողների ներկայությունը լինի ցածր (կարծես թե, դրան է գնում), ապա այդ 30 տոկոսը կդառնա 40: Վարչական ռեսուրսը գումարած՝ կմոտենա բաղձալի 50-ին: Եթե հանկարծ ինչ-որ տոկոսներ պակասեն, ապա ԲՀԿ-ն, որը ցածր տոկոսով կանցնի խորհրդարան, լիովին բավարար է՝ իշխանական կոալիցիա ստեղծելու համար: Այդպիսով, կարող եմ կանխատեսել, որ այս անգամ Փաշինյանի իշխանությունը կվերարտադրվի: Դրան նպաստելու է նաեւ այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերը, ուզեն թե չուզեն, քարոզելու են իրար դեմ, դրանց դեմ են աշխատելու նաեւ ընտրություններին մասնակցող (եւ, բնականաբար, ընտրվելու ոչ մի շանս չունեցող) մանր փաշինյանական կուսակցությունները:

Բայց այս ընտրություններով ոչինչ չի ավարտվելու: Իշխանության վերարտադրության դեպքում պետության եւ բանակի կազմալուծումը ու դրան համաչափ՝ հակառակորդի ոտնձգությունները շարունակվելու են: Այդ պայմաններում շատ քիչ է հավանականությունը, որ Փաշինյանն իշխելու է եւս 5 տարի:  Անկայունությունը պահպանվելու է, հասարակական լարվածությունը չի թուլանալու, իշխանության լեգիտիմությունը կլինի զուտ ձեւական: Այնպես որ կլինեն նոր արտահերթ ընտրություններ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Garo says:

    1992-ի աշնանը շատ ավելի ծանր վիճակ էր թե ռազմաճակատում, թե տնտեսության մեջ: Թուրքերը Արցախի կեսը գրավել հասել էին Գանձասար, Լաչինի միջանցք էին գրոհում:
    Բայց կաին դուխով ղեկավարներ, որ բեկում մտցրեցին, aպացուցեին որ թշնամին նույն թշնամինա, որ մեր առաջ փախչում էր:

    Իսկ նիգյոլն ու արոն ոչ միայն խայտառակ պարտության տարան երկիրը, այլև անմիջապես հետո իրենց արդարացնելու համար սկսեցին նենց ներկայացնել, թե իբր ադրբեջանի բանակը աշխարհի հզորներիցա իրանց անհնար էր հաղթել, մեր բանակն էլ բանի պետք չէր:

    Ես հիմա էլ վստահ եմ, որ պարտվել ենք, քանի որ նախաձեռնությունը ամբողջապես տվել ենք հակառակորդին, չենք էլ փորձել բեկել:
    Թուրքերը իրենց ողջ ուժը կենտրոնացրել էին հարավում: Մենք պետքա հարվածեինք իրենց հյուսիսում, ասենք Վարդենիս, Քելբաջարից դեպի Խանլար Դաշքեսան, Իջևանից դեպի Ղազախ հարձակվեինք ու գրավեինք իրենց խիտ բնակեցված շրջաններ:

    Ավելի քան վստահ եմ, որ էտ հարձակումները հաջող էին լինելու ու բեկումնային:Ոնց որ Քելբաջարի ազատագրումտ եղավ բեկումնային:

    Էն ժամանակ էլ թուրքերը Քելբաջարում լուրջ զորք չունեին չգիտես ինչի վստահ էին, որ մենք Արցախի տարածքից դուրք չենք հարձակվի:
    Հիմա էլ վստահ էին ու են, որ մենք Ղազախի վրա չենք հարձակվի:

  2. Armen says:

    1992-ին մեր ժողովուրդը միասնական էր, չկար կուսակցական գզվրտոց( մեկը եղանակ չստեղծեց), չկային պրովոկատորներ ու այլ պետության բազմաթիվ գործակալներ, չկային մեծահարուստներ և հարակից խամաճիկների ամբոխ, որոնց մտահոգությունը սեփական ունեցվածքը պահպանելն է, չկար թուրք-ռուսական տանդեմ: Իմ կարծիքով սրանք էին երկու Արցախյան պատերազմների հիմնական տարբերությունները: Միամտություն կամ անկողմնակալություն է, երբ փորձ է արվում մեր առաջին պատերազմի հաղթանակը վերագրել առանձին անհատների, հաղթանակը կերտեցին հայրենիքի նվիրյալները, իսկ այն ժամանակներում նրանք ավելի շատ էին:

  3. Garo says:

    Պարզա, որ մեկին մեկ նույն վիճակը պատմության մեջ չի լինում: Միշտ էլ կարելա հետին թվով ինչ որ բաներ բացատրել:
    Անձանց դերը հենց դրանումա որ մարդկանց համախմբեն ու արդյունք տան անհրաժեշտ պահին վճռական որոշում կայացնեն ունենալով շատ կարճ ժամանակ:

    Համոզված եմ, որ եթե 1992-ին պատվերով հոդված գրող նիգյոլի ու կուպեց արոյի մակարդակի ղեկավարներ ունենաինք խայտառակ պարտություն կկրեին, 92-ի ամառը կապիտուլյացիա կստորագրեին ու էլի հազար պատճառ կգտնեին դրա համար:

    Օրինակ հենց հիմաելա պետք տոտալ մոբիլիզացիա հայտարել: Առվազն 20-30հազար մարդ հավաքել ուսումնական զորամասերում պատրաստել ու պատրաստվել հարվածել հակառակորդի թույլ հատվածներին:

    Բայց էլի էշի ականջում կքնի, կսպասի տեսնի թուրքերը ինչ են անում, երբ հարձակվեն նոր կսկսի մարդկանց տանել քցել մսաղացի մեջ:
    Հետո կասի դե մենք սրդարապատ արեցինք բայց պարտվեցիք պետք հպարտանանք, որ թշնամին չկարողացավ մտնել Արարատյան դաշտ, ընդամենը Եղեգնաձոր հասավ:

  4. Ալֆրեդ says:

    Հետաքրքիր է, իսկ որ կուսակցության հաղթանակի դեպքում կլինի կայունացում

  5. Ջորդանո Գալիլյան says:

    “Սցենարն, իմ կարծիքով, մոտավորապես հետեւյալը կլինի: … 30–40–50% … Այդպիսով, կարող եմ կանխատեսել, որ այս անգամ Փաշինյանի իշխանությունը կվերարտադրվի:”

    Սա լրիվ նիկոլական սցենար է՝ հիմնված նիկոլի սուտ հարցումների վրա: Նույնիսկ ընտրակեղծիքներով, վարչական ռեսուրսով, գռզոներով ու լֆիկներով նիկոլչիբեյը դժվար թէ 30 տոկոս հավաքի: Մեծ անորոշության եւ սահմանային ընթացիկ իրադարձությունների պայմաններում կանխատեսումները առանձնապես արժեք չունեն:

    “Բայց այս ընտրություններով ոչինչ չի ավարտվելու:”

    Չի բացառվում, որ այս «ընտրությունները» վերջին պահին կարող են եւ չեղարկվել՝ կառչելով թեկուզ ստեղծված իրավիճակից եւ այլ ֆորս-մաժորային գալիք իրադարաձություններից: Բայց նույնիսկ այս դեպքում նիկոլչիբեյը վերարտադրության շանս չունի. փողոցից եկած կեղտը փողոցն էլ կմաքրի՝ ընդ որում շատ ավելի հեշտ եւ արդյունավետ, քան այս ու այն անկանխատեսելի «ընտրություններով»…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31